Նախընտրական տրամադրությունները Գյումրիում

Նախընտրական տրամադրությունները Գյումրիում

Նախընտրական խոստումներ, գունավոր ծրագրեր, երկիրը զարգացնելու վեհ գաղափարներ։ Հայաստանի քաղաքական կյանքում առաջիկայում սպասվող կարևոր բաղադրիչներից են սրանք։ Հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելու են  խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Այս մասին առաջինը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 25-ին ներկայացրած հրաժարականից հետո։  Մինչ այդ նա հանդիպումներ էր ունեցել  խորհրդարանական ուժերի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ իշխող ուժի հրաժարականից հետո  վերջիններս վարչապետի թեկնածու չպետք է առաջադրեն։ հենց այդպես էլ եղավ:  Համաձայն օրենքի  ԱԺ-ը  2 անգամ  չընտրեց  վարչապետ, որից հետո  խորհրդարանն իրավունքի ուժով կհամարվեց  լուծարված։  Մինչ այդ խորհրդարանը փոփոխություններ կատարեց ընտրական օրենսգրքում, համաձայն որի ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական ընտրակարգով։

Երկրում քաղաքական կյանքն հետզհետե  թեժանում է։ Ու թեև դեռ վաղ է  ամբողջական պատկերը բնութագրելու համար, բայց արդեն կան քաղաքական ուժեր, որոնք հստակ հայտարարել են արտահերթ ընտրություններին իրենց մասնակցության մասին։ Հունիսի 20-ին սպասվող ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի իր թեկնածուով կմասնակցի միայնակ։ Գյումրիում, կենտրոնական փողոցներւմ արդեն տեղադրված են  կուսակցության կարգախոսով բազմաթիվ վահանակներ:

Խորհրդարանական մյուս ուժերը ևս  հայտարարել են իրենց մասնակցության մասին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը։ ԲՀԿ-ն այս անգամ էլ ընտրություններին կմասնակցի միայնակ, իսկ վարչապետի թեկնածու կառաջադրի Գագիկ Ծառուկյանին։

Արտախորհրդարանական ուժերի մոտ դեռևս  վերադասավորումներ են, բայց  ընտրական գործընթացներին մասնակցության հայտ ներկայացնողներ էլ կան։ Ընդամենն օրեր առաջ  նոր դաշինք ձևավորելու մասին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն  Արթուր Վանեցյանը։ Վերջինս ընտրություններին կմասնակցի  Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ միասին։ Առայժմ հստակեցված չէ, թե ում կառաջադրի դաշինքը որպես վարչապետի թեկնածու։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Հայաստան» դաշինքով:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը Գյումրիում ունի 2 գրասենյակ, տեղում ակտիվ պատրաստվում են առաջիկա ընտրություններին: Կուսակցությունը մասնակցելու է միայնակ, վարչապետի իր սեփական թեկնածուով:

Ընտրություններին մասնակցության վերաբերյալ դեռևս որոշում չունի կայացրած Սասնա ծռեր համահայկական շարժման կողմից հիմնված Ազգային ժողովրդավարական բևեռը, սակայն միտված է իր քայլերով համախմբելու հայ ժողովրդին և վերահաստատելու արժանապատիվ ապրելու իրավունքը:

Հունիսյան ընտրություններին, պարզվում է  քիչ չեն լինի նաև  նորաստեղծ կուսակցությունները։ «Հաղթենք, որ չգաղթենք» կարգախոսով է  քաղաքական դաշտ մտնում երգիչ մհեր Մեսրոպյանի, նույն ինքը՝ Մհեր Արմենիայի ստեղծած «Ազգի ձայնը» կուսակցությունը։ այն թեև դեռևս պետռեգիստրում գրանցված չէ, որպես կուսակցություն, բայց Գյումրիում արդեն ունի գրասենյակ, իսկ ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին կխոսեն առաջիկայում:

Առջևում դեռ նոր զարգացումներ կլինեն, որոնք քայլ առ քայլ մեզ կմոտեցնեն  խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

Comments Are Closed!!!