Yearly Archives:2023

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի․ տեղեկացնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասեբյակից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հանգեցնում է Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների խախտման լրջագույն վտանգի և չնայած սույն թվականի սեպտեմբերի 20-ին ձեռք բերված հրադադարի համաձայնության՝ սույն թվականի սեպտեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բավարարելով ՀՀ կառավարության ներկայացրած պահանջը, Ադրբեջանի նկատմամբ կիրառել ե միջանկյալ միջոց: Մասնավորապես,ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողության իրականացումից, որը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը: ՄԻԵԴ-ը նաև որոշում է կայացրել այս մասին հրատապ ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումը: Ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Բրազիլիայի, Էկվադորի, Ալբանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներն, ինչպես նաև Եվրամիության բարձր ներկայացուցիչը: Գրեթե բոլոր բանախոսները դատապարտել են Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը և կոչ արեցին բացել Լաչինի միջանցքը: Նրանք ի գիտություն են ընդունել հրադադարի մասին հաղորդագրությունը և ընդհանուր առմամբ ողջունել Եվլախում Ադրբեջանի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների առաջին հանդիպման փաստը: Բոլոր բանախոսներն ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները՝ ներառյալ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությունը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելն է: Նա ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ կանանց և տղամարդկանց, տարեցների, կանանց և երեխաների ծանրագույն կացությունը: Նրա փոխանցմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և միջազգային համայնքը ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը սպառնացող ողբերգությունը կանխելու համար, թեպետ Հայաստանը բազմիցս ահազանգել է այդ մասին: Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ստորաբաժանումներ չի ունեցել: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հերքել է հայ պաշտոնակցի և մյուս բանախոսների կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրանքները և պնդել, թե Հայաստանն է խոչընդոտում խաղաղության գործընթացը: Նա նաև հիշեցրել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին հայտարարությունում նշվում է «Ադրբեջանից հայկական ստորաբաժանումները դուրս բերելու» դրույթը, ինչը և, ըստ Բայրամովի, ապացուցում է, որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում 44-օրյա պատերազմից հետո մնացել են հայ զինծառայողներ»: Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարն անվերապահորեն սատարել է Բայրամովին, խոսել «Զանգեզուրի միջանցքը» բացելու անհրաժեշտության մասին, ասաց, թե Ադրբեջանը պարտադրված էր «հակահաբեկչական օպերացիա» անցկացնել, և ավելացրել, թե հիմա վերստին ստեղծվել է խաղաղություն հաստատելու հնարավորություն, որը Հայաստանը չպետք է բաց թողնի: ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր համերաշխությունն է հայտնել արցախահայերին, կոչ արել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, հարգել արցախահայության իրավունքները: Նա նշել է, որ անհրաժեշտ է վերականգնել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ավարտին որևէ հայտարարություն կամ բանաձև չի ընդունվել:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Ցեղասպանություն Արցախում. Բաքվի կեղծ խաղաղության թեզը»

«Ցեղասպանություն Արցախում. Բաքվի կեղծ խաղաղության թեզը» #Artsakh

📌Արցախի պաշտպանության բանակը սեպտեմբերի 19-ին հաղորդեց, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ օգտագործելով հրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր և փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։

Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ։ «Ռազմական օբյեկտների ոչնչացման» սին պատրվակով Ադրբեջանի կողմից հրետակոծության ենթարկվեցին քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտ քաղաքը, այլ քաղաքներ ու գյուղեր. Արցախը հայտարարեց առնվազն 200 զոհի ու 400 վիրավորի մասին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

ℹԲանախոսներ՝

➡ Արտակ Հովհաննիսյան- Պատմաբան

➡ Արտաշես Բոյաջյան- Էթնոաշխարհագետ

➡ Դավիթ Կարապետյան- Միջազգայնագետ

🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության հռչակման 32-ամյակը

ՀՀ-ն այսօր նշում է Անկախության հռչակման 32-ամյակը։ Դեռևս 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ՀՀ առաջին նախագահ։ Անկախության 32-ամյակը նշվում է լարված զարգացումների պայմաններում, Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պետական մի շարք միջոցառումներ հետաձգվել կամ չեղարկվել են։ Այսօր Եվլախում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ներկայացուցիչների և Ադրբեջանի հանրապետության պաշտոնյանների հանդիպումը, իսկ երեկոյան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկվելու է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ադրբեջանը խախտել է հրադադարը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից․ ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից, հաղորդում է Արցախի ոստիկանությունը: Ըստ Ստեփանակերտի՝ կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։ Անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանությունը հորդորում է մնալ ապաստարաններում, իսկ իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնի։ Ոստիկանությունը նաև նշում է, որ միջադեպի մասին տեղեկացրել է ռուս խաղաղապահների հրամանատարությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով։ Արցախի տեղեկատվական շտաբն էլ հայտնում է, որ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում՝ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ստեփանակերտի ուղղությամբ գրոհ ձեռնարկելու մասին տեղեկությունները։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Շուրջ 5 հազար խաղաղ բնակիչ է տեղափոխվել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր

Շուրջ 5 հազար խաղաղ բնակիչ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ակտիվ ռազմական գործողությունների մեկնակից ի վեր խաղաղ բնակիչներ են տարհանվել Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են փոխգործակցությունը Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ՝ արյունահեղության կանխման, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանման, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի անվտանգության ապահովման ուղղությամբ։ «Տարհանված բոլոր բնակիչներին տրամադրվել են հանգստի վայրեր և տաք սնունդ։ Նրանց օգնում են ՌԴ հատուկ նշանակության զորքերի բժշկական ստորաբաժանման զինվորականները», – ասված է հաղորդագրությունում։

 dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Ստեփանակերտն ընդունել է կրակի դադարեցման՝ խաղաղապահների առաջարկը

Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, ասված է Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում: Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 13-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Կողմերը պայմանավորվել են «Հայաստանի Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների» դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղից ծանր զինտեխնիկայի և սպառազինությունների դուրսբերման մասին՝ «դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով»: Ադրբեջանի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսագործունեության ապահովման մասին՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում վաղը։ «Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով», – հայտարարում է Արցախի նախագահի աշխատակազմը: «Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ: Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների: Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ: Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ», – ասված է հաղորդագրությունում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատարն է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Հանրային ձայն» կուսակցություն՝ 22 հազար 431 ձայն կամ մասնակիցների 9,68 տոկոսը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 75 հազար 463 ձայն կամ մասնակիցների 32,57 տոկոսը։

«Արդար Հայաստան» կուսակցություն՝ 2 հազար 595 ձայն կամ մասնակիցների 1,12 տոկոսը։

«Հաղթանակ» կուսակցություն՝ 3 հազար 959 ձայն կամ մասնակիցների 1,71 տոկոսը։

«Ուժը հայրենյաց» կուսակցություն՝ 1706 ձայն կամ մասնակիցների 0,74 տոկոսը։

Հայաստանի եվրոպական կուսակցություն՝ 2 հազար 572 ձայն կամ մասնակիցների 1,11 տոկոսը։

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 43 հազար 765 ձայն կամ մասնակիցների 18,89 տոկոս։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն՝ 780 ձայն կամ մասնակիցների 0,34 տոկոսը։

«Հանրապետություն» կուսակցություն՝ 26 հազար 236 ձայն կամ մասնակիցների 11,32 տոկոսը։

«Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ 1282 ձայն կամ մասնակիցների 0,55 տոկոսը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 4 հազար 174 ձայն կամ մասնակիցների 1,80 տոկոսը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 2 հազար 348 ձայն կամ մասնակիցների 1, 01 տոկոսը։

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 8 հազար 425 ձայն կամ մասնակիցների 3,64 տոկոսը։

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 35 հազար 739 ձայն կամ մասնակիցների 15,43 տոկոսը։

Անվավեր քվեաթերթիկների թիվը 2 հազար 763 է։ Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքի դեպքում՝ 6 տոկոսը։ Եթե որևէ կուսակցության կամ դաշինքի հաջողվեր ստանալ 50 տոկոսից ավելի քվե, ապա ընտրական ցուցակի առաջին համարը օրենքի ուժով կդառնար քաղաքապետ։ Այս դեպքում քաղաքապետին կընտրի ավագանին՝ իր կազմից։ Երևանի ավագանու ընտրություններում պայքարում էր 14 քաղաքական ուժ, օրենքի պահանջ է, որ ավագանիում լինի առնվազն երեք ուժ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com