Yearly Archives:2023

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 14/11/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Հայաստանի ռազմավարական ապագան ԵՄ լիիրավ անդամակցությունն է. հռչակագիր

Բրյուսելում «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. նոր մարտահրավերներ և անսահմանափակ հնարավորություններ» կարգախոսի ներքո օրերս կայացած Հայաստան-Եվրոպա առաջին համաժողովում Հռչակագիր է ընդունել : Հռչակագրի տեքստը ներկայացնում ենք ստորև. «Մենք, «Հայաստանի ռազմավարական ապագան» Հայաստան-Եվրոպա համաժողովի մասնակիցներս Հայաստանի Հանրապետության Եվրոպային ինտեգրվելու հեռանկարը հռչակո՛ւմ ենք ռազմավարական։ Մենք ջատագովելու ենք Եվրամիությանը Հայաստանի համապարփակ ինտեգրմանը, առաջատար նորարարական տեխնոլոգիաների երկուստեք եւ փոխշահավետ փոխանակմանն ու զարգացմանը, տնտեսվարման մշակույթի, փորձի եւ հմտությունների փոխառմանը, եվրոպական շուկաներ Հայաստանի արտադրողների մուտք գործելուն եւ դեպի Հայաստան եվրոպական ներդրումների հոսքի ծավալմանը։ Մենք նաեւ հետամուտ ենք լինելու, որպեսզի Հայաստանի իշխանությունները շարունակեն եվրաինտեգրմանը միտված քաղաքականությունը՝ իրականացնելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների գերակայության վրա հիմնված ժողովրդավարական բարեփոխումներ։ Ժողովրդավարության, խոսքի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի մասով Հայաստանի ունեցած այսօրվա բարձր ցուցանիշները պետք է համարվեն մեկնակետ։ ՀԸԳՀ-ն (CEPA)-ն անհրաժեշտ է օր առաջ ամբողջապես կիրարկել եւ ձգտել ավելիին՝ ԵՄ ավելի խորը ինտեգրման հաջորդ փուլերին՝ ընդհուպ մինչև ԵՄ անդամությանը։ Այդ առումով առաջնային կարեւորություն ունեն դատաիրավական բարեփոխումները, համապարփակ եւ ամբողջական լյուստրացիան եւ վեթինգը, ինչպես նաեւ արտաքին առեւտրային կապերի դիվերսիֆիկացիան, ինստիտուտների ամբողջական համապատասխանեցումը ժողովրդավարության պահանջներին։ Հայաստանը պետք է ԵՄ-ի հետ օր առաջ կնքի առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը, ինչը հնարավորություն կտա նաեւ Հայաստանից Ռուսաստանում արտագնա աշխատող ՀՀ քաղաքացիներին ուղղորդել դեպի ԵՄ։ Անվտանգային ասպարեզում Հայաստանի ուղին եվրատլանտյան ինտեգրումն է, ՆԱՏՕ-ի երկրների, ինչպես նաեւ Հնդկաստանի հետ երկկողմ կամ բազմակողմ անվտանգային եւ ռազմական համապարփակ համագործակցության ծավալումը։ Այդ առումով, մենք ողջունում ենք արդեն հիմնադրված ռազմական եւ անվտանգային համագործակցությունը Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Չեխիայի հետ, ինչպես նաեւ ժողովրդավարական արժեքներ դավանող այլ երկրների հետ, որոնց թվում՝ Հնդկաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի եւ այլն։ Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանը թիրախավորվել է բռնապետությունների կողմից՝ ժողովրդավարական ճանապարհի իր ընտրության, ազատ եւ ինքնիշխան ապրելու իր կամքի համար։ Սակայն Հայաստանի քաղաքակրթական ապագան ժողովրդավար եւ մարդասիրական արժեքներ դավանող երկրների ընտանիքում է եւ մենք լի ենք վճռականությամբ՝ պայքարել այդ ապագայի համար։ Համաժողովում հավաքվածները հռչակում են իրենց կամքը՝ նպաստելու, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտում գերակշռեն ժողովրդավար, հանուն Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության պայքար մղելու կամք ցուցաբերող եւ Ռուսաստանի բռնաճնշումների թոթափմանը ջատագով ուժերը։ Մենք զորակցություն ենք հայտնում Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված, հայրենազրկված արցախահայությանը եւ պահանջում ենք Ալիեւի բռնապետական ռեժիմից անհապաղ ապառազմականացնել Արցախը, թույլ տալ այնտեղ ՄԱԿ մանդատ ունեցող խաղաղարար ուժերի եւ միջազգային կազմակերպությունների գրասենյակների տեղակայում, եւ Արցախի հայերի լիարժեք ինքնավարության իրավունքի ճանաչում, որից հետո հնարավոր կդառնա մարդկանց վերադարձը իրենց պատմական բնօրրան։ Մենք դատապարտում ենք Ռուսաստանի ռազմական ներխուժումը Ուկրաինայի ինքնիշխան տարածքներ, պահանջում ենք դադարեցնել ինքնիշխան երկրի դեմ Կրեմլի սանձազերծած պատերազմը եւ դուրս բերել նրա տարածքից օկուպացիոն զորքերը։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ միանալ Ղրիմի պլատֆորմին։ Մենք պահանջում ենք Հայաստանի իշխանություններին դուրս բերել Հայաստանը ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակել բացառապես երկկողմ ձեւաչափով: Պահանջում ենք նաեւ անզիջում, համարժեք եւ վճռական պայքար տանել Հայաստանի ինքնիշխանության եւ ժողովրդավարության դեմ Կրեմլից եւ կրեմլահպատակ ուժերի կողմից տարվող պրոպագանդիստական արշավը խափանելու նպատակով: Կոչ ենք անում Եվրոպական Միությանը ականջալուր լինել Հյաստան-Եվրոպա համաժողովի մշակած առաջարկություններին, որոնք ամբողջական տեսքով կուղարկվեն Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներին։ Միաժամանակ կոչ ենք անում Եվրոպական Միությանը՝ հետեւողական եւ պահանջատեր լինել ՀՀ իշխանությունների՝ ԵՄ հետ պարտավորությունների կատարման հարցում: Մենք մտադիր ենք Հայաստան-Եվրոպա համաժողովը դարձնել Հայաստանի եւ Եվրոպայի քաղաքական ուժերի եւ պետական պաշտոնյաների, քաղաքացիական դերակատարների եւ փորձագիտական հանրության հանդիպման եւ երկխոսության մշտական գործող հարթակ։ Ուստիեւ՝ Հայաստանի ռազմավարական ապագան Եվրոպական Միությանը լիիրավ անդամակցությունն է․ Հայաստանի ռազմավարական ապագան եվրատլանտյան անվտանգային համակարգին ինտեգրումն է․ Հայաստանի ռազմավարական ապագան ժողովրդավարության զարգացումն է եւ պաշտպանված մարդու հիմնարար իրավունքները․ Հայաստանի ռազմավարական ապագան քաղաքակիրթ ազգերի ընտանիքին մաս կազմելն է»։ 10 նոյեմբերի 2023թ․, Բրյուսել

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 13/11/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

ℹՄեդիագրագիտության դաս՝ «Երկխոսություն մեդիա կենտրոնում»

📌Հայաստանում նոյեմբերի 7-13-ը հայտարարված մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի աշակերտները հյուրընկալվեցին Երկխոսության մեդիա կենտրոնում, ծանոթացան կենտրոնի գործունեությանը, տեխնիկական հնարավորություններին։

➡ «Առավոտ» օրաթերթի լրագրող, ՇՊՀ լրագրության բաժնի դասախոս Նունե Արևշատյանն էլ նրանց հետ զրուցեց ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերը ճշգրտված տեղեկատվությունից տարբերակելու, ինչպես նաև կիբեռհարձակման ամենատարածված տեսակներից մեկի՝ Ֆիշինգի մասին։

Մեդիագրագիտության դասն ընթացավ ակտիվ հարց ու պատասխանով։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ԵՄ առաքելությունն ամեն օր պարեկություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում

«Ամեն օր վեց գործող հենակետերից պարեկություն ենք իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածում ու շփման գծում», – հաղորդում է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը։ Առաքելությունն X-ի իր էջում նշում է, որ պարեկային այցերը նպատակ ունեն տեղում գնահատելու անվտանգության զարգացումները, իսկ այցերից ստացված հաշվետվությունները փոխանցվում են Եվրամիությանը՝ նորմալացման գործընթացին աջակցելու համար։

https://shorturl.at/hiQRX

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով

Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որով պահանջում է Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի կառավարության պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են անցյալ ամիս Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ( ANCA): Բանաձևը, մասնավորապես, կոչ է անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանությունների համար: Այն կրկնում է նաև Ադրբեջանին ԱՄՆ ռազմական և անվտանգության աջակցության վերաբերյալ 907-րդ հոդվածի կիրառումը սահմանափակելու մասին Կոնգրեսի կոչերը։ «Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի ապօրինի պահվող Արցախի բոլոր պաշտոնյաներին, ռազմագերիներին և այլ կալանավորներին՝ ոչ թե փոխանակման եղանակով, որպես Բաքվի կողմից մարդկային տառապանքի դաժան ապրանքափոխման մաս, այլ ավելի շուտ՝ միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորություններին համապատասխան», – մասնավորապես, ասվում է Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունում։

https://anca.org/press-release/schiff-resolution-seeks-sanctions-against-azerbaijan-for-illegally-holding-armenian-prisoners/

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Փարիզում կայացել է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը

Ելիսեյան պալատում հանդիպում են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք, ըստ կառավարության, քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը: Փաշինյանն ու Մակրոնն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հարյուր հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը առկա խնդիրների լուծման գործում: Քննարկվել են նաև տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հետագա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 10/11/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

 

«Պեմզաշենի գործով մեղադրյալների խափանման միջոց կալանքը երկարացվել է»

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր ընթացել է Պեմզաշենում մոր և երկու երեխաների դաժան սպանության գործով առաջին դատական նիստը:

Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։  Վրույր Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը չի ընդունել մեղադրանքը եւ նշել է, որ դեպքի վայրում չի եղել։

Քննչական կոմիտեն հոկտեմբերի 25-ին հաղորդեց, որ պարզվել են Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Վրույր Բարսեղյանի վերաբերյալ նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ վերջինս ճանաչվել է մեղսունակ:

Դատական նիստում այսօր քննարկվել է ամբաստանյալների խափանման միջոց կալանքի հարցը: Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել  ամբաստանյալ Արկադի Բարսեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու, ինչը  մերժվել է:

«Պաշտպանության կողմը գտնում է, որ մեր պաշտպանյալի նկատմամբ կալանքը, որպես խափանման միրջոց, վարույթի այս փուլում դադարել է լինել անհրաժեշտ, ծառայել այն նպատակին, որի համար դատարանը մինչդատական վարույթում համարել է անհրաժեշտ»:

Դաժան սպանության գործով անցնող մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարացվել է 3 ամսով: Դատախազի ու տուժողի ներկայացուցչի խոսքով՝ քրեական դատավարությամբ սահմանված բոլոր 3 հիմքերը կան կալանքը 3 ամիս երկարացնելու, որովհետև Պեմզաշեն համայնքից շուրջ 30 վկա կա, նույն համայնքի բնակիչ են ու կարող են ազդել վկաների վրա: Բացի այդ, տուժողի ներկայացուցիչը նշել է, որ անմեղության կանխավարկածը չխախտելով՝ հաշվի առնելով, որ Վրույր Բարսեղյանին վերագրվում է առանձնապես ծանր 4 հանցագործություն, Արկադի Բարսեղյանին 3 հանցագործություն, որոնց համար ընդհուպ ցմահ ազատազրկում է սպասվում, չի բացառվում, որ ամբաստանյալները փախուստի փորձեն դիմել՝ պատժից խուսափելու համար:

«Հաշվի առնելով մեղադրյալների կողմից կատարված հանցանքների քանակը, հերթականությունը և նաև՝ որակյալ հատկանիշներից մեկ այլ հանցանքը թաքցնելու շարժառիթը ևս, որը նրանց դրդում է կրկին հանցանք կատարելու՝ այս ամբողջը վկայում են նաև ենթադրաբար վերջիններիս կողմից դուրս գալու դեպքում նոր հանցանքի կատարման ռիսկի բարձր լինելու մասին»:

Երբ դատավորը սպանված կնոջ՝ Զարինե Մելիքսեթյանի ամուսնու՝ տուժող Սևակ Մելիքսեթյանի դիրքորոշումը փորձել է պարզել կալանքի ժամկետի վերաբերյալ, նա հայտարարել է.

«Ոչ թե երկարաձգվի, այլ պետք է գնդակահարել երկուսին էլ՝տեղում»:

Մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը դատարանում հայտարարել է, որ ցանկանում է՝ գործի վարույթի քննությունն իրականացվի Երևան քաղաքում և ոչ թե Շիրակի մարզի առաջին ատյանի իրավասության դատարանում։ Արկադի Բարսեղյանն էլ հավելել է, որ իր համար տարբերություն չկա: Գործը, սակայն, չի տեղափոխվի Շիրակի մարզ, քանի որ չկա մեղադրյալների համաձայնությունը, իսկ դա, ըստ դատավորի, հստակ ամրագրված է. պետք է մեղադրյալների համաձայնություն:

Հաջորդ դատական նիստը կկայանա  2024թ.-ի հունվարի 18-ին՝ ժամը 12։30-ին։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com