Yearly Archives:2023

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 26/10/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Վարչապետ Փաշինյանը Թբիլիսիի միջազգային համաժողովին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները

Փաշինյանը Թբիլիսում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և խաղաղության օրակարգը«Մետաքսի ճանապարհ» պատմական տերմինն ասոցացվում է բարեկեցության, խաղաղության, զարգացման, համագործակցության հետ, որովհետև Մետաքսի ճանապարհն անցնում էր բազմաթիվ երկրներով ու բնակավայրերով, և այդ ճանապարհները մարդկային, մշակութային, տնտեսական ու քաղաքական կապեր ստեղծելու, ժողովուրդների, երկրների իրար ավելի լավ ճանաչելու միջոց էին: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Թբիլիսիում ելութ ունենալով «Մետաքսի ճանապարհ» համաժողովում: Ճանապարհը ոչ միայն երկրներ ու քաղաքներ է միմյանց կապում, այլև մարդկանց, և հետևաբար, եթե բանուկ, ակտիվ ճանապարհը համագործակցության, խաղաղության, հաջողության նշան է, փակ ճանապարհները վկայում են պրոբլեմների մասին, ընդգծել է Փաշինյանը՝ շարունակելով. – «Մենք սա գիտենք սեփական օրինակով: Մեր չորս հարևաններից երկուսի հետ մեր ճանապարհները բաց են, ինչը վկայում է նրանց հետ մեր ունեցած հարաբերությունների բարեկամական լինելու մասին: Մեր հարևաններից երկուսի հետ մեր ճանապարհները փակ են, ինչը հարաբերություններում առկա բարդությունների շատ խոսուն վկայություն է: Բայց ես այսօր չեմ եկել պատմելու մեր ունեցած բարդ հարաբերությունների մասին, այլ ուզում եմ ասել, որ առանց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն»: Ակնհայտ է, որ Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք, ասել է Հայաստանի վարչապետը. – «Իսկ ի՞նչ է խաղաղությունը: Դա մի վիճակ է, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած: Սա է իրական խաղաղությունը»: «Այս է պատճառը, որ մեր կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս: Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով», – ասել է Փաշինյանը՝ շարունակելով. «Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով, չեն գործում նաև արևելքը արեւմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ, մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար, թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային: Նույն կերպ և այդ երկաթուղային և ավտոմոբիլային կոմունիկացիաները կարող են Ծոցը Սև ծովի, այդ թվում` վրացական նավահանգիստներին կապող արդյունավետ ճանապարհ դառնալ: Այս ծրագիրը հսկայական օգուտներ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին և ես ցանկանում եմ կառավարությունների, մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրել այս հնարավորության վրա»: «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները, ըստ վարչապետի, հետևյալն են. «Սկզբունք թիվ 1. Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են: Սկզբունք թիվ 2. Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Ի դեպ, առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը, իհարկե մեր պարեկային ոստիկանության հետ համատեղ: Սկզբունք թիվ 3. Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար: Սկզբունք թիվ 4. Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ»: Փաշինյանը վերահաստատել է այս սկզբունքների հիման վրա տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու, վերաբացելու, վերակառուցելու, կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը և հայտնել, որ առաջիկայում նախագիծը նաև պաշտոնապես կներկայացվի տարածաշրջանի երկրների կառավարություններին: «Հհույս ունեմ՝ համատեղ ուժերով, այդ թվում` ներդրողների ակտիվության պայմաններում մենք կկարողանանք այն կյանքի կոչել», – ասել է վարչապետը: «Խաղաղության խաչմերուկը» խաղաղության օրակարգի անբաժան մասն է, ընդգծել է Փաշինյանը և հավելել.

«Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա, և հույս ունեմ՝ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին: Հարկ եմ համարում ներկայացնել նաև խաղաղության մյուս երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. – Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ընկալմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը` 86 հազար 600: Այս հանրագիտարանային արձանագրումն արվել է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, տեղ չթողնի ասելու, թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը միայն: – Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ալմ-Աթայի հռչակագրի առանցքային իմաստը հետևյալն է. – Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ եւ Հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը և հետևաբար Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ»: «Մենք հույս ունենք այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր: Հույս ունեմ՝ առաջիկայում նաև զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին», – հայտարարել է Հայաստանի ղեկավարը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Միանվագ դրամական սոցիալական աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում ծագած խնդիրները լուծելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ որպես միջոցառման շահառու կդիտարկվեն նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք, ովքեր հաշվառված են Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կողմից, Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը ընկած որևէ ժամանակահատվածում ՀՀ-ում հիվանդանոցային ձևով բուժված անձանց, ուսումնամարզական կամ այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂ-ից Հայաստան տեղափոխված և 2023 թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող՝ ԼՂ-ի բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողներին, ինչպես նաև 2022 թ. դեկտեմբերի 12-ից հետո ԼՂ-ից ՀՀ-ում ուսման նպատակով տեղափոխված անձանց: Անչափահաս շահառուի համար դիմում ներկայացնելու հնարավորություն է նախատեսվել նաև հոր և հոգաբարձուի համար: Ընդ որում, եթե անչափահաս շահառուի համար դիմումը ներկայացրել է հայրը կամ խնամակալը կամ հոգաբարձուն և առկա է նաև մոր կողմից ներկայացված և չմերժված դիմում, ապա մերժվում է հոր կամ խնամակալի կամ հոգաբարձուի դիմումը: ԼՂ-ից Հայաստանի Հանրապետություն տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 1,103.0 մլն դրամ գումար կհատկացվի ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար, որից Արագածոտնի մարզին՝ 108 մլն դրամ, Արմավիրի մարզին՝ 50 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին` 250 մլն դրամ, Լոռու մարզին՝ 220 մլն դրամ, Կոտայքի մարզին` 234 մլն դրամ, Շիրակի մարզին` 30 մլն դրամ, Սյունիքի մարզին` 60 մլն դրամ, Վայոց ձորի մարզին` 50 մլն դրամ և Տավուշի մարզին` 101 մլն դրամ ։ Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 1,5 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 30000 անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու նպատակով՝ 40000 դրամ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:

 

https://www.gov.am/am/news/item/15703/

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Պեմզաշենում մոր և 2 անչափահաս երեխաների սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է Պեմզաշենում առանձին դաժանությամբ մեր և երկու անչափահաս երեխաների սպանության վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել։ «Ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ, հետևողական և համակողմանի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի բոլոր հանգամանքները: Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի բնակիչ Ա.Բ.-ն, ով 2022թ. հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնությունից ժամանել է Պեմզաշեն, նույն բնակավայրի բնակչուհի Զ.Մ.-ին իր հետ արտամուսնական կապ ունենալու առաջարկություն է արել, սակայն վերջինս մերժել է: Ա.Բ.-ն, ով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Զ.Մ.-ի ամուսնու հետ, տեղեկացել է, որ կինը նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել ամուսնուն: Մտավախություն ունենալով, որ վերջինս կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով տվյալ տեղեկատվության բարձրաձայնման արդյունքում իրենց համայնքում իր հեղինակազրկումը, այդ ամենը թույլ չտալու և կանխելու նպատակով, ընկերոջից, ով հանդիսանում է Զ.Մ.-ի ամուսնու հորեղբորորդին, ճշտումներ է կատարել Զ.Մ.-ի ամուսնու՝ ՀՀ վերադառնալու մոտավոր օրվա մասին և իր ազգական, նույն բնակավայրի բնակիչ Վ.Բ.-ի հետ հանդիպման ընթացքում, նախապես տեղեկացված լինելով վերջինիս սոցիալական վատ վիճակի մասին և օգտվելով այդ հանգամանքից, տեղեկացրել է նրան Զ.Մ.-ի տանը ենթադրաբար գումար լինելու, ինչպես նաև՝ վերջինիս ամուսնու՝ ՀՀ վերադառնալու և դրանով պայմանավորված՝ կնոջը լռեցնելու՝ սպանելու մասին: Զ.Մ.-ի տուն ապօրինի մուտք գործելու և բռնության գործադրմամբ գումար հափշտակելու՝ ավազակություն կատարելու, ինչպես նաև՝ նրան սպանելու հարցում Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն ձեռք են բերել համաձայնություն և դեպքի օրը՝ 2022 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, նախապես իրենց հետ վերցնելով փականը բացելու համար հարմարեցված առարկա (բանալի), հակավորման թել և ծալովի դանակ, ավտոմեքենայով շրջանցելով բնակավայրում տեղադրված տեսախցիկները, Զ.Մ.-ի տան մոտ սպասել են։ Համոզվելով, որ տան լույսերը մարված են, նրանք բացել են տան բակի չկողպված դարպասի դուռը, որից հետո Ա.Բ.-ն հարմարեցված բանալիով բացել է նաև տան մուտքի դուռը՝ ապօրինի մուտք գործելով տուն: Երբ միջանցքում Զ.Մ.-ն նկատել է նրանց, Ա.Բ.-ն բռունցքով հարվածել է կնոջ գլխին, և վերջինս, գիտակցությունը կորցնելով, ընկել է հատակին, որից հետո Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն, շահադիտական նպատակով, իրենց կողմից կատարված ավազակությունը, Ա.Բ.-ի կողմից կնոջն անպարկեշտ առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, դանակով հարվածներ են հասցրել Զ.Մ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Զ.Մ.-ի բղավոցներից միջանցք են եկել վերջինիս անչափահաս երեխաները՝ 07.12.2010թ. ծնված դուստրը և 12.06.2014 թվականին ծնված որդին: Տեսնելով երեխաներին՝ Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն հակավորման թելով նախ կապել են տղայի ոտքերը և ձեռքերը, ապա՝ աղջնակի ձեռքերը, ինչից հետո նաև կապել են Զ.Մ.-ի ձեռքերը և վերջինիս քարշ տալով տեղափոխել են ննջասենյակ։ Այնտեղ երեխաների ներկայությամբ, հաշվի առնելով Զ.Մ.-ի ողջ լինելու հանգամանքը, առանձին դաժանությամբ շարունակել են դանակով հարվածներ հասցնել վերջինիս։ Ընդհանուր առմամբ ստացած 11 մարմնական վնասվածքների արդյունքում կինը մահացել է: Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն, համոզված լինելով, որ անչափահաս տղա երեխան ճանաչել է իրենց, կատարվածը թաքցնելու նպատակով, առանձին դաժանությամբ սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դեռևս չմահացած Զ.Մ.-ի և վերջինիս անչափահաս դստեր ներկայությամբ խմբով, միմյանց գործողությունները փոխլրացնելով, դանակով հարվածներ են հասցրել անօգնական՝ ոտքերը և ձեռքերը կապված վիճակում գտնվող տղա երեխայի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ կենսական նշանակություն ունեցող օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ՝ այդ կերպ առանձին դաժանությամբ սպանելով անչափահաս երեխային: Քննությամբ նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Բ.-ն, Զ.Մ.-ին և վերջինիս որդուն սպանելուց հետո, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի անօգնական վիճակն օգտագործելով, հագուրդ տալով իր սեռական ցանկություններին, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որից հետո, համոզված լինելով, որ աղջնակը ճանաչել է իրենց, Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն իրենց կողմից կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, դիտավորությամբ, դանակով երկու հարված են հասցրել անչափահաս աղջնակի կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած թափանցող մարմնական վնասվածքներ՝ այդ կերպ սպանելով երեխային: Ավարտին հասնելով իրենց հրեշավոր մտադրությունները՝ ուրիշի գույքն ապօրինի ձեռք բերելու դիտավորությամբ, կնոջ դիակի վրայից՝ պարանոցից ու մատից, ինչպես նաև ննջասենայկի պահարանից հափշտակել են ընդհանուր 940.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա շղթա, ոսկյա խաչ, երեք հատ ոսկյա մատանի, 5000 ՌԴ ռուբլի, 20 Եվրո և մոտ 60.000 ՀՀ դրամ գումար և հեռացել տանից: Բացի այդ, Վ.Բ.-ն, ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ, ձեռք է բերել կտրող և կյանքից զրկելու ու առողջությանը վնաս պատճառելու համար նախատեսված ածելու շեղբ, ինչպես նաև՝ կրակայրիչի երկաթյա մասից սուր եզր ունեցող առարկա, այն պահել է իր կացարանում գտնվող մահճակալի ոտնակի տակ, որն էլ հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կատարված խուզարկության ժամանակ: Ձեռք բերված փաստերը հիմնավորվել են նաև վարույթի շրջանակներում նշանակված բազմաթիվ փորձաքննություններով։ Վ.Բ.-ի վերաբերյալ նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ վերջինս ճանաչվել է մեղսունակ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 13-րդ կետերով (2 դրվագ), և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Վ.Բ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 198-րդ հոդվածի 4-րդ մասով և 512-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

https://www.investigative.am/news/pemzashenoum-shahaditakan-drdoumnerov-arandzin-dazhanoutyamb-mor-ev-erkou-anchapahas-erexaneri-spanoutyan-varouyti-naxaqnnoutyounn-avartvel-e

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; 

Քննության առարկա են դարձվել ԼՂ բնակչության շրջանում սպանությունների, խոշտանգումների, առևանգումների, զինծառայողների գերեվարումների դեպքերը. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ազգային, էթնիկ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով այդ խմբի անդամներին սպանելու, նրանց առողջությանը ծանր վնաս կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելու կամ այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ բռնությամբ տեղահանելուն ուղղված միջոցներ իրականացնելու, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ Քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության շրջանում սպանությունների, խոշտանգումների, առևանգումների, զինծառայողների գերեվարումների, դաժան կամ անմարդկային վերաբերմունքի դրսևորումների բոլոր դեպքերը։ Քննության առարկա են դարձվել նաև գտնվելու վայրն անհայտ քաղաքացիական անձանց և զինծառայողների դեպքերը։ Նկարագրված դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն (այդ թվում՝ լուսանկարներ, տեսագրություններ, փաստաթղթեր և այլ տեսակի նյութեր) տիրապետող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե՝ հետևյալ հեռախոսահամարներով. 055-04-45-02 095-26-33-28 010-200-165 ՀՀ քննչական կոմիտեն երաշխավորում է ստացված տեղեկատվության գաղտնիության պահպանումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

https://www.investigative.am/news/haytararoutyoun-hasceagrvac-lernayin-gharabaghic-brni-teghahanvac-andzanc

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 25/10/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Գյումրի համայնքի 5-ամյա զարգացման ծրագրի մշտադիտարկման արդյունքներ

cover 1

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 24/10/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Թեհրանում «3+3» հարթակում հանդիպման արդյունքներով արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել. ՀՀ ԱԳՆ

2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը,որի արդյունքներով արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել: Նախարարները հայտարարության մեջ արձանագրում են․ «1․ Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ ընդգծվել է վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի արգելքի և Մարդու իրավունքների հարգման կարևորությունը՝ հիմնված Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների վրա: 2․ Արտահայտելով իրենց կարծիքները միջազգային տարբեր խնդիրների վերաբերյալ՝ քննարկեցին տարածաշրջանում առավել կարևոր խնդիրները և ընդգծեցին այնպիսի հարթակների կարևորությունը, ինչպիսին է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը տարածաշրջանի երկրների միջև կառուցողական երկխոսության և փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորություններ ընձեռելու հարցում: 3․ Ընդգծվել է տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը տարածաշրջանում փոխվստահության, ժողովուրդների բարեկեցության և կայունության ամրապնդման գործում: 4. Շեշտվել է կրթության, գիտության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության, մարդկանց միջև շփումների և համատեղ նախագծերի կարևորությունը: 5. Ընդգծվել է տարածաշրջանի կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ամրապնդման նպատակով երկկողմ և բազմակողմ խորհրդակցությունների ու փոխգործակցության կարևորությունը: 6. Ողջունվել է տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման եւ զարգացման շարունակական գործընթացները: 7. Դրական գնահատելով այս հանդիպման արդյունքները՝ նրանք հաստատեցին այդ հարթակի բաց լինելը Վրաստանի իրավահավասար մասնակցության համար։ 8. Նախարարները մտքեր են փոխանակել նաև Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց վրա հարձակումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ 9. Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին լավ ընդունելության և այս հանդիպումը հաջողությամբ անցկացնելու համար:

https://www.mfa.am/hy/press-releases/2023/10/23/joint_statement/12291?fbclid=IwAR31TgH4CICTeU_vEP0p0SaJxzsyvhHeG3u-LAOkmkJu_Hol18CETemayKU

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com;