Monthly Archives:December 2024

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են Դիլիջանի կլաստերի զարգացման հաջողություններն ու բացթողումները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 25-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մասնակցել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող «Մարզային ենթակառուցվածքների և զբոսաշրջության բարելավման» ծրագրի շրջանակում Դիլիջանի զարգացման տեսլականի զեկույցի ներկայացում-քննարկմանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ, ներդրողներ։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ իր մասնակցության նպատակն է անձամբ ծանոթանալ Դիլիջանի կլաստերի զարգացման հաջողություններին ու բացթողումներին և քննարկել համայնքի զարգացման ուղղությամբ համատեղ նախատեսվող քայլերը։
«Դիլիջանը պատմականորեն զարգացել է որպես զբոսաշրջային կլաստեր, բայց ակնհայտ է, որ քաղաքը պետք է բոլորովին այլ մակարդակի բարձրացնել, և այդ առումով հետագա ենթակառուցվածքային ներդրումները շատ կարևոր նշանակություն ունեն։ Սուբվենցիոն ծրագրերով պետությունը ևս ներդրումներ է իրականացնում, որպեսզի Դիլիջանում ստեղծվի գրավիչ զբոսաշրջային միջավայր»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի նպատակն է բարելավել կլաստերներում ներգրավված տարածքների և համայնքների կենսունակությունը, բարձրացնել զբոսաշրջային գրավչությունը՝ համայնքների համար լրացուցիչ եկամուտների և տեղական տնտեսությունների աճի խթանման նպատակով։
Քննարկմանը հաջորդել է հարց ու պատասխան, որի ընթացքում ներկայացվել են առաջարկներ ծրագրի լավարկման վերաբերյալ, տրվել պարզաբանումներ բարձրացված հարցերի շուրջ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Վարազդատ Լալայանը «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող է ճանաչվել

«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Վարազդատ Լալայանը ստացել է 1778 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Գոռ Սահակյանը՝ 1567 ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ըմբիշ Մալխաս Ամոյանը՝489 ձայնով:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվել է այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում. 5 օրվա ընթացքում քվեարկությանն ավելի քան 6100 օգտատեր է մասնակցել:

Ընդ որում՝ յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կարողացել է մասնակցել մեկ անգամ:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարել է 15 մարզիկ: Այս անվանակարգի հաղթողը կպարգևատրվի հուշանվերով և հավաստագրով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը:

Մինչ հաշվետվության ներկայացումը, վարչապետը նշել է. «Այսօր մենք պետք է քննարկենք թվայնացման ոլորտում մեր կատարած աշխատանքները, և դրա համար կա կոնկրետ առիթ և պատճառ: Մենք ի սկզբանե իմացել ենք և հիմա էլ գիտենք, որ հանրային կառավարման կամ ծառայությունների մատուցման ոլորտում ունենք էական խնդիրներ: Խոսքը Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների մասին է: Եվ ի սկզբանե մեր պատկերացումներն եղել են այն, որ թվայնացումն է այն հիմնական գործիքը, որով մենք պետք է այդ ոլորտում մեր ունեցած խնդիրները հաղթահարենք: Եվ նաև վերջին շրջանում, քանի որ շատ ահազանգեր են ստացվում ոչ թե թվայնացման, այլ հանրային կառավարման ոլորտում առկա խնդիրների չլուծվածության մասին, շատ պատեհ է, որ մենք էլի վերադառնանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս առումով ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել թվայնացման մեր օրակարգի իրականացմանը: Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շատ կարևոր է ընդհանուր պատկերը տեսնել և հասկանալ, թե պլանավորված աշխատանքն այս պահին ինչ փուլում է, թվայնացման օրակարգն ավելի արդյունավետ իրականացնելու համար ինչ ռեսուրսներ կան և ինչ անելիքներ կան:

Փոխվարչապետ, Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է, որ թվայնացումն իրականացնում է մի շատ կարևոր գործառույթ, որը բացահայտում է ֆունկցիայի իմաստն ու կարևորությունը և ընդգծել, որ թվայնացվելու է միայն այն գործառույթը, որի կարիքը քաղաքացին ռեալ ունի: Մհեր Գրիգորյանի խոսքով՝ կան նաև թվային լուծումներ, որոնք թելադրում են ճիշտ գործառույթ, և միջազգային փորձում կան լուծումներ, որոնք անհրաժեշտ է ադապտացնել մեր կանոնակարգին:

Հաջորդիվ՝ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի քարտուղար Ներսես Երիցյանը ներկայացրել է հաշվետվություն թվային առաջընթացի վերաբերյալ: Նախ՝ համառոտ տեղեկատվություն է ներկայացվել հաշվետու ժամանակահատվածում խորհրդի գործունեության վերաբերյալ՝ կայացած նիստերի, քննարկված հարցերի, հաստատված որոշումների և հայեցակարգային որոշումների մասով:

Մանրամասներ են ներկայացվել թվայնացման գործընթացների ինստիտուցիոնալ դերաբաշխման և համակարգման, թվային ճարտարապետության հիմնարար օրենքների նախագծերի մշակման, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի, «Ամպայինն առաջինը» քաղաքականության ընդունման ու կիրառման, հանրային տվյալների կատալոգի, քարտեզագրման և դասակարգման, «Կյանքի 12 իրադարձությունների» թվայնացման վերաբերյալ և այլն:

2025 թվականի անելիքների շարքում ընդգծվել է թվային հիմնարարների հասանելիությունը՝ ենթակառուցվածք կամ ամպային լուծումներով, «Կյանքի 12 իրադարձությունների» ներքո մատուցվող ծառայությունների թվայնացումը, ինչպես սահմանված է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, ռազմավարական հաղորդակցումն ու իրազեկումը և այլն:

Վերոնշյալ հաշվետվության շուրջ ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցները ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ հանրային ծառայությունների թվայնացման ու որակի բարելավման, ծառայությունների մատուցման քաղաքականության, կիբեռանվտանգության հարցերի շուրջ:

Վարչապետը հանձնարարել է, առաջնորդվելով թվայնացման ճանապարհային քարտեզով, նշել, թե այս պահին որտեղ է գտնվում թվայնացման գործընթացը և նույն տրամաբանությամբ կազմել 2025 թվականի անելիքները՝ նշելով գործառույթի պատասխանատու գերատեսչությանը: Այս համատեքստում կարևորվել է պարբերական հաշվետվությունների ներկայացումը ճանապարհային քարտեզին համապատասխան աշխատանքների իրականցման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաջորդիվ կքննարկվեն նաև օրենքների նախագծերը և այս համատեքստում՝ կարևորել խորհրդարանական գործընկերների հետ աշխատանքների ինտենսիվացումը: Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը նշել է, որ 2025 թվականին անհրաժեշտ է թվայնացման օրակարգով ավելի ինտենսիվ զբաղվել, քանի որ բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է:

 

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Ռ․ Մաթևոսյանի վարույթն անջատվել է. նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչությունում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով իրականացվող քրեական վարույթից մեղադրյալ Ռ․ Մաթևոսյանի կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ իրականացված նախաքննության վարույթն անջատվել է, միաժամանակ նախաքննությունն ավարտվել է, որի վերաբերյալ ծանուցվել է նաև տուժող կողմը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Նորիկ Նորիկյանը:

«Առաջիկա օրերի ընթացքում այդ վարույթի նյութերը կուղարկվեն դատարան։
Ռ․ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն որի՝ Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից (բացի պահակախմբի և պարեկախմբի կազմի մեջ մտնող անձից) ներքին ծառայության կանոնագրքային կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ հանգեցրել է զորամասի տարածքում իրավախախտման, օրվա վերակարգի խափանման, ռազմական միջոցառման կամ մարտական առաջադրանքի խափանման կամ զորամասի տարածքից հափշտակության, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»,- գրել է նա:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 5 քաղաքացի` 2-ը` Հարթագյուղ և 3-ը` Ծաղկաբեր համայնքներից: Այդ մասին տեղեկացնում է Սպիտակի ԲԿ-ն:

Ըստ փոխանցված տեղեկատվության՝ թունավորվել են մարզկենտրոնի արագ սննդի կետերից մեկում սնվելու հետևանքով:

Անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վերցվել են համապատասխան նմուշառումներ:

Տուժածների վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է միջին ծանրության, շարունակում են ստանալ ստացիոնար բուժում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։

Ստացված ահազանգին արագ արձագանքել էին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները:

Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել էր, որ տուժած քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com