Monthly Archives:December 2024

Մարզերում մենք հենց քոլեջների համակարգը պետք է զարգացնենք. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հաստատեց մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը հաստատելու մասին հարցը։

«Կառավարության ծրագրով և կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրով կարևորագույն թիրախ է, որ կրթության տարբեր մակարդակներում գործի մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգը, և մենք արդեն իսկ այդ համակարգն ունենք դպրոցներում և մանկապարտեզներում։ Այս նախագծով դա նաև իրականություն է դառնում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նշեց, որ մասնավորապես այս տարվա փետրվարին նախարարի համապատասխան հրամանով արդեն իսկ հաստատվել էր ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը, դրա հիման վրա այս տարի արդեն 4 ուղղություններով՝ ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերապատրաստվել է քոլեջներում աշխատող շուրջ 361 աշխատող, և այս տարվա նոյեմբերի 30-ին, այսինքն՝ մի քանի օր առաջ, վերջիններիս համար կազմակերպվել է ատեստավորման գործընթացը, որի արդյունքները, կարգի համաձայն, կհրապարակվեն դեկտեմբերի 6-ին՝ վաղը, բայց նախնական արդյունքները ցույց են տալիս, որ շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստավորման գործընթացը։

«Կառավարության որոշման այս նախագծով մենք սահմանում ենք ատեստավորման արդյունքում ատեստավորված աշխատակիցների նկատմամբ գործող խրախուսման ձևերը, որոնք համանման են հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման համակարգի պարագայում գործող խրախուսման համակարգին՝ մասնավորապես 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած աշխատակիցների համար դրույքաչափը սահմանվորւմ է 200 հազար դրամ մեկ դրույք զբաղվածության պարագայում, և 70 տոկոս ու ավելի բարձր արդյունքներ գրանցելու պարագայում, արդեն, բացի դրույքաչափից, կիրառվում են նաև հավելավճարներ. 70-79 տոկոսի պարագայում՝ 30 տոկոս հավելավճար, 80-89 և ավելի տոկոսի պարագայում ՝ 40 տոկոս հավելավճար, և 90-100 տոկոս արդյունքի դեպքում՝ արդեն 50 տոկոս հավելավճար, որը գումարվում է 200 հազար դրամ դրույքաչափին։ Ընդ որում՝ պետք է նշեմ, որ եթե դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի սահմանման լրացուցիչ կարգավորում կա, այստեղ նման բան չի գործում, և այս համակարգում աշխատավարձերը շատ ավելի ցածր էին. հաճախ դասավանդողները նվազագույն աշխատավարձին համարժեք վարձատրություն էին ստանում։ Այստեղ մենք ավելի քան կրկնապատկելու ենք այս ձևով համակարգում մանկավարժական աշխատողների վարձատրությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ ատեստավորման արդյունքում արդեն իսկ դեկտեմբերին նախատեսվել է, որ հաջող արդյունք ցուցաբերածները կստանան համապատասխան հավելավճարներն ու դրույքաչափի փոփոխությամբ պայմանավորված վարձատրությունը։

«Նաև այս նույն կարգով հաստատում ենք տարակարգի դեպքում խրախուսման համակարգը։ Տարակարգի կարգը նույնպես հաստատվել է նախարարի հրամանով. տարակարգը կգործի հաջորդ տարվանից, և սա էլ հավելյալ հնարավորություն է տալու 20, 30 և 50 տոկոս հավելավճարներ ստանալու, ու նույն տրամաբանությամբ ատեստավորման միջոցով ստուգվում է մասնագիտական գիտելիքը, տարակարգի միջոցով արդեն՝ մանկավարժական հմտությունները։ Եվ որպես արդյունք՝ կարծում ենք, որ ՄԿՈՒ համակարգում մենք կունենանք որակյալ կադրեր՝ ոլորտը համալրելով նոր կադրերով, և կբարձրացնենք աշխատանքի գրավչությունը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

«Մենք կարծում ենք, որ մարզերում շատ պետք է ուժեղացնել հենց քոլեջների ենթակառուցվածքը, նաև հաշվի առնելով տվյալ մարզի աշխատանքային շուկայի առանձնահատկությունները։ Հիմա մարզերից արտագաղթի, ներքին միգրացիայի պատճառ կրթությունն է դառնում, որովհետև նախ կրթական համակարգը մարզային տրամաբանությամբ այդքան էլ նախագծված չի։ Մեր մտածածն այն է, որ մարզերում, խոշորացված համայնքներում մենք հենց քոլեջների համակարգը պետք է զարգացնենք, որն ի սկզբանե պետք է նախատեսված լինի այնպես, որ մարզային բնակիչը, որն ուզում է մասնագիտական կրթություն ստանա, հենց տեղում աշխատանք գտնելու հնարավորություն ստանա»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Հարկային եկամուտները հոկտեմբերին աճել են 6.9 տոկոսով

Հայաստանում հարկային եկամուտները հոկտեմբեր ամսին աճել են 6.9 տոկոսով: Այս մասին ասվում է Ֆինանսների նախարարության հրապարակած՝ Մակրոտնտեսական զարգացումների՝ հոկտեմբեր ամսվա ամփոփագրում:
«Հարկային եկամուտների աճի տեմպը հոկտեմբերին կազմել է 6.9 տոկոս, իսկ պետական բյուջեի ծախսերը աճել են 19.7 տոկոսով»,-ասված է ամփոփագրում:Հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական բյուջեի պակասուրդը կազմել է 211.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19.0 մլրդ դրամի դիմաց:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

2025 թվականի պետբյուջեի նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովը առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց և ընդունեց դեկտեմբերի 3-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը, այդ թվում՝ համաձայնագրերը:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը: Առաջարկվում է քաղաքացիության շնորհման համար 1000 դրամ պետական տուրքի փոխարեն սահմանել 50 հազար պետական տուրք, իսկ դադարեցման 25 հազար դրամի փոխարեն՝ 150 հազար պետական տուրք: Փախստականների համար կգործի տուրքից ազատման բաղադրիչ. դա կվերաբերի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին:

Ամբողջությամբ ընդունվեց նաև 2025 թվականի պետբյուջեի նախագծի վերանայված տարբերակը, համաձայն որի՝ փոփոխվել են եկամուտները, ծախսերը, դեֆիցիտը: Վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5,1%: Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ, համապատասխանաբար, 158 մլրդ դրամով և 0,5 տոկոսային կետով: Այս նախագծին խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց:

Ընդունվեց նաև «ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, որով նախատեսվում է տրամադրել 200 մլն դոլարի վարկ՝ Քաջարանի թունելի շինարարության և Մ2 ճանապարհի մի հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար: Ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի կառուցման և գոյություն ունեցող Մ2 ճանապարհի շուրջ 4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները: Այս նախագծին ևս խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք. Նիկոլ Փաշինյան

Հիմնական թեզն այն է, որ Հայաստանին կամ անձամբ ինձ ներքաղաքական նկատառումներով պետք է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, մինչդեռ ցանկացած շատ թե քիչ որակավորված կամ նույնիսկ չորակավորված դիտորդը կարող է տեսնել, որ ընդհակառակը՝ հենց ներքաղաքական նկատառումներով մեզ՝ կառավարող թիմին, և կոնկրետ ինձ, ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որի՝ ՀՀ-ն նոր պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի դեմ:

«Հրապարակումները ցույց են տալիս, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելով: Մեր արձագանքը պետք է լինի հետևյալը՝ չտրվել որևէ սադրանքի և անհոգնել պարզաբանել մեր դիրքորոշումը: Նախ մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք, որովհետև, ըստ էության, մենք քաղաքական մակարդակում ինչ-որ առումով նաև ևս մի իրավական քայլ ենք արել և փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և նույնիսկ մեր ԱԺ-ն վավերացրել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, և առաջիկայում մենք պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք փոխադարձ համաձայնությամբ հաջորդ հատվածում:

Այս առումով ուզում եմ ընդգծել, որ բացառում եմ ուղղակի որևէ գործողություն ՀՀ-ի կողմից, որը նպատակամղված կլինի տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելուն»,- ասաց նա:

Այս համատեքստում Փաշինյանը նաև ընդգծեց՝ ՀՀ տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է, բայց հայկական կողմը հայտարարում է, որ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր օրակարգում չկա, քանի որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը և սահմանազատման գործընթացը հնարավորություն են տալիս այդ բոլոր հարցերը լուծել բանակցային, իրավական հիմքի վրա:

«Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, և ՀՀ-ն ռազմական խնդիրներ այդ առումով որևէ հարևանի նկատմամբ չունի, և մենք բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչել ենք և ճանաչում ենք:

Ես հույս ունեմ, որ մենք կակտիվացնենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, որովհետև աշխատանքի, ըստ էության, 90 տոկոսն արված է, մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պայմանագիր»,- ասաց նա և, եզրափակելով խոսքը, ասաց՝ իր գնահատականն այն է, որ տարածաշրջանում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

ՔՊ-ն հայտնել է ովքեր կմասնակցեն Գյումրու քաղաքապետի նախնական ընտրություններին

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետեւյալ թեկնածուները.

Լևոն Անանյան

Դավիթ Առուշանյան

Շավարշ Արամյան

Էմմա Բարսեղյան

Սարիկ Մինասյան

Վահագն Մկրտչյան

Կարեն Սարուխանյան

Նրանք այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն, իսկ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուն կնշանակվի վարչապետի կողմից Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար: Քվեարկության կարգի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է. Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ բյուջեին մի այլ տեսակետից նայել, որի առաջարկը արել եմ նաև հանձնաժողովների մակարդակում քննարկումների ժամանակ: Ըստ էության՝ գաղափարը հետևյալն է. մենք պետական բյուջեն քննարկելիս պետք է ևս մեկ անգամ արձանագրենք, որ բյուջեն պետականության, ինքնիշխանության շատ կարևոր հատկանիշ է:

Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ հոգնի կրկնել՝ բերելով հետևյալ զուգահեռը և համեմատությունը: Կառավարությունը բաղկացած է 14 անդամից: Ինչով են ՀՀ կառավարության անդամ հանդիսացող 14 անդամները տարբերվում ՀՀ քաղաքացի հանդիսացող ցանկացած 14 հոգուց: Կառավարությունը մյուս 14 հոգիներից տարբերվում է միայն մեկ բանով՝ այդ 14 հոգին կառավարում է երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները և ամենամեծ ֆինանսական միջոցը, որը ՀՀ պետական բյուջեն է»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ կցանկանար՝ պետբյուջեին նայեին հենց այդ տրամաբանությամբ:

«Պետություն, պետականություն, անկախություն, ինքնիշխանություն ասելով՝ առաջին հերթին կամ առաջիններից մեկը պետք է հասկանալ պետական բյուջե, բայց նաև պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է»,- հավելեց վարչապետը:

Նա ևս մեկ անգամ կրկնեց՝ ՀՀ-ում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում: Խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող քաղաքացիներին:

«Հետևաբար ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է, հետևաբար մենք բոլորս պետք է այս ընկալումն ավելի ու ավելի խորացնենք, որ ՀՀ պետական բյուջեն նաև մյուս կողմից մեր բոլորիս հավաքական, ընտանեկան բյուջեն է, և սա պետության և պետականության կարևորագույն ատրիբուտ և հատկանիշ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետբյուջեի կատարողականը

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետբյուջեի կատարողականը:

2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,073.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.4 %-ով կամ 178 մլրդ դրամով:

2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,284.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 19.4 %-ով կամ 370.5 մլրդ դրամով:

2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 211.5 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 մլրդ դրամի դիմաց:
Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական
կայքում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Պատրաստ ենք արդիականացնել նորածնային սքրինինգները. ՀՀ առողջապահության փոխնախարար

«Կարևորելով նորածինների հնարավոր հիվանդությունների ժամանակին ախտորոշումն ու բուժումը` պատրաստ ենք, միջազգային փորձը հաշվի առնելով, պարբերաբար ընդլայնել ու արդիականացնել նորածնային սքրինինգները»,- լսողության հետազոտության արդիականացման թեմայով հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Լսողության սքրինինգային ծրագիրը Հայաստանում գործում է 2007 թվականից: 17 տարվա ընթացքում այն արդիականացնելն անհրաժեշտություն է: Առկա խնդիրները վերանայելու, միջազգային փորձը տեղայնացնելու նպատակով քննարկմանը մասնակցել են մասնագետներ ոչ միայն Հայաստանից, այլև՝ Ռուսաստանից, Վրաստանից և Գերմանիայից:

Քննարկմանը ներկայացվել են լսողության հետազոտության արդիականացման գործընթացում աշխարհում ժամանակակից մոտեցումներն ու նորագույն փորձը, նաև՝ նորագույն սարքը, որով արտասահմանյան լավագույն կլինիկաներում արվում է լսողության նորածնային սքրինինգը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Երևանի «Արաբկիր» ԲԿ-ում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք

Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք։ Այդ մասին լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Նախնական տեղեկություններով՝ մարմնի վրա բռնության հետքեր չկան։ Փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ, լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն, Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզի սանը՝ 4-ամյա Նատալի Ե.-ն, շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում մանկապարտեզից տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com