Yearly Archives:2024

Դուրովը փոփոխություններ է կատարել Telegram-ի թարմացված պայմանների և գաղտնիության քաղաքականության մեջ

Telegram-ի կանոնները խախտող օգտատերերի հեռախոսահամարներն ու IP հասցեները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին՝ «ի պատասխան ողջամիտ օրինական հարցումների»,- ասել է Պավել Դուրովը իր Telegram ալիքում։ Այս փոփոխությունները ներառված են ծառայության թարմացված պայմանների և գաղտնիության քաղաքականության մեջ: «Այս միջոցները պետք է զսպեն հանցագործներին։ Telegram-ում որոնումը նախատեսված է ընկերներ գտնելու և նորություններ ստանալու համար, այլ ոչ թե անօրինական ապրանքներ գովազդելու»,- գրել է Telegram-ի հիմնադիրը։

«Հանցագործներին Telegram Search-ի չարաշահումից հետագայում հեռու պահելու համար մենք թարմացրել ենք մեր ծառայության պայմանները և գաղտնիության քաղաքականությունը»,- ասել է Դուրովը և նշել, որ «ամբողջ խնդրահարույց բովանդակությունները, որ հայտնաբերել ենք մեր որոնումների միջոցով, այլևս հասանելի չեն»:

Սեպտեմբերի 5-ի ուշ երեկոյան Դուրովը, առաջին անգամ մեկնաբանելով Փարիզում իր ձերբակալությունը, խոստացել էր բարելավել Telegram-ի աշխատանքը հանցագործների դեմ պայքարի շրջանակում, որոնք չարաշահում են մեսենջերի աշխատանքը: «Telegram օգտատերերի թվի կտրուկ աճը մինչև 950 միլիոն, խնդիրներ է առաջացրել, որոնք հանցագործների համար ավելի հեշտ են դարձրել մեր հարթակը չարաշահելը։ Այդ իսկ պատճառով ես իմ առջև նպատակ եմ դրել էապես բարելավել իրավիճակը»,- գրել է նա՝ պարզաբանելով, որ նման աշխատանք արդեն իրականացվում է Telegram-ում, և խոստացել է շուտով ներկայացնել առաջընթացը։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Լիբանանը հայտնել է մոտ 300 զոհի մասին «Հըզբոլլահի» վրա իսրայելական ամենամեծ հարձակման հետևանքով

Երկուշաբթի Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման դիրքերին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի, այդ թվում՝ 21 երեխա, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Ավելի վաղ Լիբանանի բնակիչները սկսել են իրենց հեռախոսներում տարհանման մասին ձայնագրություններ ստանալ Իսրայելից: Ըստ AP-ի՝ իսրայելական ծառայություններն ավելի քան 80 հազար նախազգուշական զանգ են կատարել՝ լիբանանցիներին կոչ են անելով «անհապաղ» տարհանվել բոլոր այն շենքերից, որտեղ «Հըզբոլլահի» զինյալները զենք են պահում:

Դա տեղի է ունենում Գազայի հատվածում վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում «Հըզբոլլահ» խմբավորման դեմ իսրայելական բանակի իրականացրած ավիահարվածների շարքի ֆոնին:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելն այսօր առավոտից ավելի քան 300 թիրախ է խոցել Լիբանանում:

Ավելի վաղ Իսրայելի հյուսիսային հատվածում կրկին հնչել են օդային տագնապի ազդանշանները։ «Հըզբոլլահի» զինյալները հայտնել են իսրայելական տարածքի նոր գնդակոծությունների մասին: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: «Հըզբոլլահի» հարվածները հետևել են սեպտեմբերի 22-ի գիշերվա փոխհրաձգություններին։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ԱԺ նախագահը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի ու Եգիպտոսի օրենսդիր մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը և կապերի խորացումը: Ալեն Սիմոնյանը շեշտել է նաև Եգիպտոսում հայ համայնքի դերը՝ որպես բարեկամության կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար ու ընդգծել հայ-եգիպտական դարավոր բարեկամական և բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Հարավային Աֆրիկան ձյունով է ծածկվել. որոշ շրջանների համար հայտարարվել է նարնջագույն նախազգուշացում

Սեպտեմբերի 21-ին Հարավային Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, ինչի հետևանքով երթևեկության խցանումներ է առաջացել Յոհանեսբուրգը Դուրբանին կապող N3 գլխավոր մայրուղում: Հարյուրավոր մեքենաներ են արգելափակվել:

Տեղ-տեղ ձյան ծածկույթի հաստությունը հասել է երկու մետրի, ինչն իրական փորձություն է եղել փրկարար ծառայությունների համար։

Հարավաֆրիկյան օդերեւութաբանական ծառայությունը ձյան տեղումներն անվանել է «բացառիկ իրադարձություն» և նախազգուշացրել հետագա տեղումների հնարավորության մասին։ Մի քանի շրջանների համար նարնջագույն նախազգուշացում է հայտարարվել:

Սպասվում է, որ ձյունառատ եղանակը կշարունակվի մի քանի օր։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Իրանում հանքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է. հայտարարվել է 3-օրյա սուգ

Հարավային Խորասանի Թաբաս քաղաքի ածխահանքում երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմանում Madanjo ընկերության հանքավայրում տեղի է ունեցել մեթան գազի պայթյուն։ Պայթյունի պահին հանքում աշխատել է 69 մարդ:

Իրանական Mehr գործակալության տեղեկությամբ, Իրանի Հարավային Խորասան նահանգում 3-օրյա սուգ է հայտարարվել ածխահանքում գազի պայթյունի հետևանքով 52 հանքափորի զոհվելու կապակցությամբ։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայկական եռագույնով լուսավորվեց Հունաստանի Ալեքսանդրուպոլիսը

Հայկական եռագույնով լուսավորվեց Հունաստանի Ալեքսանդրուպոլիսը։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

«Արձագանքելով Հունաստանում Հայաստանի դեսպանությանը՝ Ալեքսանդրապոլիսի քաղաքապետարանը լուսավորվեց հայկական եռագույնով՝ ի նշանավորում Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի և երկու ժողովուրդներին միավորող մշակութային ու պատմական ամուր կապերի»,- տեղեկացնում են դեսպանությունից։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ֆրանսիայի նոր կառավարության կազմում հայազգի նախարարներ կան

Շաբաթ երեկոյան հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը: 39 նախարարական նշանակում է եղել:

Այս մասին հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար է դարձել Ժան-Նոել Բարոն, ով նախկինում զբաղեցրել է եվրոպական հարցերով նախարար-պատվիրակի պաշտոնը, իսկ  Ստեֆան Սեժուրնեն կզբաղեցնի Եվրահանձնակատարի պաշտոնը:

Սեբաստիան Լեկորնուն մնացել է պաշտպանության նախարարի պաշտոնում:  Անտուան Արմանը դարձել է ֆինանսների նախարար:

«Ձախ»-երից միայն մեկ քաղաքական գործիչ է պաշտոն ստացել կառավարությունում՝ Դիդյե Միգոտը նշանակվել է արդարադատության նախարար։

Ֆրանսիայի նոր կառավարությունում ընդգրկված են երկու հայազգի նախարարներ: Աստրիդ Փանոսյան-Բուվեն նշանակվել է աշխատանքի և զբաղվածության, իսկ Գիյոմ Գասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, հանրային գործունեության պարզեցման և վերափոխման նախարար։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։ Դրանում ասված է․

«Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ.

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, և այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիներն ընտրական տեղամասեր էին գնում՝ պատասխանելու քվեաթերթիկի վրա գրված հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»: Այն ժամանակ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 95 տոկոսը «Այո» պատասխանեց հարցին, և Հայաստանի Հանրապետությունը դարձավ անկախ պետություն:

Այդ օրվանից մեր երկիրն անցել է բազում փորձությունների միջով՝ պատերազմներ, հազարավոր զոհեր, շրջափակում, տնտեսական և քաղաքական ճգնաժամեր, արտագաղթ, որոնց հետևանքով մենք ավելի առարկայորեն հասկացանք, որ 1991-ին հանրաքվեի դրված հարցը պատասխանի կարիք ունի ամեն օր, և այդ հարցին մենք պետք է պատասխանենք ոչ միայն ընտրական տեղամասում քվեաթերթիկի վրա նշում անելով, այլև մեր վարքով, բարքով ու գործունեությամբ:

Հայաստանի Հանրապետության Կառավարության գործունեության առանցքն ու նպատակը 1991 թվականի հանրաքվեի դրված հարցին ամեն օր գործնականորեն «Այո» պատասխանելն է, և պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մեր երկրի անկախության մակարդակն օր օրի աճում է ժողովրդավարության, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ:

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր մեր բոլոր որոշումների ուղենիշը եղել է և շարունակում է մնալ անկախությունը, պետականությունը, ժողովրդավարությունը, այդ հասկացությունների կոնկրետացումը և առարկայացումը միջազգային կանոնների հիման վրա:

Այս գործընթացում թույլ ենք տվել սխալներ, ունեցել ենք ձախողումներ, բայց 2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն:

Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ Անկախության հանրաքվե է: Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր: Հանրաքվեի դրված հարցին ամեն օր պատասխանում է օրենքով սահմանված հարկերը վճարող (Այո) և հարկերը թաքցնող (Ոչ) յուրաքանչյուր ոք, ազնվորեն գործող (Այո) և կաշառք վերցնող (Ոչ) յուրաքանչյուր պաշտոնյա, աշխատող (Այո) և աշխատանքին քամահրանքով վերաբերվող (Ոչ) ամեն անհատ, օրենքը հարգող (Այո) և օրենքի խախտումն ինքնահաստատման միջոց համարող (Ոչ) ցանկացած մարդ:

Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր «Այո» են ասել և «Այո» են ասում Անկախության հանրաքվեում, սիրում եմ այդ մարդկանց և հպարտանում եմ նրանցով: Եվ ներողություն եմ խնդրում բոլոր այն ակնհայտ և հնարավոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետև մարդը սխալական է:

Կարևոր է ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ Անկախությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու հարթակ ու մեխանիզմ:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով»։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Սեպտեմբերի 20-ին Ջաջուռի մոտ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած վթարի վարույթով մեղադրյալը ձերբակալվել է

2024 թ․ հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար էին բախվել BMW X3 3.01 մակնիշի և HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով HONDA FTT 1.3 մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 7-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել էր:
BMW X3 3.01 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում: Որոշում էր կայացվել` նրան ձերբակալելու մասին, որը հանձնարարվել էր Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել էր և հայտարարվել էր հետախուզում։
Սեպտեմբերի 20-ին նշված անձը ձերբակալվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Նրան ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով։
Միջնորդություն է հարուցվում դատարան՝ նշված անձի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ։
Վերջինս մեղադրվում է այն բանում, որ դեպքի ժամանակ BMW X3 3.01 մակնիշի ավտոմեքենան վարելով նշված ճանապարհահատվածով, տեխնիկական տեսանկյունից թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և կատարել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ:
Չպահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ հոծ գծի առկայության պայմաններում չի իրականացրել տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն և, հատելով հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս, ինչի հետևանքով բախվել է դիմացից եկող HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենային՝ պատճառ դառնալով երեք մարդու մահվան:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com