Yearly Archives:2024

Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ

Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Իսպանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալը 55 կգ քաշայինների երկամարտում՝ հավաքելով 191 կգ։

Պոկում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը 81 կգ արդյունքով գրավեց 7-րդ տեղը, հրում վարժությունում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ ցույց տալով 191 կգ արդյունք։

Չեմպիոնի կոչումը նվաճեց Չինական Տայպեյի ներկայացուցիչ Գուան-Լին Չենը՝ 217 կգ (98+119): Երկրորդ տեղը գրավեց կոլումբացի Խելեն Տորես Գոմեսը՝ 192 կգ (89+103)։

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ԵՄ-ն կարող է ժամանակավոր կասեցնել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը

Եվրամիությունը պատրաստ է արձագանքել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին. եթե «Վրացական երազանքը» շարունակի ներկայիս քաղաքականությունը, ապա ԵՄ-ն կդիտարկի բոլոր տարբերակները, ներառյալ՝ վիզային ռեժիմի ազատականացման ժամանակավոր կասեցումը: Այդ մասին գրել է Politico պարբերականը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի խոսնակ Պետեր Ստանոյին:

«ԵՄ-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության և գործողությունների համապատասխան ծրագրի շրջանակում Վրաստանը պարտավոր էր կատարել որոշակի չափանիշներ, այդ թվում՝ ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը և խտրականության կանխարգելումը»,- պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Ստանոն:

Համաձայն 2017 թվականին ստորագրված վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագրի՝ Վրաստանի քաղաքացիները կարող են տարվա մեջ մինչև երեք ամիս անցկացնել ԵՄ-ում՝ առանց վիզա ստանալու անհրաժեշտության:

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ինչու է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի 1 Կվտ գինն ավելի թանկ, քան տարածաշրջանի երկրներում. ՀԾԿՀ նախագահի պարզաբանումը

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած՝ էլեկտրաէներգիայի խնդիրների մասին աշխատանքային քննարկման ժամանակ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը թվարկեց տարածաշրջանի երկրների էլեկտրաէներգիայի 1 Կվտ գինը՝ դոլարով արտահայտված:

Ըստ այդմ՝ Իրան՝ 0,002 դոլար, Ղրղզստան՝ 0,013 դոլար, Ուզբեկստան՝ 0,023 դոլար, Ադրբեջան՝ 0,047 դոլար, Թուրքիա՝ 0,048 դոլար, Ղազախստան՝ 0,049 դոլար, ՌԴ՝ 0,059 դոլար, Ուկրաինա՝ 0,064 դոլար, Վրաստան՝ 0,074 դոլար, Հայաստան՝ 0,0113 դոլար: Պատգամավորը հետաքրքրվեց՝ այս բոլոր երկրների էլեկտրաէներգիայի 1 կիլովատի գինն ինչո՞ւ է ավելի էժան, քան Հայաստանում է:

«Այս բոլոր երկրների «մոնոպոլիաների» գինը ինչո՞ւ է Հայաստանի «մոնոպոլիայից» էժան»,- հետաքրքրվեց Բագրատյանը:

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը պարզաբանեց՝ եթե ուզում ենք մոնոպոլ դիրքը համեմատել տարածաշրջանի սակագների հետ, ուրեմն պետք է համեմատենք, թե մենք ինչ ենք սահմանել որպես բաշխման սակագին. «Որովհետև եթե մեր վերջնական սակագները՝ ՀԷՑ-ի համար սահմանված, ինչ-որ մեկի համար թանկ են թվում, ինքն արդեն ավելի ազատ է: Ցանկացած սպառող ազատ է՝ դուրս գալու շուկա և գտնելու էլեկտրաէներգիա:

Բայց որ մեր էլեկտրաէներգիան ավելի թանկ է ստացվում, դա ավելի խոր խնդիրներից է. դա նրանից է, որ տարածաշրջանի ենթակառուցվածքները դեռևս ամբողջապես բացված չեն: Մեր ազատ շուկան լիարժեք կգործի, երբ կունենանք հաստատուն կապ Վրաստանի հետ, կկարողանանք դուրս գալ ԵԱՏՄ շուկա, ԵՄ շուկա՝ Վրաստանով: Բայց երբ մենք դեռևս ունենք սահմանափակ ենթակառուցվածք Վրաստանի հետ, ընդամենը մոտ 100 Մվտ ենք առևտուր անում, բնականաբար, այդ ազատ շուկան իր ամբողջ էֆեկտը չի տալիս»:

ՀԾԿՀ նախագահը խոսեց նաև էլեկտրաէներգիայի ներկրման մասով քննարկված հնարավորությունների մասին, օրինակ, ուսումնասիրվել է ԵԱՏՄ շուկան, և պարզվել է, որ ղազախական շուկայում կարող են այնպիսի ամիսներ լինեն, որ հնարավոր լինի էլեկտրաէներգիա ներկրել:

«Այսինքն՝ եթե տարածաշրջանային շուկաները բացված լինեին, մենք ազատ շուկաների տված հնարավորությունները կօգտագործեինք»,- ասաց նա:

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Դըկոտինյի

Մեկ տարի առաջ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից իննամսյա շրջափակումից հետո սկսվեց դաժան հարձակումը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի գաղթի։

Նրանց վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ

Կառավարությունը հաստատել է Փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը և մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրության պահանջները ԵՄ օրենսդրության պահանջներին և կատարել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված պահանջների տեղայնացումը։

Որոշման ընդունման արդյունքում կբարձրանա ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում երթևեկության անվտանգության մակարդակը, փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ: Կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը, կապահովվի ոլորտում մրցակցության միասնական կանոնների առկայությունը, ոլորտում գործունեություն իրականացնողների մասնագիտական որակավորում ունեցող աշխատողների ներգրավվածությունը կհանգեցնեն ճանապարհային անվտանգության և տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ջրհեղեղից տուժած 2 մարզում տրանսպորտային միջոցներին ստացած վնասի փոխհատուցման համար գումար կհատկացվի

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացի ապահովման համար։

Հանրապետական հանձնաժողովն ամփոփել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները արդյունքում՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցել՝ 31,240․7 հազ․ դրամ թվով 30 տրանսպորտային միջոցի համար, իսկ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին 91,139․4 հազ․ դրամ 161 տրանսպորտային միջոցի համար։

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարությունների միջև

Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են՝ Բրատիսլավայում այսօր տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։
Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սլովակյան կողմից՝ Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մարեկ Էշտոկը:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Սլովակիայի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։
Երկուստեք ընդգծվել է համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը և դրանց շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին: Խորհրդակցություններին քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր։
Նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ տարածաշրջանային կայության ու երկարատև խաղաղության ապահովման համատեքստում ընդգծելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:
 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել ծառայակցին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024 թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի կողմից զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից մեկ կրակոց արձակելու և դրա հետևանքով ծառայակից պարտադիր ժամկետային զինծառայողին գլխի հետնամասի շրջանում հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների, այդ թվում նաև՝ ականատեսի հարցաքննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված զինծառայողին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում)։
Վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Պատգամավորների մասնակցությամբ քննարկել է Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ աշխատանքը

Այս երկու օրերի ընթացքում քննարկվել են Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկման ձևաչափով հրավիրված հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-18-ը՝ Ծաղկաձորում, հայտնում են ԱԺ-ից:

Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ զեկույցի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են: Նա նշել է, որ քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքներին վերաբերող օրենքին, որը ներկայացվելու է ԱԺ ազգային փոքրամասնությունների խնդիրներին առնչվող մարտահրավերներին և առաջարկվող լուծումներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներին ու այդ ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում մեր երկրին տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Բանախոս Տաթևիկ Ղարիբյանը նշել է, որ օրենսդրական բարելավումներ կան, մասնավորապես, ընտանեկան բռնության, երեխայի իրավունքների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի մասերով: Ըստ նրա՝ դեռ անելիքներ կան իրազեկումների, իրավագիտակցության բարձրացման, ռեսուրսների ավելացման հետ կապված հարցերում:

Քննարկումներ են ծավալվել նաև «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից իրականացման վերաբերյալ ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ 6 բանաձևի կատարմանն ուղղված միջոցառումների շուրջ: Փորձագետ Արա Ղազարյանը նշել է, որ մայիսից արդյունավետ աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենքի նախագծի բարելավման ուղղությամբ, որի վերաբերյալ կա Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Անդրադարձ է կատարվել նաև վերադարձի իրավունքի բաղադրիչին:

Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է ՀՊԴ շրջանակում խորհրդարանի և գործադիրի միջև աշխատանքների կազմակերպման միջազգային փորձը: Կարծիքներ են հնչել առավել խնդրահարույց հարցերի վերաբերյալ:

Քննարկումներին մասնակցել են պատգամավորներ, գործադիր իշխանության և քաղհասարակության ներկայացուցիչներ:

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com