Yearly Archives:2024

Meta-ն փակել է իր հարթակները ռուսական պետական մի շարք լրատվամիջոցների համար

Facebook-ի սեփականատեր Meta-ն փակել է իր հարթակները ռուսական պետական մի շարք լրատվամիջոցների և մասնավորապես Russia Today-ի համար՝ պնդելով, որ լրատվամիջոցները խաբուսիկ մարտավարություն են կիրառել՝ առցանց գաղտնի ազդեցության գործողություններ իրականացնելու համար:

Ռուսաստանի պետական լրատվամիջոցների նկատմամբ այս արգելքը հաջորդում է տարիներ շարունակ իրականացրած սահմանափակող այլ գործողություններին։ Մասնավորապես, ավելի վաղ արգելափակվել էին գովազդի ցուցադրման ցանցերը և նվազեցվել էին դրանց հրապարակումների հասանելիությունը։

«Մանրազնին քննարկումից հետո մենք ընդլայնեցինք մեր սահմանափակումների շարունակական կիրառումը ռուսական պետական լրատվամիջոցների նկատմամբ: Օտարերկրյա միջամտության գործունեության համար RT-ն և այլ նմանատիպ կազմակերպությունների մուտքը մեր հավելվածներ այժմ արգելափակված են ամբողջ աշխարհում», – գրված է ընկերության հայտարարության մեջ:

Ըստ նույն հաղորդագրության՝ արգելքն ուժի մեջ կմտնի առաջիկա օրերին։

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցրել Վրաստանի մի շարք պետական պաշտոնյաների նկատմամբ

Միացյալ Նահանգներն այսօր սահմանափակումներ է մտցրել Վրաստանի մի շարք պետական պաշտոնյաների նկատմամբ՝ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ոտնահարելու համար։

Պատժամիջոցների մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մանրամասնելով՝ «սև ցանկում» են ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլին և նրա տեղակալներից մեկը՝ Միլերի Լագազաուրին, ծայրահեղական խմբավորման երկու առաջնորդներ՝ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն, որոնք կոպտորեն ոտնահարել են խաղաղ հավաքների ազատությունը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերի ժամանակ։

Պետքարտուղարությունը հայտնում է, որ վիզաների սահմանափակումներ է պատրաստվում մտցնել նաև ավելի քան 60 վրացիների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու քայլերին:

«Մենք շարունակում ենք անհանգստացած մնալ Վրաստանում մարդու իրավունքների ոտնահարման և հակաժողովրդավարական գործողություններով և կդիտարկենք լրացուցիչ գործողություններ։ Միացյալ Նահանգները միանշանակ աջակցում է վրացիների՝ ազատ հավաքների, խոսքի և մյուս հիմնարար իրավունքները՝ առանց բռնության, ահաբեկման կամ ճնշելու վախի»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ղազախստանի դեսպանը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում

Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովը սեպտեմբերի 17-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Դեսպան Իմանբաևը ՀՀ ԿԸՀ-ին փոխանցել է Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ նախագահի հրավերը․ հոկտեմբերի 6-ին Ղազախստանի Հանրապետությունում նշանակված է հանրաքվե։

Երկուստեք անդրադարձել են երկու երկրների ԿԸՀ-ների համագործակցության կարևորությանը։

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել հայտարարություններով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում են երկու վարչապետների հայտարարությունները:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե

«Հարգելի պարոն վարչապետ,

Կրկին ողջունում եմ Ձեզ, ողջունում եմ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչներին: Շատ հաճելի է Ձեզ հյուրընկալել, հարգելի պարոն վարչապետ:

Հիշեցնեմ մարտին իմ այցելությունը Հայաստանի Հանրապետություն, երախտագիտությունս եմ հայտնում ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Վրաստանի և Հայաստանի միջև մեր հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամական կապերի վրա, որոնք գոյություն ունեն մեր ժողովուրդների միջև՝ հարյուրամյակների փոխադարձ հարգանքի հիման վրա: Եվ ես շատ ուրախ եմ, որ այս ամենի արդյունքում ռազմավարական գործընկերություն է հաստատվել քաղաքական տեսանկյունից, որը կաջակցի մեր հարաբերությունների հետագա խորացմանը: Շատ ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր դերակատարում է ունեցել և գործնական արդյունքների բերել:

Երախտագիտությունս հայտնեցի իմ գործընկերոջը` վարչապետին, իր այն որոշման համար, որով աջակցություն ցուցաբերվեց ՄԱԿ-ի բանաձևին՝ կապված ներքին տեղահանված անձանց և փախստականների` Աբխազիայի և Ցխինվալի շրջաններ վերադարձի հետ: Այդ որոշումը կնպաստի մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Ես նաև երախտագիտությունս հայտնեցի իմ գործընկերոջը՝ աջակցելու մեր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մեր հարաբերությունները շատ դինամիկ են, բարձրաստիճան այցերը հաճախակի են, և մենք պարտավոր ենք այս շարժը մեր հարաբերություններում պահպանել: Մենք զրուցեցինք բոլոր ուղղություններով մեր հարաբերությունների խորացման մասին՝ քաղաքական, տնտեսական, կրթական և այլ բնագավառներում: Այս ոլորտները մեզ համար հավասարապես առաջնահերթ են:

Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը: Կընդգծեի, որ մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են: Վրաստանը ողջունում է դրական ընթացքն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ, և պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ ապահովելու կայունությունը տարածաշրջանում՝ բնականաբար, մեր ուժերի ներածի չափով:

Եվ վերջում, կրկին ցանկանում եմ գոհունակություն հայտնել մեր այսօրվա հանդիպումների համար: Մենք շատ հետաքրքիր զրույցներ ենք ունեցել, հնարավորություն ունեցանք տեսակետներ փոխանակել Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների, այն գործընթացների մասին, որոնք տարածաշրջանում են ընթանում:

Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ, Վրաստան այցելելու համար և շնորհակալություն Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը Ձեր ներդրման համար:

Շնորհակալություն»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

«Մեծարգո վարչապետ Կոբախիձե,

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների հարգելի անդամներ,

Հարգելի ներկաներ,

Ուրախ եմ հերթական անգամ եղբայրական Վրաստան այցի առիթով։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերված ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։

Վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նկատելի է լուրջ ակտիվություն, որի շնորհիվ մեզ հաջողվել է նաև ընդլայնել բոլոր բնագավառներում մեր երկրների միջև ծավալված բազմաբովանդակ փոխգործակցությունը: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ այս տարվա հունվարին Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը հասցվեց ռազմավարական գործընկերության մակարդակի: Այդպիսով, մեզ հաջողվել է մշակել արդյունավետ և պարբերական շփումների կենսունակ մի մեխանիզմ, որը հիմնված է փոխադարձ շահերի, մեր երկրների բարեկամ ժողովուրդների որդեգրած սկզբունքների և ժողովրդավարական արժեքների վրա։

Առանձնահատուկ պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Այս փաստը համարում եմ Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը: Մեր երկրների միջև առկա համագործակցությունը մեր պատկերացումների գործնական արտացոլումն է, թե ինչպիսին պետք է լինեն տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և համընդհանուր զարգացմանը միտված տնտեսական համագործակցության վրա:

Հարգելի գործընկերներ,

Այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը և կայունության ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Պետք է նշեմ, որ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեզ հաջողվել է արձանագրել որոշակի առաջընթաց: Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման հետագա գործընթացում առաջնորդվել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներով, ինչը նշանակում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է ընկած լինեն Խորհրդային Միության խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները: Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ քննարկեցինք և ունենք ընդհանուր ըմբռնում, որը կարծում եմ՝ շատ կարևոր է:

Կարծում եմ՝ տեղյակ եք, որ շուրջ երկու տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առավելապես համաձայնեցնել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի տեքստը՝ մոտավորապես 80 տոկոսը: Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա և մինչ այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և շարունակել քննարկումները երկուստեք կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ:

Տարածաշրջանի կայունության և տնտեսական զարգացման համար առանցքային կարևորություն ունի տնտեսական բոլոր ենթակառուցվածքների և կապուղիների ապաշրջափակումն ու լիարժեք գործարկումը, որը համարում ենք մեր Կառավարության առաջնահերթություններից մեկը: Այս հարցում մեր պատկերացումները լավագույնս արտացոլված են Հայաստանի Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը, ի դեպ, առաջին անգամ միջազգային մեր գործընկերների դատին եմ հանձնել հենց Թբիլիսիում տեղի ունեցած համաժողովի ընթացքում:

Հարգելի պարոն վարչապետ,

Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն: Համոզված եմ նաև, որ այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան, Իրանը: Ահա այս է պատճառը, որ չնայած բոլոր բարդություններին, մեր Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ, և մենք բարձր ենք գնահատում նաև Վրաստանի Կառավարության ջանքերը՝ իր ներդրումն ունենալ և իր վարած քաղաքականություններով նույնպես նպաստել տարածաշրջանում և միջազգային կայունության և խաղաղության հաստատմանը:

Շնորհակալություն»:

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Վիրավորվել է զինծառայող․ հանգամանքները պարզվում են նախաքննությամբ

2024 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից ստացվել է հաղորդում ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողի կողմից հրազենային վնասվածք ստանալու վերաբերյալ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի կողմից կատարվել են անհետաձգելի քննչական և վարութային բազմաթիվ գործողություններ։ Մասնավորապես, զննվել է դեպքի վայրը, առգրավվել անհրաժեշտ հետքեր ու առարկաներ, նշանակել փորձաքննություններ, և հարցաքննվել են մի շարք անձինք։

Վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար  ինքնաձիգից արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի հետնամասի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։ Բուժհաստատությունից ստացված տեղեկատվությամբ՝  զինծառայողը վիրահատվել է, ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները լիարժեքորեն պարզելու ուղղությամբ։

Զանգվածային լրատվության առանձին միջոցներում հրապարակված տեղեկատվությունն առ այն, որ մարտական դիրքում ժամկետային երկու զինծառայող կրակել են միմյանց վրա, իրականությանը չեն համապատասխանում։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ակնկալում եմ, որ թանգարանի մոտ հերթեր են լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրության մասին

Այսօր մեզ համար շատ խորհրդանշական օր է, որովհետև մեր Պատմության թանգարանում հնարավորություն ենք ունենում միջազգային որակի և մակարդակի ցուցադրություն բացել, և այդ համագործակցությունն իրականացնել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պահպանված նմուշները Հայաստան տեղափոխելուն և ցուցադրություն կազմակերպելուն:

«Մեր պետականության զարգացման գործում կանայք ունեն առանձնահատուկ նշանակություն: Հուսով եմ՝ Անկախության օրը ցուցադրության բացումը հնարավոր կդարձնի այդ կարևոր խոսակցությունը»,- ասաց նախարարը և հույս հայտնեց, որ թանգարանի մոտ հերթեր կլինեն այս կարևոր ցուցադրությունը տեսնելու համար:

Նա նաև տեղեկացրեց, որ առանցքում Անահիտ աստվածուհու բրոզե արձանն է, բայց ցուցանմուշները մի քանիսն են լինելու, նաև հույս հայտնեց, որ սա կլինի հայաստանյան մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը:

Նշենք, որ Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված նմուշները՝ գլուխը և ձեռքը, կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Մեկնարկել է Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Նախարար Սեժուրնեն ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։
 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա

Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ այցելել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին կապերի և ռազմավարության վարչության ներկայացուցիչների, Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Էմանուել Շարփիի և Սեն-Սիրի վարժարանի ղեկավարության հետ:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման, կուրսանտների փոխանակման և ուսումնական ծրագրերի արդիականացման վերաբերյալ:

ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել Սեն-Սիրի ակադեմիայի և վարժարանի տարածքում, ծանոթացել ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազային, կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Զելենսկին հաստատել է «103-ը 103-ի դիմաց» գերիների փոխանակումը Ռուսաստանի հետ

Ռուսաստանի հետ գերիների փոխանակման արդյունքում Կիևը վերադարձրել է 103 ռազմագերու, այդ թվում՝ Ուկրաինայի Զինված ուժերի սպաներ, սերժանտներ և շարքայիններ: Այդ մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին՝ մանրամասնելով, որ  Ուկրաինա են վերադարձել 82 շարքային և սերժանտ, 21 սպա:  

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր գերիների «103-ը 103-ի դիմաց» փոխանակելու մասին: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից նաև հայտնել են, որ գերիների փոխանակման հարցում միջնորդ ել է Արաբական Միացյալ Էմիրությունները: Նշվում է, որ ներկայումս բոլոր ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com