ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման կապակցությամբ սպանության նախապատրաստության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ս.-ն 2025 թվականի հուլիսին նախապատրաստել է Ա.Ս.-ի սպանությունը:
Մասնավորապես՝ Ս.Ս.-ն Ա.Ս.-ին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանությունը նախապատրաստելու նպատակով, չպարզված հանգամանքներում դիտավորությամբ ձեռք է բերել և իր բնակության հասցեում պահել է հանցագործության գործիք, ռազմամթերք հանդիսացող մեկ հատ գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ՝ մեկ հատ «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով:
Այնուհետև, Ս.Ս.-ն մարտական նռնակի գործադրմամբ Ա.Ս.-ի սպանությունն իրականացնելու նպատակով, չկարողանալով պարզել վերջինիս բնակության հասցեն, սկսել է ուսումնասիրել Երևանում գտնվող նրա գրասենյակը, դրան հարակից հատվածները և այդ նպատակով բազմիցս այցելել է գրասենյակին հարող տարածք: Ա.Ս.-ի՝ գրասենյակում չլինելու պայմաններում, Ս.Ս.-ն իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, իսկ հետագա գործողությունները կանխվել են, քանի որ վերջինիս մոտ գտնվող հանցագործության գործիք, ռազմամթերք հանդիսացող մարտական ձեռքի նռնակը հայտնաբերվել է ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացած Ս.Ս.-ի բնակության հասցեի խուզարկության ընթացքում:
Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրիք 43-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության նախապատրաստություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին ներկայացնելու արարողությանը։
Ռոմանոս Պետրոսյանը և Դավիթ Առուշանյանը շնորհավորել են Սարիկ Մինասյանին պատասխանատու աշխատանքում նշանակվելու համար։
Շիրակի մարզպետը կարևորել է համակարգում արված փոփոխությունները, Սարիկ Մինասյանին մաղթել բեղմնավոր աշխատանք և ձեռքբերումներ․ «Այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի էլեկտրական ցանցերում, արվում է միայն ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ մեր մարզի։ Ես դեռ Ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակ մի քանի քննարկումների եմ մասնակցել, որոնք առնչվել են համակարգում առկա խնդիրներին և բողոքներին։ Պարոն Մինասյանը, վստահ եմ՝ ջանք ու եռանդ չի խնայելու հնարավոր թերացումները բացառելու, առկա խնդիրներին օր առաջ լուծում տալու համար։ Հաջողություններ ու բարի աշխատանք եմ մաղթում»։
ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի նորանշանակ ղեկավար Սարիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ կներդնի բոլոր ջանքերն առկա խնդիրներն օր առաջ լուծելու նպատակով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 31-ին ընդունել է ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։
Ըստ գերատեսչության՝ հանդիպման նպատակն էր քննարկել երեխաների առցանց միջավայրում պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը և կրթական հնարավորությունների ընդլայնմանը միտված նախաձեռնությունները։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
«Քննարկման շրջանակում կողմերն անդրադարձել են մի շարք առաջնահերթ ուղղությունների, այդ թվում՝ երեխաների առցանց անվտանգության ապահովմանը, այդ համատեքստում տեխնոլոգիական ոլորտում ոչ ֆորմալ կրթության զարգացմանը և հոգեկան առողջության ոլորտում նոր թվային լուծումների ներդրմանը։ Հանդիպումն ուղղված էր արդյունավետ համագործակցության ճանապարհային քարտեզի մշակմանը՝ նպատակ ունենալով ստեղծել անվտանգ, կրթական և հզորացնող թվային միջավայր, որը կնպաստի երեխաների և երիտասարդների լիարժեք զարգացմանը։
Նախարար Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով ՅՈւՆԻՍԵՖ-ին՝ պրոֆեսիոնալ, հետևողական և հոգատար համագործակցության համար, ներկայացրել է նախարարության տեսլականը երեխաների առցանց պաշտպանության ռազմավարության և հետագա գործողությունների վերաբերյալ։ Նախարարն առանձնացրել է մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝ կիբեռգրագիտության խթանումը հանրության կրթության մակարդակի բարձրացման միջոցով, միջազգային առաջատար ընկերությունների ներգրավմամբ տեխնոլոգիական լուծումների կիրարկումը, երեխաների պաշտպանության նպատակով օրենսդրական սահմանափակումների ներդրումը, ինչպես նաև քաղաքական և իրավական մեխանիզմների զարգացումը՝ արդյունավետ և կայուն համակարգերի հաստատման ուղղությամբ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն իր հերթին ներկայացրել է Հայաստանում իրականացված և ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ մասնավորապես ոչ ֆորմալ կրթության խթանման, տեսախաղերի միջոցով կիբեռգրագիտության զարգացման, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի ձևավորման, ինչպես նաև հոգեկան առողջության պահպանման ուղղությամբ կատարված քայլերը»,- ասված է հաղորդագրությունում։ Հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ուղղված համագործակցության հաջորդ փուլերի ձևավորմանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15… 16.7°C է, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում` 25…26°C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է 41…43,7°C (43,7°C – 2011թ. Մեղրի): Միջինը 25-26 օր ցերեկային ջերմաստիճանը լինում է 30°C-ից բարձր, նվազագույն ջերմաստիճանը չի իջնում 8…11°C-ից ցածր, մինչև ամառվա վերջը պահպանվում է շոգ և չոր եղանակը: Փոքր ինչ ցածր ջերմաստիճան է գրանցվում Տավուշում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում (միջինը` 18…21°C, առավելագույնը` 37…39°C): Հարմարավետ պայմաններ են դիտվում Լոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում (միջին ջերմաստիճանը` 15…18°C), իսկ oգոստոսի երկրորդ տասնօրյակում միջին օրական ջերմաստիճանը իջնում է մինչև 15°C, որը նշանակում է ամռան ավարտ և աշնան սկիզբ, այստեղ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 1941թ. իջել է մինչև -2…-3°C:
Ամենաշոգ օգոստոսներ դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2011, 2015, 2017թթ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով:
Ամենահով օգոստոսներ դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով:
Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում`միջինը կազմում է 70-75%, այն բավական ցածր է Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում` 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է` պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ:
Հանրապետության տարածքում օգոստոսին տեղումների քանակը միջինը կազմում է 34մմ, այսինքն, տարեկան տեղումների 5%: Տեղումները բաշխվում են շատ անհավասարաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում, Տավուշում` 40-60մմ, նվազագույնը` Արարատի, Արմավիրի մարզերում` 6-11մմ:
Տարիների 20%-ի ընթացքում Արարատյան դաշտում և Երևանում տեղումներ չեն դիտվել, բայց եղել են տարիներ, երբ այստեղ դրանց քանակը մի քանի անգամ գերազանցել է նորման: Տեղումներով օրերի թիվը ևս բավականին անհամաչափ է բաշխված, հանրապետության տարածքում` 7-11 օր, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց Ձորում` 1-4 օր:
Ամպրոպային գործունեությունը հանրապետության հյուսիսային կեսում հաճախակի է՝ միջինը 7-10 օր, առավելագույն` 15-21օր, մնացած շրջաններում որոշակիորեն պակասում է, միջինը 3-4 օր:Կարկուտ դիտվում է ոչ ամեն տարի, առանձին տարիներ 4-5 օր կարող է դիտվել կարկուտ:
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 2-3 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս։
Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է հաշվետվություն՝ 2023 թվականից մինչ այժմ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղված ծրագրերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ։ Ըստ այդմ, 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման և աջակցության նպատակով՝ ՀՀ Կառավարությունն իրականացրել և շարունակում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր։
Մասնավորապես՝ ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ 100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ․ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի 1975 Լ ՈՐՈՇՈՒՄ) Աջակցության չափը՝ միանվագ 100,000 դրամ, Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2023 թ․ հոկտեմբեր-2024 թ․ նոյեմբեր, Շահառուների թիվը՝ շուրջ 114000 անձ, Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 11,4 մլրդ դրամ։ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԿԱՄՍՅԱ 50 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի 1957 Լ ՈՐՈՇՈՒՄ) Աջակցության չափը՝ ամսական 50,000 դրամ, Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր, Շահառուների թիվը՝ միջինում ամսական շուրջ 95000 անձ, Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 8,5 մլրդ դրամ, Գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված գումար՝ շուրջ 1 մլրդ դրամ։
LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի 1763 Լ ՈՐՈՇՈՒՄ) Աջակցության չափը՝ 40,000+10,000 դրամ․ 40,000 դրամ՝ վարձակալության, 10,000 դրամ՝ կոմունալ ծախսերի հատուցման համար, Ծրագրի իրականացման ժամկետը՝ 18 ամիս՝ 2023 թ․ հոկտեմբեր – 2025 թ․ մարտ, Շահառուների թիվը՝ միջինում ամսական շուրջ 104000 անձ, Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2023-25 թթ․ համար՝ շուրջ 85 մլրդ դրամ, Գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված գումար՝ շուրջ 6 մլրդ դրամ։
LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի 1833 Լ ՈՐՈՇՈՒՄ) Աջակցության չափը՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40,000 դրամ, 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30,000 դրամ, Ծրագրի իրականացման ժամկետը՝ 9 ամիս՝ 2025 թվականի ապրիլ-դեկտեմբեր, Շահառուների թիվը՝ միջին ամսական շուրջ 79600 հազար անձ, Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2025 թ․ համար՝ շուրջ 9,5 մլրդ դրամ։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 Թ․ ԱՊՐԻԼԻ 11-Ի 417 Լ ՈՐՈՇՈՒՄ) Աջակցության չափը՝ ընտանիքի առաջին անդամի համար՝ 40,000 դրամ, սկսած ընտանիքի երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10,000 դրամ, Ծրագրի իրականացման ժամկետը՝ 7 ամիս՝ 2025 թվականի հունիս-դեկտեմբեր, Շահառուների թիվը՝ 31.07․2025 թ․ դրությամբ դիմում է ներկայացրել 15,100 ընտանիք (ներկայացված տվյալները ստուգումների փուլում են)։
2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի 57 Լ ՈՐՈՇՈՒՄ) Աջակցության չափը։ Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում՝ շահառուին հնարավորություն է տրվում անցնել մինչև 6 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում։ Այս դեպքում՝ պետության կողմից փոխհատուցվում է շահառուի ուսման վարձը՝ ամսական 50,000 դրամի չափով, տրամադրվում է կրթաթոշակ՝ 50,000 դրամի չափով, ինչպես նաև տրվում է հարկերի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ երեք ամիս ժամկետով։ Երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ իրականացվում է գործատուի մոտ եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում։ Այս դեպքում՝ առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում գործատուի և շահառուի միջև, որից հետո պետության կողմից գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ ամսական 165,000 դրամի չափով, ամսական կտրվածքով՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը: Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպումից հետո երեք ամիս ժամկետով ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար առավելագույնը 50,000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը փոխհատուցելու համար: Երրորդ բաղադրիչի շրջանակում առաջին երկու բաղադրիչները կազմակերպվում են համատեղ: Շահառուն ընդգրկվում է մինչև վեց ամիս տևողությամբ իրականացվող ուսուցման համապատասխան դասընթացում՝ ստանալով առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցում և ևս 50,000 դրամ կրթաթոշակ: Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև կնքվում է առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր: Առաջին 3 ամսվա ընթացքում իրականացում է աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար ամսական 165,000 դրամ: Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով (ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով)` շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար:
Ծրագրի իրականացման ժամկետը՝ շարունակական՝ 2024 թվականից, Շահառուների թիվը՝ ավելի քան 2300 անձ, Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2024 թ․՝ 895 մլն 293 հազար դրամ (փաստացի), 2025 թ․՝ 873 մլն 150 հազար դրամ։ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄ) Աջակցության չափը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3-ից 5 մլն դրամ՝ կախված տան կամ բնակարանի ձեռքբերման կամ կառուցման վայրից, Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2024-2029 թթ ․ Շահառուների թիվը՝ տրամադրվել է 2,180 հավաստագիր, իրացվել՝ 514 (31․07․2025թ․), Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 800 մլն դրամ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, ինչպես նաև ՀՀ վարչապետին հատկացված ծառայողական առանձնատնից բացահայտ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով տարատեսակ գույք, ոսկյա զարդեր, այդ թվում՝ դրամական միջոցներ, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով հափշտակվել են կարևոր և պաշտոնական այլ փաստաթղթեր:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ հանցանքներ կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ վարույթն իրականացնող քննիչի կողմից 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ կառավարության շենքում գույքի վնասմամբ զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի ինքնությունը:
Ա.Կ.-ի, Հ.Թ.-ի, Հ.Ս.-ի, Վ.Ե.-ի, Վ.Գ.-ի և Յ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը), իսկ Կ.Վ.-ի նկատմամբ՝ 253-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կողոպուտը) և 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:
7 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկում հաճախորդների անձնական տվյալները կորզելու նպատակով: Այս մասին հայտնում է «Հայփոստը»՝ նշելով, որ ընկերությունն այս հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:
«Հորդորում ենք քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ինչ հեռախոսահամարից են ստանում տվյալ հաղորդագրությունը, ինչպես նաև կայքի հղմանը, որը կրկին ոչ պաշտոնական է:
Հարգելի հաճախորդներ, խնդրում ենք չվստահել կեղծ էջերին և որևէ անձնական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով:
Հավելենք, որ «Հայփոստի» հաճախորդներն առաքանու մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին փոստային բաժանմունքում է: Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել:
«Հայփոստի» ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից»,- ասված է հայտարարության մեջ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com