Օգոստոսի 11-ին, Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ, տեղի ունեցավ մամուլի ասուլիս և մեդիա ոչ-ֆորմալ հանդիպում՝ նպատակ ունենալով իրազեկել մեդիա ոլորտի ներկայացուցիչներին Գյումրիում նախատեսված միջոցառումների մասին։
Մամուլի ասուլիսի խոսնակներն էին՝ ԵՆԿ ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը և Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Խոսնակներն անդրադարձան օրվա խորհրդին, այն է՝ «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ կայուն զարգացման նպատակներին ու ավելիին հասնելու համար», խոսեցին երկարամյա արդյունավետ համագործակցության և սպասվելիք միջոցառումների մասին։ Մամուլի ասուլիսն ամփոփվեց հարց ու պատասխանով, որին հաջորդեց ոլորտի ներկայացուցիչների հետ ոչ-ֆորմալ քննարկումը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը։
Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր),
գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը,
ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով,
առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով (1970թ.), Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկյան կոնֆերանսի եզրափակիչ ակտով (1975թ.) և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրով և նպատակ ունենալով զարգացնել հարաբերությունները նշված փաստաթղթերում ամրագրված նորմերի և սկզբունքների հիման վրա,
արտահայտելով իրենց միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխադարձ կամքը,
համաձայնել են խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատել միմյանց միջև հետևյալի հիման վրա.
ՀՈԴՎԱԾ I
Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը։
ՀՈԴՎԱԾ II
Ամբողջությամբ համապատասխանելով հոդված I-ին՝ Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի:
Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում՝ այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը և աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս Կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը։
ՀՈԴՎԱԾ III
Կողմերը միմյանց հետ փոխադարձ հարաբերություններում ձեռնպահ կմնան տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հետ անհամատեղելի որևէ այլ ձևով ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից: Նրանք որևէ երրորդ կողմի թույլ չեն տա օգտագործել իրենց համապատասխան տարածքները մյուս Կողմի դեմ ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող ուժի կիրառման համար։
ՀՈԴՎԱԾ IV
Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։
ՀՈԴՎԱԾ V
Երկու Կողմերի կողմից սույն Համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերն անցած լինելու մասին ծանուցումների փոխանակումից հետո _____ օրվա ընթացքում Կողմերը դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն միմյանց հետ՝ Դիվանագիտական և Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի (համապատասխանաբար 1961թ. և 1963թ.) կոնվենցիաների դրույթներին համապատասխան։
ՀՈԴՎԱԾ VI
Ամբողջությամբ համապատասխանելով սույն Համաձայնագրի հոդված I-ով նախատեսված իրենց պարտավորություններին՝ Կողմերը բարեխղճորեն բանակցություններ կվարեն համապատասխան սահմանային հարցերով հանձնաժողովների միջև՝ համաձայն Հանձնաժողովների համաձայնեցրած կանոնակարգերի՝ Կողմերի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին համաձայնագիրը կնքելու նպատակով։
ՀՈԴՎԱԾ VII
Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։
ՀՈԴՎԱԾ VIII
Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասսայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը։
ՀՈԴՎԱԾ IX
Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով։
ՀՈԴՎԱԾ X
Կողմերը կարող են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, տարանցիկ փոխադրման ու տրանսպորտային, բնապահպանական, հումանիտար և մշակութային, համագործակցություն հաստատելու նպատակով կնքել համաձայնագրեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
ՀՈԴՎԱԾ XI
Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի մյուս անդամ պետությունների հետ Կողմերից յուրաքանչյուրի կողմից կնքված պայմանագրերով Կողմերի ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները։ Յուրաքանչյուր Կողմ կապահովի, որ իր և որևէ երրորդ կողմի միջև գործող միջազգային համաձայնություններից ոչ մեկը չի խաթարի սույն Համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը։
ՀՈԴՎԱԾ XII
Կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում կառաջնորդվեն միջազգային իրավունքով և սույն Համաձայնագրով: Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես սույն Համաձայնագրի չկատարման հիմնավորում:
Կողմերը, Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի (1969թ.) կոնվենցիային համապատասխան, ձեռնպահ կմնան այնպիսի գործողություններից, որոնք կխախտեն սույն Համաձայնագրի խնդիրն ու նպատակը մինչև դրա ուժի մեջ մտնելը։
ՀՈԴՎԱԾ XIII
Կողմերը երաշխավորում են սույն Համաձայնագրի ամբողջական կատարումը և կստեղծեն երկկողմ Հանձնաժողով՝ սույն Համաձայնագրի կատարումը վերահսկելու նպատակով: Հանձնաժողովը կաշխատի Կողմերի կողմից համաձայնեցման ենթակա կարգավորումների հիման վրա։
ՀՈԴՎԱԾ XIV
Չհակասելով միջազգային իրավունքով և Կողմերի՝ իրենց փոխադարձ հարաբերություններում կատարման համար պարտադիր այլ պայմանագրերով ստանձնած իրավունքներին ու պարտականություններին՝ Կողմերը կձգտեն լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ ցանկացած վեճ ուղիղ խորհրդակցությունների միջոցով, այդ թվում՝ հոդված XIII-ում նշված Հանձնաժողովի շրջանակներում։ Եթե նման խորհրդակցությունները 6 ամսվա ընթացքում երկու Կողմերի համար ընդունելի արդյունք չտան, ապա Կողմերը կփնտրեն վեճերի խաղաղ կարգավորման այլ միջոցներ։
ՀՈԴՎԱԾ XV
Չհակասելով հոդված XIV-ին՝ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջև առկա խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում։
Կողմերը դիվանագիտական, տեղեկատվական և այլ ոլորտներում որևէ կերպ չեն իրականացնի, խրախուսի կամ ներգրավվի միմյանց նկատմամբ սույն Համաձայնագրին հակասող թշնամական գործողություններում և կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն այդ նպատակով:
ՀՈԴՎԱԾ XVI
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան ներքին ընթացակարգերի ավարտի մասին ծանուցող փաստաթղթերի փոխանակումից հետո: Սույն Համաձայնագիրը կգրանցվի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան։
ՀՈԴՎԱԾ XVII
Սույն Համաձայնագիրը կնքված է հայերեն, ադրբեջաներեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր երեք տեքստերը հավասարազոր են: Հավասարազոր տեքստերից որևէ մեկի դրույթի նշանակության հետ կապված տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները և քաղաքական երկխոսությունը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Օգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ հորդորելով բնակիչներին չվառել խոտ կամ աղբ բաց տարածքներում, խուսափել կրակի օգտագործումից անտառներում, բնության գրկում չթողնել ապակյա շշեր կամ այլ առարկաներ, որոնք կարող են արևի ճառագայթներից բռնկում առաջացնել։ Բնապահպանները հորդորում են բնակիչներին ծխացող կամ այրվող հատվածներ նկատելիս անմիջապես տեղեկացնել համապատասխան ծառայություններին (911):
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստանը նախատեսում է Միացյալ Նահանգներին տրամադրել բացառիկ հատուկ իրավունքներ՝ երկարաժամկետ հեռանկարով զարգացնելու «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) անվանումով տարանցիկ միջանցքը։
Այս մասին Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ գրել է Reuters-ը:
Խաղաղության համաձայնագիրը կարող է վերափոխել Հարավային Կովկասը՝ այն դարձնելով էներգակիրներ արտադրող տարածաշրջան, որը սահմանակից է Ռուսաստանին, Եվրոպային, Թուրքիային և Իրանին, հատվում է նավթի և գազի խողովակաշարերով, բայց բաժանված է փակ սահմաններով և երկարատև էթնիկ հակամարտություններով։
ԱՄՆ պաշտոնյաները Reuters-ին ասել են, որ Սպիտակ տանը ակնկալվում է շրջանակային համաձայնագիր՝ «խաղաղության կոնկրետ ուղու» հասնելու և տևական ժամանակ քննարկվող տարանցման ուղու հարցը լուծելու համար։
Reuters-ը նաև հայտել է, որ ստորագրվելիք փաստաթղթի՝ մանրամասն բանակցված բաժնում Հայաստանը ծրագրում է Միացյալ Նահանգներին տալ տարանցման միջանցքի զարգացման բացառիկ իրավունքները երկար ժամանակահատվածով։
«Ճանապարհը գործարկվելու է Հայաստանի օրենսդրության համաձայն, և Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումի՝ ենթակառուցվածքների ու կառավարման համար»,- ասվում է հրապարակման մեջ:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ օգոստոսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):
17 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:
18 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որից հետո ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից:
Երեք քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com