Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, հրապարակեց վերդիկտը՝ Աջապահյանին մեղավոր ճանաչելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչերը հնչեցնելու հոդվածով: Դատարանը երեկ էր ավարտել գործի քննությունն ու հեռացել առանձին սենյակ՝ վերդիկտ կայացնելու, այսինքն մինչև դատավճռի հրապարակումը մեղադրյալի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ դատարանի գրավոր հետևություն անելը:
Մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում դատարանն իրավասու է մեղադրյալի նկատմամբ կիրառել խափանման միջոց, փոխել կամ անփոփոխ թողնել կիրառված խափանման միջոցը: Դատարանը որոշեց Աջապահյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ: Վերդիկտից հետո երկշաբաթյա ժամկետում դատարանը նշանակում է լրացուցիչ դատալսումներ՝ դատավճիռ կայացնելու համար։
Մեղադրական վերդիկտի դեպքում դատարանը քննարկման առարկա է դարձնում մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը: Այսինքն՝ երկշաբաթյա ժամկետում կորոշվի նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պատժի հարցը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը:
Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր խոսքում ընդգծել է, որ հատկապես վերջին հինգ տարիներին կիբեռհարձակումները, կիբեռմիջադեպերն ու կիբեռանվտանգության ոլորտում առկա մարտահրավերները ստիպել են հնարավորինս արագ մշակել և ԱԺ քննարկմանը ներկայացնել վերոնշյալ օրենքների նախագծերի փաթեթը:
««Կիբեռանվտանգության մասին» օրենքի ընդունումը չի նշանակում առկա խնդիրների վերացում կամ ոլորտի անմիջական կարգավորում, դրան պետք է հաջորդի շուրջ երեք տասնյակ ենթաօրենսդրական ակտերի ընդունում։ Այս կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակության ոլորտների տեղեկատվական համակարգերում եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբեռանվտանգ միջավայր ապահովելն է»,- նշել է նախարարը:
Նախարարի խոսքով՝ օրենսդրական փաթեթով նախատեսվում է ստեղծել նոր ինքնավար մարմին՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողով, որը կդառնա պետական կառավարման համակարգի կիբեռանվտանգության գլխավոր համակարգողը և կիրականացնի նախարարության մշակած քաղաքականության իրականացումն այդ ոլորտում։ Մարմինը նաև աջակցող գործառույթ է իրականացնելու մասնավոր ոլորտի համար՝ ի հայտ եկած կիբեռմիջադեպերը հաղթահարելու նպատակով:
Ինքնավար մարմնի գործառույթներից է լինելու նաև հանրային տեղեկությունների հասանելիության ապահովումը և կառավարումը, պետական թվային լուծումների ներդրումը և պետական տեղեկատվական համակարգի կառավարումը, ինչպես նաև տվյալների ու թվային պահոցների 24/7 ռեժիմով անխափան աշխատանքի ապահովումը։
«Այս օրենսդրական փաթեթով մենք առաջարկում ենք նոր թվային ճարտարապետություն, որը պետք է հիմնված լինի պաշտպանված տվյալների շտեմարանների և գրագետ տվյալների կառավարման վրա։ Սա կնվազեցնի կիբեռհարձակումների ռիսկը և կապահովի կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգությունը»,- ասել է նախարար Հայրապետյանն՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը ռազմավարական է և ուղղված է ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի կառավարմանը, տնտեսական և ներդրումային միջավայրի բարելավմանն ու կիբեռանվտանգության ոլորտում նոր էկոհամակարգի ձևավորմանը։ Օրինագծերի ներկայացումից հետո նախարար Մխիթար Հայրապետյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների կողմից հնչեցրած հարցերին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է հավաստագիրը։
Հիշեցնենք, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
– բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
– անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
– գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-5 մլն դրամի շրջանակում։
Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝
– տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
– ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
– չունեն սեփականություն,
– չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի զոհերի գործով վճիռը՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։
Ըստ դատարանի միաձայն որոշման՝ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։
Մասնավորապես, արձանագրվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Վճռում արձանագրվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, որը վերաբերում է պետության պարտավորությանը՝ համագործակցել դատարանի հետ։
Ըստ որոշման՝ յուրաքանչյուր դիմումի շրջանակում զոհվածների հարազատներին պետք է վճարվի 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Բացի դրանից՝ դատարանը որոշել է դիմումատուներին ընդհանուր հատկացնել ևս 35 հազար եվրո՝ դատական ծախսերի և վճարների համար։
Այսպիսով՝ ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը և չեն ապահովել արդարացի քննություն՝ պարտավորեցնելով պետությանը՝ ֆինանսական փոխհատուցում վճարել տուժած ընտանիքներին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Գյումրու ավագանու այսօր տեղի ունեցած նիստում ներառված էր 34 հարց, այդ թվում հնգամյա զարգացման ծրագիրը։ ՔՊ խմբակցությունն ամբողջ կազմով դեմ քվեարկեց ծրագրին, մյուս խմբակցություններն իրենց առաջարկներն արդեն տեսել էին թարմացված ծրագրի նախագծում, ուստի կողմ քվեարկեցին։
Սարիկ Մինասյանն էլ հորդորեց ծրագրում կոնկրետացնել, թե քանի տարում ի՞նչ արդյունք են խոստանում։
Անճանաչելի և զարգացած Գյումրի ունենալու գաղափարը, Մայր Հայաստան խմբակցությունը շարունակում է օրակարգային պահել․, Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու համար ավագանուն անունից ցանկանում են ուղերձով դիմել կառավարությանը։ Մայր Հայաստան խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ իրենց քաղաքական ուժի կողմից անցկացվել էր հանրաքվե, որում ներառված էին 7000 գյումրեցու կարծիք։
Սիմոնյանը վստահեցրեց, որ սա միակ հեռանկար ունեցող ծրագիրն է, բայց ՔՊ խմբակցությունից Լևոն Անանյանի հակադարձումը իրավիճակը թեժացրեց։ Նախ պետք է իմանալ քանի տնտեսական գոտի կա, նշեց Անանյանը։
Չնայած բուռն քննարկմանը, ծրագիրն ընդունվեց 18 կողմ և ՔՊ խմբակցության անդամների 13 ձեռնպահ քվեարկությամբ։ Գյումրու համայքնապետ Վարդան Ղուկասյանն էլ հորդորեց դադարեցնել բանավեճն ու ևս մեկ անգամ հիշեցրեց․ քաղաքը զարգացնելու համար պետք է նաև կառավարությունն ավելացնի քաղաքին հատկացվող բյուջեն, հակառակ պարագայում խոստանում է հասնել մինչև Եվրոպական դատարան։
Հաջորդիվ օրակարգային հարցերից էին ավագանու նախկին որոշումներում փոփոխություն կատարելն ու դրամական հատկացումները, այդ թվում <<Գյումրու օր>> ամենամյա տոնակատարության համար, որն ավագանու որոշմամբ հանվեց օրակարգից․ քաղաքի օրն այս տարի չի նշվի։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը՝ 2 ամսով: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել էր:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան ։
Վարդան Ղուկասյանի որդու գործին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Կատարվում է նախաքննություն։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Բացահայտվել է 248 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝
29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
27 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
26 դեպք՝ խարդախության,
23 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
16 դեպք՝ հոգեկան ներգործության,
13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
9 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
6 դեպք՝ խուլիգանության,
5-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման,
4 -ական դեպք՝ թմրանյութի իրացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու,
3-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու,
2-ական դեպք՝ բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության։
Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի մաքսանենգության, հետամտելու, ինքնիրավչության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, իրացման նպատակով կեղծ ալկոհալային խմիչքների կամ այլ արտադրանքի շրջանառության, փաստաթղթերի, դրոշմների, կնիքների կամ տրանսպորտային միջոցների պետահամարանիշների հափշտակման, շորթման, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու դեպքեր։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com