Դատախազը 2026 թվականի հուլիսի 22-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ն 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու և «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, Ալ.Հ.-ին խոստացել է ընդգրկել ՓԲ ընկերության կողմից Արծվանիկ բնակավայրի բնակիչների որոշակի խմբին ամսական տրամադրվող 40 հազար դրամ օգնության ցուցակում:
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի և Ալ.Հ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար։
2026 թվականի հուլիսի 22-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը 2026 թվականի առաջին կիսամյակում զգալի աճ է գրանցել՝ հասնելով շուրջ 1,8 միլիոնի։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը:
«Առողջության համընդհանուր ապահովագրության ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2026 թվականի հունվարի 1-ից, ապահովագրված քաղաքացիների ընդհանուր թիվն ավելացել է շուրջ 14 տոկոսով։
Եթե տարեսկզբին խոսում էինք 2026 թվականին շուրջ 1,6 մլն շահառուների սպասարկման մասին, ապա, հունիսի տվյալների համաձայն, շահառուների թիվը շուրջ 1,8 մլն անձ է, որոնց մեջ տեսակարար կշիռ են կազմում վարձու աշխատողներն ու անհատ ձեռնարկատերերը։ Այսինքն՝ այս աճը հիմնականում պայմանավորված է 200 հազար և բարձր աշխատավարձ ստացող շահառուների թվաքանակի աճով: Միայն հունվար ամսվա դրությամբ այս շահառուների թվաքանակի աճը կազմել է ավելի քան 30 տոկոս»,- ասաց նա։
Ըստ Սամվել Խարազյանի՝ այս ցուցանիշների աճը նաև պայմանավորված է երկրի տնտեսական աճով, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և առողջապահության համակարգի կարևորությամբ։ Նա նաև նշեց, որ հունիս ամսվա դրությամբ եղել է շուրջ 1,8 մլն շահառու, որից 762.404-ն օգտվել են համակարգի այս կամ այն ծառայությունից։
«Փաստորեն, գրեթե յուրաքանչյուր երկրորդ ապահովագրված անձ օգտվել է ապահովագրված փաթեթում ներառված որևէ ծառայությունից և ստացել է որևէ դեղ, իսկ որ միայն դեղորայք է ստացել, նման շահառուների թիվը 35.961 է»,- ասաց նա։
Այս 6 ամիսների ընթացքում արդեն իսկ շահառուներին փոխհատուցվել են 102,4 մլրդ դրամի ծառայություն և դեղորայք։ Հիմնադրամի ծախսերի գերակշիռ մասն ուղղված է եղել թանկարժեք վիրահատությունների կամ ոչ այնքան թանկարժեք, բայց անհրաժեշտ վիրահատությունների իրականացմանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Վահագն Հովակիմյանը պարզաբանել է նաև, թե ինչու է ԿԸՀ-ն քննարկում Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը, չնայած նրան, որ Կարապետյանն արդեն ընտրված պատգամավոր է։
Հովակիմյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի, ինչպես նաև ընտրված, բայց դեռևս լիազորությունները չստանձնած պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ։
Նա նշել է, որ այս մոտեցումն ամրագրված է նաև Սահմանադրական դատարանի՝ 2022 թվականի որոշմամբ։
«Ընտրված, բայց դեռևս լիազորությունները չստանձնած պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու գործընթացը կարող է իրականացվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Այդ որոշումը պետք է ընդունվի ԿԸՀ անդամների ձայների երկու երրորդով»,- ասել է Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ԿԸՀ-ն նախկինում հինգ նմանատիպ միջնորդություն վերադարձրել է Դատախազություն, քանի որ այդ պահին համապատասխան անձինք ունեին միայն պատգամավորի թեկնածուի կարգավիճակ։
Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ընդունումը։
Հովակիմյանը տեղեկացրել է, որ հետագայում Դատախազությունը կրկին դիմել է ԿԸՀ՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար՝ հղում անելով Սահմանադրական դատարանի հիշյալ որոշմանը։
ԿԸՀ նախագահի խոսքով՝ մինչև ընտրված պատգամավորների վերաբերյալ արձանագրության կազմումը և խորհրդարանի կազմի հաստատումը հանձնաժողովը համապատասխան իրավական հիմք չուներ հարցը քննարկելու համար։
Նա պարզաբանել է, որ հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 10:00-ը, արձանագրությունում ընդգրկված անձինք համարվում են ընտրված, սակայն դեռևս լիազորությունները չստանձնած պատգամավորներ։ Այդ ժամանակահատվածում նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցը գտնվում է ԿԸՀ իրավասության ներքո։
ԿԸՀ արտահերթ նիստը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Դատախազության միջնորդությունը, նշանակվել է հուլիսի 21-ին՝ ժամը 17:00-ին։ Թե որ քրեական վարույթի շրջանակում է Դատախազությունը դիմել ԿԸՀ, չի հրապարակվում՝ նախաքննության գաղտնիության հիմքով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Պատգամավորների ցանկը հաստատելուց հետո ԿԸՀ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին։
Անդրադառնալով ընտրություններից հետո համացանցում իր հասցեին հնչած որակումներին, այդ թվում՝ «ՔՊ-ի լուսանկարիչ», Նիկոլ Փաշինյանի համար աշխատած անձ և «մանդատագող», Հովակիմյանը լրագրողներին կոչ է արել վիրավորանքը չձևակերպել որպես հարց։
«Քաղաքական ուժերն ու քաղաքացիներն իրենց նախապատվություններում ազատ են՝ ով ինչ գնահատական կտա, եթե այդ գնահատականը չի հատում վիրավորանքի և զրպարտության շեմը։ Սոցիալական ցանցերում տեսել եմ նաև վիրավորական արտահայտություններ, սակայն այս դեպքում իրավական գործընթաց նախաձեռնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Յուրաքանչյուրի գործունեությանը գնահատական է տալիս ժամանակը»,- ասել է նա։
Հովակիմյանը հայտարարել է, որ կարող է «պարզ ճակատով» ասել՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ։
Նրա խոսքով՝ նախորդ բոլոր ընտրությունների համեմատ այս ընտրությունների ընթացքում թերացումները և տեխնիկական խնդիրներն անհամեմատ քիչ են եղել։
«Մենք ունեցել ենք իրավիճակ, երբ քաղաքական ուժերից մեկի՝ խորհրդարան անցնելու կամ չանցնելու հարցը շատ զգայուն սահմանագծում էր։ Լարվածությունն ու հուզական արձագանքները դրանով էին պայմանավորված»,- նշել է ԿԸՀ նախագահը։
Հովակիմյանը կրկնել է, որ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունները՝ թերությունների և տեխնիկական խնդիրների տեսանկյունից, նախորդ ընտրությունների համեմատ լավագույնն են եղել։
Անդրադառնալով «մանդատագողության» վերաբերյալ հարցին՝ նա ասել է.
«Կարող են բազմաթիվ վիրավորանքներ հնչեցնել։ Ես ուզում եմ հասկանալ վիրավորանք հնչեցնելու ձեր մղումը։ Եկեք չմոռանանք, որ ես ժամանակին ձեր կարգավիճակում եմ եղել։ Այդ հարցը հնչեցնելով՝ դուք եք փորձում ինձ վիրավորել»։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հուլիսի 21-ին հայտարարել է, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին։
ԿԸՀ-ն նույն օրվա նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով ընտրված պատգամավորների գրանցման և մանդատների տրամադրման արձանագրությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Ընտրական ցուցակի երկրորդ մասից՝ (ազգային փոքրամասնություններ)՝
Բաբոյան Ռուստամ Զոհրաբի
Սանդիկով Ալեքսեյ Իվանի
Հասանով Կնյազ Համիդի
Ընտրական ցուցակի առաջին մաս՝
Ռուբինյան Ռուբեն Կարապետի
Ալեքսանյան Վահագն Հովիկի
Ղազարյան Ալխաս Աղաբեկի
Հարությունյան Արայիկ Էդուարդի
Կոնջորյան Հայկ Արսենի
Զոհրաբյան Արուսյակ Թովմասի
Հակոբյան Հասմիկ Արմենի
Խաչատրյան Արմեն Էդմոնդի
Մանավազյան Արուսյակ Լևոնի
Հովհաննիսյան Արթուր Դարիբի
Գաբրիելյան Վիգեն Կարենի
Ղազարյան Սոնա Արայի
Եղոյան Արման Աշոտի
Բաթոյան Զարուհի Վալերիանի
Միքայելյան Սասուն Մեխակի
Գաբրիելյան Սիսակ Արմենի
Բաղդասարյան Նազելի Հրաչի
Թունյան Բաբկեն Էդիկի
Գասպարյան Տաթևիկ Մաթևոսի
Լևոնյան Լևոն Գագիկի
Վարդանյան Արաքսյա Պողոսի
Հարությունյան Քնարիկ Համլետի
Գրիգորյան Նարեկ Հարազատի
Դավոյան Արփինե Հրահատի
Սիմոնյան Հակոբ Կարապետի
Սարգսյան Գարիկ Մնացականի
Ղալումյան Վահե Վոլոդյայի
Բադալյան Լուսինե Խաչիկի
Մինասյան Սարիկ Սամվելի
Բագրատյան Սերգեյ Պապագի
Մինասյան Լիլիթ Համբարձումի
Խանդանյան Սարգիս Հայկի
Պողոսյան Մարիամ Աշոտի
Խաչատրյան Միքայել Արմենի
Վարդանյան Ծովինար Գևորգի
Սարգսյան Տրդատ Նորիկի
Սինորյան Նատալյա Արամի
Գյուլնազարյան Լյուդվիգ Արիստակեսի
Ղազարյան Թագուհի Արարատի
Քոչարյան Անդրանիկ Գրիգորի
Հովհաննիսյան Սուրեն Մկրտչի
Ստեփանյան Լիլիթ Սասունի
Խաչատրյան Վլադիմիր Գագիկի
Սայադյան Սյուզաննա Վարդգեսի
Ղահրամանյան Նարեկ Սամվելի
Երեմյան Ռուզաննա Գրիգորի
Համբարձումյան Կարեն Հովհաննեսի
Զալյան Տարոն Արթուրի
Կարապետյան Մարիա Էդվարդի
Բաբայան Նարեկ Աբրահամի
Բավեյան Նելլի Էդիկի
Սահակյան Ահարոն Մամիկոնի
Հակոբյան Վոլոդյա Գառնիկի
Հովհաննիսյան Նոնա Գագիկի
Խաչատրյան Արամ Մայիսի
Գրիգորյան Հռիփսիմե Աշոտի
Արշակյան Գոռ Մնացականի
Գալստյան Տիգրան Վանուշի
Ավետիսյան Լուսինե Հրահատի
Համբարձումյան Ռոման Վարազդատի
Աղաջանյան Էդուարդ Արթուրի
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք
Ընտրական ցուցակի երկրորդ մասից՝
Ավյան Արման Բենիամինի
Ընտրական ցուցակի առաջին մասից՝
Կարապետյան Նարեկ Կարենի
Վարդանյան Արամ Պողոսի
Ղազինյան Դավիթ Գագիկի
Մխիթարյան Ռուբեն Աշոտի
Հովսեփյան Արեգա Օլեգի
Ասլանյան Մամիկոն Լևոնի
Ղահրամանյան Մարիաննա Արթուրի
Սուքիասյան Հայկ Նաիրիի
Ղարիբյան Արգիշտի Սամվելի
Յոլյան Իրինա Սամվելի
Ղազարյան Էդգար Ֆերդինանդի
Աբրահամյան Տիգրան Արմենի
Մաթևոսյան Լենա Վազգենի
Գևորգյան Անդրանիկ Մհերի
Ֆարմանյան Հայկ Լևոնի
Թամրազյան Գրիշա Մաքսիմի
Գասպարյան Լիաննա Հենրիկի
Վարդանով Վադիմ Վլադիմիրի
Դավթյան Գառնիկ Մկրտչի
Մանուկյան Լիաննա Աշոտի
Մնացականյան Հարություն Բորիսի
Այվազյան Վրույր Գարեգինի
Ավետիսյան Սյուզաննա Թաթուլի
Հարությունյան Հարություն Գագիկի
Մանուկյան Շիրազ Սմբատի
Միրզոյան Անուշ Արթուրի
Մանուչարյան Անուշավան Հարությունի
Ենգոյան Հասմիկ Ալեքսանդրի
«Հայաստան» կուսակցությունների դաշինք
Ընտրական ցուցակի առաջին մասից՝
Սաղաթելյան Իշխան Վաչիկի
Գրիգորյան Աննա Արամի
Խաչատրյան Սևակ Սասունի
Խաչատրյան Արթուր Լևոնի
Վարդանյան Քրիստինե Մարտունի
Վարդանյան Աղվան Արշավիրի
Մանուկյան Գեղամ Ազատի
Խամոյան Ագնեսա Պողոսի
Քոչարյան Լևոն Ռոբերտի
Սարգսյան Արթուր Լավրենտիի
Գալստյան Լիլիթ Սերյոժայի
Մանուկյան Մեսրոպ Գևորգի
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 1 անձի մասով:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Խ․Մ․-ն տեղեկանալով ընկերության էլեկտրոնային հավելվածի միջոցով հաշիվների միջև փոխանցումներ իրականացնելիս հաշվի մնացորդի ստուգման գործառույթ չիրականացնելու տեխնիկական խոտանի մասին, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2024 թվականի մարտի 30-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի՝ առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, համակարգչային համակարգում՝ իր անվամբ բացված բանկային հաշվում մուտքագրել է իբր առկա տարբեր չափերի գումարներ դեպի ընկերության իր հաշվեհամար փոխանցելու վերաբերյալ տվյալներ:
Այնուհետև, վերը ներկայացված տեխնիկական խոտանով պայմանավորված՝ ընկերության իր էլեկտրոնային դրամապանակի և իր անվամբ բացված հաշվեհամարի հաշվեկշռին գեներացվել է առանձնապես խոշոր չափերով՝ 6 մլն 714 հզր ՀՀ դրամ գումար, որն այլ բանկային քարտերի փոխանցելու եղանակով հափշտակվել է։
Խ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Դատախազը 2026 թվականի հուլիսի 21-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ն, նույն դաշինքի Երևանի Վ. Փափազյան փողոցի 29 շենքի 73 հասցեում գործող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Ա.Մ.-ի, դաշինքի համակիր Ա.Ս.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ընտրողներին՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։
Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դ.Ղ.-ն Ա.Ս.-ին է փոխանցել 1 միլիոն 400 հազար դրամ՝ ընտրակաշառք տալու համար օգտագործելու նպատակով, սակայն հանցակիցների միջև ընտրակաշառքի գումարը բաշխելու և ընտրողներին փոխանցելու եղանակների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով ծրագրված հանցագործությունը Դ.Ղ.-ի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, իսկ գումարը հետագայում փոխանցվել է Ա.Մ.-ին:
Նույն քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս.-ի, Ս.Հ.-ի, Գ.Հ.-ի, Հ.Գ.-ի և Պ.Ջ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու նախապատրաստության և ընտրակաշառք ստանալու համար։
2026 թվականի հուլիսի 21-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Ս.Ս.-ի կողմից Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն 2005 թվականի մայիսի 11-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 ՀՀ դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ Կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45քմ մակերեսով Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը:
Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ պետությունը կորցրել է հանրապետական նշանակության պատմամշակութային արժեքի նկատմամբ սեփականության իրավունքը և այն չի ընդգրկվել 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման կից հավելվածներում։
Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
«Գյումրու երկխոսության մեդիա կենտրոնում» առողջապահական ոլորտի պատասխանատուների, բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեց Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունվարից ներդրված առողջապահության համընդհանուր ապահովագրության գործնական կիրառումը, ովքե՞ր են հիմնականում օգտվում, ո՞ր հիվանդությունների դեպքում են առավել շատ դիմում, ի՞նչ մարտահրավերներ ու բողոքներ կան։
Այս հարցերը պարզաբանեցին Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը, Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը, Գյումրու Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի տնօրեն Աստղիկ Բեյբությանը և Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արթուր Մանուկյանը։
Բանախոսները շեշտեցին, որ սկզբում եղել են բավական մեծ դժվարություններ․ մեծ հերթեր են առաջացել ու մտավախություն է հնչել, թե ծրագիրը շարունակական բնույթ չի կրի, այժմ կարծես հունի մեջ են ընկել։
Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանն ասաց․ «Բնականաբար ցանկացած նոր ներդրվող գործընթաց որոշակի հարցեր առաջացնում է, քանի որ գործնական աշխատանքում տարատեսակ հարցեր են առաջանում, և մենք բնականաբար փորձում ենք հստակեցնել և՛ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների հետ և՛ ապահովագրական հիմնադրամի մասնագետների հետ»։
Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանն էլ նշեց, որ ծրագրի ներդրման սկզբում եղել են որոշակի բարդություններ, ծրագրում մեծ թվով մարդիկ են ընդգրկված, որոնք անվճար օգտվում են առողջապահության անվճար սպասարկումից։ Սկզբում եղել են որոշակի հարցեր՝ մասնավորապես ո՞ր շրջանակն է օգտվելու, ովքե՞ր, խնդիր է եղել առողջապահության առաջնային օղակ-բուժհաստատության համագործակցության հետ կապված, սակայն վեց ամսվա ընթացքում ամենօրյա աշխատանքով աստիճանաբար լուծվել ու լուծվում են ընթացիկ խնդիրները։
Արմեն Խաչատրյանը խոսեց փաստերով․ «Մենք ունեցել ենք 32 հազարից ավելի ամբուլատոր դեպք, դրանք տարբեր հետազոտություններ, խորհրդատվություններ են, պետությունը փոխհատուցել է մոտ 300 միլիոն դրամ։
8 հազարից ավելի ստացիոնար դեպքեր ենք ունեցել, այսինքն՝ վիրահատություն, բուժում և այլն, և դրա դիմաց 1 միլիարդ ու կես գումար է հատկացվել։ Տեսեք՝ ինչ մեծ գումարի ու թվերի մասին ենք խոսում, այդքան մարդ են օգտվում, չեմ ասում 100 տոկոսով, բայց նախկինում այս հնարավորությունը չեն ունեցել, ընդ որում նաև սոցիալական խումբ ունեցող մարդիկ չեն ունեցել այս հնարավորությունը, օրինակ՝ 3-րդ խմբի հաշմանդամը չէր կարող օգտվել այս ամենից, ինչից հիմա է օգտվում։ Կարող եմ ասել՝ լավ թանկարժեք միջամտություններից իրենք օգտվել են։
Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արթուր Մանուկյանի կարծիքով էլ, քանի որ նոր գործընթաց էր, բնականաբար սկզբնական շրջանում աժիոտաժ, խառնաշփոթ պետք է լիներ։
«Սկզբնական շրջանում քաղաքացիների հոսքը շատ էր, պոլիկլինիկան աշխատում էր մեծ ծանրաբեռնվածությամբ ու ոչ միայն մեր պոլիկլինիկան, այլ քաղաքի մյուս պոլիկլինիկաները ևս։ Առաջին եռամսյակում բավական ծանրաբեռնված աշխատեցինք, որովհետև մարդկանց մոտ մեծ մտավախություն կար, թե ծրագիրը կավարտվի, ասում էին՝ քանի հասնում է, օգտվենք, հնարավոր է շարունակություն չունենա։
Հետո կամաց-կամաց գործընթացը մտավ հունի մեջ, բուժաշխատողներն էլ հասկացան՝ ինչ ձևով աշխատեն, ինչպես կանոնակարգեն, հերթերի կառավարումն ինչ ձևով անեն։Հիմա ազգաբնակչության մոտ էլ այդ շտապողականությունը, թե «անպայման պիտի օգտվենք, ինձ հասնում է», կամաց-կամաց վերացավ։Հասկանում են, որ ցանկացած հետազոտություն, ցանկացած խորհրդատվություն՝ լինի լաբորատոր կամ գործիքային հետազոտություն, պետք է ունենա հստակ բժշկական ցուցում», -ասաց Արթուր Մանուկյանը։
Նա ևս ամփոփեց կիսամյակը․ մոտ 30 հազար ազգաբնակչություն սպասարկող Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկան վեց ամիսների ընթացքում՝ հուվարի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում մոտ 47 հազար ապահովագրական դեպք է սպասարկել։ Իրենց են դիմել առաջնակի գանգատներով, ինչպես նաև թե՛ քրոնիկ և թե՛ դիսպանսերում հսկվող հիվանդներ, խորհրդատվություններ են կազմակերպվել ու պոլիկլինիկայի նեղ մասնագետների կողմից ուղեգրումներ են տրվել հիվանդներին, որոնցով նրանք վիրահատվել են կամ անցել են թանկարժեք հետազոտություններ, լաբորատոր գործիքային հետազոտություններ։
Այս պոլիկլինիկային ապահովագրության շրջանակում վեց ամսվա ընթացքում կառավարությունը 214 միլիոն դրամ է հատկացրել, երբ նախորդ տարիներին պոլիկլինիկայի ամբողջ բյուջեն այդքան չէր, եռակի անգամ քիչ էր։
Գյումրու Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի տնօրեն Աստղիկ Բեյբությանն էլ նշեց, որ իրենց պոլիկլինիկայում տարվա կտրվածքով մոտ 43 հազար դեպք են սպասարկել։ Բնակիչները շատ հաճախ սխալ պատկերացում են ունեցել սպասարկման մասին, իրազեկված չեն եղել՝ որտեղից է սկսվելու գործընթացը։ Սկզբում դիմել են Գյումրի բժշկական կենտրոն, հետո պարզել, որ նախ պետք է դիմեին պոլիկլինիկա։ Իսկ այժմ, ըստ բանախոսի, հունի մեջ է ընկել, կարգավորվել է, կարողանում են բնականոն ընթացքով սպասարկել։
Հարց հնչեց՝ եթե քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել շատպօգնության մեքենայով, ապա այս դեպքում նա առողջապահության ապահովագրմամբ է բուժում ստանալո՞ւ, խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք օգտվում են առողջապահության համընդհանուր ապահովագրությունից։
Գյումրի բժշկական կնտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը պարզաբանեց, որ այս թեման բազում անգամ արծարծվել է․ շտապօգնությամբ տեղափոխվելը մեծամասամբ ո՛չ նախկինում, ո՛չ էլ այժմ պետական պատվերի տակ չի ընկնում։ Ըստ բանախոսի, բացի ապահովագրությունից գործում է նաև «Էմերջենսի» ծրագիր, որը սպասարկում է հստակ աշխտորոշումներ։
Բանախոսը պարզաբանեց՝ ապահովագրություն ունենալու դեպքում բուժառուները նախևառաջ պետք է դիմեն առողջապահության առաջնային օղակին՝ իր ընտանեկան բժշկին, եթե վերջինս հետազոտեց ու զգաց, որ բուժառուն կարիք ունի որոշ հետազոտությունների կամ նեղ մասնագիտական խորհրդատվություների, նրան ուղեգրում է հիվանդանոց։ Իսկ ոչ աշխատանքային ժամի կամ ազատ օրերին շտապօգնության մեքենայով կամ առանց շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին եթե անհետաձգելի բուժօգնության կարիք ունի, ապա բացվում է «Էմերջենսի» քարտ, սպասարկվում է դրանով, իսկ աշխատանքային օրերին հիվանդանոցը այն ներկայացնում է ապահովագրությանը։
Լեյլի Ասլանյանը խոսեց բժշկական հաստատությունների ստացած ֆինանսական հոսքերի մասին։
«Ի՞նչ լայն հնարավորություն տվեց առողջապահության ապահովագրական հիմնադրամը ֆինանսական հոսքերի առումով, խոսքս առողջության առաջնային պահպանման օղակի մասին է, հնարավորություն ունեն ինչպես ֆիզիկական միջավայրը բարելավել, որը շատ կարևոր է այսօր, այնպես էլ բուժհաստատությունը հագեցնել լաբորատոր գործիքային հետազոտություններով և սարքավորումներով, որի շնորհիվ կկարողանան ավելի բարձր մակարդակով բուժծառայություններ մատուցել մեր ազգաբնակչությանը։
Մենք Շիրակի մարզպետ պարոն Առուշանյանի հետ ամփոփեցինք առաջին կիսամյակը, միայն առողջության առաջնային պահպանման օղակը ապահովագրության մասով ֆինանսավորվել էր 1 միլիարդ 6 հարյուր հազար դրամով։ Դա հնարավորություն է տալիս մեր բուժհաստատություններին հագեցնել իրենց արսենալը», -ասաց Լեյլի Ասլանյանը։
Իսկ որ տարիքային խումբը ու որ հիվանդությունների դեպքում են քաղաքացիներն առավել շատ դիմում առողջապահության ապահովագրումից օգտվելու համար։
Գյումրի բժշկական կենտրոնի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց՝ 65 տարեկանից բարձր տարիքային խումբն է առավել շատ դիմում իրենց։ Հիմնականում դիմում են կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման հարցով․ եթե նախկիունմ ամսական 2-3 հոգու էին վիրահատում, ապա այժմ շաբաթական՝ 5-6 հոգու։
Ակնաբուժական ծառայությունից օգտվողների թիվը ևս ավելացել է, կատարախտով տառապող տարեցները, որոնք նախկինում չեն կարողացել անվճար վիրահատվել, այժմ վիրահատվում են։ Սրտի իշեմիկ հիվանդություններ ունեցողները ևս հաճախակի են դիմում, մինչև ապահովագրության ներդրումը նրանք ստենդավորում և կորոնոգրաֆիա անցնելու հնարավորություն չունեին, հիմա ունեն։
«Այն ծառայությունները, որոնք անհասանելի էին նախկինում պետպատվերի շրջանակում, հիմա կարող են օգտվել»,-ասաց Արմեն Խաչատրյանը։
Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արթուր Մանուկյանն էլ, պատասխանելով այդ նույն հարցին, ասաց․ «Փորձեցինք վիճակագրություն դուրս բերել, մեր պոլիկլինիկայում կոնկրետ ապահովագրության շրջանակներում կան մարդիկ, որոնք այնպիսի վիրահատությունների են ենթարկվել, օրինակ՝ կարդիոսիմուլյատորի կամ կարդիովերտերի տեղադրում որոնք մինչև 4 միլիոնանոց արժողությամբ վիրահատություններ էին, նույնիսկ ունեինք հաշմանդամություն ունեցող անձինք, օրինակ՝3-րդ խմբի, որոնց համար ասյ վիրահատություններն անհասանելի էին, ապահովագրության շրջանակում կարողացան վիրահատվել»։
Այն, ըստ բանախոսների, ամբողջ աշխարհում ներդրված համակարգ է, բյուջեն ձևավորվում է ինպես պետաթյուն տրամադրած գումարով, այնպես էլ քաղաքացիների ապահովագրավճարներով, այնպես որ մտավախությունը, թե բյուջեն չի բավարարի, գումարը կսպառվի, ըստ նրանց, աբսուրդի ժանրից է։

© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com