Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP նախագծի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը։
Մայիսի 26-ին կարճատև այցով Երևան ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին արձագանքելուն և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և զարգացման ծրագրերին։ Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։
Քննարկվել են նաև տարբեր՝ այդ թվում, գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը։ Այդ համատեքստում, ընդգծվել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման կարևորությունը։
Զրուցակիցները կարևորել են բիզնես կապերի խորացումը և Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, ՀՀ–ԵՄ ռազմավարական օրակարգի առաջմղումը։ Նշվել է, որ ԵՄ աջակցությունը «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում արդեն նպաստել է հազարավոր ձեռնարկությունների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ Կապակցվածության գործընկերության շրջանակում իրականացվող նախաձեռնություններին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու ենթակառուցվածքային նախագծերի և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը։
Կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի ընթացիկ ծրագրերի իրականացումը և կքննարկի համագործակցության նոր ուղղությունները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Մի քանի օր է մնացել, որ պարզվի, թե ինչպիսին է լինելու Հայաստանի ապագան առաջիկա հինգ տարիներին։ Պարզվելու է, թե որ ուղղությամբ է գնալու երկիրը, ինչ քաղաքական-տնտեսական համակարգ է ունենալու ու ինչ է սպասվելու Հայաստանի քաղաքացիներին, որոնք մեկ ամիս շարունակ հետեւեցին նախընտրական քարոզարշավ կոչվող թատրոնին, որը տեղ-տեղ հիշեցնում էր կրկեսը։
Որքան Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավը մոտենում է եզրագծին, այնքան առավել ընդգծված է երեւում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքավորումը այս կամ այն դաշտում, առանձին կուսակցությունների՝ ընտրություններին մասնակցելու ներքին դրդապատճառները եւ ուղղակի կամ անուղղակի աղերսներն ավելի մեծ ու հիմնական ուժերի հետ։
Այդ բաշխվածության պատկերն առանձնակի ճշգրտությամբ է իր դրսեւորումը գտնում տարբեր ձեւաչափերով կազմակերպվող նախընտրական բանավեճերի ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ դրանք, այսպես ասած, աչքի են ընկնում շատ ցածր որակով, ավելի ճիշտ՝ անորակությամբ։ Խոսքը վերաբերում է ոչ թե բանավեճերի կազմակերպման որակին, այլ մասնակիցների ելույթային ու բանավիճային մակարդակին։
Ընտրություններին մասնակից 18 քաղաքական ուժերին (ի սկզբանե գրանցված 19 կուսակցություններից մնացել է 18-ը, քանի որ <Ալյանսը> դուրս է եկել պայքարից) կարելի է դասակարգել մի քանի սկզբունքներով․ աշխարհաքաղաքական դիրքավորում (արեմտամետ-ռուսամետ), իշխանական-ընդդիմադիր եւ այլն։
Իշխանական դաշտում գործող ու իշխող <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցության հետ գաղափարական-աշխարհայացքային ընդհանրություններ ունեցող ու հաշտ քաղաքական ուժերն հիմնականում երեքն են՝ <Հանրապետություն>, <Հանուն հանրապետության> եւ <Քրիստոնեա-ժողովրդավարական> կուսակցությունները։
Այս երեք կուսակցություններն էլ գործում են արեւմտամետ դաշտում, դեմ են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, հանդես են գալիս Հայաստանի՝ Ռուսաստանի գլխավորությամբ գործող միջպետական կառույցներից դուրս գալու օգտին։
Հատկանշական է, որ այս իշխանամերձ կուսակցություններն հայտարարում են ոչ այնքան իշխանության գալու, որքան խորհրդարանում ընդդիմության տեղերը գրավելու մասին ՝ նպատակ ունենալով այդկերպ մաքրելու քաղաքական դաշտը։ Ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ տարբեր սոցհարցումների համաձայն, այս ուժերը խնդիրներ ունեն խորհրդարան մուտք գործելու անցողիկ շեմը հաղթահարելու հարցում, չնայած, օրինակ, <Հանրապետության> ցուցանիշները մոտ են գտնվում այդ չորս տոկոսանոց շեմին։ Հիշենք, որ նախորդ ընտրություններում այս կուսակցությանը շատ քիչ ձայներ պակասեց այդ շեմը հաղթահարելու համար։
Ի տարբերություն այս երեք ուժերի, իշխող <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցությունը չի անդրադառնում արեւմտամետ-ռուսամետ լինելու խոսույթին, չնայած հայտարարել է Եվրամիությանը անդամակցելու գործընթաց սկսելու մտադրության մասին։
Սրանով հանդերձ, կուսակցության առանձին գործիչներ ժամանակ առ ժամանակ կոշտ արտահայտություններ են անում Ռուսաստանի հասցեին՝ հայտարարելով, թե անհրաժեշտություն կա թուլացնել կախվածությունն այդ երկրից եւ առաջնային դարձնել հավասարակշռված ու հավասարակշռման արտաքին քաղաքականությունը։
Սոցհարցումների համաձայն, <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցությունը մնում է ընտրությունների առաջատարը, սակայն խնդիրն այն է, թե քվեների ինչպիսի համամասնություն կունենա այն, ինչից էլ կախված կլինի ինչպես իշխանություն ձեւավորելու հնարավորությունը, այնպես էլ ինչ աստիճանի մեծամասնություն լինելու կարեւորագույն հարցը։
Ընդդիմադիր դաշտի առաջատար ուժերը երեքն են՝ <Ուժեղ Հայաստան>, <Բարգավաճ Հայաստան> կուսակցություններն ու <Հայաստան> դաշինքը։ Միաժամանակ հենց այս երեք ուժերն էլ հանդիսանում են ընդգծված ռուսամետ կուսակցություններ։ Այնքան ընդգծված, որ որոշ քաղաքական վերլուծաբաններ այդ ուժերին անվանում են ոչ թե ռուսամետ, այլ ուղղակի ռուսական։
Նկատելի է, որ այս երեք ուժերը նախընտրական բանավեճերի ժամանակ հանդես են գալիս մեկ միասնական գծի մեջ եւ շատ դեպքերում դժվար է տարբերակել հանգուցային շատ հարցերի շուրջ նրանց ասելիքն ու դիրքորոշումը։ Օրինակ, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին երեք ուժն էլ առաջ է քաշում միջազգային երաշխավորների հարցը, ի տարբերություն իշխանական ու իշխանամերձ ուժերի, որոնք ասում են, թե հարեւանների հետ հարցերը պետք է լուծվեն դեմ առ դեմ, անմիջական շփումներով՝ առանց միջնորդների ու երաշխավորների։
Օրերս, ընտրակաշառքների հերթական ձայնագրություններից մեկի մեջ, խոսք էր գնում այն մասին, թե խորհրդարան անցնելու դեպքում այս երեք ռուսամետ կուսակցությունները կկազմեն կոալիցիա, միակ խնդիրը մնում է միասնական առաջնորդին որոշելու հարցը։ Սա, իհարկե, այն դեպքում, եթե այս երեք ուժերը միասնական իշխանություն ձեւավորելու համար անհրաժեշտ ձայների քանակ ստանան։
Հիշեցնենք, որ <Ուժեղ Հայաստան> կուսակցությունը, որը, ըստ սոցհարցումների, այս դաշտի ուժերի շարքում առաջատարն է, իր վարչապետի թեկնածու համարում է Սամվել Կարապետյանին, չնայած վերջինս չկա նախընտրական ցուցակում։ <Հայաստան> դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, իսկ <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունն ընդհանրապես մինչ օրս չի հայտարարել, թե ով է իր վարչապետի թեկնածուն։
Ամենայն հավանականությամբ, այս երեք ուժերից <Ուժեղ Հայաստանը> վստահորեն մուտք կգործի խորհրդարան։ Խնդիրն այն է, թե ինչ քանակի տեղեր կունենա։ <Հայաստան> դաշինքին խորհրդարան մուտք գործելու համար անհրաժեշտ է հավաքել 8 տոկոս, որը ինչ-որ տեղ կարող է խնդրահարույց լինել։ ԲՀԿ-ին անհրաժեշտ է 4 տոկոս, ինչի հնարավորությունը այս կուսակցությունը, թերեւս, ունի։

© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ուղիղ եթեր
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
956 հզր եվրո կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն և փողերի լվացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 2 անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Ս.Ն.-ն և Մ.Ն.-ն նպատակ ունենալով առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցները ՀՀ պետական սահմանով ապօրինի՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ՀՀ տեղափոխելու, դրանք թաքցրել են իրենց ուղեբեռների հագուստների տարբեր հատվածներում, որից հետո 2026 թվականի մայիսի 30-ին ժամանել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից մաքսային զննման ենթարկվելու արդյունքում ուղեբեռների մեջ առկա հագուստների տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր առմամբ՝ 956 հզր 400 եվրո կանխիկ դրամական միջոցներ:
Վերջիններս անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել են և ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին։
Քրեական վարույթի շրջանակում իրականացվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ), Ռուսաստանը ստիպված կլինի սահմանափակել Երևանի հետ տնտեսական ինտեգրացիոն համագործակցությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պուտինի խոսքով՝ ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի միության ազատ առևտրի համաձայնագրերից օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև կարող է բախվել երկաթուղային փոխադրումների սակագների բարձրացման և ավտոբեռնափոխադրողների համար ավելի խիստ պահանջների։
Նա նշել է նաև, որ փոփոխություններ կլինեն Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների կարգավիճակի հարցում։ Եթե Հայաստանը լքի ԵՏՄ-ն, հայաստանցի քաղաքացիների նկատմամբ կկիրառվեն նույն կանոնները, ինչ այլ օտարերկրյա աշխատողների դեպքում, այդ թվում՝ աշխատանքի համար արտոնագիր ստանալու պահանջը։
ՌԴ նախագահը հավելել է, որ ներկայումս Հայաստանը ԵՏՄ շրջանակում օգտվում է միության պաշտպանված շուկայի հնարավորություններից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում գործող ֆիտոսանիտարական նորմերը շատ ավելի խիստ են, քան Եվրամիությունում, և եթե Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ԵՏՄ-ին, հայկական գյուղատնտեսական արտադրանքը կարող է բախվել ռուսական շուկա մուտք գործելու լրացուցիչ դժվարությունների։
«Գյուղատնտեսական արտադրանքը մատակարարվում է մեր շուկա։ Այդ դեպքում մենք կդադարենք ճանաչել այդ նորմերը։ Պետք կլինի կրկին վերադառնալ այդ հարցին։ Հնարավոր է՝ ճանաչենք դրանք և բավարար համարենք, հնարավոր է՝ ոչ»,- ասել է Պուտինը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ անկախ Հայաստանի որոշումներից՝ Ռուսաստանի հետ հումանիտար և քաղաքական հարաբերությունները չեն տուժի, քանի որ խոսքը վերաբերում է բացառապես տնտեսական ոլորտին։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ ԵՏՄ-ն կցանկանար, որպեսզի Հայաստանը հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնի երկրի հետագա ինտեգրացիոն ուղղության վերաբերյալ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Պուտինը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոսել հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին՝ պարզելու համար, թե Հայաստանը պետք է շարունակի մնալ ԵՏՄ-ում, թե ընտրի եվրոպական ինտեգրման ուղին։
«Մենք կխնդրեինք մեր հայ գործընկերներին, բարեկամներին։ Վարչապետ Փաշինյանն ինքն այդ մասին ասել է, որ նախատեսում է և ճիշտ է համարում հանրաքվե անցկացնել այն հարցի վերաբերյալ, թե որտեղ պետք է լինի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ում, թե Եվրամիությունում։ Մենք կխնդրեինք, որ դա արվի հնարավորինս շուտ»,- ասել է Պուտինը։
Ավելի վաղ Կրեմլը հրապարակել էր ԵՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդների համատեղ հայտարարությունը՝ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավը թեւակոխել է վճռորոշ փուլ։ Քաղաքական ուժերն իրենց զինանոցի վերջին միջոցներն են ի ցույց դնում, իրենց հակառակորդների ուղղությամբ արձակում պահուստային փամփուշտները, փորձում իրենց կողմը գրավել ընտրազանգվածի այն հատվածը, որը դեռեւս կողմնորոշված չէ ու փնտրտունքների մեջ է։
Ընտրությունների արդյունքն ինչ-որ իմաստով կախված է այն հանգամանքից, թե որ կողմ կթեքվի այդ հատվածը, քաղաքական ուժերից որ մեկը ավելի համոզիչ կգտնվի իր ասելիքի մեջ եւ կկարողանա ազդել չկողմնորոշված ընտրողների գիտակցության ու կատարելիք ընտրության վրա։
Նախընտրական պայքարի այս փուլում առավել նկատելի է ոչ այնքան սեփական ծրագրերը ներկայացնելու մարտավարությունը, որքան մրցակից-հակառակորդների հանդեպ իրականացվող հակաքարոզչությունը, որը խարսխված է հիմնականում հասարակության մեջ վախեր սերմանելու հնարքի վրա։
Այս առճակատումն հատկապես դրսեւորվում է առաջատար քաղաքական ուժերի պարագայում։ Եթե իշխանական ուժը առաջ է տանում այն թեզը, թե ռուսամետ ուժերի, Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ պատերազմի եռագլուխ կուսակցւթյունների՝ իշխանության գալու դեպքում, հնարավոր է վերածնվի Ադրբեջանի հետ հակամարտությունը, ապա ռուսամետ ուժերը անդադար կրկնում են 300000 ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հնարավորությունը, եթե վերընտրվի Փաշինյանը։
Հասկանալի է, որ այս երկու խոսույթներն էլ, ընդհանուր առմամբ, չափազանցության դաշտից են, ընդամենը քարոզչական հնարք, սակայն հիմքում շատ վտանգավոր հասարակական տրամադրությունների, հոգեբանական ազդեցության, հանրային ու քաղաքական խմբերի միջեւ առճակատման եւ բեւեռացման խորացման ու, ինչն առավել կարեւոր է, ազգային-պետական հեռահար շահերի տեսանկյունից։
Այս իմաստով հատկանշական է հայաստանյան ընտրական գործընթացների վերաբերյալ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) երկրորդ միջանկյալ զեկույցը, որտեղ ասվում է, թե Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվում են բեւեռացված միջավայրում։
Ըստ ԵԱՀԿ դիտորդների՝ ընտրական միջավայրը պայմանավորված է խաղաղության համաձայնագրի վավերացման եւ կիրարկման, սահմանադրական բարեփոխումների գործընթացի, երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրներով։
«Քարոզչությունն ընթանում է ակտիվ եւ կենտրոնացած է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի, արտաքին քաղաքականության, տնտեսության, զբաղվածության, իրավունքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի վրա։ Քարոզչական խոսույթն ունի պառակտող եւ կոշտ բնույթ եւ աչքի է ընկնում պատերազմական հռետորաբանությամբ, հատկապես կառավարության «Իրական Հայաստան» ծրագրի, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի եւ հնարավոր բարեփոխումների շուրջ»,- նշում են զեկույցի հեղինակները։
Այս ամենը տեղի է ունենում մի կողմից՝ ռուսամետ քաղաքական ուժերի առաջնորդներին երկարատեւ բանտարկելու՝ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա սպառնալիքների, այդ նույն ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրակաշառքներ բաժանելու մասին ձայնագրությունները հրապարակելու, մյուս կողմից՝ ընդդիմության ներկայացուցիչների այն ահազանգերի ու հայտարարությունների համապատկերում, ըստ որոնց, իշխանությունն իր քարոզչության ընթացքում լայնորեն օգտագործում է պետական ապարատն ու լծակները։
Հատկանշական է, որ ի տարբերություն 2018 թվականից առաջ բոլոր տեսակի ընտրությունների, երբ ընտրակաշառք մասսայականորեն բաժանում էին իշխանական ու դրան կից քաղաքական ուժերը, իսկ դրանց մասին ահազանգում էին ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այսօր ընտրակաշառք բաժանում են ընդդիմադիր ուժերը, այսինքն՝ այն նույն ուժերը, որոնք 2018-ից առաջ իշխանություն էին կամ դրա մաս։
Ընտրական գործընթացներում լարվածության ավելացման մի նոր պատճառ է վերջին օրերին միջազգային հետաքննական հարթակներում եղած մի քանի հրապարակումները Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին։ Ըստ դրանց, Կրեմլը տարբեր սցենարներ է մշակել ռուսամետ ուժերին իշխանության բերելու ուղղությամբ՝ հիմնական ու պահուստային թեկնածուներով, հանրային կարծիք ձեւավորողների ու քարոզիչ լրատվականների ցանկով, այդ մշակված սցենարներն իրականություն դարձնելուն ուղղված ահռելի գումարների ներդրմամբ։
Եւ սա Հայաստանի իշխանության հասցեին Ռուսաստանից հնչող մի շարք կոպիտ հայտարարությունների, հայկական ապրանքատեսակների նկատմամբ տնտեսական սանկցիաների կիրառման ֆոնին՝ կապված Եվրամիության հետ Հայաստանի սերտացման գործընթացների հետ։
Համլետ Կիրակոսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ուղիղ եթեր
YouTube
Բանախոսներ՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com