Կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը, այն վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի տարածման դեպքերին և նշել, որ կա դեպքերի աճ: «Պետք է ցավով նշեմ, որ երկարատև ընդմիջումից հետո նոր կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ ունենք։ Եվ մեկ օրում 700-ից ավելի դրական ախտորոշված դեպք ունենք»,- ասել է վարչապետը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ վերջին մեկ օրում իրականացվել է 4 հազար 285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը։ «Ինչպես և կանխատեսում էինք անցած շաբաթ, մենք ունենք հիվանդացության բավական աճ։ Այս պահին մեր ակտիվ դեպքերի թիվը 6 հազար 772 է, որոնցից 901-ը հոսպիտալացված են։ Այս պահին ունենք ծավալված 9 բժշկական կենտրոններ, որոնց սպասարկում են covid պացիենտների։ Եվ ներկայումս ունենք ազատ մոտ 100 մահճակալ։ Այս օրերին ևս շարունակում ենք ծավալման աշխատանքները, բայց ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր հիվանդների թիվն ավելի չլինի այն կարողություններից, որոնք մենք ունենք»,- ասել է նախարարը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բոլորիս խնդիրն այն պետք է լինի, որ լրացուցիչ սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտություն չլինի։ Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստին մասնակցել են նաև հանրապետության մարզպետները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում այդ պրակտիկան կշարունակվի: «Հընթացս միջավայրին ծանոթացան մեր գործընկերները, հետագայում ավելի ակտիվ և արդյունավետ կդարձնենք նրանց մասնակցությունը: Ուրախ եմ ձեզ տեսնել, պարոնայք մարզպետներ»,- ասել է կառավարության ղեկավարը: Կառավարության որոշմամբ ավելացված արժեքի հարկը գործարարներին կվերադարձվի յուրաքանչյուր ամսվա կտրվածքով. Գործադիրը հաստատել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ նախագծով նախատեսվում է ԱԱՀ վերադարձի ժամանակաշրջան նախատեսել յուրաքանչյուր հաշվետու ամիսը՝ գործող եռամսյակի փոխարեն։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru