Գյումրին կունենա քաղաքապետի շուրջ 10 թեկնածու

Գյումրին կունենա քաղաքապետի շուրջ 10 թեկնածու

2021 թվականի հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին ՀՀ մի շարք համայնքներում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Շիրակի մարզի 42 համայնքից 38-ում այս աշնանը կանցկացվեն հերթական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այս ցանկում չեն Անի, Մարմաշեն եւ Ախուրյան խոշորացված համայնքներն ու Անուշավան գյուղական համայնքը։

Ամենաթեժ մրցակցությունը սպասվում է մարզկենտրոն Գյումրիում։ Նախնական տեղեկություններով՝ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու է մոտ մեկ տասնյակ կուսակցություն եւ դաշինք։ Ներկայում քննարկվում է հավանական թեկնածուների առաջադրման հարցերը, կազմվում են նախնական ցուցակներ։

Որեւէ կուսակցություն դեռեւս չունի հստակ դիրքորոշում թեկնածուների առաջադրման մասով, սակայն Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածուների անուններ, այնուհանդերձ, շրջանառվում են։

Գործող համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, որը Գյումրին ղեկավարում է 2012 թվականի հոկտեմբերից, դեռեւս չունի հստակ որոշում՝ մասնակցելու՞ է ՏԻՄ ընտրությանը, թե՞ ոչ։    Գյումրու համայնքապետարանից փոխանցում են․ «Երբ լինի որոշում՝ կհրապարակենք»։  Ըստ որոշ տեղեկությունների՝ Ս․Բալասանյանը ցանկություն չունի պայքարելու քաղաքապետի աթոռի համար, սակայն թիմակիցներն ու համայնքապետարանի աշխատակազմը ջանում են վերջինիս համոզել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ մեր աղբյուրների, ունի Գյումրու քաղաքապետի 2-3 թեկնածու, վերջնական որոշում դեռեւս չկա։ Շրջանառվում է նաեւ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունը։ Նա վերջերս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նշված թեմային՝ ասել է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի արդյունքում կարձանագրվի այն թեկնածուի անունը, որը  պիտի գլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը թե՛ Գյումրիում, թե՛ մնացած տեղերում։ Այնպես որ, կարծում եմ, մենք ունենք ժամանակ, բայց շատ քիչ, և ինձ թվում է՝ շուտով բոլորն այդ մասին տեղյակ կլինեն»։

«Քաղաքացիական պայմանագիր-Գյումրի» ֆեյսբուքյան էջը հուլիսի 23-ին որպես քաղաքապետի թեկնածու համարում է Շիրակի նախկին մարզպետ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանին։ Ֆեյսբուքյան էջը, մասնավորապես, գրել է․«Գյումրի քաղաքի հեղափոխական քաղաքապետի թեկնածուն:  Հուսով ենք , որ ՔՊ-ն՝ վերլուծելով մարդու վաստակն ու արժանիքները, ճիշտ որոշում կկայացնի»։ Որոշ օգտատերեր Կ․Սարուխանյանի լուսանկարը տարածելով՝ գրել են․ «Գյումրին հոկտեմբերին կունենա նոր քաղաքապետ»։

Քաղաքապետի հաջորդ թեկնածուն, հավանաբար, կլինի նաեւ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, Շիրակի մայր բուհի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը։ Մեզ հետ զրույցում Վ․Գրիգորյանն ասաց․«Որեւէ բան չեմ կարող ասել, նաեւ չի բացառվում, բայց դա կուսակցության խորհրդի որոշելիքն է։ Այս պահին որեւէ բան որոշված չէ»։

Քաղաքապետի թեկնածու ներկայում համարվում է նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը, նա, սակայն, այս մասով ոչինչ չփոխանցեց, ավելին՝ նեղսրտեց, թե ինչու ենք այդ հարցով հետաքրքրված․«Ձեր ի՞նչ գործն է ընդհանրապես։ Չէ, չունեմ պատասխան»։

«Պատիվ ունեմ» դաշինքով Գյումրու ՏԻՄ ընտրություններին, ըստ մեզ հասած տեղեկությունների, մասնակցելու  է նաեւ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Մեր ճշգրտող հարցին, սակայն, այդպես էլ չարձագանքեց Մ․Գրիգորյանը։

Մարտուն Գրիգորյանը նույն դաշիքնով մասնակցել է հունիսի 20-ին ՀՀ արտահերթ խորհրդանարական ընտրություններին։ Ընտրական ցուցակի 8-րդ տեղում էր։ ԱԺ պատգամավորի մանդատ,  սակայն, ստացան դաշինքի 1-ից 7-րդ տեղերը զբաղեցրած թեկնածուները։

Մարտուն Գրիգորյանը Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել է նաեւ 2008 թվականին, երբ քաղաքապետի աթոռի համար պայքարում էր նաեւ այդ ընթացքում գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Շրջանառվում են նաեւ  հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի՝ քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին լուրեր, սակայն վերջինիս առաջադրումը քիչ հավանական է համարվում։ Օրեր առաջ Aravot. am -ը Ա․Ալեքսանյանի հորից՝ Գևորգ Ալեքսանյանից հետաքրքրվել էր, թե որքանո՞վ են իրական որդու՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու մասին շրջանառվող լուրերը։

Գևորգ Ալեքսանյանը ոչ հերքել, ոչ հաստատել է՝ ասելով․ «Մենք հիմա գնում ենք օլիմպիական խաղերի, եկեք այդ թեման հիմա չխոսենք, գնանք-գանք ու հետո այդ հարցերին կպատասխանեմ»,-գրել է կայքը։

«Հայաստան» դաշինքը եւս թեկնածուների առաջադրման մասով պրպտումների մեջ է․ շրջանառվում է երկու անուն՝ իրավաբան Կարապետ Պողոսյան եւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայան։

Գյումրիում ՏԻՄ ընտրություններ կայացել են 2016 թվականի աշնանը, երբ թիվ 34 ընտրական հանձնաժողովի որոշմամբ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ վերցվեց եւ հանձնվեց Բալասանյան դաշինքին, դաշինքն ունեցավ 17 մանդատ: Հանձնաժողովի այս որոշումը, նաեւ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անօրինական ճանաչեցին ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան», «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները եւ հարցը վիճարկեցին դատական ատյաններում, միաժամանակ բոյկոտեցին ավագանու նիստերը: Դատական ատյաններում հարցի քննարկումից եւ որեւէ փոփոխություն չարձանագրվելուց հետո ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան», «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները վերադարձան ավագանու նիստերի դահլիճ։ Ավագանու անդամի իրենց մանդատից հրաժարվեցին Վարդեւան Գրիգորյանը (ԲՀԿ), Հովհաննես Մարգարյանը (ՀՎԿ) եւ Վահան Խաչատրյանը (ԳԱԼԱ)։

Գյումրին ունի 33 ավագանու անդամ․ ավագանու հերթական նիստ նշանակված է սեպտեմբերի 14-ին, իսկ հոկտեմբերի 17-ին կկայանան ՏԻՄ հերթական ընտրությունները։

Անի Մկրտչյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

Comments Are Closed!!!