Սեպտեմբերի 12-ին, ժամը 18-ին ավարտվեց Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու գործընթացը: Այսպիսով, թիվ 31 ՏԸՀ-ում առաջադրվել է 10 քաղաքական ուժ` որից 3-ը դաշինք է, 7-ը կուսակցություն:
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ներկայացրել է ավագանու 42 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը: Կուսակցությունն առայժմ չի շտապում անելիքների մասին խոսել, առաջիկայում մտադիր է հանդես գալ մամլո ասուլիսով:
Իրենց ծրագրերի մասին բարձրաձայնելու և առաջադրված թեկնածուների մասին մամլո ասուլիսի միջոցով են պատրաստվում խոսել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչները: Առայժմ հայտնի է, որ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում առաջադրել է 40 հոգանոց համամասնական ցուցակ, որի առաջին հորիզոնականում Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է:
Թե ինչ կարգախոսով կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր»-ն այս ընտրություններին, դեռևս չեն շտապում բարձրաձայնել:
Իր թիմակիցների հետ, 17+5 բանաձևով է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու «Թասիբով» դաշինքը, որն առաջադրել է 22 հոգանոց համամասնական ընտրացուցակ:
Թե ինչու են դաշինքը Թասիբով անվանել , իր հետաքրքիր բացատրությունն ունի:
Դաշինքում ընդգրկված են ամենատարբեր մասնագիտության տեր մարդիկ, նշում է ցուցակի առաջատար Կարապետ Պողոսյանը, նրանք հիմնականում երիտասարդներ են:
Ռակ և «Ժառանգություն» կուսակցությունների միավորման արդյունքում ստեղծված «Հայրաքաղաք» դաշինքի 28 հոգանոց համամասնական ցուցակում էլ գերակշռողը երիտասարդներ են:
Գյումրիում դեռևս չունեն, բայց առաջիկայում գրասենյակներ հիմնելու և թիմ ձևավորելու մտադրություն ունի «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը: «Զարթոնք»-ը Գյումրիում առաջադրել է ավագանու անդամության 41 թեկնածու, իսկ ցուցակի առաջատարը Վարդևան Հակոբյանն է: Վերջինս այսօր Գյումրիից բացակայում էր:
Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում թեև վաղուց է ինչ գրասենյակ ունի, բայց առայժմ չի շտապում ակտիվ գործունեություն ծավալել, նշում են, որ այս կուսակցությանը մարդիկ նոր չէ որ պիտի ճանաչեն:
Դեռ նախորդ ընտրությունների ընթացքում Գյումրիում հիմնված «Արժանապատիվ ուղի» կուսակցության ցուցանակը դեռ պահպանված է, բայց կուսակցության առաջնորդ Հովհաննես Մարգարյանի հետ կապ հաստատել այսօր չհաջողվեց: Նա գլխավորում է կուսակցության 22 հոգանոց համամասնական ցուցակը:
«Գյումրին կռնա» նորաստեղծ դաշինքն այս ընտրություններին առաջադրվելով ավելի գլոբալ խնդիր է մտադիր լուծել, կարծում է, համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Սրտաշյանը: Երկրի առջև ծառացած խնդիրների լուծումն առաջարկվում է սկսել հենց Գյումրիից:
«Ապրելու երկիր» կուսակցությունն էլ է որոշել մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին և որպես քաղաքապետի թեկնածու առաջադրել Կարեն Մալխասյանին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru