Ամանորյա տոներին ոչ աշխատանքային կմնա նաև հունվարի 2-ը. նախագծում է կատարվել

Ամանորյա տոներին ոչ աշխատանքային կմնա նաև հունվարի 2-ը. նախագծում է կատարվել

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել կառավարության ներկայացրած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է, որ ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը: Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրել էՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Այսպիսով` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նաև հունվարի 6-ը: «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը հիշեցրել է, որ իրենց խմբակցությունն առաջարկել էր հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային՝ նշելով, որ նախարարի խոսքում չլսեց որևէ գնահատական, կարծիք: Պատգամավորը նաև հիշեցրել է, որ Մայր Աթոռը ևս առաջարկել էր ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը և 7-ը: Նա հետաքրքրվեց այս առաջարկի առնչությամբ կառավարության արձագանքով, վերաբերմունքով: Նախարարը վստահեցրել է, որ ընդհանուր դիրքորոշումը ձևավորելիս հաշվի են առնում առաջարկները: Անդրադառնալով Մայր Աթոռի առաջարկներին՝ նախարարն ասել է, որ դա ևս մանրամասն քննարկել են: «Էկոնոմիկայի նախարարությունը նաև շատ կարևորում է պետություն-մասնավոր երկխոսությունը, և նախագիծը քննարկվել է նախարարության ՓՄՁ ենթախորհրդում, բազմաթիվ ասոցիացիաների հետ հանդիպումների ընթացքում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, այն փիլիսոփայությունը, որ դրել ենք այս օրենքի փոփոխության մեջ, որոշում է կայացվել այսպիսի տարբերակով առաջ գնալ»,-ասել է Քերոբյանը՝ հիշեցնելով, որ հանձնաժողովում առաջարկները պետք է քննարկվեն և քվեարկվեն:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Comments Are Closed!!!