Գյումրիի ավագանու որոշմամբ, փոփոխության են ենթարկվել տնտեսվարող սուբյեկտներից գանձվող տեղական տուրքերից մի քանիսի դրույքաչափերը, նաև համայնքային ենթակայության որոշ հաստատությունների համար սահմանված վարձավճարները: Փոփոխություններից թերևս ամենագլխավորը, Գյումրիի մանկապարտեզներ հաճախող երեխաների վարձավճարի չափը 50 տոկոսով նվազեցնելն է: 2023 թվականից այն կկազմի 4000 դրամ, 8000 դրամի փոխարեն:
Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանի փոխանցմամբ, համայնքային ենթակայության 24 մանկապարտեզ է գործում քաղաքում, որտեղ մոտ 2300 երեխա է հաճախում: Ըստ նրա, սոցիալական այս պայմաններում ծնողների համար խնդիր է մանկապարտեզի վարձերի վճարումը, այդ իսկ պատճառով, համայնքապետարանը որոշել է մատչելի դարձնել երեխաների նախադպրոցական կրթությունը, վարձավճարի կեսը համայնքային բյուջեից փոխանցելով: Այս ծախսը տեղական բյուջեից կպահանջի մոտ 103 մլն դրամ: Ըստ Հայկ Սուլթանյանի, նախկինում գործող զեղչերի համակարգը պահպանվելու է: Վարձավճարի զեղչերից մոտ 400 երեխա է օգտվում:
Քաղաքապետի գլխավոր խորհրդականի տեղեկություններով, այժմ Գյումրիի համայնքապատկան նախակրթարաններ հաճախում է մանկապարտեզի տարիքի երեխաների միայն 45 տոկոսը: Նա դժվարացավ նշել, թե մյուս երեխաներից քանիսն են մասնավոր մանկապարտեզներ ու զարգացման կենտրոններ հաճախում, քանիսը նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն չունի և քանիսն են բացակայում քաղաքից: Ուստի, համայնքապետարանը չի կարողանա կանխատեսել, թե մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը որքանո՞վ կավելանա այս փոփոխությունից հետո:
Ի դեպ, Գյումրիում նախադպրոցական կրթությունն անվճար դարձնելու առաջարկներ համայնքի ավագանին բազմիցս է արել: Առաջին նախաձեռնողը ավագանու ԳԱԼԱ խմբակցությունն էր, որի անդամները 5 տարի առաջ էին խնդիրը բարձրաձայնել և պահանջել, որ Երևանի օրինակով, Գյումրիում նույնպես նախակրթարանների հաճախումները դառնան անվճար: Բայց առաջարկը մերժվել էր:
«Բալասանյան դաշինք» խմբակցության ավագանու անդամ Լուսինե Սանոյանը մեզ փոխանցեց, որ խմբակցության նիստին առաջարկվել է մանկապարտեզների վարձավճարները նվազեցնել 100%-ով։ Հարցը քննարկվել է Գյումրիի համայնքապետի հետ, լսել են նաև համապատասխան բաժնի աշխատակիցների կարծիքները։
«Ֆինանսական բաժնի կարծիքը և բյուջեի հմարավորությունները գնահատելով՝ առաջարկվել է այս պահին վարձավճարները նվազեցնել միայն 50%-ով, ինչը ընդունվել է ավագանու կողմից»,-ասում է Լուսինե Սանոյանը։
«Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյանն էլ հայտնեց, որ անցած տարի իրենց խմբակցությունը նույնպես հայտարարությամբ հանդես է եկել, որ ավագանին զիջումների գնա և մանկապարտեզները դառնան անվճար, քանի որ Գյումրին սոցիալական քաղաք է:
Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը նշեց, որ իրենց կուսակցությունը նույնպես իր առջև խնդիր է դրել մանկապարտեզների վարձավճարները 0-ական դարձնել:
Ի դեպ, մանկապարտեզների վարձավճարները կիսով չափ կնվազեցվեն միայն Գյումրիում հաշվառված ծնողների երեխաների համար, այլ բնակավայրերի հաշվառում ունեցողներին դա չի վերաբերվի:
Հաջորդ փոփոխությունը, ըստ Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդականի, առնչվում է Գյումրիի բաղնիքների ու սաունաների աշխատանքին: Ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն ստանալու համար բաղնիքներն ու սաունաները տարեկան պետք է վճարեն 300 հազար դրամ՝ նախկին 500 հազարի փոխարեն։ Բայց ըստ Հայկ Սուլթանյանի, նման գործունեություն իրականացնող ոչ մի տնտեսվարող իրենց դեռ չի դիմել:
Իսկ համայնքի վարչական տարածքում անցկացվող տոնավաճառների յուրաքանչյուր մասնակից զբաղեցրած մեկ քառակուսի մետր տարածքի համար պետք է վճարի 200 դրամ`գործող 150 դրամի փոխարեն:
«Այս տարի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելիս տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար առաջարկվել է հաշվի առնել ամառային և ձմեռային սեզոնները»,-ասում է Լուսինե Սանոյանը։
Ըստ այդմ էլ, տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում, ամառային սեզոնին հանրային սննդի ծառայություն կազմակերպելու թույլտվության համար՝ ամեն քառակուսի մետրի դիմաց սահմանվել է 15 հազար դրամ տեղական տուրք, իսկ ձմեռային սեզոնին՝ 10 հազար դրամ:
Ըստ Հայկ Սուլթանյանի, այս փոփոխությունները քաղաքացիների համար հարկային բեռ չեն ավելացնի, քանի որ հիմնականում պայմանավորված են զբոսաշրջիկների հոսքով, իսկ հոսքը կա:
Վարդևան Հակոբյանը նշեց, որ տեղական տուրքերի դրույքաչափերը սովորաբար պետք է հետաքրքրեն այդ տուրքերը վճարող տնտեսվարողներին: Բայց նրանցից և ոչ մեկը երբևէ չի ներկայանում այդ տուրքերի դրույքաչափերը սահմանելուց առաջ տեղի ունեցող հանրային լսումներին:
«Հանրային քննարկումները շատ պասիվ են անցնում, տնտեսվարողները կամ տեղական իշխանություններին շատ են վստահում, ինչը կասկածելի է, կամ ընդհանրապես չեն վստահում, կամ էլ ոչ մեկին չի մտահոգում, թե ինչ հարկեր կսահմանվեն: Այնինչ, հենց իրենք պետք է առաջարկներ ներկայացնեն, թե ինչքանով են իրատեսական սահմանված տուրքերի դրույքաչափերը»,-ասում է Վարդևան Հակոբյանը:
Շինթույլտվությունների վերաբերյալ տեղական տուրքերի դրույքաչափերն այս տարի չեն փոխվել: Հիշեցնենք, դրանք անցած տարի եռապատկվել էին: Օրինակ՝ 100 հազար դրամ տուրքը դարձել էր 300 հազար դրամ: Գյումրիի ավագանու անդամ Նարեկ Միրզոյանի խոսքով, դրույքաչափերը բարձր լինելու և դրանք վերանայելու հետ կապված դիմումներ քաղաքացիներից իրենց խմբակցությունը չի ստանում, ավելի շատ մարդիկ բողոքում են շինթույլտվությունների տրամադրման ժամկետներից: Դրանք շատ են ձգձգվում:
«Եղել են քաղաքացիներ, ովքեր ամռանը դիմել են Գյումրիի քաղաքապետարան ավտոտնակ կառուցելու թույլտվություն ստանալու համար, բայց շինթույլտվությունը ձմռանն են տվել»,-ասում է Նարեկ Միրզոյանն ու ավելացնում. «Խնդրով ,մշտապես քննարկումներ ենք ունեցել ավագանու խմբակցությունների հետ, բարձրաձայնել ենք, որ քաղշին ոլորտում ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտություն կա, խնդիրը կազմակերպչական գործառույթների մեջ է: Պարտավոր ենք այնպես անել, որ ավելի արագանան այդ գործերը և քաղաքացիները ազատվեն քաշքշուքներից»,-ասում է ավագանու անդամը: Ըստ նրա, խնդիրը ոչ միայն դիմումների մեծ թիվն է, այլ նաև շատ թղթաբանությունը:
Այս ոլորտը վաղուց բարեփոխումների կարիք ունի: Խնդիրը նոր չէ, շինթույլտվությունների ձգձգումները կանոնակարգել փորձել են նաև նախկին իշխանությունները, բայց արդյունք չի եղել:
Կարինե Կազարովա
Թողնել Մեկնաբանություն