Իսկ Ազգային այդ հարստությունը պահպանելու անհրաժեշտություն առաջացավ հատկապես 88-ի երկրաշարժից հետո, երբ բազմաթիվ այլ շինությունների կողքին լրջորեն վնասվեցին նաև «Կումայրի» արգելոց-թանգարանին պատկանող հազարից ավելի շինություններ: Գյումրիում թանգարանում այժմ հաշվառված է շուրջ 1022 կառույց, որոնք հուշարձանի կարգավիճակ ունեն: Ըստ մասնագետների, մի քանի երկրաշարժ տեսած պատմական այս հին շինությունները վաղուց պետք է պետության ուշադրության կենտրոնում լինեին:
Չնայած սահմանված նորմերին ու 2020 թվականից գործող նոր ընթացակարգերին, մինչև վերջերս, ով ինչ ու ինչպես ուզել վերականգնել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հին շինությունը, դրանով աղավաղելով պատմամշակութային արժեք ունեցող կառույցի ճարտարապետությունը: Մինչդեռ, հատուկ կարգավիճակի պատճառով , «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող շենք-շինությունները պահանջում են առանձնահատուկ մոտեցում, երբ խոսքը վերաբերում է կառուցապատման կամ վերականգնման հարցերին:
Պատմամշակութային արժեք ունեցող ցանկացած շենքի ամրությունը սահմանված հատուկ կարգով ապահովելու խնդիրը սեփականատիրոջից պահանջելուց բացի, մասնագետները կարծում են, որ ճիշտ կլիներ, եթե նման կառույցների վերականգնման ընթացքում սեփականատիրոջ կողքին կանգնի պետությունը: Այդ մասին, նույնիսկ առաջարկ է ներկայացվել կառավարություն:
Առաջարկին ընթացք չի տրվել, բայց ԿԳՄՍ նախարարությանն է տրվել արգելոցի տարածքում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանների վերականգնման, վերանորոգման կամ այլ աշխատանքներ կատարելու համար թույլտվություն տրամադրելու իրավունքը: Այն ձեռք բերելն այնքան ժամանակատար է ու փաստաթղթատար, որ աշխատանքների մեկնարկի ձգձգման, հաճախ հիասթափության պատճառ է դառնում:
Մինչ «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող շինությունների մասնավոր հատվածը այս կամ այլ կերպ կարողանում է ապահովել Գյումրիի տուրիստական գրավչությունը, նույն արգելոցում գտնվող պետական կամ համայնքային սեփականույուն հանդիսացող շատ կառույցներ դեռ սպասում են վերականգնման իրենց հերթին:
հեղինակ՝ Մարինե Դերբինյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Թողնել Մեկնաբանություն