Գյումրիում համատիրություն-բնակիչ փոխադարձ անվստահությունը սրանում է հատկապես հին բնակֆոնդի շենքերի սպասարկման դեպքում։ Այս շենքերում խնդիրներն անթիվ են, համատիրությունների կատարած աշխատանքները՝ գրեթե անտեսանելի։
Հիմնովին նորոգման կարիք ունեն հատկապես վթարայնության 3-րդ եւ 4-րդ աստիճան ունեցող շենքերը։ Այս շենքերը թեեւ ենթակա են ամրացման, բայց անհասկանալի տրամաբանությամբ սպասարկումը հանձնված է համատիրություններին, որոնք չեն զլանում վթարային շենքերի բնակիչներից սպասարկման վճար գանձել։
Գյումրու Տեքստիլ թաղամասի Իսահակյան 9 շենքը կառուցվել է 1939 թվականին: Այս շենքում վերջին հետազննությունը կատարվել է 2006 թվականին: Արձանագրվել է, որ բնակելի շենքն ունի վթարայնության 3-րդ աստիճան:
Իսահակյան 9 շենքի նկուղները տարիներ շարունակ ջրածածկ են, վերին հարկի տներն էլ՝ կաթոցների ներքո։ Խոնավության հետեւանքով առաջին հարկերի մի քանի տներում տարիներ առաջ հատակներ էին փլուզվել, բնակիչներն հայտնվել էին նկուղներում։ Հիմա բնակիչների մի մասը շենքից հեռացել է։ Շենքի բնակիչները պատմում են, որ համատիրություն ունեն, որը թեեւ վթարային շենքը չի սպասարկում, բայց բնակիչներից սպասարկման վճար է գանձում։
Իսահակյան 9 շենքի բնակչուհի 82-ամյա Հռիփսիմե Նիկողոսյանն ասում է, որ ամեն ամիս պարտաճանաչ իրենց ընտանիքը համատիրությանը սպասարկման վճար է մուծում, սակայն վճարած գումարով շենքում որեւէ աշխատանք չի կատարվել։
Շենքի մյուս մուտքում է ապրում Նարինե Մաթեւոսյանը։ Մուտքի նկուղում 30 սմ բարձրության է հասնում ջուրը։ Նա է ջրի ճանապարհը բացել, որ այլ ուղղությամբ հոսի, ու բնակարանները չլցվի։ Խմելո°ւ ջուր է, թե° կոյուղաջուր. այդպես էլ չեն պարզել, որովհետեւ բնակիչների խնդրին արձագանքող չկա։
Նարինե Մաթևոսյանն ասում է, որ մինչև 2021 թվականը իրենք համատիրությանը վճարել են, սակայն, տեսնելով, որ շենքում ոչինչ չի փոխվում, հրաժարվել են մուծել։
Շենքի բնակիչներից մեկն էլ, չցանկանալով ներկայանալ, ասում է, որ իրենց նկուղը 30 տարի ջրով է պատված, բայց դա պատկան կառույցներից ոչ մեկին չի էլ մտահոգում։
«Ջուրը, երեւի, իրենցից ամոթով էր, տեսավ, որ ոչ մեկը իրեն ուշադրություն չի դարձնում, ինքն իրեն քաշվեց, վերացավ»,-կատակում է բնակիչը, հետո, վերհիշելով 10 տարի առաջ շենքում տեղի ունեցած փլուզումներն ու համատիրության անտարբեր վերաբերմունքը, ավելացնում է. «Շենքի վերին հարկից 12 խոշոր քար ընկավ, առաստաղի մի հատվածը բացվել էր։ Դիմեցի համատիրությանը, խնդրեցի, որ մի քանի թիթեղ տան, որ կարողանամ բացված մասերը փակել, կաթոցներ չլինեն։ Չտվեցին։ Ես էլ էլ չեմ մուծում։ 80 հազար դրամ ծախսեցի, ինքս թիթեղներ գնեցի ու վնասված տանիքը թիթեղապատեցի»։
Ըստ վթարային շենքի բնակիչների` անցած տարի իրենց խոստացել էին, որ շենքի կտուրները, նաեւ կոյուղատար ցանցը պիտի փոխեն, որի վերաբերյալ համատիրության եւ համայնքապետարանի միջեւ համաձայնություն էր լինելու: Արդյունքը, սակայն, դեռեւս չկա:
«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ի հարցմանն ի պատասխան՝ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը տեղեկատվություն է տրամադրել Շիրակի մարզում առկա 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի վերաբերյալ։
Շիրակի մարզում առկա է 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող ընդհանուր 114 շենք, որոնցից 92-ը գտնվում է Գյումրիում։ Վթարայնություն ունեցող ամենահին շենքերը քաղաքի կենտրոնում գտնվող Աբովյան 141-ը, Գորկի 30-ն ու Աճեմյան 26-ն են, որոնք կառուցվել են համապատասխանաբար՝ 1872, 1875 եւ 1895 թվականներին։
Վթարային շենքերի մի մասում վթարայնության հետազննությունը կատարվել է 2006, մյուսներում՝ 2007, որոշներում՝ 2009, 2015, 2017, 2019 եւ 2023 թվականներին։ 2023 թվականին մեկ շենքի վթարայնության հետազննություն է կատարվել՝ Գորկի 30։ Հետազննությունն իրականացնող Սեդրակ Մուրադյան անհատ ձեռներեցն արձանագրել է, որ այս բազմաբնակարան շենքն ունի վթարայնության 3-րդ աստիճան։
Ըստ մարզպետի տեղակալի` նախատեսվում է Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ թիվ 5 շենքի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող թվով 3 մուտքերի ուժեղացման-վերականգնման աշխատանքների կատարում:
Շիրակի մարզպետի խորհրդական, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մուրադյանի փոխանցմամբ` այդ շենքի ամրացման համար մեկ անգամ մրցույթ է հայտարարվել, սակայն մասնակցության հայտ ներկայացնող կազմակերպություն չի եղել, հիմա 2-րդ անգամ է մրցույթ հայտարարված։
Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի խոսքով` կետային ու իրավիճակային են խնդիրների լուծումները բազմաբնակարան շենքերում, դրա համար էլ արդյունք չկա, այնինչ, համակարգային լուծումներ են պետք։
Ըստ ավագանու անդամի` պետք է գույքագրել շենքերում առկա խնդիրներն ու ծավալները եւ հետեւողականությամբ առաջ գնալ։ Եթե տարեկան 1-2 շենքում նորոգման լուրջ աշխատանքներ կատարվեն, ապա քաղաքացիները շահագրգիռ կլինեն, մյուս շենքերի բնակիչների մոտեցումն էլ կփոխվի համատիրությունների նկատմամբ։
«Եթե տարեկան կարողանայինք 2 շենք ամրացնել, ապա երկրաշարժին հաջորդած 36 տարիների ընթացքում արդեն 72 շենք ամրացված կլիներ Գյումրիում, իսկ մենք ունենք 92-ը»,-ասում է Կարեն Մալխասյանը։
Հեղինակ՝ Կարինե Կազարովա
#CivilSociety #CounterpartInternationalArmenia #NGOC #CSOs4Progress #NGOC4CSOs
Սույն հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաունթերփարթ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, Միացյալ Նահանգների կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Թողնել Մեկնաբանություն