Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը կլոր-սեղանի շուրջ քննարկման ժամանակ ներկայացրեց ոլորտի պետական աջակցության նախագիծը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ԲՏԱ նախարարը նշեց, որ իրենք հանդիպում են կազմակերպել տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու նախագծի էությունը, որի հիմքում կառավարությունն, ըստ էության, իր առջև դրել է չորս խնդիր։
«Նախ մենք նոր օրենսդրության ընդունմամբ խրախուսելու ենք վերազգային ընկերությունների մուտքը Հայաստան։ Երկրորդ հիմնասյունը կլինի նոր աշխատողների՝ դեպի տեխնոլոգիական ոլորտ ներգրավումը։ Երրորդ ուղղությունն արդեն իսկ ընկերություններում ներգրավված աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացումն է։ Եվ չորրորդ ուղղությունը հետազոտությունների և մշակման ոլորտի խթանումն է մեր երկրում»,- ասաց Հայրապետյանը։
Նախարարի դիտարկմամբ՝ նախագծում գիտահետազոտական ոլորտային աշխատանքների մասը ոչ միայն վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, այլ ամբողջ տնտեսությանը, ինչն, ըստ նրա, շատ կարևոր արձանագրում է։ Իսկ ինչ վերաբերում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, Հայրապետյանն ընդգծեց, որ այն ունի շատ պարզ հիմնավորում, որի համաձայն՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը գալիս է իբրև շոգեքարշ ծառայելու ամբողջ տնտեսության զարգացմանը։
«Ինը ամիս շարունակ ԲՏԱ նախարարությունը ակտիվորեն համագործակցում է մասնավոր հատվածի տեխնոլոգիական համայնքի ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ համատեղ վերհանելով ոլորտում առկա խնդիրները, մարտահրավերները, նաև քննարկելով ոլորտի զարգացման իրական ներուժն ու հնարավորությունները։ Դրա արդյունքում կառավարությունն աշխատանքի իր մասնաբաժինը կատարել է և այսօր արդեն իսկ նախագծի տեսքով ներկայացնելու է տեխնոլոգիական հանրությանը՝ դրա հիման վրա հավելյալ կարծիքներ, դիրքորոշումներ հավաքագրելու և դրանք նաև Ազգային ժողովում հնչեցնելու նպատակով։ Չեմ բացառում, որ Ազգային ժողովի քննարկումների արդյունքում նախագիծը կենթարկվի փոփոխությունների, և այս համատեքստում կոնկրետ այսօրվա հանդիպումն ունի կարևոր նշանակություն»,- ասաց ԲՏԱ նախարարը։
Հայրապետյանը տեղեկացրեց, որ կառավարությունում նախագիծը երկար ու ձիգ քննարկվել է։ Ի սկզբանե ԲՏԱ նախարարության կողմից առաջարկվել է մինչև ռազմավարության ընդունումը գնալ ավելի պարզունակ լուծման ճանապարհով՝ ոլորտի համար սահմանելով համահարթ 10 տոկոս եկամտահարկ։ Կառավարությունում կայացած քննարկման արդյունքում կոնսենսուս չեղավ, հետևաբար որոշում կայացվեց գնալ այլ ուղղությամբ՝ սահմանել թիրախային խնդիրներն ու գնալ ներդրումների ճանապարհով՝ պայմանավորվելով, որ ռազմավարությունը ընդունելուց հետո հավելյալ քննարկվի նաև ռազմավարական հռչակվելիք ուղղությունների մեջ թիրախային հավելյալ ներդրումներ անելու հավանականությունը։
Դա կլինի 2025 թվականի կեսից, թե 2026 թվականի սկզբից, ցույց կտան առաջիկա ամիսները։ Նախագիծը դրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ազգային ժողով գնալուց առաջ նախարարությունն ակնկալում է նաև տեխնոլոգիական ամբողջ հանրույթի կարծիքները հավաքագրել։ Նախագիծն ուղարկվել է նաև Ազգային ժողով։
«Տեղեկացված ենք, որ կան տարբեր մոտեցումներ օրենսդիր մարմնի գործընկերների մոտ, ընդհուպ մինչև այնպիսի մոտեցում, որ ըստ էության և շատ կոնկրետ առաջարկով հանդես պիտի գան պատգամավորները, որպեսզի աջակցությունը լինի ոչ թե ընկերություններին, այլ աշխատակիցներին։ Սա ևս մոտեցում է, և մենք ակնկալում ենք լսել դրա հիմնավորումները, սակայն մեր մոտեցումը հետևյալն է։ Մենք առաջարկում ենք կարգավորումներ՝ օգնելու բիզնեսին, թողնելով նրա հայեցողությանը համապատասխան պետական աջակցության կամ ներդրման տնօրինումը։ Հավատում ենք, որ սա ամենաէֆեկտիվ ճանապարհն է, թեև դեռ ունենք անցնելու ճանապարհ։ Մոտեցումները տարբեր են, հետևաբար կազմակերպելով քննարկում՝ որոշել ենք ներկայացնել հիմնավորումները, թե ինչու է կառավարությունն, այնուամենայնիվ, որոշել գնալ այս ճանապարհով և լսել մասնագիտական կարծիքները, գնահատականներն ու առաջարկները»,- եզրափակեց ԲՏԱ նախարարը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com