Հակաիշխանական ընդհանուր բեւեռ է ձեւավորվում

Հակաիշխանական ընդհանուր բեւեռ է ձեւավորվում

Հայաստանում կարծես թե հակաիշխանական կոնկրետ բեւեռ է ուրվագծվում։ Անցած մեկուկես տարում իշխանության դեմ քննադատությունների, հակաքարոզչության, տարբեր խնդիրներով լոկալ բողոքի ակցիաների, տարվող քաղաքականության դեմ պայքարի պակաս չի զգացվել։ Ինչքան էլ այդ ամենը եղել են տարանջատ, մասնակի, ցաքուցրիվ ու թույլ գործողություններ, որոնք հանրային ընկալում ու տարածում չեն ունեցել, սակայն դժվար չէ ենթադրել, որ դրանք որոշակիորեն ուղղորդվել կամ կառավարվել են նույն կենտրոնից, հնարավոր է նաեւ՝ կենտրոններից։

Այդ կենտրոնը կամ կենտրոններն առնչվում են ռոբերտքոչարյանական ու սերժսարգսյանական շրջանակներին, որոնք ինչքան էլ լինեն տարասեռ, իրար հետ ունենան որոշակի տարաձայնություններ, չպարզված խնդիրներ, քաղաքական տարբեր դիրքավորումներ ու նպատակներ, այնուամենայնիվ, ընդհանրություններ ունեն ու միասնական են մեկ հարցում՝ ակնհայտ թշնամական վերաբերմունք Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու դրա արդյունքում ձեւավորված իշխանությանը։

Այս վերջին օրերին կարծես փորձ է կատարվում հակաիշխանական տարանջատ գործողություններին ու պայքարի օջախներին հաղորդել միասնական պայքարի բնույթ՝ ինչպես կազմակերպչական, այնպես էլ գաղափարական առումով։

Մեկ գաղափարի՝ պահպանողականության ու ազգայինի դրոշի տակ են հավաքվել նախկին իշխանության ու դրանց հետ փոխկապակցված շրջանակները՝ քոչարյանականներ, Սերժ Սարգսյանի կողմնակից հանրապետականներ, դաշնակցականներ, որոնք լայն քարոզչություն են տանում, թե Հայաստանի իշխանությունը վարում է ապազգային, ազգային արժեքներին դեմ քաղաքականոււթյուն։

Նրանք նաեւ այն դավադրապաշտական միտքն են զարգացնում, թե իբր Հայաստանի իշխանությունն այդ՝ իրենց բնորոշմամբ «ապազգային» քաղաքականությունն իրականացնում է արեւմտյան որոշակի կենտրոնների հրահանգավորմամբ ու պարտադրմամբ, ձեռաց հետ էլ վերստին ասպարեզ են նետում հայկական հեղափոխության արեւմտյան կամ, այսպես ասած, «սորոսական» ծագման մասին թեզը, ինչը ոչ այլ ինչ է, քան անարգանք մեկուկես տարի առաջ փողոցներ դուրս եկած հարյուր հազարավոր հայ մարդկանց հասցեին։

Ըստ էության, նախկինները գտել են հայ հանրության համար շատ զգայուն թեմաներ ու ասելիք եւ փորձում են դրանց քողի տակ հարվածներ հասցնել իշխանությանն ու առաջ տանել իրենց պայքարը։

Այդ քողը նախկիններն օգտագործել են նաեւ իրենց իշխանության տարիներին եւ չեն խորշել հայրենասիրության, ազգասիրության, ազգային արժեքների պահպանման մասին կուրծք ծեծելով հանդերձ՝ թալանել երկիրը, կոռուպցիոն ցանցեր հյուսել, անօրինականություններ անել, ընտրություններ կեղծել, բանակի համար նախատեսված միջոցներ մսխել։ Այս շարքը կարելի է անվերջ շարունայկել։

Նախկինների այդ «հայրենասիրական» գործողություններին մեր հանրությունը շատ լավ ծանոթ է։ Եւ պատահական չէ, որ այսօր էլ հանրության մեծ մասը չի հավատում նրանց ազգասիրական կուրծքծեծոցներին ու պաթոսային հռետորաբանությանը, եթե անգամ նրանց ասելիքում կարող են լինել օբյեկտիվ ու դրական պահեր։

Օրինակ, այս օրերին դաշնակցականներն ու հանրապետականներն աղմկոււմ են կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության հեղինակած օրենքի նախագծի ու դրա դրույթներից մեկի դեմ, որով նախատեսվում է բուհերի ոչ մասնագիտական բաժիններում հայոց լեզու, գրականություն եւ հայ ժողովրդի պատմություն առարկաները դարձնել ոչ պարտադիր եւ դրանց դասավանդման պահանջը վերապահել բուհերին։

Սա, անշուշտ, խիստ մասնագիտական հարց է ու վերաբերում է դպրոցական եւ բուհական համակարգերի կրթական ու ծրագրային իրողություններին ու որակին, որոնք տարիներ շարունակ եղել ու կան շատ ցածր մակարդակում։ Դաշնակցականների ընդդիմախոսներն հիշեցնում են, որ այդ «որակը» տվել են հենց դաշնակցական նախարարները, որոնք պատասխանատու են Հայաստանի դպրոցական ու բուհական համակարգերի՝ ներկայիս անմխիթար վիճակի համար։

Հիշատակելի է նաեւ, որ հայոց լեզվի, հայապահպանության դիրքերից հանդես եկող դաշնակցական նախարարի օրոք էր ժամանակին ծրագրավորվել օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնությունը, ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու նախագիծը, որոնք բնավ համահունչ չեն ազգային արժեքների գաղափարաբանությանը։ Էլ չասած՝ դաշնակցական ու հանրապետական նախարարների օրոք դպրոցներում ու բուհերում մեծ ծաղկում ապրած կոռուպցիային եւ այդ համակարգրի համատարած կուսակցականացման երեւույթներին, որոնք մեծ հարվածներ են հասցրել այս ոլորտներին։ Այսպիսի գործունեությունը եւս որեւէ ընդհանրություն չունի հայրենասիրության, ազգապահպանության ու ազգային արժեքների հետ։

Այս ամենով հանդերձ, պետք է նկատել, որ մի շարք խնդիրների շուրջ բարձրացված հանրային որոշակի դժգոհությունից ու բողոքի ցույցերից իշխանությունը պետք է ինչ-ինչ հետեւություններ անի ու դրանք հաշվի առնի կրթական ոլորտում բարեփոխումներ կատարելիս։

Հ. Կիրակոսյան

©progressgyumri.am Armenian News/Analyses: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

 

 

 

 

Comments Are Closed!!!