Շաբաթ օրը «Գյումրու Առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ն ամփոփեց ու ներկայացրեց իր «Երկխոսություն` հանուն քաղաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակում կատարած աշխատանքների արդյունքները: Հաշվետվությունների հրապարակմանը թեեւ տեղեկացված եղել էին Գյումրու Ավագանու 5 անդամ, սակայն ներկա էր միայն Լեւոն Բարսեղյանը, իսկ քաղաքապետարանի աշխատակազմի միակ ներկայացուցիչը ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետի տեղակալ Մկրտիչ Ճարտարյանն էր:
Ծրագիրը, որը ֆինանսավորվել է «Քաունթերփարթ ինտերնեշնլ Հայաստանի» եւ ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության կողմից, Գյումրիում իրականացվել է մայիսից եւ շարունակվել մինչեւ հոկտեմբերի վերջ: Նպատակն է եղել բարձրացնել Գյումրու հասարակության տեղեկացվածության մակարդակը, ապահովել ՏԻՄ գործունեության թափանցիկ կառավարումն ու հրապարակայնությունը: Ծրագրի շրջանակում անցկացվել են ավագանու որոշումների, համայնքի բյուջեի, քառամյա զարգացման ծրագրի դիտարկում, վերլուծություն: Ստեղծվել է կազմակերպության կայքը` progressgyumri.am, որի օգնությամբ էլ իրականացվել է ավագանու 3 նիստերի ուղիղ հեռարձակում, կատարվել են հանրային քննարկում, հեռուսատաքննարկումներ, համայնքի բյուջեի հետազոտություն եւ այլն:
Ծրագրի փորձագետ Ղարիբ Հարությունյանը վերլուծությունների արդյունքում պարզել է, որ 2013թ-ի Գյումրու բյուջետային ուղերձը պարունակում է բավական մանրամասն տեղեկատվություն բյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ, սակայն ուղերձում ներառված չեն գործող օրենսդրությամբ պահանջվող որոշակի տեղեկություններ:
Համայնքի 2013-ի բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշների վերլուծությունները ցույց են տվել, որ ընդհանուր եկամուտների կատարողական ցուցանիշը 2013-ի առաջին կիսամյակի համար կազմել է 47, 6 տոկոս, որից վարչական բյուջեի եկամուտների գծով` 47,5 տոկոս, իսկ ֆոնդային բյուջեի գծով` 50 տոկոս: Ամենաբարձր կատարողական է ապահովվել շենքերի եւ շինությունների համար գույքահարկի գծով` 61 տոկոս, իսկ ամենացածրը` վարչական գանձումների գծով` 39,6 տոկոս: Համայնքի բյուջեի ընդահանուր ծախսերը 2012-ի նկատմամբ պլանավորվել են 0,06 տոկոսով ավելի, վարչական բյուջեի ծախսերը` 0,07 տոկոսով ավելի, իսկ ֆոնդային բյուջեի ծախսերը պլանավորվել են 0,07 տոկոսով պակաս:
Ընդհանուր առմամբ` 2012-ի հետ համանման ցուցանիշների համեմատական վերլուծությունները ցույց են տվել, որ ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային ցուցանիշների կառուցվածքի առումով առկա է որոշակի առաջընթաց, սակայն բյուջետային գործընթացի իրականացման վերաբերյալ ՀԿ-ն առաջարկությունների փաթեթ է ներկայացրել` իրականացնել նմանատիպ հետազոտությունների 2013-ի փաստացի տարեկան կատարողական ցուցանիշների հիման վրա, միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա համայնքի բյուջեի վարչական եւ ֆոնդային մասերի օպտիմալ հարաբերակցություն վերլուծություն, արդյունավետ պլանավորում եւ այլն:
ՀԿ-ն առաջարկությունների փաթեթ է ներկայացրել նաեւ սոցիալապես անապահով անձանց դրամական օգնության տրամադրման չափորոշիչների վերաբերյալ: Կազմակերպությունն առաջարկել է սոցիալապես անապահովության գնահատման սանդղակ: Խնդիրն այն է, որ կազմակերպությունը մայիսից գրավոր հարցումներ է ուղարկել Գյումրու քաղաքապետարան` այդ հարցումների թվում նաեւ խնդրելով սոցիալապես անապահով խավին դրամական օգնությունների վճարված ցուցակների պատճեներն ու այդ անձանց տրամադրման չափորոշիչները, սակայն Գյումրու քաղաքապետարանը նամակներին պատասխանել է ոչ լիարժեք. տրամադրվել է միայն 2013թ-ի առաջին կիսամյակում սոցիալապես անապահով խավին տրամադրված գումարի չափը, չեն նշվել դրամական օգնության տրամադրման հստակ չափորոշիչները: Հանրային խորհրդի կազմում ընդգրկված ՀԿ-ների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 14 քաղաքացիներ միաժամանակ դրամական աջակցություն են ստացել եւ Շիրակի մարզպետարանից, եւ Գյումրու քաղաքապետարանից:
ՀԿ-ն հղում է կատարել նաեւ «Ասպարեզ» օրաթերթում հրապարակված այն հետաքննություններին, որոնց արդյունքներում բացահայտվել էին, մասնավորապես, այն, որ քաղաքապետարանից դրամական աջակցություն են ստացել նաեւ քաղաքապետարանի աշխատակցիները, այդ թվում` քաղաքացիները օրաթերթի թղթակցին օգնություն ստանալու վերաբերյալ տվել են ոչ հստակ պատասխաներ: Եւ հաշվի առնելով, որ Գյումրու Ավագանու որոշումներով հաստատված օգնության տրամադրման հստակ չափորոշիչներ չկան, կազմակերպությունն ներկայացրել է սոցիալապես անապահովության գնահատման սանդղակ:
Առաջարկությունների փաթեթները, ինչպես նշեց ծրագրի ղեկավար Հասմիկ Մխիթարյանը, ներկայացնելու են Գյումրու քաղաքապետին ու Ավագանու անդամներին:
Հաշվետվության ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ քաղաքապետարանի հաստիքացուցակներին, աշխատակիցների թվի եւ այլ հարցերի: