Լրահոս

Մեկնարկել է «Ռոբոտների հաքաթոն»-ը

Մարտի 17-ին տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնած
«Ռոբոտների հաքաթոն»-ի պաշտոնական բացման արարողությունը։ Եռօրյա միջոցառման նպատակն է խթանել
ռոբոտաշինության, ծրագրավորման և մեխատրոնիկայի ոլորտներում երիտասարդ մասնագետների հմտությունների
զարգացումը, ինչպես նաև ձևավորել նորարարական մտածողություն և խրախուսել թիմային աշխատանքը։

Մասնակիցներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝
ընդգծելով միջոցառման կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և նորարարական
լուծումների կյանքի կոչման համատեքստում։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների
ներուժի բացահայտմանը և ստեղծում հարթակ՝ գիտելիքն ու գաղափարները գործնական արդյունքների վերածելու համար։
Անդրադառնալով աշխատաշուկայի ժամանակակից միտումներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ արհեստական
բանականության դարաշրջանում միայն ծրագրավորման պարզ հմտություններն այլևս բավարար չեն։

Այսօր առավել կարևոր են ճարտարագիտական հիմնարար գիտելիքները, մաթեմատիկայի և ֆիզիկայի խորքային իմացությունը։ Նա նաև ընդգծել է, որ նմանօրինակ միջոցառումները հիանալի հնարավորություն են այդ կարողությունները զարգացնելու, ամուր
հիմքեր դնելու ապագա խոշոր նախագծերի իրականացման և մասնագիտական համագործակցության ձևավորման համար։
Միջոցառմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 75 թիմ, որոնցից գնահատման հանձնաժողովի կողմից իրականացված
ուսումնասիրության արդյունքում ընտրվել է 36 թիմ՝ Երևանից ու Հայաստանի բոլոր մարզերից։

Հաքաթոնի ընթացքում մասնակիցներն աշխատելու են տարբեր ինժեներական խնդիրների լուծման ուղղությամբ՝
առաջարկելով նորարարական և կիրառելի գաղափարներ։  Թիմերի աշխատանքները գնահատելու են ոլորտի առաջատար
մասնագետները։ Մասնակիցների հետ կաշխատեն նաև փորձառու մենթորներ՝ աջակցելով գաղափարների զարգացմանն ու
դրանց տեխնիկական իրագործմանը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Կենսաթոշակները Հայաստանում անցնում են ամբողջությամբ անկանխիկ համակարգի

Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում բացառապես անկանխիկ եղանակով վճարելու մասին ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ։

Ձեր բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://online.ssa.am/index.php?r=pension-payer%2Findex և լրացնել Ձեր ՀԾՀ համարը (ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը) կամ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները համապատասխան դաշտերում, այնուհետ սեղմել «Որոնել» ստեղնը։

 Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները կվճարվեն արդեն իսկ բարձրացված չափերով, իսկ անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվող 20% հետվճարի արդյունքում կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ ևս 10,000 դրամով։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ղարաբաղից տեղահանվածները կարող են մինչև 2 մլն դրամ աջակցություն ստանալ ձեռնարկատիրության համար

Ղարաբաղից տեղահանված անձինք ձեռնարկատիրական գործունեություն սկսելու նպատակով կարող են ստանալ պետական աջակցություն։

Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում և նշում կատարել ծրագրում ընդգրկվելու ցանկության մասին։

Ծրագրի շրջանակում տրամադրվում է բիզնես ուսուցման աջակցություն, ուսուցման ավարտին մշակված և դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհ, ինչպես նաև առնվազն 12 ամիս ժամետով բիզնեսի ուղեկցման աջակցություն։

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար դրամաշնորհը տրամադրվում է գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը։

Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո փոխանցվում է դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը։ Գումարի մնացած մասը փոխանցվում է շահառուին՝ գործունեության իրականացման մեկ տարին լրանալուց հետո։

Ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է 3,000,000 դրամ, տրամադրվում է նաև հիմնական միջոցի ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1,000,000 դրամի չափով։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Գյումրու ավագանու թեժ նիստ․ բյուջեի կատարողական, ճանապարհների խնդիրներ և շների ապաստանի ծրագիր

Գյումրու ավագանու հերթական նիստն անցել է թեժ քննարկումների մթնոլորտում։ Նիստի ընթացքում ներկայացվել է 2025 թվականի համայնքային բյուջեի կատարողականը, ըստ որի՝ սեփական եկամուտների կատարողականը կազմել է շուրջ 95.2 տոկոս։ Միևնույն ժամանակ քննարկումները չեն սահմանափակվել միայն բյուջեի հարցով։ Ավագանու անդամները անդրադարձել են նաև քաղաքի ճանապարհների վիճակին և փոսալցման աշխատանքների ուշացմանը, ինչպես նաև թափառող շների ապաստանի կառուցման ծրագրին։ Քննարկումների ընթացքում նշվել է, որ քաղաքի մի շարք փողոցներում ճանապարհների վիճակը շարունակում է անհանգստացնել բնակիչներին, և անհրաժեշտ է արագացնել վերանորոգման աշխատանքները։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև թափառող կենդանիների ապաստանի կառուցման ծրագրին։ Նշվել է, որ ծրագրի իրականացման համար նախատեսվում է շուրջ 80 միլիոն դրամ պետական աջակցություն, ինչպես նաև 24 միլիոն դրամ համայնքային բյուջեից։ Սակայն, հայտարարված մրցույթներին շինարարական ընկերությունների մասնակցության պակասը դարձել է քննարկումների թեմա։ Նիստի ընթացքում հնչել են նաև կոշտ արձագանքներ և փոխադարձ քննադատություններ ավագանու անդամների միջև, ինչի արդյունքում քննարկումները մի քանի անգամ անցել են լարված մթնոլորտում։

Քննարկման ավարտին ավագանու անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկները՝ համայնքային ծրագրերի արդյունավետ իրականացման և քաղաքային խնդիրների լուծման ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու նիստերում վերջին շրջանում հաճախ են քննարկվում ինչպես քաղաքային ենթակառուցվածքների խնդիրները, այնպես էլ համայնքային ծրագրերի իրականացման ընթացքը։ Քաղաքի ճանապարհների վիճակը և թափառող կենդանիների խնդիրը շարունակում են մնալ բնակիչների կողմից հաճախ բարձրացվող հարցերից։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Գյումրիում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

⭕️ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ետար Գալոյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։

❗️ Մասնավորապես՝

➡️ արտադրական շինությունները կառուցված չեն եղել այնպես, որ բացառվեն պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց-խաչաձևվող հոսքերը,

➡️ պատերի և հատակների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

➡️ առաստաղը եղել է ոչ նորոգ վիճակում, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն։

❌ Հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ընտրական գործընթացներին ապօրինի ազդեցության դեպքով հաղորդում է ներկայացվել ՔԿ

ՆԳՆ ոստիկանությունն անդրադարձել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության՝ այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ տարածած հայտարարությանը ու տեղեկացրել, որ այդ առնչությամբ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ «ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է տեղեկատվություն այն մասին, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։

Տեղեկատվության հիման վրա՝ ՆԳՆ ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում՝ նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։ ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է, որ ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։ Կոչ ենք անում լինել զգոն, իսկ նմանատիպ դեպքերի մասին տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես դիմել ՆԳՆ Ոստիկանություն՝ զանգահարելով 112 կամ տեղեկատվությունն ուղարկելով mia@gov.am էլ․ հասցեին, ինչպես նաև տեղեկատվություն կարող եք փոխանցել azdararir.am հարթակի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

2025-ի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2.398 քրեական վարույթ. ՔԿ

Հաշվետու ժամանակահատվածում 380 քրեական վարույթ՝ 388 անձի  վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 405 քրեական վարույթ՝ 416 անձի վերաբերյալ), ևս 7 բժշկական հարկադրանքի վարույթ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան (2024-ին՝ 4), 972-ը կարճվել է (2024-ին՝ 735), որից 887-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 663), իսկ 85-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 72), 284-ը` միացվել է (2024-ին՝ 235), 32 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 28), 93-ը հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 232), 630-ը փոխանցվել է 2026 թվական (2025-ին՝ 568):

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Նախաքննական մարմինը փետրվարի 24-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

«Դատախազը Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդել): Խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել հետախուզում»,- 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանից «Լուրերին» հայտնել են, որ նույն օրը դատարանը, մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով, բավարարել է այն և կիրառել կալանքը: Ալեքսանդր Սարգսյանին հայտնաբերելու և Հայաստանի իրավասության ներքո գտնվելու դեպքում նրա կալանքի հարցը դատարանը կրկին կքննարկի։

Ըստ Քննչական կոմիտեի՝ եղբայրներ Ալեքսանդր և Լևոն Սարգսյանների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակությանը դրդելու հոդվածով:

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը նույնպես հետախուզման մեջ է, նրա նկատմամբ այլ քրեական վարույթով կա կալանքի որոշում:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Նավթի գինը գերազանցել է 100 դոլարը

Նավթի համաշխարհային գները 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել են մեկ բարելի համար 100 դոլարը։ Սա տեղի է ունեցել ՝ ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության սրացման և Հորմուզի նեղուցով մատակարարումների երկարաժամկետ խափանման վախերի ֆոնին։

Հանգստյան օրերին ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի վրա նոր ալիքներով ավիահարվածներ են հասցրել՝ խոցելով մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ նավթապահեստներ։

Էներգակիրների մատակարարումների լուրջ խափանումները սպառնում են գների աճով ամբողջ աշխարհի սպառողների և բիզնեսի համար։

Երկուշաբթի առավոտյան Ասիայում Brent տեսակի նավթը թանկացել է մոտ 15,5%-ով՝ հասնելով 107,16 դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ ԱՄՆ-ի Nymex Light Sweet նավթը բարձրացել է ավելի քան 17%-ով՝ դառնալով 106,77 դոլար։

Շուկայի մասնակիցներից շատերը կանխատեսում էին, որ այս շաբաթ նավթի գինը կհասնի 100 դոլարի նշագծին։

Գնի 10%-անոց աճը տևել է ընդամենը մոտ մեկ րոպե, իսկ հաջորդ 15 րոպեների ընթացքում Ասիայում գինը բարձրացել է ևս 10%-ով։

Անցյալ շաբաթ շուկաները համեմատաբար հանգիստ էին, չնայած որ Պարսից ծոցում միլիոնավոր բարել նավթ և հեղուկ բնական գազ փաստացի արգելափակվել են Հորմուզի նեղուցով անցման խնդիրների պատճառով։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5 միլիարդ 450 միլիոն 494 հազար 148 դրամի գույք և դրամական միջոց

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը, ներկայացնելով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից 2025 թվականին իրականացված աշխատանքները, ընդգծել է, որ Վարչությունը միայն 2025 թվականին նախաձեռնել է 157 ուսումնասիրություն, դատարան է ներկայացրել 42 հայցադիմում: Այդ հայցադիմումներից ներկայում քննվող 38-ով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձանցում մասնակցություն: 38 հայցերով դրամական պահանջը 31 միլիարդ 540 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր հայցագինը՝ 35 միլիարդ 993 միլիոն դրամ:

Էդգար Արսենյանի խոսքով՝ 2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձման է ենթակա 87 միլիոն 622 հազար դրամ. 87 միլիոն 622 հազար դրամից 68 միլիոն 811 հազար դրամը բռնագանձվել է:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորման օրվանից (2020 թվականի սեպտեմբերի 3) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է 758 ուսումնասիրություն:

2026 թվականի մարտի 1-ի դրությամբ, դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166 է, որոնց ընդհանուր հայցագինը 612 միլիարդ 592 միլիոն 172 հազար դրամ է: Այդ հայցերով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1568 անշարժ գույք, 356 շարժական գույք, 467 իրավաբանական անձանցում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է 530 միլիարդ 697 միլիոն 870 հազար դրամ: Այս թիվն ունի աճման միտում՝ պայմանավորված նրանով, որ ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքներն են պարզված, հայտնի չեն նաև իրավաբանական անձանցում մասնակցության արժեքները:

Վարչության՝ 2020-2025 թվականների աշխատանքները ամփոփելով նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով և հաշտության 9 համաձայնություններով՝ այս պահի դրությամբ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 միլիարդ 411 միլիոն 112 հազար 500 դրամ, 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 միլիոն 100 հազար դրամ և 1 միլիարդ 13 միլիոն 281 հազար դրամ:

 Այսպիսով, միայն  Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5 միլիարդ 450 միլիոն 494 հազար 148 դրամի գույք և դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com