Լրահոս

Շոգ և սակավատեղում օգոստոս է սպասվում

Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15… 16.7°C է, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում` 25…26°C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է 41…43,7°C (43,7°C – 2011թ. Մեղրի): Միջինը 25-26 օր ցերեկային ջերմաստիճանը լինում է 30°C-ից բարձր, նվազագույն ջերմաստիճանը չի իջնում 8…11°C-ից ցածր, մինչև ամառվա վերջը պահպանվում է շոգ և չոր եղանակը: Փոքր ինչ ցածր ջերմաստիճան է գրանցվում Տավուշում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում (միջինը` 18…21°C, առավելագույնը` 37…39°C): Հարմարավետ պայմաններ են դիտվում Լոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում (միջին ջերմաստիճանը` 15…18°C), իսկ oգոստոսի երկրորդ տասնօրյակում միջին օրական ջերմաստիճանը իջնում է մինչև 15°C, որը նշանակում է ամռան ավարտ և աշնան սկիզբ, այստեղ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 1941թ. իջել է մինչև -2…-3°C:
Ամենաշոգ օգոստոսներ դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2011, 2015, 2017թթ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով:
Ամենահով օգոստոսներ դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով:
Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում`միջինը կազմում է 70-75%, այն բավական ցածր է Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում` 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է` պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ:
Հանրապետության տարածքում օգոստոսին տեղումների քանակը միջինը կազմում է 34մմ, այսինքն, տարեկան տեղումների 5%: Տեղումները բաշխվում են շատ անհավասարաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում, Տավուշում` 40-60մմ, նվազագույնը` Արարատի, Արմավիրի մարզերում` 6-11մմ:
Տարիների 20%-ի ընթացքում Արարատյան դաշտում և Երևանում տեղումներ չեն դիտվել, բայց եղել են տարիներ, երբ այստեղ դրանց քանակը մի քանի անգամ գերազանցել է նորման: Տեղումներով օրերի թիվը ևս բավականին անհամաչափ է բաշխված, հանրապետության տարածքում` 7-11 օր, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց Ձորում` 1-4 օր:
Ամպրոպային գործունեությունը հանրապետության հյուսիսային կեսում հաճախակի է՝ միջինը 7-10 օր, առավելագույն` 15-21օր, մնացած շրջաններում որոշակիորեն պակասում է, միջինը 3-4 օր:Կարկուտ դիտվում է ոչ ամեն տարի, առանձին տարիներ 4-5 օր կարող է դիտվել կարկուտ:

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 2-3 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս։
Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։

august-2025

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Հաշվետվություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին ուղղված ծրագրերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է հաշվետվություն՝ 2023 թվականից մինչ այժմ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղված ծրագրերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ։ Ըստ այդմ, 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված  անձանց կարիքների հասցեագրման և աջակցության նպատակով՝ ՀՀ Կառավարությունն իրականացրել և շարունակում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր։

Մասնավորապես՝   ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ 100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ․ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի 1975 Լ ՈՐՈՇՈՒՄ) Աջակցության չափը՝ միանվագ 100,000 դրամ, Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2023 թ․ հոկտեմբեր-2024 թ․ նոյեմբեր, Շահառուների թիվը՝ շուրջ 114000 անձ, Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 11,4 մլրդ դրամ։ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԿԱՄՍՅԱ 50 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ  9-Ի 1957 Լ ՈՐՈՇՈՒՄ) Աջակցության չափը՝ ամսական 50,000 դրամ, Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր, Շահառուների թիվը՝ միջինում ամսական շուրջ 95000 անձ, Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 8,5 մլրդ դրամ, Գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված գումար՝ շուրջ 1 մլրդ դրամ։

LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի 1763 Լ ՈՐՈՇՈՒՄ)  Աջակցության չափը՝ 40,000+10,000 դրամ․ 40,000 դրամ՝ վարձակալության, 10,000 դրամ՝ կոմունալ ծախսերի հատուցման համար, Ծրագրի իրականացման ժամկետը՝ 18 ամիս՝ 2023 թ․ հոկտեմբեր – 2025 թ․ մարտ, Շահառուների թիվը՝ միջինում ամսական շուրջ 104000 անձ, Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2023-25 թթ․ համար՝ շուրջ 85 մլրդ դրամ, Գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված գումար՝ շուրջ 6 մլրդ դրամ։

LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի 1833 Լ ՈՐՈՇՈՒՄ)  Աջակցության չափը՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40,000 դրամ, 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30,000 դրամ, Ծրագրի իրականացման ժամկետը՝ 9 ամիս՝ 2025 թվականի ապրիլ-դեկտեմբեր, Շահառուների թիվը՝ միջին ամսական շուրջ 79600 հազար անձ, Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2025 թ․ համար՝ շուրջ 9,5 մլրդ դրամ։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 Թ․ ԱՊՐԻԼԻ 11-Ի 417 Լ ՈՐՈՇՈՒՄ)  Աջակցության չափը՝ ընտանիքի առաջին անդամի համար՝ 40,000 դրամ, սկսած ընտանիքի երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10,000 դրամ, Ծրագրի իրականացման ժամկետը՝ 7 ամիս՝ 2025 թվականի հունիս-դեկտեմբեր,   Շահառուների թիվը՝  31.07․2025 թ․ դրությամբ դիմում է ներկայացրել 15,100 ընտանիք (ներկայացված տվյալները ստուգումների փուլում են)։

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի 57 Լ ՈՐՈՇՈՒՄ)  Աջակցության չափը։ Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում՝ շահառուին հնարավորություն է տրվում անցնել մինչև 6 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում։ Այս դեպքում՝ պետության կողմից փոխհատուցվում է շահառուի ուսման վարձը՝ ամսական 50,000 դրամի չափով, տրամադրվում է կրթաթոշակ՝ 50,000 դրամի չափով, ինչպես նաև տրվում է հարկերի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ երեք ամիս ժամկետով։ Երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ իրականացվում է գործատուի մոտ եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում։ Այս դեպքում՝ առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում գործատուի և շահառուի միջև, որից հետո պետության կողմից գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ ամսական 165,000 դրամի չափով, ամսական կտրվածքով՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը: Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպումից հետո երեք ամիս ժամկետով ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար առավելագույնը 50,000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը փոխհատուցելու համար:  Երրորդ բաղադրիչի շրջանակում առաջին երկու բաղադրիչները կազմակերպվում են համատեղ:  Շահառուն ընդգրկվում է մինչև վեց ամիս տևողությամբ իրականացվող ուսուցման համապատասխան դասընթացում՝ ստանալով առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցում և ևս 50,000 դրամ  կրթաթոշակ: Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև  կնքվում է առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր: Առաջին 3 ամսվա ընթացքում իրականացում է աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար ամսական 165,000 դրամ:  Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով (ոչ ավելի, քան  3 ամիս ժամկետով)` շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը  փոխհատուցելու համար:

Ծրագրի իրականացման ժամկետը՝ շարունակական՝ 2024 թվականից, Շահառուների թիվը՝ ավելի քան 2300 անձ, Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2024 թ․՝ 895 մլն 293 հազար դրամ (փաստացի), 2025 թ․՝ 873 մլն 150 հազար դրամ։ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄ)  Աջակցության չափը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3-ից 5 մլն դրամ՝ կախված տան կամ բնակարանի ձեռքբերման կամ կառուցման վայրից, Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2024-2029 թթ ․ Շահառուների թիվը՝  տրամադրվել է 2,180 հավաստագիր, իրացվել՝ 514 (31․07․2025թ․), Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 800 մլն դրամ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, ինչպես նաև ՀՀ վարչապետին հատկացված ծառայողական առանձնատնից բացահայտ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով տարատեսակ գույք, ոսկյա զարդեր, այդ թվում՝ դրամական միջոցներ, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով հափշտակվել են կարևոր և պաշտոնական այլ փաստաթղթեր:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ հանցանքներ կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ վարույթն իրականացնող քննիչի կողմից 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ կառավարության շենքում գույքի վնասմամբ զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի ինքնությունը:

Ա.Կ.-ի, Հ.Թ.-ի, Հ.Ս.-ի, Վ.Ե.-ի, Վ.Գ.-ի և Յ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը), իսկ Կ.Վ.-ի նկատմամբ՝ 253-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կողոպուտը) և 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

7 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկում. «Հայփոստը» ահազանգում է

Կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկում հաճախորդների անձնական տվյալները կորզելու նպատակով: Այս մասին հայտնում է «Հայփոստը»՝ նշելով, որ ընկերությունն այս հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:

«Հորդորում ենք քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ինչ հեռախոսահամարից են ստանում տվյալ հաղորդագրությունը, ինչպես նաև կայքի հղմանը, որը կրկին ոչ պաշտոնական է:

Հարգելի հաճախորդներ, խնդրում ենք չվստահել կեղծ էջերին և որևէ անձնական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով:

Հավելենք, որ «Հայփոստի» հաճախորդներն առաքանու մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին փոստային բաժանմունքում է: Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել:

«Հայփոստի» ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից»,- ասված է հայտարարության մեջ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Դոլյա Վորովսկայա»-ի երգի արձանգանքներն ու պարզաբանումները

Երեկ համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, ֆեյսբուքյան իրենց էջերում անդրադարձել էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Շիրակի մարզպետն ու Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները, իսկ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը պաշտոնական պարզաբանում էր պահանջել Գյումրու քաղաքապետից՝ տեղի ունեցածը համարելով անթույլատրելի։

Պաշտոնական պարզաբանում եմ պահանջել՝ տեղի ունեցածը համարելով անթույլատրելի

Ի պատասխան հնչած երգի արձագանքներին, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանել է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է

Գյումրու քաղաքապետարանը պարզաբանել է

Այս մասին իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դարձյալ անդրադարձել է՝ որակելով այն հաքերների կողմից արված դիտավորյալ քայլ։

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս․Օ․-ի, բնապահպանության նախկին նախարար Ա.Մ.-ի և ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս․Օ․-ի, բնապահպանության նախկին նախարար Ա.Մ.-ի և ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Ս․Օ․-ն հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, 2021 թվականին ներկայացված գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի վերաբերյալ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում առկա Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքի և դրանում առկա շինությունների վերաբերյալ տեղեկությունները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Ս․Օ․-ն 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը և հիշյալ տարածքում իր ենթակայությամբ գործող՝ ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության նախկին պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ․-ի, ինչպես նաև այլ անձանց անմիջական մասնակցությամբ, առանց կառուցապատման իրավունքի, իր և իր ընտանիքի կարիքների համար կառուցել է ինքնակամ շինություններ, որոնց արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի նվազագույն շեմը։

Վերոհիշյալ ժամանակահատվածում նշված պաշտոնատար անձինք առանձնատան վերանորոգման և վերակառուցման աշխատանքների կատարմանը ներգրավել են իրենցից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի՝ Ա․Գ․-ի հետ փոխկապակցված նույն վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետի պաշտոնը զբաղեցրած Գ․Բ․-ի ընտանիքին պատկանող, շինարարական աշխատանքների իրականացմամբ զբաղվող ընկերությունը, որի կողմից իրականացված շուրջ 58 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքները պաշտոնատար անձանց պահանջով որպես առավելություն տրամադրվել է նրանց՝ իշխանական, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի և նրա հետ փոխկապակցված անձանց օգտին գործողություններ կատարելու համար:

Բացի այդ, ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ բնապահպանության նախկին նախարար Ա․Մ․-ն տեղեկացված լինելով, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը զավթված է պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից և հողատարածքի վրա արդեն իսկ ինքնակամ կառուցված են անօրինական շինություններ, դրանք քողարկելու և դրանց օրինական տեսք տալու համար, չարաշահելով իրենց ծառայողական լիազորությունները, կազմակերպել են հողամասի վարձակալության ձևական մրցույթ։

Ս․Օ․-ն «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող վերոհիշյալ հողատարածքն իր կողմից զավթված լինելու և դրա վրա առանց կառուցապատման իրավունքի ապօրինի շենք-շինությունները կառուցելու հանգամանքները, անշարժ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, ապօրինի գործարքում իր մասնակցությունը չբացահայտելու, այդպիսով գույքի իրական պատկանելությունը թաքցնելու և խեղաթյուրելու դիտավորությամբ, ինչպես նաև փաստացի իր կողմից զավթված հողատարածքը և դրա վրա կառուցված շինություններն օրինականացնելու նպատակով ապահովել է իր վարորդի մորաքրոջ որդու կողմից նշված հողամասի վարձակալության և կառուցապատման իրավունք ձեռք բերելու համար համապատասխան հայտի և կառուցապատման գործարար ծրագրի ներկայացումը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովին: Այնուհետև, նշված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմում գտնվող պաշտոնատար անձինք, խախտելով մրցույթի կարգը սահմանող՝ ՀՀ կառավարության որոշման պահանջները, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքի վերոնշյալ հողամասը վարձակալության և կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով տրամադրել են նշված անձին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպիսով, պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձ Ս․Օ․-ն շահադիտական և անձնական շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում հանձնարարել է իր ենթակա, ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա․Գ․-ին և այլ անձանց, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։

Միևնույն ժամանակ, նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի հանձնարարությամբ իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվել է առնվազն 13 մլն 120 հզր ՀՀ դրամ աշխատավարձ։

Այսպիսով, Ս․Օ․-ի՝ զբաղեցրած պաշտոնով և դիրքով պայմանավորված՝ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի, ինչպես նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների կողմից առհասարակ միջոցներ չեն ձեռնարկվել պետական սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, իրավախախտումներն արձանագրելու, օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, իրավախախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ.-ն, գործելով իր վերադասի՝ Ս.Օ.-ի հանձնարարությամբ, նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, 2010-2015 թվականների ընթացքում կազմակերպել և ապահովել է ինքնակամ զավթված, բնության հատուկ պահպանվող տարածքում առանձնապես խոշոր չափերով մի քանի շինություններից կազմված առանձնատան ինքնակամ կառուցումը, որի արդյունքում պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքն ավելացել է նրա օրինական եկամուտներն էականորեն գերազանցող չափով։

Այսպիսով, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ խաթարվել է ՀՀ պաշտպանության նախարարության և դրա ստորաբաժանում հանդիսացող՝ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության բնականոն գործունեությունը, հիշյալ պետական մարմնի և ստորաբաժանման մասնակցությամբ գնումների բնականոն ընթացքը, պաշտոնատար անձինք և պետական գնումների գործընթացներին մասնակցություն ունեցող կազմակերպությունները ներգրավվել են զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում ինքնակամ շինությունների  կառուցմանը, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը զրկվել է հիշյալ տարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից, ՀՀ ՊՆ ծառայողները ներգրավվել են ծառայության խնդրից չբխող գործառույթների իրականացմանը և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վերջիններիս որպես աշխատավարձ վճարվել է առանձնապես խոշոր չափերով գումար:

2025 թվականի հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազը քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացված առաջարկության հիման վրա ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել երկու միջնորդագիր՝ ութերորդ գումարման պատգամավորներ Ս.Օ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ հանրային  քրեական  հետապնդում  հարուցելուն համաձայնություն տալու մասին, որը 2025 թվականի հուլիսի 7-ին Ազգային ժողովում քվեարկության արդյունքում արժանացել է համաձայնության:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս․Օ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը), Ա․Գ․-ի նկատմամբ՝ 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), Լ․Բ․-ի նկատմամբ՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը), Ա․Մ․-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), Բ․Ղ․-ի և Է.Գ.-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):

6 անձի վերաբերյալ քրեական վարույթի մասն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Կումայրիի համայնքային ոստիկաններն ինքնաձիգ և զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 24-ին մի քաղաքացի զանգահարել է 911 ու հայտնել խանութի անվանում՝ նշելով, որ դրա մոտակայքում զենք-զինամթերքով պարկ է թողել։

Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ, պահեստատուփ՝ լիցքավորված 15 փամփուշտով և փամփշտային ժապավեն՝ 30 փամփուշտով։
Հիշեցնենք, որ զենք-զինամթերքի կամավոր հանձման դեպքում քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ջերմուկում դիրքի գրավման լուրը կեղծ է. ՀՀ ՊՆ

Ի պատասխան ԶԼՄ հարցումների

Մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը:

Հորդորում ենք զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց, հատկապես որ պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հունիսի կենսաթոշակների և նպաստների հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 335 հազար քաղաքացի. ԱՍՀՆ

Հունիս ամսվա տվյալներով՝ կենսաթոշակների և նպաստների հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 335 հազար քաղաքացի, իսկ հետվճարի միջին չափը կազմել է 4140 դրամ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:

Ծրագրի մեկնարկից մինչ օրս տրամադրված հետվճարը կազմել է շուրջ 24 մլրդ դրամ, իսկ անկանխիկ շրջանառության ծավալը՝ 258 մլրդ դրամ։

Նախարարությունից հիշեցնում են, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 6000 դրամը։

Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ բանկերի քարտապանները՝

 · «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ,

· «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ,

· «ԱյԴի բանկ» ՓԲԸ,

· «Արարատբանկ» ԲԲԸ,

· «Արդշինբանկ» ՓԲԸ,

· «Արցախ բանկ» ՓԲԸ,

· «Էվոկաբանկ» ՓԲԸ,

· «Ինեկոբանկ» ՓԲԸ,

· «Կոնվերս բանկ» ՓԲԸ,

· «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ,

· «Յունիբանկ» ԲԲԸ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Մշտադիտարկվում են մարզի մի քանի դպրոցներ

Քաղաքաշինական ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը շարունակում է շրջայցերը մարզի այն դպրոցներ, որոնք կառուցվում, նորոգվում և հիմնանորոգվում են պետական միջոցներով։ Պատասխանատուները եղել են Գյումրու մի շարք դպրոցներում, մասնավորապես, Գյումրու թիվ 32, 31, 20, 11 դպրոցներում։

Բոլոր դպրոցներում ընթացքի մեջ են նորոգման աշխատանքները, դրանք իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցի» հիմնանորոգման նպատակին նախատեսվել է 175 մլն 160 հազար դրամ, 214 մլն 620 հազար դրամի շրջանակներում էլ իրականացվում են «Գյումրու թիվ 31 հիմնական դպրոցի» վերանորոգման աշխատանքները։ «Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի» նորոգման ծրագրի արժեքը կազմել է 227 մլն 680 հազար դրամ։ Պատասխանատուները եղել են նաև «Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցում», որի վերանորոգման նպատակին պետական բյուջեից հատկացվել է 515 մլն 940 հազար դրամ։ Նախօրեին դիտարկվել է նաև Ամասիայի միջնակարգ դպրոցի նոր մեկնարկած աշխատանքների ընթացքը։ Շինաշխատանքների համար պետությունը հատկացրել է 2 մլրդ 45 մլն 313 հազար դրամ։ Աշխատանքներն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com