Լրահոս

Սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են

2025 թվականի հուլիսի 21-ին մի խումբ անձինք քննիչի և Ոստիկանության ծառայողների հետ գնացել են Շիրակի մարզում գտնվող Բ.Ք.-ի կողմից օգտագործվող ամառանոց՝ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համապատասխան գործողություններ կատարելու նպատակով:

Հասնելով հիշյալ ամառանոցի տարածք, Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն թշնամական հարաբերությունների մեջ գտնվելով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են գործողությունների կատարմանը, քարեր ու փայտեր են շպրտել նրանց ուղղությամբ: Այնուհետև, Բ.Ք.-ն Ք.Ք.-ի դրդմամբ՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, նստել է իրեն պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենան և վարել Ա.Ք.-ին պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, բախվել դրան, որից հետո շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, ավտոմեքենան անկանոն կերպով վարել է դեպի Ա.Ք.-ի ուղղությամբ, ում մոտ կանգնած են եղել մի խումբ անձինք և փաստացի իրական վտանգի տակ դնելով վերջիններիս կյանքը, փորձել է վրաերթի ենթարկել Ա.Ք.-ին, ինչը նրա կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել, քանի որ կանխվել է վերջիններիս կողմից ավտոմեքենայից խուսանավելու և Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Բ.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը), իսկ Ք.Ք.-ի նկատմամբ՝ 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձի դրդչությունը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի պահաբաժիններում իրականացվող ապօրինի ծառահատումների, փայտանյութի մթերման և վաճառքի մասին՝ անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, բանավոր ոչ իրավաչափ հանձնարարություններ է տվել այդ փաստերը հայտնաբերած անտառապետերին և անտառապահներին, որպեսզի վերջիններս չարձանագրեն ապօրինի ծառահատումների դեպքերը և դրանք թաքցնելու ուղղությամբ կատարեն որոշակի գործողություններ:

Արդյունքում, մասնաճյուղի ենթակայությամբ գործող պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել է 3221 տարբեր տեսակի ծառ, ինչը հայտնաբերվել է միայն վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից անտառտնտեսության մասնաճյուղի տարբեր պահաբաժիններում իրականացված ստուգման արդյունքում:

Մասնաճյուղի տնօրենի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 360 մլն 377 հզր 625 ՀՀ դրամի գույքային վնաս:

Հ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Նախաքննության ընթացքում պատճառված վնասից 21 մլն 111 հզր 587 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Հ.Ա.-ին պատկանող շարժական և անշարժ գույքերի վրա:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 22 միլիոն դրամ

Արարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է:

Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով իրենց կողմից կառավարվող կեղծ ներդրումային հարթակները՝ համակարգչային տարբեր ծրագրային ապահովումների, ցանցի կիրառմամբ հեռահար հասանելիություն են ստացել հիմնականում եվրոպական պետություններում բնակվող անձանց տարբեր հաշիվներին, բանկային հաշվեհամարներին և խնայողություններին, որոնցում ոչ օրինական հիմքով կատարել են փոփոխություններ:

Մասնավորապես՝  բանկային քարտերը կցել են տարբեր վիրտուալ՝ իրենց կողմից կառավարվող հարթակներին, ինչպես նաև դրանցում կատարել առկա տարբեր արժույթների, կրիպտոհաշիվների փոփոխություններ և փոխանցումներ՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները:

Կատարված հափշտակություններից հետո հանցավոր կազմակերպության անդամները ֆինանսական միջոցները փոխանցել են բազմաթիվ կրիպտոդրամապանակների և ՀՀ-ում գործող տարբեր կրիպտոարժույթների փոխակերպման կետեր փոխանցելով՝ կանխիկացրել են: Այնուհետև, կանխիկացված գումարն օգտագործել են հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձանց արտարժույթի տեսքով կանխիկ գումարներ բաժանելով, տարածքի վարձավճարներ հատկացնելով, ինչպես նաև այլ նպատակներով:

Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը)։

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի եռակողմ հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև.

«ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատում և առաջ են մղում իրենց գործընկերությունն առաջնորդների հանդիպման ժամանակ.

Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական միության և Հայաստանի միջև աճող գործընկերությունը վերահաստատելու և առաջ մղելու նպատակով: Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը ողջունեցին Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգը և իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում առաջնորդները ողջունեցին ԵՄ-ՀՀ Գործընկերության նոր օրակարգի տեքստի վերաբերյալ վերջերս ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, որը կարևոր հանգրվան է կապերի խորացման համատեղ հանձնառության համար: Նրանք նաև գոհունակությամբ նշեցին վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը և Հայաստանի` վերջերս ընդունված «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:

ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը՝ էական ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով: «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում, ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը։

2024 թվականի ապրիլին հայտարարված 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագիրը 50%-ով մեծացրեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը: Ներդրումները խթանելուն միտված 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային օգնությամբ և 70 միլիոն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորմամբ՝ այն շարունակում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ավելի սերտ ոլորտային համագործակցությանը և էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածներում ներդրումներին:

Այս համատեքստում, ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միտված տարածաշրջանային կապակցվածությանը և հաշտեցմանը: Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը նաև նշեցին Հայաստանի շարունակական ջանքերը՝ միտված Հարավային Կովկասում կայունության խթանմանը, մասնավորապես, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածության և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի միջոցով: Առաջնորդները նաև ընդգծեցին Հայաստանը ԵՄ տարածաշրջանային և տնտեսական նախաձեռնություններում, մասնավորապես, Սև ծովի ռազմավարության շրջանակներում, ներգրավելու հնարավորության կարևորությունը։

Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը շնորհակալություն հայտնեցին Հայաստանին` սերտ համագործակցության և պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար: Վարչապետ Փաշինյանի հետ միասին նրանք համաձայնեցին շարունակել համատեղ ջանքերն այդ ուղղությամբ։

Անվտանգության ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ տեղ գտավ քննարկումներում: Առաջնորդները ողջունեցին ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության խորհրդակցությունների մեկնարկը՝ ընդգծելով խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմակայունության նկատմամբ իրենց համատեղ հանձնառությունը:

Անդրադառնալով անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին և միջամտությանը, ապատեղեկատվությանը և կիբեռսպառնալիքներ, ԵՄ-ն առաջարկեց համագործակցել Հայաստանի հետ՝ գնահատելու նրա կարիքները, որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները և կիրառելու ԵՄ առկա գործիքները: Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարեց անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին։

ԵՄ առաջնորդները ողջունեցին այն փաստը, որ Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։

Վերջում առաջնորդները եզրակացրին, որ այսօրվա հանդիպումը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում և կոչ արեցին շարունակել առաջընթացն այս աշնանը կայանալիք ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստին»։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։

Իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ:

Այս պահին ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։

Նախաքննությունը շարունակվում է:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Մանրամասներ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:

Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:

Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:

Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները:

Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը երախտագիտություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ ջերմ հյուրընկալության և երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Զբոսաշրջության ներուժը մեծացնելուն ուղված ծրագիր մի քանի մարզերում

Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 Ծրագրի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել այստեղ ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։ Ընդհանուր արժեքը կազմում է 120 մլն 500 հազար եվրո, որից 96 մլն 400 հազար եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24 մլն 100 հազար եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։

 Ծրագիրը Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելու նպատակ ունի՝ երկրի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով։

Մասնավորապես, այն կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։

 Գյումրու կլաստերով՝ առաջարկվող ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի տեղական և մարզային մասնագիտական կրթության և ծառայությունների որակի կատարելագործման աջակցություն տրամադրել։

Հնարավոր միջոցառումները կարող են ներառել Գյումրու շուկայի վերականգնումը` շուկայի մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով, Գյուլբենկյան պատմական շենքի վերականգնումը և Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղի այդտեղ տեղակայելու հնարավորությունը, արհեստավորների դպրոցի ստեղծումը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Գյումրու փողոցաշինությունը դանդաղում է,փողոցները`քայքայվում»

«Գյումրու փողոցաշինությունը դանդաղում է,փողոցները`քայքայվում»
—————————————
ℹԳյումրեցիները շարունակում են դժգոհել քաղաքում ասֆալտապատման աշխատանքների ձգձգումից։ Դեռ 5 տարի առաջ հայտարարվեց, որ ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով 4 մլն եվրո կհատկացվի Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերի հիմնանորոգմանը։ Սակայն 2020-ից ի վեր Անի թաղամասում ասֆալտապատվել են միայն 3-րդ և 11-րդ փողոցները։ Մնացած փողոցներում անձրևին հաջորդում է ցեխը, շոգ օրերին՝ փոշու ամպերը։
Բնակիչների դժգոհությունը մեծ է հատկապես Շիրակացի փողոցի վիճակից։
———————————————-
📌Անձրևից հետո փողոցը վերածվում է ջրափոսերի, ինչը լուրջ դժվարություններ է առաջացնում թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։
📌Ե՞րբ կստանան գյումրեցիները խոստացված բարեկարգ փողոցները։
📌Ի՞նչ քայլեր են ծրագրվում կամ արդեն ձեռնարկվել։ Այս հարցերի պատասխանները կպարզենք «Երկխոսություն» մեդիա կենտրոնում։
—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Համազասպ Մարտիրոսյան – ՇՄ աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ
➡ Անդրանիկ Չադրյան – Գյումրու համայնքաապետարանի կոմունալ բաժնի պետի տեղակալ
➡ Սեյրան Մարտիրոսյան – Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի մարզային մասնաճյուղի ղեկավար
➡ Տիգրան Ղազարյան – Քաղաքաշինության Գյումրու տեսչության նախագահ
🔗Համակարգող՝ Հրաչ Սահակյան

page-10

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Մարզում սեփական եկամուտները կատարվել են 89,3%֊ով

Սեփական եկամուտների հավաքագրում, քաղաքաշինական, սուբվենցիոն ծրագրերի ընթացք ու վերահսկողություն, գյուղատնտեսական, ՏԻՄ լիազորությունների շրջանակում արված աշխատանքներ, վարժական հավաքների կազմակերպմանն առնչվող հարցեր․ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը։

Նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2025 թվականի առաջին կիսամյակի կատարմանը։ Ըստ մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի, հուլիսի 1-ի դրությամբ մարզում սեփական եկամուտները կատարվել են 89,3 %-ով։ Ամենացածրը անշարժ գույքի հարկն է հավաքագրվել, ամենաբարձրը կատարվել է տեղական տուրքը՝ 126.5 տոկոս։ ՀՀ պետական բյուջեով մարզի համայնքներին 2025-ի առաջին կիսամյակում նախատեսված 5 մլրդ 348 մլն դրամ «Դոտացիան» ամբողջությամբ ֆինանսավորվել է։ Մարզի համայնքներին բյուջեից 2025-ին «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով ՀՀ կառավարության 5 որոշումներով 13 ծրագրերի համար հատկացվել է 532 մլն 633 հազար դրամ։

«Համայնքների բնակիչների հետ անընդհատ աշխատանք է պետք տանել, որպեսզի գիտակցեն մի պարզ ճշմարտություն, որ համայնքներում տարված ցանկացած աշխատանք իրենց վճարած հարկերի շնորհիվ է լինելու։ Մենք հրաշագործներ չենք, այդ ամենն արվում է հարկերի հավաքագրման շնորհիվ։ Պետք է բնակիչներին ցույց տալ, որ այն գումարները, որ վճարում են, հետ է վերադառնում նորից իրենց և այդ պարագայում առավել հաճույքով կվճարեն։ Դպրոցների, մանկապարտեզների կառուցում, նորոգում, հիմնանորոգում, ճանապարհաշինություն՝ այն ծավալի աշխատանքները, որ այսօր մեր մարզում իրականացվում են՝ աննախադեպ է և վերջին տարիներին կրկնապատկվել է, մնում է մեր համայքնները ջանք չխնայեն այս առումով պարտականությունները պատշաճ կատարելու համար»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։

Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել են 2025-ին մարզում իրականացվելիք կապիտալ շինարարության ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։ Քաղաքաշինության, հողաշինության և եթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանը զեկույցում նշել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում իրականացվում են Քեթիի, Բյուրակնի, Բավրայի, Հայրենյացի, Գետափի կրթահամալիրների, Սարատակի, Ամասիայի, Ջրափիի, Մայիսյանի, Շիրակավանի, Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցների հիմքից կառուցման աշխատանքները։ Հիմնադրամի պատվիրատվությամբ ընթացքի մեջ են 9 դպրոցների վերանորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 2 մլրդ 18 մլն 634 հազար դրամ արժեքով։ 2025-ին կվերանորոգվեն ևս 18՝ Ազատանի, Աշոցքի, Արևշատի, Կառնուտի, Հառիճի, Հայկավանի, Լեռնակերտի, Նոր Կյանքի, Վահրամաբերդի Հ․ Մկրտչյանի անվան, Մուսայելյանի, Գյումրու թիվ 5, 7, 9, 19, 21, 30, 31 և 45 դպրոցները։ Մեկնարկել են Մարալիկ բնակավայրի 150 տեղ և Քարաբերդ բնակավայրի 50 տեղ հզորությամբ մանկապարտեզների կառուցման շինարարական աշխատանքները։

«Ծավալներով աննախադեպ շինարարական այս տարին մեզ համար կարևոր է վերահսկողության առումով, պետական հսկայական միջոցներ են ուղղվում մարզ՝ պետք է դրանց նպատակային օգտագործման համար բոլորիս ջանքերը միավորենք։ Շիրակի մարզպետի աշխատակազմը հետևողական է լինելու և պարտավորված է շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու։ Նորից շեշտեմ, որ Շիրակի մարզում արված ցանկացած շինարարություն մեր անմիջական վերահսկողության տակ է իրականացվելու անկախ նրանից, թե ում պատվիրատվությամբ է իրականացվելու։ Մեզ համար կարևորը որակով և ժամկետներում արված աշխատանքն է։ Եվս մեկ անգամ բոլոր շինարաներին խնդրում, հորդորում և պահանջում եմ լինել հետևողական։ Խոսելով տեխնիկական հսկողություն իրականացնողների մասին, ուզում եմ ասել, որ իրենց աշխատանքներում առկա են բացթողումներ, եթե իրենք աշխատանքները լիարժեք իրականացնեն այսօր՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները շինհրապարակներում չեն լինի, որպեսզի վերահսկեն աշխատանքները։ Քաղաքաշինական տեսչական մարմնին էլ կոչ եմ անում աշխատանքների ծավալներն ավելացել, քանի որ մարզում իրականացվող շինաշխատանքների ծավալները ևս կրկնապատկվել են։ Այն աշխատանքները, որոնք թերացումներով են լինելու, ավարտական ակտ չեն ստանալու, թե համայնքը, թե Կառավարությունը գումարները չեն տրամադրելու»,- նշել է Դավիթ Առուշանյանը։

2025-ին նախատեսված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին օրակարգային հաջորդ հարցով հանդես է եկել զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը՝ նշելով, որ 2025-ին ներկայացվել է 38 ծրագիր՝ 132 ենթածրագրերով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 11 մլրդ 959 մլն 530 հազար դրամ, Կառավարության համամասնությունը 56,6 տոկոս է։

«Սուբվենցիոն ծրագրերը պետության և համայնքի համատեղ ներդրումով իրականացվող են, այս աշխատանքներում ևս խիստ հետևողականություն եմ պահանջում բոլոր պատասխանատուներից, հետագա խնդիրներից խուսափելու համար պետք է այսօր լինել զգոն ու հոգացավ։ Որակի ու ժամկետների հարցում հանդուրժողականություն չի լինելու»,- հավաստել է Շիրակի մարզպետը։
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանն էլ անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին վերաբերող առանձին հարցերին և իրականացված աշխատանքներին՝ նշելով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի հրամանով հաստատված 2025-ի աշխատանքային ծրագրին համապատասխան տարվա ընթացքում մարզի 3 համայնքներում նախատեսված է ՏԻՄ սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն (Ամասիա՝ 2-րդ եռամսյակ, Արթիկ՝ 3-րդ եռամսյակ, Գյումրի՝ 4-րդ եռամսյակ): Ուսումնասիրվելու են համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման օրինականությունն ու արդյունավետությունը, համայնքի ղեկավարի լիազորություններն՝ օրենսդրությամբ վերապահված բոլոր բնագավառներում:

Կարևորելով համայնքապետարանների հետ համագործակցված աշխատանքն ու բոլոր համայնքների կողմից լիազորությունների պատշաճ կլատարումը՝ Շիրակի մարզպետը նշել է․ «Ցավոք մեր համայնքի ղեկավարներից մեկն այստեղ չէ, հուսամ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցները հրապարակումներից կլսեն մեր հորդորները թե շնարարական աշխատանքների հետ կապված, թե վերահկսողության և ընդհանրապես, մեր համայնքապետարաններից ոչ մի բանով չի տարբերվում Գյումրու համայնքապետարանը և այդ նույն հորդորներն ու պահանջներն ունենք իրենցից։ Քաղաքացիների խնդիրներն, ինչպես նաև շինաշխատանքների որակին հետևելը մեզ համար առաջնային են, առաջնային է համայնքների հոգսերի օր առաջ թեթևացումը, կյանքի որակի փոփոխությունը՝ այս դիտանկյունով աշխատանք պահանջվելու է նաև բոլոր համայնքներից»։

Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է գյուղատնտեսական աշխատանքներին և ոռոգման կազմակերպման ընթացքին։ Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի զեկույցի համաձայն, 2025-ին մշակվել է 11 հազար 144 հա աշնանացան հացահատիկ, գարնանացանը կազմել է 22 հազար 837 հա։ «Բուսաբուծության աջակցության» ծրագրից օգտվելու համար համայնքապետարան են դիմել 1983 շահառուներ։ Համայնքների կողմից ներկայումս ընթանում է համատարած մոնիթորինգի իրականացման աշխատանքներ։ Մարզպետի աշխատակազմի աշխատանքային խմբի կողմից Արթիկ և Անի համայնքներում ավարտվել են ընտրանքային մոնիթորինգի աշխատանքները, դիտարկվել են 202 շահառուների ցանքատարածություններ։ Ընտրանքային մոնիթորինգի աշխատանքեր առաջիկայում կիրականացվեն նաև Ախուրյան, Աշոցք և Ամասիա համայնքներում։ Ոռոգման սեզոնի ընթացքում ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով մարտ ամսից Շիրակի մայր ջրանցքով կատարվել է ջրի կուտակման աշխատանքներ Կառնուտի ջրամբարում։ Այս պահին մարզի ջրամբարներում առկա է բավականաչափ ջուր ոռոգման աշխատանքներն անխափան շարունակելու համար։

Մարզխորհրդի նիստի օրակարգային վերջին հարցն առնչվել է վարժական հավաքների կազմակերպմանն, ինչպես նաև 2025-ի ամառային զորակոչի ընթացքին։ Ըստ զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Մուշեղ Մարգարյանի զեկույցի, 2025 թվականին մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում անցկացված վարժական հավաքների շրջանակում հայտարարված զորակոչերին՝ մարզին ներկայացված պահանջարկը կատարվել է 100 տոկոսով։ 2025 թվականի ամառային զորակոչն ընթացքի մեջ է և ավարտվելու է հուլիսի 30-ին:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com