Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին արձագանքելուն և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և զարգացման ծրագրերին։ Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։
Քննարկվել են նաև տարբեր՝ այդ թվում, գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը։ Այդ համատեքստում, ընդգծվել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման կարևորությունը։
Զրուցակիցները կարևորել են բիզնես կապերի խորացումը և Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, ՀՀ–ԵՄ ռազմավարական օրակարգի առաջմղումը։ Նշվել է, որ ԵՄ աջակցությունը «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում արդեն նպաստել է հազարավոր ձեռնարկությունների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ Կապակցվածության գործընկերության շրջանակում իրականացվող նախաձեռնություններին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու ենթակառուցվածքային նախագծերի և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը։
Կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի ընթացիկ ծրագրերի իրականացումը և կքննարկի համագործակցության նոր ուղղությունները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Մի քանի օր է մնացել, որ պարզվի, թե ինչպիսին է լինելու Հայաստանի ապագան առաջիկա հինգ տարիներին։ Պարզվելու է, թե որ ուղղությամբ է գնալու երկիրը, ինչ քաղաքական-տնտեսական համակարգ է ունենալու ու ինչ է սպասվելու Հայաստանի քաղաքացիներին, որոնք մեկ ամիս շարունակ հետեւեցին նախընտրական քարոզարշավ կոչվող թատրոնին, որը տեղ-տեղ հիշեցնում էր կրկեսը։
Որքան Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավը մոտենում է եզրագծին, այնքան առավել ընդգծված է երեւում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքավորումը այս կամ այն դաշտում, առանձին կուսակցությունների՝ ընտրություններին մասնակցելու ներքին դրդապատճառները եւ ուղղակի կամ անուղղակի աղերսներն ավելի մեծ ու հիմնական ուժերի հետ։
Այդ բաշխվածության պատկերն առանձնակի ճշգրտությամբ է իր դրսեւորումը գտնում տարբեր ձեւաչափերով կազմակերպվող նախընտրական բանավեճերի ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ դրանք, այսպես ասած, աչքի են ընկնում շատ ցածր որակով, ավելի ճիշտ՝ անորակությամբ։ Խոսքը վերաբերում է ոչ թե բանավեճերի կազմակերպման որակին, այլ մասնակիցների ելույթային ու բանավիճային մակարդակին։
Ընտրություններին մասնակից 18 քաղաքական ուժերին (ի սկզբանե գրանցված 19 կուսակցություններից մնացել է 18-ը, քանի որ <Ալյանսը> դուրս է եկել պայքարից) կարելի է դասակարգել մի քանի սկզբունքներով․ աշխարհաքաղաքական դիրքավորում (արեմտամետ-ռուսամետ), իշխանական-ընդդիմադիր եւ այլն։
Իշխանական դաշտում գործող ու իշխող <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցության հետ գաղափարական-աշխարհայացքային ընդհանրություններ ունեցող ու հաշտ քաղաքական ուժերն հիմնականում երեքն են՝ <Հանրապետություն>, <Հանուն հանրապետության> եւ <Քրիստոնեա-ժողովրդավարական> կուսակցությունները։
Այս երեք կուսակցություններն էլ գործում են արեւմտամետ դաշտում, դեմ են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, հանդես են գալիս Հայաստանի՝ Ռուսաստանի գլխավորությամբ գործող միջպետական կառույցներից դուրս գալու օգտին։
Հատկանշական է, որ այս իշխանամերձ կուսակցություններն հայտարարում են ոչ այնքան իշխանության գալու, որքան խորհրդարանում ընդդիմության տեղերը գրավելու մասին ՝ նպատակ ունենալով այդկերպ մաքրելու քաղաքական դաշտը։ Ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ տարբեր սոցհարցումների համաձայն, այս ուժերը խնդիրներ ունեն խորհրդարան մուտք գործելու անցողիկ շեմը հաղթահարելու հարցում, չնայած, օրինակ, <Հանրապետության> ցուցանիշները մոտ են գտնվում այդ չորս տոկոսանոց շեմին։ Հիշենք, որ նախորդ ընտրություններում այս կուսակցությանը շատ քիչ ձայներ պակասեց այդ շեմը հաղթահարելու համար։
Ի տարբերություն այս երեք ուժերի, իշխող <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցությունը չի անդրադառնում արեւմտամետ-ռուսամետ լինելու խոսույթին, չնայած հայտարարել է Եվրամիությանը անդամակցելու գործընթաց սկսելու մտադրության մասին։
Սրանով հանդերձ, կուսակցության առանձին գործիչներ ժամանակ առ ժամանակ կոշտ արտահայտություններ են անում Ռուսաստանի հասցեին՝ հայտարարելով, թե անհրաժեշտություն կա թուլացնել կախվածությունն այդ երկրից եւ առաջնային դարձնել հավասարակշռված ու հավասարակշռման արտաքին քաղաքականությունը։
Սոցհարցումների համաձայն, <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցությունը մնում է ընտրությունների առաջատարը, սակայն խնդիրն այն է, թե քվեների ինչպիսի համամասնություն կունենա այն, ինչից էլ կախված կլինի ինչպես իշխանություն ձեւավորելու հնարավորությունը, այնպես էլ ինչ աստիճանի մեծամասնություն լինելու կարեւորագույն հարցը։
Ընդդիմադիր դաշտի առաջատար ուժերը երեքն են՝ <Ուժեղ Հայաստան>, <Բարգավաճ Հայաստան> կուսակցություններն ու <Հայաստան> դաշինքը։ Միաժամանակ հենց այս երեք ուժերն էլ հանդիսանում են ընդգծված ռուսամետ կուսակցություններ։ Այնքան ընդգծված, որ որոշ քաղաքական վերլուծաբաններ այդ ուժերին անվանում են ոչ թե ռուսամետ, այլ ուղղակի ռուսական։
Նկատելի է, որ այս երեք ուժերը նախընտրական բանավեճերի ժամանակ հանդես են գալիս մեկ միասնական գծի մեջ եւ շատ դեպքերում դժվար է տարբերակել հանգուցային շատ հարցերի շուրջ նրանց ասելիքն ու դիրքորոշումը։ Օրինակ, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին երեք ուժն էլ առաջ է քաշում միջազգային երաշխավորների հարցը, ի տարբերություն իշխանական ու իշխանամերձ ուժերի, որոնք ասում են, թե հարեւանների հետ հարցերը պետք է լուծվեն դեմ առ դեմ, անմիջական շփումներով՝ առանց միջնորդների ու երաշխավորների։
Օրերս, ընտրակաշառքների հերթական ձայնագրություններից մեկի մեջ, խոսք էր գնում այն մասին, թե խորհրդարան անցնելու դեպքում այս երեք ռուսամետ կուսակցությունները կկազմեն կոալիցիա, միակ խնդիրը մնում է միասնական առաջնորդին որոշելու հարցը։ Սա, իհարկե, այն դեպքում, եթե այս երեք ուժերը միասնական իշխանություն ձեւավորելու համար անհրաժեշտ ձայների քանակ ստանան։
Հիշեցնենք, որ <Ուժեղ Հայաստան> կուսակցությունը, որը, ըստ սոցհարցումների, այս դաշտի ուժերի շարքում առաջատարն է, իր վարչապետի թեկնածու համարում է Սամվել Կարապետյանին, չնայած վերջինս չկա նախընտրական ցուցակում։ <Հայաստան> դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, իսկ <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունն ընդհանրապես մինչ օրս չի հայտարարել, թե ով է իր վարչապետի թեկնածուն։
Ամենայն հավանականությամբ, այս երեք ուժերից <Ուժեղ Հայաստանը> վստահորեն մուտք կգործի խորհրդարան։ Խնդիրն այն է, թե ինչ քանակի տեղեր կունենա։ <Հայաստան> դաշինքին խորհրդարան մուտք գործելու համար անհրաժեշտ է հավաքել 8 տոկոս, որը ինչ-որ տեղ կարող է խնդրահարույց լինել։ ԲՀԿ-ին անհրաժեշտ է 4 տոկոս, ինչի հնարավորությունը այս կուսակցությունը, թերեւս, ունի։

© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ուղիղ եթեր
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
956 հզր եվրո կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն և փողերի լվացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 2 անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Ս.Ն.-ն և Մ.Ն.-ն նպատակ ունենալով առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցները ՀՀ պետական սահմանով ապօրինի՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ՀՀ տեղափոխելու, դրանք թաքցրել են իրենց ուղեբեռների հագուստների տարբեր հատվածներում, որից հետո 2026 թվականի մայիսի 30-ին ժամանել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից մաքսային զննման ենթարկվելու արդյունքում ուղեբեռների մեջ առկա հագուստների տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր առմամբ՝ 956 հզր 400 եվրո կանխիկ դրամական միջոցներ:
Վերջիններս անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել են և ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին։
Քրեական վարույթի շրջանակում իրականացվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ), Ռուսաստանը ստիպված կլինի սահմանափակել Երևանի հետ տնտեսական ինտեգրացիոն համագործակցությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պուտինի խոսքով՝ ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի միության ազատ առևտրի համաձայնագրերից օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև կարող է բախվել երկաթուղային փոխադրումների սակագների բարձրացման և ավտոբեռնափոխադրողների համար ավելի խիստ պահանջների։
Նա նշել է նաև, որ փոփոխություններ կլինեն Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների կարգավիճակի հարցում։ Եթե Հայաստանը լքի ԵՏՄ-ն, հայաստանցի քաղաքացիների նկատմամբ կկիրառվեն նույն կանոնները, ինչ այլ օտարերկրյա աշխատողների դեպքում, այդ թվում՝ աշխատանքի համար արտոնագիր ստանալու պահանջը։
ՌԴ նախագահը հավելել է, որ ներկայումս Հայաստանը ԵՏՄ շրջանակում օգտվում է միության պաշտպանված շուկայի հնարավորություններից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում գործող ֆիտոսանիտարական նորմերը շատ ավելի խիստ են, քան Եվրամիությունում, և եթե Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ԵՏՄ-ին, հայկական գյուղատնտեսական արտադրանքը կարող է բախվել ռուսական շուկա մուտք գործելու լրացուցիչ դժվարությունների։
«Գյուղատնտեսական արտադրանքը մատակարարվում է մեր շուկա։ Այդ դեպքում մենք կդադարենք ճանաչել այդ նորմերը։ Պետք կլինի կրկին վերադառնալ այդ հարցին։ Հնարավոր է՝ ճանաչենք դրանք և բավարար համարենք, հնարավոր է՝ ոչ»,- ասել է Պուտինը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ անկախ Հայաստանի որոշումներից՝ Ռուսաստանի հետ հումանիտար և քաղաքական հարաբերությունները չեն տուժի, քանի որ խոսքը վերաբերում է բացառապես տնտեսական ոլորտին։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ ԵՏՄ-ն կցանկանար, որպեսզի Հայաստանը հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնի երկրի հետագա ինտեգրացիոն ուղղության վերաբերյալ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Պուտինը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոսել հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին՝ պարզելու համար, թե Հայաստանը պետք է շարունակի մնալ ԵՏՄ-ում, թե ընտրի եվրոպական ինտեգրման ուղին։
«Մենք կխնդրեինք մեր հայ գործընկերներին, բարեկամներին։ Վարչապետ Փաշինյանն ինքն այդ մասին ասել է, որ նախատեսում է և ճիշտ է համարում հանրաքվե անցկացնել այն հարցի վերաբերյալ, թե որտեղ պետք է լինի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ում, թե Եվրամիությունում։ Մենք կխնդրեինք, որ դա արվի հնարավորինս շուտ»,- ասել է Պուտինը։
Ավելի վաղ Կրեմլը հրապարակել էր ԵՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդների համատեղ հայտարարությունը՝ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավը թեւակոխել է վճռորոշ փուլ։ Քաղաքական ուժերն իրենց զինանոցի վերջին միջոցներն են ի ցույց դնում, իրենց հակառակորդների ուղղությամբ արձակում պահուստային փամփուշտները, փորձում իրենց կողմը գրավել ընտրազանգվածի այն հատվածը, որը դեռեւս կողմնորոշված չէ ու փնտրտունքների մեջ է։
Ընտրությունների արդյունքն ինչ-որ իմաստով կախված է այն հանգամանքից, թե որ կողմ կթեքվի այդ հատվածը, քաղաքական ուժերից որ մեկը ավելի համոզիչ կգտնվի իր ասելիքի մեջ եւ կկարողանա ազդել չկողմնորոշված ընտրողների գիտակցության ու կատարելիք ընտրության վրա։
Նախընտրական պայքարի այս փուլում առավել նկատելի է ոչ այնքան սեփական ծրագրերը ներկայացնելու մարտավարությունը, որքան մրցակից-հակառակորդների հանդեպ իրականացվող հակաքարոզչությունը, որը խարսխված է հիմնականում հասարակության մեջ վախեր սերմանելու հնարքի վրա։
Այս առճակատումն հատկապես դրսեւորվում է առաջատար քաղաքական ուժերի պարագայում։ Եթե իշխանական ուժը առաջ է տանում այն թեզը, թե ռուսամետ ուժերի, Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ պատերազմի եռագլուխ կուսակցւթյունների՝ իշխանության գալու դեպքում, հնարավոր է վերածնվի Ադրբեջանի հետ հակամարտությունը, ապա ռուսամետ ուժերը անդադար կրկնում են 300000 ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հնարավորությունը, եթե վերընտրվի Փաշինյանը։
Հասկանալի է, որ այս երկու խոսույթներն էլ, ընդհանուր առմամբ, չափազանցության դաշտից են, ընդամենը քարոզչական հնարք, սակայն հիմքում շատ վտանգավոր հասարակական տրամադրությունների, հոգեբանական ազդեցության, հանրային ու քաղաքական խմբերի միջեւ առճակատման եւ բեւեռացման խորացման ու, ինչն առավել կարեւոր է, ազգային-պետական հեռահար շահերի տեսանկյունից։
Այս իմաստով հատկանշական է հայաստանյան ընտրական գործընթացների վերաբերյալ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) երկրորդ միջանկյալ զեկույցը, որտեղ ասվում է, թե Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվում են բեւեռացված միջավայրում։
Ըստ ԵԱՀԿ դիտորդների՝ ընտրական միջավայրը պայմանավորված է խաղաղության համաձայնագրի վավերացման եւ կիրարկման, սահմանադրական բարեփոխումների գործընթացի, երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրներով։
«Քարոզչությունն ընթանում է ակտիվ եւ կենտրոնացած է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի, արտաքին քաղաքականության, տնտեսության, զբաղվածության, իրավունքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի վրա։ Քարոզչական խոսույթն ունի պառակտող եւ կոշտ բնույթ եւ աչքի է ընկնում պատերազմական հռետորաբանությամբ, հատկապես կառավարության «Իրական Հայաստան» ծրագրի, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի եւ հնարավոր բարեփոխումների շուրջ»,- նշում են զեկույցի հեղինակները։
Այս ամենը տեղի է ունենում մի կողմից՝ ռուսամետ քաղաքական ուժերի առաջնորդներին երկարատեւ բանտարկելու՝ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա սպառնալիքների, այդ նույն ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրակաշառքներ բաժանելու մասին ձայնագրությունները հրապարակելու, մյուս կողմից՝ ընդդիմության ներկայացուցիչների այն ահազանգերի ու հայտարարությունների համապատկերում, ըստ որոնց, իշխանությունն իր քարոզչության ընթացքում լայնորեն օգտագործում է պետական ապարատն ու լծակները։
Հատկանշական է, որ ի տարբերություն 2018 թվականից առաջ բոլոր տեսակի ընտրությունների, երբ ընտրակաշառք մասսայականորեն բաժանում էին իշխանական ու դրան կից քաղաքական ուժերը, իսկ դրանց մասին ահազանգում էին ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այսօր ընտրակաշառք բաժանում են ընդդիմադիր ուժերը, այսինքն՝ այն նույն ուժերը, որոնք 2018-ից առաջ իշխանություն էին կամ դրա մաս։
Ընտրական գործընթացներում լարվածության ավելացման մի նոր պատճառ է վերջին օրերին միջազգային հետաքննական հարթակներում եղած մի քանի հրապարակումները Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին։ Ըստ դրանց, Կրեմլը տարբեր սցենարներ է մշակել ռուսամետ ուժերին իշխանության բերելու ուղղությամբ՝ հիմնական ու պահուստային թեկնածուներով, հանրային կարծիք ձեւավորողների ու քարոզիչ լրատվականների ցանկով, այդ մշակված սցենարներն իրականություն դարձնելուն ուղղված ահռելի գումարների ներդրմամբ։
Եւ սա Հայաստանի իշխանության հասցեին Ռուսաստանից հնչող մի շարք կոպիտ հայտարարությունների, հայկական ապրանքատեսակների նկատմամբ տնտեսական սանկցիաների կիրառման ֆոնին՝ կապված Եվրամիության հետ Հայաստանի սերտացման գործընթացների հետ։
Համլետ Կիրակոսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ուղիղ եթեր
YouTube
Բանախոսներ՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համապետական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/share/v/17WsN9FYTb/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հիմք ընդունելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագիրն Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում տեղի ունեցած իրենց հանդիպման արդյունքների վերաբերյալ (Համատեղ հռչակագիր)՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության առաջմղման համար,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ցանկանում են ունենալ տևական գործընկերություն իրենց երկու ժողովուրդների և կառավարությունների միջև,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության նպատակն է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը (ԹՐԻՓՓ) նպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը, բարգավաճմանը և ինտեգրմանը, ինչպես նաև ստեղծի առանցքային առևտրային ուղի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար նոր շուկաներ բացելու համար, և տնտեսական օգուտներ ստեղծի հայաստանյան ընկերությունների համար ԹՐԻՓՓ-ի կառուցման և գործարկման ընթացքում,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը, այդ թվում՝ միջպետական սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, ԱՄՆ-ի կայուն ներգրավվածությունը և տարածաշրջանային համագործակցությունն ու կայունությունը կնպաստեն ԹՐԻՓՓ-ի հաջողությանը,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 2026 թվականի հունվարի 13-ին հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի (ԻՇ) հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերած հանձնառությունները կյանքի կոչելու և Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունն ամրապնդելու, ինչպես նաև ԱՄՆ առևտուրը խթանելու համար,
հիմք ընդունելով, որ Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ, և հաստատում են, որ սույն Համաձայնագիրը և ԹՐԻՓՓ-ը նպատակ ունեն ծառայելու որպես առանցքային մեխանիզմներ հանուն խաղաղ և ինքնիշխան Հայաստանի,
հիմք ընդունելով, որ ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա՝ միևնույն ժամանակ կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանսկասպյան առևտրային երթուղու կենսական հանգույց, ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար,
վկայակոչելով Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1992 թվականի ապրիլի 2-ին Վաշինգտոնում ստորագրված Ներդրումների խրախուսման համաձայնագիրը, 1992 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկատնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» համաձայնագիրը, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև 1992 թվականի սեպտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը,
Վերոշարադրյալի հիման վրա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները (Միացյալ Նահանգներ) և Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) (յուրաքանչյուրը առանձին՝ Կողմ, իսկ միասին՝ Կողմեր) սույնով կնքում են «ԹՐԻՓՓ-ի մասին» սույն շրջանակային համաձայնագիրը (Համաձայնագիր), ինչպես սահմանված է ստորև։
Հոդված 1. Սահմանումները
Սույն Համաձայնագրի նպատակներով՝
Հոդված 2. Համաձայնագրի նպատակները
Հոդված 3. Համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորության ապահովումը
Հոդված 4. ՀՆԿ-ները
Հոդված 5. ԹՐԻՓՓ-ի համակարգումը և ԹԶԸ-ի գործունեության ապահովումը
բ) ԹԶԸ-ի և դրա ՀՆԿ-ների համար լիցենզիաների, թույլտվությունների, հաստատումների ժամանակին տրամադրումը և կարգավորող գործընթացների իրականացումը։
Հոդված 6. Հողօգտագործման/կառուցապատման իրավունքները/կոնցեսիաները
ա) կմնա ցանկացած կոնցեսիայի միակ տրամադրողը և, հետևաբար, չի համարվի, որ ԹԶԸ-ն ամբողջությամբ կամ մասամբ ստանձնել է Հայաստանի պարտավորությունները,
բ) չի համարի, որ ԹԶԸ-ն կոնցեսիոներ է կամ որևէ կոնցեսիոն պայմանագրով ստանձնել է ՀՆԿ-ների կամ կոնցեսիոներների որևէ պարտավորություն։
Հոդված 7. Արտակարգ իրավիճակներին արձագանքումը և ենթակառուցվածքների անվտանգությունը
Հոդված 8. Մաքսային հսկողությունը/սահմանային անվտանգությունը
1.Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ հետևյալի համար՝
ա) անվտանգություն և իրավապահ գործունեություն,
բ) սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն,
գ) մաքսային և միգրացիոն հսկողություն,
դ) հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե,
ե) պետական տեղեկատվական համակարգեր, և
զ) պետական վարչարարություն և վերահսկողություն։
2. Հայաստանը կգործադրի իր լավագույն ջանքերը՝ սահմանային անվտանգության և մաքսային հսկողության ժամանակակից ընթացակարգեր ընդունելու, պահպանելու և դրանք օպտիմալացնելու համար՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, կօգտագործի թվային գործիքներ՝ ԹԶԸ-ի և դրա ՀՆԿ-ների արդյունավետ աշխատանքը և ԹՐԻՓՓ-ի փոխգործակցելիությունը տարածաշրջանային տարանցիկ ցանցերի հետ դյուրացնելու համար։ Սա կարող է ներառել այնպիսի քայլերի ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են ԹՐԻՓՓ նախագծերի մաքսային և միգրացիոն գործառությունների «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» («ընդունարան» – «գրասենյակ») գործառական մոդելի իրականացման համար՝ ԻՇ-ին և Համատեղ հռչակագրի սկզբունքներին համապատասխան:
3. Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման ծառայություններ մատուցելու համար` Հայաստանի և ԹԶԸ-ի փոխադարձ համաձայնությամբ:
4. Միացյալ Նահանգները մտադիր է համագործակցել Հայաստանի սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ, ինչպես ամրագրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փոխըմբռնման հուշագրում:
5. Կողմերը մտադիր են միասին գործել՝ ապահովելու, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիներում սահմանային անվտանգությանն առնչվող բոլոր գործընթացներն ու ընթացակարգերն իրականացվեն ԹՐԻՓՓ-ի բարեհաջող իրագործմանը նպաստող եղանակով՝ Հայաստանի օրենսդրությամբ թույլատրված կարգով։
Հոդված 9. Հարկումը
1. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ի կողմից` որպես Հայաստանի ռեզիդենտից ԹԶԸ ԱՄՆ-ին` որպես Միացյալ Նահանգների ռեզիդենտի բաշխված շահաբաժինները Հայաստանում ազատվում են հարկումից՝ պայմանով, որ ԹԶԸ ԱՄՆ-ի վերջնական սեփականատերը Միացյալ Նահանգների կառավարությունն է։
2. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն ՀՆԿ-ների կողմից ԹԶԸ-ին բաշխված շահութաբաժինների մասով Հայաստանում հարկ չի վճարելու։
3. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն ԹԶԸ-ի կամ ՀՆԿ-ի բաժնետոմսերի օտարման դեպքում Հայաստանում կապիտալի հավելաճի հարկ չվճարի։
4. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն և ՀՆԿ-ները Հայաստանում որևէ հարկ չեն վճարելու 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ՝ Հայաստանի կառավարության կողմից ԹԶԸ-ին կամ ԹԶԸ-ի կողմից ՀՆԿ-ներին իրավունքների փոխանցման գործարքների համար։
Հոդված 10. Վեճերի կարգավորումը
Հոդված 11. Տեխնիկական դրույթներ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com