Նորություններ

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 25-ին ստացել է ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության որոշումն առ այն, որ ինքնաբացարկ են հայտնում ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից։ Վարչության նիստի որոշումը ստորագրված է եղել վարչության անդամների կողմից: ԿԸՀ մայիսի 26-ի արտահերթ նիստին ներկա են եղել նաև ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչները, որոնք հաստատել են, որ իրենց քաղաքական ուժի մշտապես գործող մարմինը նման որոշում է կայացրել։

ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը։ Ըստ այդմ, 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Իրավապահներն Անդրանիկ Թևանյանին ուղեկցել են տուն՝ խուզարկության նպատակով

«Մայր Հայաստանի» գրասենյակում իրականացված քննչական գործողություններից հետո իրավապահները, այդ թվում՝ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները, կուսակցության ղեկավար, ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանին ուղեկցել են նրա տուն՝ այնտեղ ևս խուզարկություն իրականացնելու նպատակով։

Ըստ տեղեկությունների՝ քննչական մարմնի աշխատակիցները Թևանյանի բնակարան էին հասել նրանից առաջ։ Վերջինս պնդել է, որ պայմանավորվածություն է եղել՝ առանց իր ներկայության տուն չմտնելու վերաբերյալ։

Քննչական կոմիտեի հաղորդման համաձայն՝ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսություն կատարելու, ինչպես նաև ապօրինի կերպով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և փոխանցելու մեջ։ Ըստ ՔԿ-ի՝ նա 622 հազար ԱՄՆ դոլարի դիմաց ռուսերեն թարգմանված տեղեկություններ է փոխանցել 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովում անցկացված փակ, գաղտնի նիստի լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

43 քրեական վարույթ և 67 ձերբակալված․ ՀԿԿ-ն ամփոփում է ընտրական հանցագործությունների վիճակագրությունը

2026 թվականի փետրվարի 7-ից հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 43 քրեական վարույթ՝ ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև դրանց համակցությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են՝ նշված վարույթներից 14-ով ձերբակալվել է 67 անձ։ Քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ։ Երկու մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մեղադրյալներից 32-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ կապված կալանք և տնային կալանք խափանման միջոցներ, 29-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ։

14 քրեական վարույթով իրականացվել է 134 խուզարկություն, այդ թվում՝ 24 գրասենյակներում։ Առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, թվային կրիչներ և այլ առարկաներ։ Հարցաքննվել է շուրջ 170 անձ։ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է հորդորել ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել օրինապահ վարքագիծ՝ զգուշացնելով, որ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունները գտնվում են կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Խուզարկություններ՝ Մարտուն Գրիգորյանի տանը և նախընտրական շտաբում

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը և նախընտրական շտաբում։ Կոմիտեն, սակայն, չի մանրամասնել, թե ինչ վարույթի շրջանակում են կատարվում քննչական գործողությունները։

Լրագրողների հետ զրույցում Մարտուն Գրիգորյանը նշել է, որ իրավապահները «հիմնականում ընտրությունների հետ կապված կրիչներ և փաստաթղթեր էին փնտրում»։

Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը մասնակցում է այս տարվա խորհրդարանական ընտրություններին՝ ԲՀԿ-ի ցուցակով։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածուն չի հայտնել օտարերկրյա քաղաքացիության մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը:

Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):

Կատարվում է նախաքննություն:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ընտրություններում «կենացները թանկանում են»

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն հասել է իր միջնակետին, նաեւ՝ կիզակետին։ Ինչպես ասում են, օր օրի «կենացները թանկանում են», սակայն․․․ սակայն էժանանում են խոսքի արժեքը, միտքն ու գաղափարը։ Դրանք էժանացնում են  հենց իրենք՝ քաղաքական ուժերն ու գործիչները։

Եթե քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ընտրողների հետ հանդիպումների ժամանակ դրսեւորում էին համեմատաբար զուսպ վարք ու բառապաշար, քիչ թե շատ անդրադառնում  էին իրենց ծրագրերին, արտաքին ու ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական հարցերի, իսկ միմյանց հասցեին հնչեցրած քննադատությունները  մեծամասամբ տեղավորվում էին նախընտրական պայքարի տրամաբանության մեջ, ապա հաջորդող օրերին կրքերը շիկացրին, անցան փողոցային բառապաշարի, փոխադարձ վիրավորանքների, անձնական պիտակավորումների։

Բանը հասավ անգամ իրար հասցեի հնչեցրած հայհոյանքների, սպառնալիքների, մինչեւ իսկ իրար սատկացնելու, խփել-սպանելու հայտարարությունների։ Մի խոսքով, «մարտեր առանց սահմանների»։

Այս իմաստով հատկապես «աչքի են ընկնում» ընտրություններին հաջողության հասնելու հնարավորություններ ունեցող, ինչպես ընդունված է ասել, հիմնական քաղաքական ուժերը։ Այսինքն՝ այն ուժերը, որոնք տարբեր սոցոլոգիական հարցումների համաձայն, առաջատար դիրքեր են գրավում եւ օբյեկտիվորեն առավել մեծ հավակնություններ ունեն խորհրդարանում որոշակի տեղեր զբաղեցնելու համար։

Խոսքը վերաբերում է, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին ու «Հայաստան» դաշինքին եւ դրանց առաջնորդներին ու առանձին ներկայացուցիչների։ Քաղաքական մեկնաբանների դիտարկմամբ ու հանրային կարծիքի համաձայն, հենց այս ուժերն առավել մեծ հնարավորություններ ունեն խորհրդարանական աթոռներ ունենալու համար ու հենց այս ուժերի միջեւ է ընթանում հիմնական պայքարը։

Ընդհանրապես, հայաստանյան ընտրություններում մշտապես պակասել են գաղափարական, առարկայական պայքարն ու խոսքը, ինչն արդյունք է քաղաքական դաշտի անկատարության,  քաղաքական գործընթացների՝ շատ դեպքերում ապաքաղաքական բնույթի եւ ներքին դրդապատճառների բացակայության։ Այս ամենի արդյունքում, ընտրողներն էլ քիչ ուշադրություն են դարձնում քաղաքական ուժերի ծրագրերին ու առաջարկներին եւ առավել, այսպես ասած, տարվում են տեսարաններով։

Ներկայիս ընտրությունների տվյալ փուլում այս իրողություններն իրենց արտահայտությունն են գտնում առավել մեծ չափաքանակով ու գունեղ երանգներով։ Եւ որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան այս երեւույթներն առավել սաստկանալու միտումներ են դրսեւորում։

Այս ամենին գումարվում են թշնամանքն ու ատելության խոսքը, ապատեղեկատվությունը, սուտ տեղեկություններով հանրության մեջ վախի մթնոլորտի սերմանումը, հասարակական պառակտվածությունը, որը կարող է հասնել  մի վտանգավոր սահմանի։

Ընտրական գործընթացներին հետեւող որոշ քաղաքական վերլուծաբաններ ու դիտորդներ կարծում են, որ այսպիսի մթնոլորտի հաստատումը շատ դեպքերում միտումնավոր է արվում, ընդ որում, արվում է քաղաքական տաբեր ճամբարներից՝ տարբեր դրդապատճառներով ու մղումներով։

Ըստ այդմ, իշխանությունը, օրինակ, այսպիսի քայլերով էժանացնում է ընտրական գործընթացները, որպեսզի հանրության մեջ առաջանան որոշակի հիասթափության տրամադրություններ, դրանց արդյունքում շատերը չգնան ընտրության, լինի քիչ մասնակցություն, որը ձեռնտու է առավել շատ ձայներ հավաքած քաղաքական ուժին, քանի որ գործող ընտրական համակարգի համաձայն, այդ ուժը ստանում է լրացուցիչ բոնուսներ։ Առավել շատ ձայներ հավաքող ուժ այս պահին դիտարկվում է հենց իշխանական կուսակցությունը։

Իսկ ահա ընդդիմադիր քաղաքական ուժերը, մասնավոապես, ռուսամետ դաշտում գործողները, իրենց գործողություններով նպատակ ունեն ստվեր գցել ընտրական գործընթացների վրա, որպեսզի հետագայում խոսեն ընտրությունների կեղծման, դրանց անօրինակության մասին, ինչը առավել մեծ հնարավորություններ կտա հետընտրական գործընթացներ կազմակերպելու ու իրականացնելու համար։

Այս իմաստով, թերեւս, պատահական չէ, որ Ռուսաստանի կիսապաշտոնական եւ ոչ պաշտոնական շրջանակներից արդեն իսկ հնչում են հայտարարություններ այն մասին, որ, եթե ընտրություններում հաղթի գործող իշխանությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, ապա Ռուսաստանը պետք է չճանաչի ընտրությունների արդյունքները։

Իսկ ահա Ռուսաստանի պահով հատկանշական է, որ այս օրերին  հրապարակումներ եղան գաղտնազերված փաստաթղթերի մասին, որոնք բացահայտում են ՌՖ կողմից եվրոպական մի քանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, կեղծ դրոշի տակ իրականացված ու իրականացվելիք հատուկ օպերացիաների մասին՝ ապատեղեկատվություն տարածելու ու հասարակական պառակտվածություն առաջացնելու գործողությունների միտումով։

Այսինքն, խոսքը վերաբերում է հիբրիդային պատերազմի մասին, ինչի մասին օրեր առաջ Երեւանում հայտարարում ու զգուշացնում էին Եվրամիության ներկայացուցիչները եւ եվրոպական երկրների առաջնորդները։

Եթե վերը նշված կուսակցություններն իրականացնում են առավել մասսայական հանդիպումներ ընտրողների հետ, մյուս, սակավ հնարավորություններ ունեցող քաղաքական ուժերը, սահմանափակվում են փոքր հանդիպումներով ու իրենց ասելիքը սոցցանցային ձեւաչափով ներկայացնելու միջոցով։

Համլետ Կիրակոսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Նախընտրական Հայաստան. քաղաքական ուժեր ու դեմքեր-3

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը իրեն ներկայացնում է որպես կենտրոնամետ ուժ՝ սոցիալիստական ու լիբերալ համակարգերի արդյունավետ համադրման գաղափարական հենքի վրա։ Կուսակցության նախագահը Տիգրան Ուրիխանյանն է, որին, սակայն, ԿԸՀ-ն չի գրանցել որպես պատգամավորության թեկնածու՝ քաղաքացիության ու վերջին չորս տարում Հայաստանում բնակության մասին փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառաբանությամբ։

Այս գործիչը երկար ժամանակ եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երեւելի դեմքերից, մի քանի անգամ ընտրվել ԱԺ պատգամավոր։ 2015 թվականին դուրս է եկել ԲՀԿ-ից ու հիմնել «Ալյանսը»։ Սակայն, ամեն դեպքում, 2017 եւ 2018 թթ․ ԱԺ ընտրություններում պատգամավոր է դարձել հենց ԲՀԿ-ի ցուցակով։ 2020 -ին դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից ու դարձել անկախ պատգամավոր, որից հետո քաղաքական ռեվերանսներ էր անում դեպի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իրեն ներկայացնելով որպես վերջինիս գաղափարական դաշնակից։ Սակայն, թերեւս, ուշադրության չարժանալով Փաշինյանի կողմից, դիրքավորվել է վարչապետին կոշտ քննադատության ներկայացնող դաշտում, ընդ որում, ռուսամետ այն դաշտում, որը Հայաստանը դիտարկում է միութենական պետության կազմում, անգամ հայտարարել էր, որ պետք է մտնի Ռուսաստանի կազմ։

Alliance

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը իր գաղափարական հենք է համարում՝ քաղաքական հարթությունում՝ լիբերալիզմը, տնտեսական ոլորտում՝ սոցիալական մոտեցումը, մշակույթի ասպարեզում՝ պահպանողականությունը։ Կուսակցությունը հիմնվել է 2021 թվականին եւ հայտարարում է ուժեղ պետության, անկախ հայրենիքի ու ազատ անհատի մասին։ Նաեւ կարեւորում է ազգային ինքնության պահպանումն ու ազգային պետության կառուցումը։

Կուսակցության նախագահը եւ ընտրական ցուցակի առաջին համարը քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն է, որը եղել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ անդամներից։ Նա հայտարարում է, որ գործող ու նախկին իշխանությունները նույն համակարգն են եւ պետք է դուրս գալ այդ ծուղակից ու երկընտրանքից։

JOXHAMAXMBUM

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունն ստեղծվել է 2024 թվականին։ Կուսակցության ղեկավարը Վարդան Ղուկասյանն է, որն ավելի հայտնի է Դոգ մականանով։ Նա մի քանի տարի հանդես էր գալիս որպես բլոգեր եւ տեսանյութերով անդրադառնում հայաստանյան մի շարք խնդիրների։ Նրա անձն ու տեսանյութերը ոչ միանշանակ վերաբերմունքի էր արժանանում հանրության մեջ՝ ոչ վայելուչ բառապաշարի պատճառով։ Վարդան Ղուկասյանն այժմ հետախուզման մեջ է եւ ԿԸՀ-ն չի գրանցել նրա թեկնածությունը ԱԺ ընտրություններում։ Չնայած սրան, կուսակցությունն հայտարարում է, որ թեեւ Վ․ Ղուկասյանը չկա ցուցակում, սակայն նա մնում է որպես իրենց վարչապետի թեկնածու։

Կուսակցությունը հայտարարում է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը պետք է լինի այն պետությունը, որ հարգում է երկրի ինքնիշխանությունը, այլ ոչ թե Հայաստանը դիտում է որպես գաղութ, պրոեկտ ու ազդեցության գոտի։

DOK

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Տեր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով՝ նկատի ունենալով Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության փաստաթուղթը, ինչպես նաեւ հարաբերությունների բարելավումը Թուրքիայի հետ։ Միաժամանակ կուսակցությունը առաջ է քաշել իրական Հայաստանի գաղափարը՝ նկատի ունենալով այն, որ պետք է պահպանել ու զարգացնել այն Հայաստանը, որն այսօր կա, զերծ մնալով կորսված հայրենիքը վերականգնելու ազգային-ռոմանտիկ գաղափարներից։

Արտաքին քաղաքականության ոլորտում ՔՊ-ն որդեգրել է հավասարակշռված եւ հավասարակշման ռազմավարությունը, որի առանցքային խնդիրը արտաքին հարաբերություններում անհամաչափություններ թույլ չտալն է, իսկ դրանց առկայության դեպքում ունենալ հավասարակշռման գործիքներ։

Հատկանշական է, որ արձանագրելով Եվրամիությանը անդամակցելուն ուղղված ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաժամանակ հաստատում է, որ հնարավոր չէ անդամակցել եւ Եվրամիությանը, եւ ԵԱՏՄ-ին, ու հայտարարում է, թե պետք է շարունակել Եվրամիության չափանիշներին համապատասխան բարեփոխումներ իրականացումը այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն խանգարում ԵԱՏՄ անդամ մնալուն։ Իսկ երբ գա ընտրությունը կատարելու պահը, պետք է քաղաքական որոշում  կատարվի։

Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում են ՔՊ-ի ղեկավար կազմի ու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Անահիտ Ավանեսյան։ QP

«Հայաստան» դաշինքը ընտրություններին մասնակցում է երկու կուսակցությունների միասնական ճակատով՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ «Առաջ» աջակենտրոն կուսակցություն։ Այս դաշինքը ստեղծվել է 2021 թվականին եւ նույն տարում մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը իշխող կուսակցության դեմ պայքարող հիմնական ընդդիմադիր ուժն էր։ Ընտրություններում այս ուժը հավաքել էր 21.09 տոկոս ձայն եւ ստացել 29 մանդատ։

Արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում դաշինքը միտված է դեպի Ռուսաստանն ու վերջինիս կառույցները՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ։ Այս առումով դաշինքի ներկայացուցիչները կոշտ քննադատության են ենթարկում գործող իշխանությանը՝ հայտարարելով, որ վերջինս վատթարացրել է Ռուսասատանի հետ հարաբերությունները եւ անհրաժեշտություն կա ոչ միայն բարելավել այդ հարաբերությունները, այլեւ առավել խորացնել։ Ինչպես նկատելի է, «Հայաստան» դաշինքը ամենաընդգծված ռուսամետ ուժն է։

Այս ընտրություններում եւս դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ համարը դաշնակցական Իշխան Սաղաթելյանն է։  HAYASTAN

«Հանուն հանրապետության» կուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Կուսակցության ներկայացուցիչները 2018 թվականի հեղափոխությանը մասնակցած եւ դա ողջունած գործիչներ են։ Կուսակցության գաղափարախոսության հիմքում լիբերալիզմն ու եվրոպականությունն է, հանդես է գալիս կենտրոնամետ դաշտում։

Այս կուսակցությունը դիտարկվում է որպես «Քաղաքացիական պայմանագրին» դաշնակից ուժ, սակայն ի տարբերություն վերջինիս, կոշտ քննադատության է ենթարկում պուտինյան Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը եւ հայտարարում է նրա հետ դաշնակցային պայմանագիրը խզելու, ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։

Բնութագրական է, որ կուսակցության ներկայացուցիչներն հայտարարում են, թե իրենք այս ընտրություններում իշխանության գալու նպատակ չունեն, նաեւ չունեն վարչապետի թեկնածու, իսկ հիմնական նպատակը ընդդիմափոխությունն է։

«Հանուն հանրապետության» նախընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, երկրորդ ու երրորդ տեղերում Ռուբեն Մեհրաբյանը եւ Լուսինե Զեյնալյանն են։

HANUN HANRAPETUTYAN

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնվել է 2015 թվականին, մասնակցել է համապետական ու տեղական կառավարման մի քանի ընտրությունների։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Ելք» դաշինքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունների հետ եւ մուտք գործել խորհրդարան։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը չմիացավ 2018 թվականի հեղափոխությանը՝ առաջարկելով երրորդ ճանապարհի գաղափարը։

  • ի արտահերթ ընտրություններին «Լուսավոր Հայաստանը» մասնակցեց առանձին, հավաքեց ձայների 6․37 տոկոսը եւ 18 պատգամավորով մուտք գործեց խորհրդարան՝ իրեն հռչակելով ընդդիմադիր ուժ։ Իսկ ահա 2021 թվականի ընտրություններին չհաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը։

Այսօր Էդմոն Մարուքյանն ու կուսակցության մյուս ներկայացուցիչները խստորեն քննադատում են իշխանության վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը։ Լինելով, ընդհանուր առմամբ, արեւմտամետ գաղափարներով ուժ՝ այժմ ԼՀԿ-ն հանդես է գալիս ռուսամետ դիրքերից եւ անգամ պատրաստ է դաշինքի գնալ ռուսամետ կուսակցությունների հետ։

LUSAVOR HAYASTAN

Համլետ Կիրակոսյան

logo proelect gmf

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Շիրակի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մայիսի 12-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 55-ամյա տղամարդը 28-ամյա մի երիտասարդի թմրամիջոց է իրացրել։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ քրեական ոստիկանները 28-ամյա երիտասարդին հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են մարզային վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցը նույն օրն իրեն է իրացրել գյումրեցի 55-ամյա տղամարդը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 55-ամյա տղամարդու բնակության հասցեում հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի զանգվածով 8 փաթեթ՝ ընդհանուր 13,97 գրամ քաշով։

55-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մայիսի 9-ին Ա.Օ.-ն ֆեյսբուքյան իր էջում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ 61-ամյա Հ.Մ.-ի քաղաքական հայացքներով պայմանավորված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու դրդապատճառով, վերջինիս լուսանկարը տեղադրելով, անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ է հրապարակել՝ այդ կերպ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով:

Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Նախընտրական Հայաստան. քաղաքական ուժեր ու դեմքեր-2

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է երկու այլ քաղաքական ուժերի հետ համատեղ («Մայր Հայաստան» եւ «Դեմոկրատական այլընտրանք»), սակայն ոչ դաշինքով, այլ ԲՀԿ-ի անվան տակ։ Սա հասկանալի է խորհրդարան մուտք գործելու անցողիկության շեմի համապատկերում․ կուսակցությունների համար այդ շեմը 4 տոկոսն է, դաշինքների համար՝ 8 տոկոսը։ Հիշենք, որ նախորդ ընտրություններում ԲՀԿ-ն չհաղթահարեց անցողիկ շեմը եւ իր հիմնադրման ու 2007 թվականին ընտրություններին հաջողությամբ մասնակցելուց ի վեր առաջին անգամ մուտք չգործեց խորհրդարան։

ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը «Մայր Հայաստանի» ղեկավար Անդրանիկ Թեւանյանն է, որը եղել է Ռոբերտ Քոչարյանի վերջին տարիների քաղաքական թիմի հանգուցային գործիչներից մեկը։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը ցուցակի 8-րդ հորիզոնականում է։ Վերջինս իր քաղաքական գործունեության տարբեր փուլերում հանդես է եկել քաղաքական տարբեր նախաձեռնություններում եւ գաղափարական առումով քիչ աղերսներ ունի ԲՀԿ-ի հետ։

BHK2

ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցում է 10 առաջարկ Հայաստանին ծրագրով, որտեղ անդրադարձ կա արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը, տնտեսական, սոցիալական, կրթական ոլորտներին։ Անվտանգության առումով այս քաղաքական ուժը որպես հիմնական դաշնակիցներ դիտարկում է Ռուսաստանին ու Իրանին, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության հարցում առաջ քաշում երաշխավորների հարցը, դրանցում անպայման դիտարկելով Ռուսաստանին։ Պատահական չէ, որ ԲՀԿ-ն դիտարկվում է որպես ռուսամետ դաշտի քաղաքական միավոր։

«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցությունը հայաստանյան քաղաքական դաշտի այն ուժերից է, որին կարելի է դասել ոչ հին, ոչ էլ նոր քաղաքական կազմակերպությունների, այլ, այսպես ասած, միջին տարիքի կուսակցությունների շարքին։ Դա այդպես է, եթե հաշվի առնենք, որ այն քաղաքական դաշտում հանդես է եկել տարբեր ձեւաչափերով ու անվանումներով՝ «Սարդարապետ» ու «Համահայկական խորհրդարան» շարժումներ, «Սասնա Ծռեր» խմբավորում ու համանուն կուսակցություն։ Այս քաղաքական ուժը մասնակցել է վերջին երկու խորհրդարանական ընտրություններին (2018-ին՝ «Սասնա Ծռեր» անվանումով), սակայն երկու դեպքում էլ չի հաղթահարել անցողիկ շեմը։

ԱԺԲ-ն արտաքին քաղաքականության ոլորտում հանդես է գալիս որպես արեւմտամետ, մասնավորապես ամերիկամետ ուժ՝ առաջ քաշելով ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության գաղափարը։ Կուսակցության գաղափարախոսության մեջ նկատելի են ազգայնականության նշաններ, պատահական չէ, որ այն Հայաստանը դիտարկում է ոչ թե որպես Խորհրդային Հայաստանի, այլ 1918-1920 թթ․ առաջին հանրապետության իրավահաջորդ՝ համապատասխան սահմաններով։ Ցուցակի առաջին համարը Գեւորգ Կարապետյանն է, սակայն ԱԺԲ-ն որպես վարչապետի թեկնածու դիտարկում է Վարուժան Ավետիսյանին, որը բանտարկված է։  Bever2

«Քոչարի ազգային վերածննունդ եւ ազգի զարթոնք» (Քավազ) կուսակցությունը նորաստեղծ է եւ հանդես է գալիս մի ֆանտաստաիկ գաղափարով․ տարբեր երկրներից (հիմնականում Աֆրիկայից, Ֆիլիպիններից եւ այլն) հրավիրել մասնավոր բանակ (50000-80000 թվաքանակով) եւ ազատագրել Արցախն ու Նախիջեւանը։ Քաղաքական ուժը ընտրություններին մասնակցում է ազգային վերածննդի գաղափարներով՝ ազգային արժեքների պաշտպանություն, ազգային բանակի ու անվտանգության համակարգի ձեւավորում, ինքնիշխան պետության ամրապնդում։

Կուսակցության ցուցակի առաջին համարը Արտակ Սարգսյանն է, որը նախկինում գործունեություն է ծավալել Աֆրիկայի երկրներում։ Երկրորդ հորիզոնականում Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն է, որը զգալի քաղաքական փորձառություն ունի, մի քանի անգամ եղել է պատգամավոր։  kochari2

«Հայ ազգային կոնգրեսը» եղել է հայաստանյան քաղաքական դաշտի գլխավոր դերակատարներից, որպես կուսակցություն հիմնադրվել է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, ՀՀՇ-ի՝ Հայաստանի առաջին իշխող կուսակցության հենքի վրա, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ։ Հիմնադրումից հետո, մինչեւ 2017 թվականը, քաղաքական գործընթացների հիմնական մասնակիցներից էր, 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում անցել է Ազգային ժողով (ի դեպ, Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պատգամավոր է դարձել հենց ՀԱԿ-ի կազմում)։ Հաջորդող խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը։

Հայ ազգային կոնգրեսը թեեւ, այսպես ասած, զտարյուն ռուսամետ կուսակցություն չէ, բայց հանդես է գալիս Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցության օգտին, ոչ իրատեսական համարելով արեւմտյան-եվրոպական կողմնորոշումը։ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում է հետընտրական հնարավոր անցանկալի զարգացումներից։ Կուսակցության ցուցակը գլխավորում է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ քաղաքական դաշտի հնաբնակներից մեկը։

Screenshot

«Հանրապետություն» կուսակցությունը ընդգծված արեւմտամետ ուժ է։ Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին համարում են Նիկոլ Փաշինյանին համախոհ գործիչ։ Արամ Սարրգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո եղել է վարչապետ, սակայն այդ ժամանակի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնությունների հետեւանքով պաշտոնանկ է արվել եւ տարիներ շարունակ ընդդիմադիր տարբեր շարժումների կազմում պայքարել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։

2018 թվականին Արամ Սարգսյանն ու իր գլխավորած կուսակցությունը մասնակցել են հեղափոխությանը, նախորդ խորհրդարանական ընտրություններում «Հանրապետությանը» շատ քիչ քվեներ են պակասել Ազգային ժողով մուտք գործելու համար։ Արամ Սարգսյանն հայտարարում է, որ շատ սեղմ ժամկետներում Հայաստանը պետք է դուրս գա Ռուսաստանի գլխավորությամբ ստեղծված կառույցներից եւ աշխատանքներ տանի Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։

Hanrapetutyun2

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը իր հիմնական մոտեցումներով մոտ է «Հանրապետությանը»։ Կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը Ռուսաստանի թունդ քննադատներից է եւ, բնականաբար, հանդես է գալիս Արեւմուտքի հետ խորացված հարաբերություններ հաստատելու օգտին։ Նա նաեւ սուր քննադատության է ենթարկում Հայաստանում գործող եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցող  երեք ռուսամետ կուսակցություններին՝ հայտարարելով, որ դրանք ՌԴ նախագահ Վ․Պուտինի գործիքներն են Հայաստանում եւ տեղ չպետք է ունենան խորհրդարանում։ kjk2

Համլետ Կիրակոսյան

logo proelect gmf

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com