Նորություններ

Վարդապետյան․ 53,4% գործ՝ 2 ամսում, միլիարդների վերականգնում

2025 թվականին ավարտվել է 41.553 քրեական վարույթ (2024 թվականին՝ 38.058), այդ թվում՝ 14.608-ը՝ 16.194 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 11.801 քրեական վարույթ՝ 13.179 անձի վերաբերյալ), 61-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 45), 26.884-ը կարճվել է (2024 թվականին՝ 26.212), որոնցից 16.416-ը՝ (2024 թվականին՝ 17.813) Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղեկացրել, որ 2025 թվականին դատարան ուղարկված քրեական վարույթների թիվը գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը 2823-ով կամ 23,8%-ով:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:

Ըստ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 53,4%-ը (2024 թվականին՝ 42,1%) քննվել է մինչև 2 ամիս, 17,1%-ը (2024 թվականին՝ 21,5%)՝ մինչև 4 ամիս, 10%-ը (2024 թվականին՝ 15%)՝ մինչև 6 ամիս, 10,5%-ը (2024 թվականին՝ 11,9%)՝ մինչև 1 տարի, 9%-ը (2024 թվականին՝ 9,5%)՝ 1 տարուց ավելի ժամկետում: «Այսպիսով, 2025 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9,2%-ով ավելի քրեական վարույթ, քան 2024 թվականին, այդ թվում` մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2807-ով կամ 23,8%-ով ավելի քրեական վարույթ»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազի խոսքով՝ նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է նաև 2025 թվականի ընթացքում: Մասնավորապես՝ 2025 թվականի 6 ամսից ավելի է տևել քննված քրեական վարույթների 19,5%-ի նախաքննությունը, որը 2023 թվականի համապատասխան ցուցանիշից պակաս է 4%-ով, իսկ 2024 թվականի ցուցանիշից՝ 1,9%-ով: Ընդ որում, 2025 թվականին ավարտված քրեական վարույթների կեսից ավելին՝ 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը 2024 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11,3%-ով:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղեկացմամբ, քրեական վարույթներով, գործարկման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21.458.058.668 դրամ: Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է 18.437.786.846 դրամ: Այսպիսով, Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է ընդհանուր 39.895.845.514 դրամ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

93 մլն դրամի փողերի լվացում և թմրանյութի իրացում․ 3 գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված 3 քրեական վարույթի նախաքննությունը:

«Քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ.Ե.-ն, Հ.Մ.-ն և Դ.Հ.-ն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և հանցակիցների կողմից կառավարվող «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում տարբեր անվանումներով նույնականացված թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մի շարք այլ առցանց խանութ-հարթակների միջոցով փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային հաշիվներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց:

Այնուհետև, հանցավոր գործունեությունից ստացված գույքի՝ մի դեպքում՝ 583 հզր 303 ՀՀ դրամի, մյուս դեպքում՝ 19 մլն 420 հզր 703 ՀՀ դրամի, իսկ երրորդ վարույթով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 93 մլն 890 հզր 436 ՀՀ դրամի հանցավոր ծագումը և իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու նպատակով՝ փոխանցվել են տարբեր էլեկտրոնային հաշիվների,  փոխակերպվել, ինչպես նաև կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են Հ.Ե.-ի, Հ.Մ.-ի և Դ.Հ.-ի կողմից:

Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և փողերի լվացում կատարելու համար:

Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

2026-ից՝ նոր կենսաչափական անձնագրեր․ ինչ է փոխվելու Հայաստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանն իր ներածական խոսքում նշել է, որ ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր համակարգի ներդրման նպատակն է ապահովել անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին, մասնավորապես՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։ ՆԳ նախարարի խոսքով, այն կբարձրացնի փաստաթղթերի վստահելիությունը, կդյուրացնի սահմանային անցումները և կնպաստի քաղաքացիների ազատ տեղաշարժին, այդ թվում՝ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։

Նշվել է, որ նոր համակարգի ներդրման շրջանակում ստեղծվում են ժամանակակից ենթակառուցվածքներ։ Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով։ Նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ՝ ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն շերտեր։

Միաժամանակ ընդգծվել է, որ փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Վարչապետն ընդգծել է, որ որոշ տառեր ավելի մեծ են արտացոլված և որոշակի միտք ու տրամաբանություն կա դրա մեջ դրված. «Մասնավորապես՝ «Ա» տառը՝ նկատի ունենալով ազատություն, անկախություն, «Ե» տառը՝ երջանկություն, «Է» տառը՝ նկատի ունենալով, որ գրաբարում «Է»-ն Աստված է նշանակում, Աստծուն ընդգծելով, «Ժ» տառը՝ ժողովրդին ընդգծելով, «Ի» տառը՝ ինքնիշխանությունն ընդգծելով, «Խ» տառը՝ խաղաղությունը, «Կ» տառը՝ կյանք, «Հ»-ն՝ Հայաստան, «Մ»-ն մարդ, «Ջ»-ն՝ ջուրն ենք ցանկացել ընդգծել նաև որպես կյանքի խորհրդանիշ, «Ո» տառը, քանի որ նախնական տարբերակում «Օ» տառ չի եղել, նկատի ենք ունեցել օրենքը, օրինականությունը, «Պ» տառը՝ նկատի ենք ունեցել պետությունը, «Ս» տառը՝ նկատի ենք ունեցել սերը, «Ք» տառը՝ Քրիստոսին, որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն: Իհարկե բոլոր տառերով էլ կարելի էր այս ընդգծումներն անել, բայց ընդհանուր առմամբ մտածել ենք, որ այսպիսի ընդգծումները գուցե նաև մեր ռազմավարությունները, ընկալումները, ձգտումները և մեր պատկերացումներն էականորեն կընդգծեն, նաև դիզայնի որոշակի էլեմենտ ավելացնեն»:

Շարունակելով ներկայացնել փաստաթղթի տարբեր էջերում զետեղված պատկերները՝ նշվել է, որ այն սկսվում է հայի ծագումնաբանությամբ՝ Հայկ Նահապետի պատկերով և Գեղամա լեռներում և Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերներով, որոնք բավական հին պատմություն ունեն: Ներկայացված է նաև պատմության հաջորդ կարևոր հանգրվանը՝ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, որը հայի ինքնության և պատմության շատ կարևոր մասն է: Ընդգծվել է, որ Էրեբունի ամրոցի պատկերը վերականգնված է գիտնականների կողմից: Հաջորդիվ՝ ներկայացված են Արտաշեսյան ժամանակաշրջանի սահմանաքարերը, որոնց վրա արամեերեն արձանագրություններ են: Սահմանաքարի տեղադրման ձևը և դիրքը նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում է ձևավորվել, տվյալ ժամանակաշրջանի կենցաղավարությունը և գյուղատնտեսությունը պատկերող վիզուալիզացիա են: Ընդգծվել է, որ սահմանաքարի ընտրությունը պատահական չէ, այն պետական և իրավական շատ կարևոր գործիք է հանդիսացել նույնիսկ այն ժամանակահատվածում, որովհետև ցույց է տվել պետության գոյությունը, պետական կառավարման էությունը և նաև հողային բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակահատվածում:

Հաջորդ էջում ներկայացված է Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, որը խորհրդանշում է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու փաստը 301 թվականին: Ընդգծվել է հենց քրիստոնեության ընդունման տարեթիվը՝ որպես մեր ինքնության և պատմության առանցքային հատվածներից։

Արարողակարգային ավագության տրամաբանությամբ ներկայացված են ժամանակակից պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Կառավարության շենքը, Ազգային Ժողովի շենքը, Սահմանադրական դատարանի շենքը: Պատկերվել են նաև Երևանի Կասկադը և Ալեքսանդր Թամանյանը՝ որպես ժամանակակից քաղաքաշինության նահապետ:

Անդրադարձ կա նաև մարզերին. այբբենական կարգով ներկայացված են Արագածոտնի մարզը՝ Արագած լեռն ի չորս գագաթներով, Արարատի մարզը՝ Խոր Վիրապով, որպես քրիստոնեության կարևորագույն կենտրոններից մեկը, Արմավիրի մարզը՝ լավաշի թխման գործընթացով, Արմավիրի մարզի այգիներով ու պտուղներով, Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճով և 10-րդ դարի Բերդկունք ամրոցով, Կոտայքի մարզը՝ Գառնու հեթանոսական տաճարով, Լոռու մարզը՝ Լոռի բերդ ամրոցով, Շիրակի մարզը՝ Գյումրիի պատմական կենտրոնի փողոցով և հայտնի Ֆայտոնի տեսարանով, Սյունիքի մարզը՝ Բաղաբերդ ամրոցով, Տավուշի մարզը՝ Սրանոցի կամրջով, Վայոց Ձորի մարզը՝ Ջերմուկի ջրվեժով և Ջերմուկի հայտնի խորհրդանիշ եղնիկով: Վարչապետն ընդգծել է, որ այս բոլոր պատմամշակութային հուշարձանների միջոցով փորձ է արվել ապահովել Հայաստանի դիմանկարի բազմազանությունն ու բազմաշերտությունը:

Շեշտվել է, որ կենսաչափական անձնագրի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ներդնել ավտոմատ, առանց մարդկային շփման անցման համակարգեր, ինչն էապես կհեշտացնի և կարագացնի քաղաքացիների տեղաշարժը։

Ամփոփելով անձնագրի ներկայացումը՝ երկրի ղեկավարը նշել է, որ այս քայլով Հայաստանը կատարում է կարևոր քայլ՝ ժամանակակից, անվտանգ և միջազգային չափանիշներին համապատասխան անձնագրային համակարգ ունենալու ուղղությամբ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Կարսում մեկնարկել է նոր գործընթաց․ ԱՄՆ դեսպանությունը ընդգծում է «պատմական առաջընթացը»

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն անդրադարձել է Կարսում տեղի ունեցած՝ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպմանը՝ նշելով, որ պատմական առաջընթաց է խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին:

«Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։

Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»,- ասվում է հաղորդագրությունում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»

🗳 «2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»
Հայաստանը պատրաստվում է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
🔎 Ի՞նչ փոփոխություններ են կատարվել ՀՀ ընտրական օրենսգրքում
❓ Ինչպիսի՞ ազդեցություն կունենան այդ փոփոխությունները ընտրական գործընթացի արդյունավետության վրա
🗳 Որքանո՞վ են պատրաստ տեղամասային ընտրական կենտրոնները առաջիկա ընտրություններին

📺 Ուղիղ եթեր 🔴 YouTube

___________________________________________________
👥 Բանախոսներ՝
➡️ Տիգրան Ղազարյան – Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ
➡️ Արաքսյա Կիրակոսյան – Գյումրու թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ
➡️ Արինա Մեծոյան – «Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ» ՀԿ դիտորդական առաքելության համակարգող, փաստաբան
➡️ Գայանե Գևորգյան – փաստաբան
🎙 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
___________________________________________________
📌 🇬🇧 English
🗳 Ahead of the 2026 Parliamentary Elections
📺 Live Stream 🔴 on YouTube https://www.youtube.com/live/tIgzpyOUttA
Armenia is preparing for the parliamentary elections scheduled for June 7, 2026.
The discussion will cover the following topics:
🔎 What changes have been made to the Electoral Code of Armenia
❓ What impact will these changes have on the effectiveness of the electoral process
🗳 How prepared are polling stations for the upcoming elections
📌 Additional related topics will also be discussed.
👥 Speakers:
➡️ Tigran Ghazaryan – Chair of Precinct Electoral Commission No. 31 (Gyumri)
➡️ Araxya Kirakosyan – Chair of Precinct Electoral Commission No. 30 (Gyumri)
➡️ Arina Metsoyan – Observer Mission Coordinator, “Progress of Gyumri” CSO, Lawyer
➡️ Gayane Gevorgyan – Lawyer
🎙 Moderator: Lusine Movsisyan

logo proelect gmf

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

2026 թվականի ապրիլի 24-ին, հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը

1915 թվականի այս օրը սկսվեց Օսմանյան կայսրությունում հայերի կազմակերպված բնաջնջումը, որի հետևանքով զոհ գնաց շուրջ 1.5 միլիոն մարդ։ Ապրիլի 24-ը սգի, հիշողության և պահանջատիրության օր է։

Ամեն տարի հազարավոր մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ 111 տարի անց հիշում ենք՝ որպեսզի չկրկնվի։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 23-ին հյուրընկալել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և մաղթել համատեղ արդյունավետ գործակցություն։

Պատվիրակության ղեկավար Յանես Լենարչիչը հայտնել է, որ դիտորդական առաքելությունը դիտարկելու է ընտրությունների բոլոր փուլերը և միջանկյալ զեկույց է հրապարակելու փաստական տվյալներով։ Այնուհետև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակելու է երկու գնահատողական զեկույց՝ առաջինը ընտրությունների հաջորդ օրը, երկրորդը՝ ընտրություններից մի քանի ամիս անց։ Դիտորդական առաքելությունը նախատեսում է ՀՀ գործուղել մինչև 250 կարճաժամկետ և 30 երկարաժամկետ դիտորդ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

2026 թվականի հունիսի 7-ի  Ազգային ժողովի հերթական ընտրություններին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման  վերջնաժամկետը  մայիսի 3-ն է։

Ցանկը ներկայացնում ենք ըստ ԿԸՀ առաջադրման հայտ ներկայացնելու հերթականության։

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Փաշինյան Նիկոլ Վովայի
  • Միրզոյան Արարատ Սամվելի
  • Ավանեսյան Անահիտ Թորգոմի

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Ծառուկյան Գագիկ Կոլյայի
  • Թեւանյան Անդրանիկ Նորիկի
  • Սարգսյան Լուիզա Աշոտի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Սիմոնյան Գուրգեն Էդմոնի
  • Անտինյան Էդվարդ Արմենակի
  • Մկրտչյան Լուսինե Մարտիկի

«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Կյուրեղյան Սպարտակ Տիգրանի
  • Գեւորգյան Իշխան Սամվելի
  • Կարապետյանց Նինա Տիգրանի

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ)

  • Կարապետյան Նարեկ Կարենի
  • Վարդեւանյան Արամ Պողոսի
  • Մելոյան Գոհար Գագիկի

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Պետրոսյան Սուրեն Ռաֆիկի
  • Այվազյան Վարդան Նորիկի
  • Գաբրիելյան Հասմիկ Արմենի

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Թաթոյան Արման Հակոբի
  • Անանյան Դավիթ Սանասարի
  • Մատինյան Աստղիկ Համլետի

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Մարուքյան Էդմոն Հրաչիկի
  • Փաշոյան Կարպիս Ռուբիկի
  • Ավագյան Շուշանիկ Սուրենի

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Կարապետյան Գեւորգ Ռոբերտի
  • Սաֆարյան Գեւորգ Վիտալիկի
  • Սախոյան Արմենուհի Լիպարիտի

ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ կազմում՝«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ԱՌԱՋ» ԱՋԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Քոչարյան Ռոբերտ Սեդրակի
  • Սաղաթելյան Իշխան Վաչիկի
  • Գրիգորյան Աննա Արամի

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Շիրինյան Լեւոն Ղազարի
  • Թադեւոսյան Արգիշտ Ռաֆիկի
  • Սահակյան Սիլվա Սերյոժայի

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Զուրաբյան Լեւոն Արամի
  • Մանուկյան Արամ Վիգենի
  • Զորյան Տաթեւիկ Արարատի

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Մարության Հայկ Հրաչյայի
  • Կարապետյան Հակոբ Մանվելի
  • Արամյան Նարինե Միքայելի

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Սարգսյան Արամ Զավենի
  • Ադամյան Անահիտ Հրանտի
  • Մխիթարյան Ռոմիկ Կառլենի

«ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Ուրիխանյան Տիգրան Խաչատուրի
  • Գալստյան Աշոտ Վարազդատի
  • Հովհաննիսյան Գոհար Լեւոնի

  ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Հարությունյան Վաղարշակ Վարնազի
  • Բաբայան Վահան Շոթայի
  • Ներկարարյան Անի Լեւոնի

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՅՈՒՐԻԿԻ
  • ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ
  • ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՆԱ ՎԱԶԳԵՆԻ

ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՏԱԿ ԳՈԴԵՐԶԻՆԻ
  • ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ
  • ԿՈՒՋՈՅԱՆ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆԻ

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ   ՇԱՄԻՐԻ
  • ՄԵՀՐԱԲՅԱՆ ՌՈՒԲԵՆ  ՀԵՆՐԻԿԻ
  • ԶԵՅՆԱԼՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՆԵՐՍԵՍԻ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Ա․-ն, Կ.Ե․-ն և Հ.Թ․-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում, կեղծ փաստաթղթերի և տեղեկությունների օգտագործմամբ՝ 42 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց կազմակերպել են Ս.Յ․-ի և Ա.Յ․-ի ելքը Հայաստանի Հանրապետությունից, օտարերկրյա պետություն մուտքը և օտարերկրյա պետությունում գտնվելը:

Մասնավորապես՝ Ա.Ա․-ն, Կ.Ե․-ն և Հ.Թ․-ն կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմակերպել են Ս.Յ․-ի և Ա.Յ․-ի կողմից «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի թույլտվության ստացումը։

Այնուհետև, Ա.Ա․-ի, Կ.Ե․-ի և Հ.Թ․-ի կազմակերպմամբ Ս.Յ․-ն և Ա.Յ․-ն ԱՄՆ հասնելու նպատակով մեկնել են Իտալիա, այնուհետև՝ Բրազիլիա, Պանամա, Նիկարագուա, Հոնդուրաս, Գվատեմալա, Մեքսիկա։ Վերջիններս Մեքսիկայից 4–րդ փորձից միայն կարողացել են մուտք գործել ԱՄՆ, որտեղ ամիսներ շարունակ մնալով տարբեր քրեակատարողական հիմնարկներում՝ վերադարձել են Հայաստանի Հանրապետություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում Ա.Ա.-ի, Կ.Ե.-ի և Հ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօրինական միգրացիայի կազմակերպումը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ վերջիններս նախկինում նույնպես կատարել են նույնաբնույթ հանցանքներ, մասնավորապես՝ Հ.Թ․-ն նախաքննության փուլում գտնվող այլ քրեական վարույթով, իսկ Ա.Ա․-ն և Կ.Ե․-ն՝ դատաքննության փուլում գտնվող քրեական գործով ունեն մեղադրյալի կարգավիճակ։

ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք՝ անօրինական միգրացիայի զոհ չդառնալու համար զերծ մնալ գումարի դիմաց կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ՝ ԱՄՆ կամ այլ երկրներ մեկնելու խոստումներ տվող անձանց դիմելուց և այդ եղանակով մեկնելու փորձերից:

ՀՀ իրավապահ մարմինները մշտապես հետևողական աշխատանքներ են տանում նմանատիպ դեպքերի բացահայտման և հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Նոր կարգավորում․ 16 տարեկանից՝ պարտադիր ID քարտ

Նոր կարգավորում․ 16 տարեկանից՝ պարտադիր ID քարտ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից նախագծերի փաթեթին՝ այն համարելով անհետաձգելի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակը կենսաչափական նոր համակարգի ներդրմանն համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորումն է։

Նախագծով առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր։ Միայն նույնականացման քարտ ունենալու դեպքում քաղաքացիները կկարողանան ստանալ կենսաչափական անձնագիր։ 6-16 տարեկանների համար նախատեսվում է կամավորության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկանների դեպքում անձը հաստատող փաստաթուղթ կդիտարկվի ծննդյան վկայականը։

Նախատեսվում է նաև, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը կհամապատասխանեցվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտներին։ Ըստ նախարարի՝ նույնականացման քարտը կդառնա հիմնական փաստաթուղթ ներպետական գործառույթների համար, իսկ անձնագիրը կդիտարկվի որպես ճամփորդական փաստաթուղթ։ Փոփոխություններով կենսաչափական կդառնան նաև օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթերը։

Բացի այդ, կարգավորվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակը՝ սահմանելով, որ մասնավոր գործընկերը վարչարարական որոշումներ չի կայացնելու, իսկ գործընթացը կմնա պետության լիազորությունների շրջանակում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com