Նորություններ

Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաներին Անահիտ Մանասյանը ամանորյա նվերներ է հանձնել

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին  հյուրընկալվել է ԱՍՀՆ «Շիրակի  մարզի երեխայի և ընտանիքի  աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Պաշտպանը հանդիպել է  երեխաների հետ, ծանոթացել  զարգացմանն ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց առօրյայով: Տարածքում իրականացվել է շրջայց` մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրած խնդիրների լուծումները դիտարկելու նպատակով: Պաշտպանի նախորդիվ արձանագրած մի շարք խնդիրներ լուծում են ստացել:

Այցի ավարտին Անահիտ Մանասյանը երեխաներին հանձնել է նվերներ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ Կառավարությանը

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ Կառավարության կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Պրոյեկտով արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել, կստեղծվի շուրջ 1000 նոր աշխատատեղ։

Նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ հաջողությամբ հաղթահարվել են բոլոր փուլերը, իրականացվել է շատ մանրամասն աշխատանք, իսկ բոլոր ռիսկերը կամ հնչած մտահոգությունները փարատվել են։

«Սա մի մեգապրոյեկտ է, որը հանգեցնելու է ավելի քան հազար աշխատատեղերի ստեղծմանը, պետական բյուջե հարկերի տեսքով վճարումներ կատարելուն, բայց, որ ամենակարևորն է, նպաստելու է տվյալ համայնքի զարգացմանը։ Մենք հավատում ենք այս նախագծի հաջողմանը»,- նշել է Գևորգ Պապոյանը։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանը, ի պատասխան լրագրողների հարցի, հայտնել է, որ Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա եռամսյակում, իսկ բուն շահագործումը նախատեսվում է 2025 թվականի չորրորդ եռամսյակում:

Կից ներկայացնում ենք ՀՀ Կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» N 81-Ա որոշումը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ՄԻՊ ռազմավարությունից բխող՝ 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող՝ 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը։ Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը նախարարության համար կարևոր և առաջնահերթ ռազմավարական ուղղություններից է։ Նա շեշտել է ռազմավարության ներառականության կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Դիմելով նիստի մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ նախարարը հատուկ ընդգծել է յուրաքանչյուր գերատեսչության դերը միջոցառումների իրականացման գործընթացում։ «Այս հարթակը հատուկ հնարավորություն է բոլորիս համար՝ քննարկելու այն խնդիրները, որոնք առկա են, և նախանշելու դրանց լուծման հնարավոր ուղղությունները»,- վստահեցրել է նախարարը։

Նա ներկայացրել է 2025-ին նախատեսվող ծրագրային առաջնահերթությունները, որոնք ընդգրկում են մշտադիտարկման և վերագնահատման փուլերը։ Նախարարը հավաստիացրել է, որ ՄԻՊ ազգային ռազմավարությունը ՀՀ կառավարության հիմնական ուղղություններից է, և Արդարադատության նախարարությունը հետամուտ է լինելու այս ոլորտում հաջողությունների գրանցմանը։

Նշենք, որ Խորհուրդը կազմված է հանրային իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից և քաղաքացիական հասարակության յոթ կազմակերպությունների մեկական ներկայացուցչից։ Համակարգող խորհրդի նախագահն է արդարադատության նախարարը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

 

 

ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ:

Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին պաշտոնը ստանձնելու առթիվ:

Զրուցակիցները քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:

Անահիտ Մանասյանը հույս է հայտնել մարզպետարանի հետ արդյունավետ համագործակցության շարունակականության կապակցությամբ և նշել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել

ԵԱՏՄ-ի մասնակից երկրների ղեկավարները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում որոշել են Իրանին միությունում դիտորդի կարգավիճակ տրամադրել։

Այսպիսով՝ ԵԱՏՄ-ում երեք դիտորդ երկիր կա։ Նախկինում այս կարգավիճակը ստացել էին Ուզբեկստանն ու Կուբան։ Դիտորդի կարգավիճակը թույլ է տալիս հրավերով մասնակցել ԵԱՏՄ մարմինների նիստերին՝ չմասնակցելու որոշումների կայացմանը և իրավունք ունենալ ստանալու ոչ գաղտնի փաստաթղթեր:

ԵԱՏՄ-ի լիիրավ անդամներն են Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Հինգշաբթի ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի 10 ամսվա ընթացքում աճել է 12,8%-ով, ապրանքների արտահանումն Իրան աճել է 16 %-ով, ներմուծումը՝ 8 %-ով։ Ակնկալվում է, որ 2025 թվականին միության և Իրանի միջև ուժի մեջ կմտնի ազատ առևտրի լայնածավալ համաձայնագիրը, որը նախատեսում է ապրանքների 90 %-ի նկատմամբ անմաքս ռեժիմի սահմանում փոխադարձ առևտրում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

 

 

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են Դիլիջանի կլաստերի զարգացման հաջողություններն ու բացթողումները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 25-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մասնակցել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող «Մարզային ենթակառուցվածքների և զբոսաշրջության բարելավման» ծրագրի շրջանակում Դիլիջանի զարգացման տեսլականի զեկույցի ներկայացում-քննարկմանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ, ներդրողներ։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ իր մասնակցության նպատակն է անձամբ ծանոթանալ Դիլիջանի կլաստերի զարգացման հաջողություններին ու բացթողումներին և քննարկել համայնքի զարգացման ուղղությամբ համատեղ նախատեսվող քայլերը։
«Դիլիջանը պատմականորեն զարգացել է որպես զբոսաշրջային կլաստեր, բայց ակնհայտ է, որ քաղաքը պետք է բոլորովին այլ մակարդակի բարձրացնել, և այդ առումով հետագա ենթակառուցվածքային ներդրումները շատ կարևոր նշանակություն ունեն։ Սուբվենցիոն ծրագրերով պետությունը ևս ներդրումներ է իրականացնում, որպեսզի Դիլիջանում ստեղծվի գրավիչ զբոսաշրջային միջավայր»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի նպատակն է բարելավել կլաստերներում ներգրավված տարածքների և համայնքների կենսունակությունը, բարձրացնել զբոսաշրջային գրավչությունը՝ համայնքների համար լրացուցիչ եկամուտների և տեղական տնտեսությունների աճի խթանման նպատակով։
Քննարկմանը հաջորդել է հարց ու պատասխան, որի ընթացքում ներկայացվել են առաջարկներ ծրագրի լավարկման վերաբերյալ, տրվել պարզաբանումներ բարձրացված հարցերի շուրջ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:

Քննությունները կանցկացվեն՝

հունվարի 13-ին՝ «Հայոց լեզու և գրականություն»,

հունվարի 15-ին՝ «Մաթեմատիկա»,

հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն»:

Հիշեցնենք՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Վարազդատ Լալայանը «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող է ճանաչվել

«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Վարազդատ Լալայանը ստացել է 1778 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Գոռ Սահակյանը՝ 1567 ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ըմբիշ Մալխաս Ամոյանը՝489 ձայնով:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվել է այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում. 5 օրվա ընթացքում քվեարկությանն ավելի քան 6100 օգտատեր է մասնակցել:

Ընդ որում՝ յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կարողացել է մասնակցել մեկ անգամ:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարել է 15 մարզիկ: Այս անվանակարգի հաղթողը կպարգևատրվի հուշանվերով և հավաստագրով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025-ին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը հասանելի չի լինի Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։ Այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։

Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական հաշվի քարտի նոր համակարգի ներդրման ընթացքում ժամանակավորապես հասանելի չեն լինի նաև ՊԵԿ տեղեկատվական որոշ համակարգեր։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը:

Մինչ հաշվետվության ներկայացումը, վարչապետը նշել է. «Այսօր մենք պետք է քննարկենք թվայնացման ոլորտում մեր կատարած աշխատանքները, և դրա համար կա կոնկրետ առիթ և պատճառ: Մենք ի սկզբանե իմացել ենք և հիմա էլ գիտենք, որ հանրային կառավարման կամ ծառայությունների մատուցման ոլորտում ունենք էական խնդիրներ: Խոսքը Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների մասին է: Եվ ի սկզբանե մեր պատկերացումներն եղել են այն, որ թվայնացումն է այն հիմնական գործիքը, որով մենք պետք է այդ ոլորտում մեր ունեցած խնդիրները հաղթահարենք: Եվ նաև վերջին շրջանում, քանի որ շատ ահազանգեր են ստացվում ոչ թե թվայնացման, այլ հանրային կառավարման ոլորտում առկա խնդիրների չլուծվածության մասին, շատ պատեհ է, որ մենք էլի վերադառնանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս առումով ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել թվայնացման մեր օրակարգի իրականացմանը: Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շատ կարևոր է ընդհանուր պատկերը տեսնել և հասկանալ, թե պլանավորված աշխատանքն այս պահին ինչ փուլում է, թվայնացման օրակարգն ավելի արդյունավետ իրականացնելու համար ինչ ռեսուրսներ կան և ինչ անելիքներ կան:

Փոխվարչապետ, Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է, որ թվայնացումն իրականացնում է մի շատ կարևոր գործառույթ, որը բացահայտում է ֆունկցիայի իմաստն ու կարևորությունը և ընդգծել, որ թվայնացվելու է միայն այն գործառույթը, որի կարիքը քաղաքացին ռեալ ունի: Մհեր Գրիգորյանի խոսքով՝ կան նաև թվային լուծումներ, որոնք թելադրում են ճիշտ գործառույթ, և միջազգային փորձում կան լուծումներ, որոնք անհրաժեշտ է ադապտացնել մեր կանոնակարգին:

Հաջորդիվ՝ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի քարտուղար Ներսես Երիցյանը ներկայացրել է հաշվետվություն թվային առաջընթացի վերաբերյալ: Նախ՝ համառոտ տեղեկատվություն է ներկայացվել հաշվետու ժամանակահատվածում խորհրդի գործունեության վերաբերյալ՝ կայացած նիստերի, քննարկված հարցերի, հաստատված որոշումների և հայեցակարգային որոշումների մասով:

Մանրամասներ են ներկայացվել թվայնացման գործընթացների ինստիտուցիոնալ դերաբաշխման և համակարգման, թվային ճարտարապետության հիմնարար օրենքների նախագծերի մշակման, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի, «Ամպայինն առաջինը» քաղաքականության ընդունման ու կիրառման, հանրային տվյալների կատալոգի, քարտեզագրման և դասակարգման, «Կյանքի 12 իրադարձությունների» թվայնացման վերաբերյալ և այլն:

2025 թվականի անելիքների շարքում ընդգծվել է թվային հիմնարարների հասանելիությունը՝ ենթակառուցվածք կամ ամպային լուծումներով, «Կյանքի 12 իրադարձությունների» ներքո մատուցվող ծառայությունների թվայնացումը, ինչպես սահմանված է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, ռազմավարական հաղորդակցումն ու իրազեկումը և այլն:

Վերոնշյալ հաշվետվության շուրջ ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցները ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ հանրային ծառայությունների թվայնացման ու որակի բարելավման, ծառայությունների մատուցման քաղաքականության, կիբեռանվտանգության հարցերի շուրջ:

Վարչապետը հանձնարարել է, առաջնորդվելով թվայնացման ճանապարհային քարտեզով, նշել, թե այս պահին որտեղ է գտնվում թվայնացման գործընթացը և նույն տրամաբանությամբ կազմել 2025 թվականի անելիքները՝ նշելով գործառույթի պատասխանատու գերատեսչությանը: Այս համատեքստում կարևորվել է պարբերական հաշվետվությունների ներկայացումը ճանապարհային քարտեզին համապատասխան աշխատանքների իրականցման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաջորդիվ կքննարկվեն նաև օրենքների նախագծերը և այս համատեքստում՝ կարևորել խորհրդարանական գործընկերների հետ աշխատանքների ինտենսիվացումը: Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը նշել է, որ 2025 թվականին անհրաժեշտ է թվայնացման օրակարգով ավելի ինտենսիվ զբաղվել, քանի որ բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է: