Նորություններ

ՔՊ-ն Գյումրու ավագանու առաջիկա նիստում թեկնածու չի առաջադրի

Սիրելի´ գյումրեցիներ, 2021 թվականին Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձեզ ներկայացրեց քաղաքի զարգացման մեր ծրագիրը, որը սակայն չստացավ ընտրողների մեծամասնության վստահության քվեն, «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրությունների արդյունքով զբաղեցրեց 2-րդ տեղը։ Մենք խոնարհաբար ընդունեցինք ձեր քվեարկության արդյունքները և ձեր կողմից ամենաշատ քվեն ստացած ուժի ներկայացուցչին ընտրեցինք քաղաքապետ՝ ինքներս էլ քաղաքի կառավարման որոշակի պատասխանատվություն ստանձնելով։

«Բալասանյան» դաշինքի հետ մեր հետագա համագործակցությունը սակայն չստացվեց, կամ գոնե չստացվեց այնպես, ինչպես մենք էինք ուզում ու ինչպես ավելի շահեկան կլիներ քաղաքի համար, և մենք խզեցինք կոալիցիոն համագործակցության հուշագիրը՝ մտադրված լինելով ծառայել համայնքին արդեն ընդդիմադիր դիրքերից մինչև գործող ավագանու պաշտոնավարման ժամկետի ավարտը։

Սակայն վերջին օրերին ծագած իրավական պրոցեսներին մեզ համար անհասկանալիորեն հաջորդեց «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամների մանդատները վայր դնելը, ինչի շնորհիվ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գործող ավագանու կազմում փաստացի դարձավ մեծամասնություն։ Ոմանք, շահարկելով այս փաստը, անհաջող փորձեր են անում իրավական գործընթացներին քաղաքական նրբերանգներ տալու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Գյումրիում իշխանազավթման մեջ մեղադրելու համար։

Սիրելի´ գյումրեցիներ, թեև այս պահին գործող ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն է, բայց գործող ավագանին չի արտացոլում 2021-ին ձեր կատարած քվեարկության արդյունքները` ինչպես նաեւ հաշվի առնելով քաղաքի կառավարումը բարձիթողի վիճակում չթողնելու, ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ եւ անցնցում հաղթահարելու անհրաժեշտությունը «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ավագանու նիստում չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին, և քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ, քանի որ Գյումրիում որոշողը գյումրեցին է, համայնքային իշխանություն ձևավորողը գյումրեցին է և հենց գյումրեցին էլ պիտի որոշի, թե ով է լինելու Գյումրու հաջորդ համայնքապետը։

Հիշեցնենք, որ վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Գյումրիում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է լինելու:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները

Կառավարությունը հավանություն տվեց «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երիտասարդների ինքնիրացման համար նպաստավոր միջավայրի ստեղծման քայլեր են արվում։ Ըստ նրա՝ մինչ այս պետությունը չի ունեցել համապարփակ օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, թիրախներն ու շահառուներին, և այս նախագիծը կգա լրացնելու բացը․

«2022-ից մեկնարկելով՝ կառավարության, համայնքների և մասնավոր ոլորտի համագործակցությամբ, մարզերում ձևավորվել է հինգ կենտրոն՝ Ապարանում, Դիլիջանում, Մեղրիում, Իջևանում և Վանաձորում: Այս տարի դրանց կավելանա ևս չորս կենտրոն տարբեր մարզերում, հաջորդ տարիների պլաններում նախատեսված է ևս 6 կենտրոնի ձևավորում»,- ասել է նախարարը։

Մյուս տարի կմեկնարկի բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորումը՝ երիտասարդական կենտրոնի, մշակույթի տան, համայնքային գրադարանի ձևաչափերով։

Օրենքի նախագծով երիտասարդների տարիքային շեմ է առաջարկվում սահմանել 13-35 տարեկանը. «Հիմք են ընդունվել բազմաթիվ հանգամանքներ, որոնք մանրամասնորեն ներկայացված են օրենքի փաթեթի հիմնավորման տեղեկանքում և հիմնված թե միջազգային պրակտիկայի, թե մեր հասարակության ժողովրդագրական իրավիճակի հանգամանքների վրա»,- ասել է նա։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Շարունակվում են զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցման միջոցառումները

Գործադիրը որոշում է ընդունել, որով առաջարկվում է զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը 2024 թվականի մինչև տարեվերջ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 7.3 մլն դրամ 1011 ծրագրի 12001 միջոցառման շրջանակներում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել։

Նախագիծը շրջանառության մեջ է Ազգային ժողովի կայքէջում։

«Միևնույն ժամանակ, ՀՀ օրհներգը տարաբնույթ միջոցառումների (հիմնականում մարզական, մշակութային) ժամանակ հնչում է կարճ տարբերակով՝ պայմանավորված տվյալ միջոցառումների առանձնահատկություններով և եթերաժամանակով: Նշված դեպքերում նույնպես բացակայում է միասնական մոտեցում և կարիք կա մշակելու մեկ միասնական ստանդարտ: Հետևաբար, նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակը»,- ասվում է նախագծում:

Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել օրհներգի տեքստում, և առաջարկվում է հանել հետևյալ քառատողը՝

«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։

Առաջարկվում է, որ օրհներգն ավարտվի հետևյալ քառատողով՝

«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։

Նշվում է, որ առաջարկվող կարգավորումը նպատակ ունի սահմանել և հրապարակել ՀՀ օրհներգի պաշտոնական և առանձին դեպքերի համար նախատեսված տարբերակը, որոշակիացնել դեպքերը օրհներգի ամբողջական և կարճ խմբագրությամբ օգտագործվելու համար:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրի փոփոխության նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել ««ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Գործողությունների ծրագրի ընթացիկ մոնիթորինգը ցույց է տվել, որ որոշ ցուցանիշների սահմանումները հստակեցման կարիք ունեն։ Միաժամանակ, անհրաժեշտություն կա սահմանված թիրախները համապատասխանեցնել միջնաժամկետ ծախսային ծրագրի ցուցանիշներին։

Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա շարունակել արդյունավետ կերպով իրականացնել ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի մշտադիտարկումն ու գնահատումը:

Ոլորտային կազմակերպությունները և շահագրգիռ անձինք նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 23-ը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Կարապետյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-103-Ո-233 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արտակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրի մեջ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Կարինե Դավթյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-103-Ո-234 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Կարինե ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրիմեջ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ԱԺ-ում քննարկվել է Երիտասարդական խորհրդարանի մշակած՝ կրթության ֆինանսավորմանն առնչվող նախագիծը

«Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցներն օրենսդրական առաջարկ են մշակել, որը վերաբերում է կրթության ֆինանսավորմանը: Առաջարկն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է պատգամավորների քննարկմանը:

Երիտասարդական խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի զարգացման գերակա ուղղություններից է բարձրորակ կրթության հասանելիությունը բոլոր քաղաքացիների համար, սակայն պետական բուհերի բազմաթիվ ուսանողներ ֆինանսական միջոցների սղության պատճառով զրկվում են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է ներդնել բարձրագույն կրթության ֆինանսավորման նորարարական հետվճարային համակարգ: Ստեղծվելիք պետական հատուկ ֆոնդը կֆինանսավորի ուսանողների կրթությունը՝ վճարելով ուսումնական վարձավճարը և ապահովելով երկարաժամկետ հետվճարային մեխանիզմը: Առաջարկով ֆոնդը կգործի ԿԳՄՍ նախարարության, Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության ղեկավարման, ինչպես նաև կոմերցիոն բանկերի վերահսկողության ներքո:

«Համակարգի առանցքային առավելությունն այն է, որ ուսանողները կկարողանան ստանալ բարձրագույն կրթություն՝ առանց ուսման վարձն անմիջապես վճարելու: Փոխարենը նրանք կսկսեն մարել ամբողջական գումարը՝ ըստ նախապես նշանակված ժամկետի և ամսական վճարի չափի: Տևողությունը և ամսական վճարի չափը պայմանավորված կլինեն ընտանիքի վճարունակությամբ»,- պարզաբանել է զեկուցողը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մանրամասնել է, որ ստեղծվելիք ֆոնդը սոցիալապես անապահով ուսանողներին գրեթե 0-ական տոկոսով կտրամադրի արտոնյալ ուսանողական վարկեր: Ենթադրաբար ֆոնդը կֆինանսավորվի պետական բյուջեից:

Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորները, Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության և ՊԵԿ ներկայացուցիչները ողջունել են երիտասարդների նախաձեռնողականությունը և փորձել հասկանալ վարկավորման տրամադրման առաջարկվող մեխանիզմներն ու պայմանները, աջակցության այլ ծրագրերի հետ համեմատականները, բանկային համակարգի խնդիրները, հետվճարային ծրագրի առանձնահատկությունները և նախաձեռնությանը վերաբերող այլ դրույթները:

Բաբկեն Թունյանն առաջարկել է հետաձգել նախաձեռնության քննարկումը մինչև երկու ամիս ժամկետով, այդ ընթացքում լրամշակել շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

«Երիտասարդական խորհրդարանն» իրականացվում է ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ: Վերջինս ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության, Շվեդիայի կառավարության և ՀՀ Ազգային ժողովի կողմից:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն. Փաշինյանը՝ Թրամփին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն Թրամփ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով։

Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը, գիտելիքները և կարողությունները լավագույն կերպով կծառայեն ԱՄՆ ժողովրդի բարեկեցության ապահովմանը, ԱՄՆ շահերի առաջմղմանը և ԱՄՆ համաշխարհային դերակատարության ամրապնդմանը:

Անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները, որոնք խարսխված են մեր երկրների պատմական բարեկամության, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, գրանցել են աննախադեպ առաջընթաց: Անշուշտ, այդ գործընթացում դեր ունի նաև ամերիկահայ համայնքը։

Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը Հարավային Կովկասում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության և կայունության հաստատման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային սպառնալիքների կանխարգելման գործում:

Մեր բազմաշերտ օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև առկա զգալի ներուժի լիարժեք օգտագործումը: Այս կապակցությամբ ուրախ եմ արձանագրել այն համատեղ ջանքերը, որոնք ուղղված են խթանելու Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությունը: Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, և կշարունակենք արձանագրել նորանոր ձեռքբերումներ՝ իրագործելով ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը:

Մեծարգո պարոն նախագահ,

Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում, որի վերաբերյալ ՀՀ Կառավարության առաջարկներն ամբողջացած են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով՝ մաղթելով քաջառողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի բարօրության և առաջընթացի»:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

ԵՄ-ն Հայաստանին 270 մլն եվրո կտրամադրի. քննարկվել են եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 5-ի համատեղ նիստում քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը, գալիք տարվա բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի բյուջեի նախագծով Եվրամիության հետ նախատեսված է իրականացնել 2 դրամաշնորհային ծրագիր՝ 13,8 մլն եվրո գումարով. առաջինը «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» (երկրորդ փուլ), որի գումարը կազմում է 4,5 մլն եվրո եւ «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» 9,3 մլն եվրո գումարով: Ներկայում քննարկումներ են ընթանում ԵՄ-ի հետ եւ հնարավոր է 2025 թվականին ստանալ նաեւ 25 մլն եվրո բյուջետային աջակցություն:

Նախարարը տեղեկացրել է, որ եվրոպական կառույցների հետ իրականացվում են մի շարք վարկային ծրագրեր, որոնք Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջեում նախատեսված են 18,5 մլրդ դրամի չափով: Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պարզաբանումներ «Հյուսիս-հարավ» ճանապարհային հատվածին վերաբերող ծրագրի իրականացման, մի շարք կառույցներից, բանկերից ու ծրագրերից նախատեսվող հատկացումների վերաբերյալ:

«Վերջին տարիներին կտրուկ մեծացել է միջազգային համագործակցության ընդհանուր պորտֆելը, եւ աշխատանքներ պետք է իրականացվեն կարողությունների, ներուժի զարգացման ուղղությամբ»,- նշել է նախարարը:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ 2024 թվականը ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից աննախադեպ տարի էր: Նրա խոսքով արդեն սկսվել են բանակցությունները ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ, շարունակվում է առաջնային՝ անվտանգության ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցությունը: 2025 թվականի ընթացքում ծրագրվում է անցկացնել Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված որոշ կանոնադրական մարմինների, Հայաստան-ԵՄ գործընկերության, Առեւտրի հարցերով գործընկերության, Խորհրդարանական գործընկերության կոմիտեների նիստեր:

Անդրադառնալով 2025 թվականին իրականացվելիք մի շարք ծրագրերի՝ զեկուցողը տեղեկացրել է, որ «Դիմակայունություն եւ աճ» ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 270 մլն եվրո գումար: Համագործակցությունը շարունակվելու է նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում: Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտական ոլորտում մասնագետների վերապատրաստմանը, ԵՄ անդամ երկրներում տնտեսական կցորդների գործունեության ակտիվացմանը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 900 մլն դրամ է վերադարձվել պետությանը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունը ԱԱՀ-ի դեբետային մնացորդներ առաջացնելու, այնուհետև դրանք պետությունից հետ ստանալու նպատակով իր հետ փաստացի փոխկապակցված մեկ այլ կազմակերպությունից ստացել է ապրանքների մատակարարման հարկային հաշիվներ՝ առաջացնելով շուրջ 900.000.000 ՀՀ դրամի ԱԱՀ դեբետային գումար և միջոցներ է ձեռնարկել՝ դեբետային գումարները հետ ստանալու ուղղությամբ:

Իրականացված նախաքննության ընթացքում պատասխանատու անձանց կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ, իսկ վերոնշյալ դեբետային գումարներն ուղղվել են այդ ճշտումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների մարմանը:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com