2024թ. սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 22 և 29-ամյա բնակիչների կողմից Գյումրի քաղաքում տեղադրման միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«Ստացված տեղեկություններն իրացնելիս վերջիններս նույն օրը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին:
Նշված անձինք իրավապահներին հայտնել են, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող կայքէջից ստանալով առաջարկ՝ գումարի դիմաց Վանաձոր քաղաքի մոտակայքից վերցրել և Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև հարակից գյուղական բնակավայրերի դաշտամիջյան ճանապարհներին տեղադրել են փաթեթավորված մոտ 70 հատ 0,5 գրամից 10 գրամ քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փաթեթներ և ապակյա տարաներով «Հաշիշի» յուղ, որոնց տեղադրման վայրերը լուսանկարել են իրենց բջջային հեռախոսներով՝ միաժամանակ նաև տեղեկացնելով, որ նշված տեսակի թմրամիջոցների որոշ խմբաքանակ առկա է նաև իրենց կողմից շահագործվող ավտոմեքենայում:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 44-396-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, վերոհիշյալ անձինք ձերբակալվել են:
Նախաքննության ընթացքում կասկածյալների մասնակցությամբ կատարվել են դեպքի վայրերի 7 զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են կպչուն ժապավեններով փաթեթավորված 55 փաթեթ, որոնք, ըստ զննության մասնակից-կասկածյալների հայտարարության, իրենց կողմից նշված տեղանքներում տեղադրված թմրամիջոցներն են։ Նրանց կողմից շահագործվող «MERCEDES-BENZ C 180» մակնիշի տրանսպորտային միջոցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են, նախնական տվյալներով, 3 սրվակ «Հաշիշի յուղ», փաթեթավորված թվով 7 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ ատրճանակ։
Հայտնաբերված փաթեթների պարունակությունը, դրանց բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի եզրակացության համաձայն՝ քննվող քրեական վարույթի շրջանակներում փորձաքննության ներկայացված փաթեթներից մեկում առկա զանգվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Նախաքննության ընթացքում կասկածյալների արտաքին զննությամբ հայտնաբերվել են ներարկման հետքեր։ Վերջիններից վերցվել են արյան նմուշներ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Իսրայելը շարունակում է իր հարձակումը երկու ճակատում՝ ցամաքային ներխուժում Լիբանան՝ ընդդեմ «Հըզբոլլահի», որի հետևանքով զոհվել է ութ իսրայելցի զինվորական, և հարվածներ Գազայի հատվածին, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: Նախօրեին Իսրայելը խոստացել էր պատասխանել Իրանի հրթիռային հարվածներին, և տարածաշրջանը պատրաստվում է հետագա էսկալացիայի՝ հայտնում է Associated Press-ը:
Իրանը, որն աջակցում է և՛ «Հըզբոլլահին», և՛ ՀԱՄԱՍ-ի զինյալներին, որոնք ղեկավարում են Գազայի հատվածը, երեքշաբթի գիշերը տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչը ևս մեկ անգամ սրել է իրադրությունը՝ Մերձավոր Արևելքը մոտեցնելով տարածաշրջանային պատերազմին: Իսրայելը նախազգուշացրել է, որ հարձակումը «հետևանքներ» կունենա՝ գրում է լրատվական գործակալությունը։
Չորեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնի մոտ գտնվող բնակելի շենքին, որն այս շաբաթ երկրորդ հարվածն է Բեյրութի կենտրոնին: Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է վեց մարդ, յոթը վիրավորվել է:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 2-ի նիստին պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեցին մի շարք նախագծեր:
Ընդունվեց Գյումրու ճանապարհների վերանորոգման և լուսավորության համար վարկային հավելյալ միջոցներ ներգրավելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով ՎԶԵԲ-ի հետ ՀՀ-ի գործող վարկային համաձայնագրում փոփոխություն կկատարվի, և լրացուցիչ 2,7 մլն լրացուցիչ վարկային ռեսուրսներ կներգրավվեն:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր ռազմարդյունաբերողների գործունեությունը դյուրացնելուն նպաստող նախագիծը, համաձայն որի՝ ԲՏԱՆ-ն առաջարկում է հիմնական 4 նոր գործառույթներով օժտել Ռազմարդյունաբերական կոմիտեին՝ նպաստելու Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացմանը:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նաև էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցների երթևեկությանն առնչվող օրենսդրական փոփոխությունները: Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել է մեկ լրացում. անհատական շարժունակության միջոցների համար նվազագույն արագություն է սահմանվել ոչ թե 20, այլ 25 կմ/ժամը:
Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 1-ին մեկնարկած նիստի օրակարգը սպառվեց: Ժամը 16:30-ին կլինի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10:13-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կմ-ի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացի Ս. Ղ.-ի (ծնված 1954 թ․) վրա, որը տեղում մահացել է։
Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։
Քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություններ։ Մտքեր են փոխանակվել կուսակցական և քաղաքական բնույթի հարցերի շուրջ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է ներկայացրել:
Այս մասին Մինասյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը:
Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ:
Մեծապես շնորհակալ եմ և միշտ ջերմությամբ կհիշեմ ինձ բարությամբ ընդունած և աջակցած բոլոր մյուս պատգամավորներին, ընկեր դարձած կառավարության բոլոր գործընկերներին և, իհարկե, ինձ մեծագույն հնարավորություն տված վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Արդարադատության ոլորտի բարեփոխման համար նրանց հետ և նրանց օգնությամբ շատ բան ենք արել նաև այս վերջին երկու տարիներին: Կառավարության ծրագիրը մեր մասով հաստատ գերակատարված է միջոցառումների քանակի և որակի առումով: Կառուցված ճանապարհն ու դպրոցը մարդիկ միանգամից են տեսնում և վայելում, բայց նոր արբիտրաժային համակարգի, հարկադիր կատարման վերափոխված ծառայության, թվայնացված քաղաքացիական դատավարության, կայացած պրոբացիայի ծառայության և բազմաթիվ այլ բարեփոխումների կամ հարյուրավոր օրենսդրական ու ռազմավարական փոփոխությունների արդյունքները բոլորս կվայելենք որոշ ժամանակ անց:
Մարդիկ արդարադատության նախարարներից միշտ սպասել են արդարության արագ և անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառույթ չէ: Դա վերապահված է իրավապահներին ու դատարաններին:
Մենք քաղաքականություն մշակողն ենք և ինստիտուցիոնալ համակարգը բարելավողը: Երկու ուղղությամբ էլ շատ բան է արվել արդեն: Պտուղները կլինեն շուտով, բայց արդեն հաջորդ նախարարների օրոք:
Իհարկե, կարելի էր ավելի համբերատար լինել, մնալ և պայքարել այս ամենի համար և շարունակել հանգիստ ներկայացնել կատարված հսկայածավալ աշխատանքը, բայց ես որոշեցի վերադառնալ ինձ ավելի հարազատ միջավայր: Արդարադատության ոլորտին կարելի է նպաստել նաև մասնավոր հատվածում»,-գրել է նա:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 23.31-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի մշակույթի տան մոտից կրծքավանդակի ձախ կեսի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել ինքնությունը չպարզված երիտասարդի:
«Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառուների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակիչ Տիգրան Կ.-ն է: Պարզվել է նաև, որ ժամը 22:40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի հասցեներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածներ էր հասցրել համաքաղաքացի 20-ամյա երիտասարդը:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 3:20-ին, նա ներկայացել է Տարոնի բաժին և խոստովանել, որ վիճաբանության ժամանակ ինքն է ծալովի դանակով հարվածներ հասցրել Տիգրան Կ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հայտնել է նաև, որ դանակն այնուհետև նետել է Փամբակ գետը:
20-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Նախարար Գևորգ Պապոյանը Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսություն» պանելային քննարկմանը։
Մասնակիցներն անդրադարձել են առևտրատնտեսական հարաբերությունների հաջող զարգացմանն ուղղված մի շարք օրակարգային հարցերի, ներառյալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համագործակցության խորացումը, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումը, կայուն ենթակառուցվածքների ստեղծումը և Հյուսիս-հարավ միջանցքին առնչվող հարցերը։
«Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 692,4 մլն ԱՄՆ դոլար։ Միաժամանակ Հայաստանից դեպի Իրան արտահանումը կազմել է 94,5 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 597,9 մլն դոլար։ Այս ցուցանիշները վկայում են մեր երկրների տնտեսական հարաբերությունների դրական դինամիկայի մասին։ Կարևոր ոլորտները, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումը և արտադրական ապրանքները, արդեն իսկ կազմում են մեր առևտրաշրջանառության զգալի մասը։
Այնուամենայնիվ, մեր նպատակները շատ ավելին են, քան արդեն իսկ ձեռք բերվածը։ Ղեկավարվելով Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի պայմանավորվածությամբ՝ մենք մեր առաջ խնդիր ենք դրել առաջիկա տարիներին փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի, իսկ ապագայում՝ 3 միլիարդ դոլարի։ Սա հավակնոտ նպատակ է, և դրան հասնելու համար անհրաժեշտ է կենտրոնացնել ջանքերը՝ ապրանքների տեսականու ընդլայնման, լոգիստիկ ենթակառուցվածքի բարելավման և նոր առևտրային ուղիների ակտիվացման ուղղությամբ»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Մինչ սպասված թատերաշրջանի բացումն ազդարարող ներկայացումը, տոնական երեկոն մեկնարկեց նորաստեղծ Folkastic Band-ի հետ ճամփորդությամբ դեպի աշխարհի տարբեր երկրների ֆոլկ երաժշտություններ։
Գյումրու դրամատիկական թատրոնը թատերաշրջանը բացեց Նոել Քոուարդի «Խելահեղ Seance» լիրիկական կատակերգությամբ, որի ռեժիսորը, բեմադրության եւ երաժշտության հեղինակը երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանն է։ Ռաֆայել Ասատրյանն է։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ ստեղծագործությունը խորը փիլիսոփայական կամ բարոյահոգեբանական աշխատանք չէ, բայց տրամադրություն ստեղծող է։ «Վերանայելով խաղացանկը, մենք հասկացանք, որ հիմնականում ծանր ներկայացումներ են եղել, և թատրոնին պակասում են կատակերգությունները: Այս անգամ որոշեցինք թատերաշրջանը բացել գունեղ ու պոզիտիվ լիցքերով։ Հանդիսատեսը բեմում կտեսնի նոր երիտասարդական խմբի՝ դերասանների, ովքեր առաջին անգամ են խաղում, և նրանց հետ հանդես կգան մեր փորձառու դերասանները։ Ես այս ներկայացումն առանձնացնում եմ նրանով, որ նոր դեմքեր կան, երիտասարդական ստեղծագործական նոր կազմ, նոր նկարիչ»,- ասաց Հարությունյանը։
Դերերում են՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Հասմիկ Սուվարյանը, Լիլիթ Խառատյանը, Արկադի Ղարագուլյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆիկ Խառատյանը, Ադելինա Հարությունյանը, Ասպրամ Բաղդասարյանը, Սոֆյա Սարգսյանը, Սեդա Մկրտչյանը։
«Խելահեղ Seance»-ի սցենարի հիմքը կինն է ու կնոջ հավերժական, երբեմն նաև վտանգավոր դարձող սերը։
Ներկայացման ռեժիսոր Ասատրյանի խոսքով ներկայացումը նաև փոթորիկներով լեցուն կյանքի մասին է: «Այս ներկայացման մեջ անգամ մահվանից հետո կինը հանգիստ չի տալիս ամուսնուն։ Ուղերձը հետևյալն է՝ եթե կինը սիրում է, նա միշտ, ամեն գնով է իր ամուսնու կողքին, անգամ մահից հետո և սիրող կինը կարող է շրջանցել կյանքի ու մահվան սահմանները, վերադառնալ ու մնալ ամուսնու կողքին։ Ներկայացումը փոթորիկ է մտցնելու մեր հանդիսատեսի կյանքում, և այս ներկայացումով խորհուրդ ենք տալիս գնահատել այն արևածագն ու առավոտները, որ ունեք և երբեք կյանքում չկորցնեք փոթորիկները, ձեր գույները, որոնք ունեք»,- նշեց Ռաֆայել Ասատրյանն ու հավելեց ` երկրային կյանքը լքած Էլվիրան վերադառնում է ու հայտարարում. «Այս տանը մեկ կին պետք է լինի և դա ես եմ»։