Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կանխարգելիչ անվտանգության ստորաբաժանման հրամանատար Նաբիլ Կաուկի ոչնչացման մասին:
«Երեկ ՑԱՀԱԼ-ը ոչնչացրել է ահաբեկիչ Նաբիլ Կաուկին՝ «Հըզբոլլահ»-ի կենտրոնական խորհրդի անդամին և կանխարգելիչ անվտանգության ստորաբաժանման հրամանատարին»,- ասված է ՑԱՀԱԼ-ի մամուլի հաղորդագրության մեջ։
Կաուկը համարվել է շարժման բարձրագույն ղեկավարությանը մոտ կանգնած անձանցից մեկը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Այսօր՝ Վարագա Սուրբ խաչի տոնին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ օծվելու է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի սուրբ սեղանը և մատուցվելու է Հայրապետական Սուրբ Պատարագ:
2017 թվականից սկսվել էին Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքները:
Շուրջ 7 տարի տևած աշխատանքների ընթացքում ամբողջությամբ ամրակայվել է Մայր տաճարը, վերանորոգվել մեծ գմբեթը, Կաթողիկեն, տանիքը, մեծ և փոքր զանգակատները: Առաջին անգամ Մայր տաճարում ներդրվել է օդափոխության համակարգ, հատակը ծածկվել նոր մարմարե մեծադիր սալիկներով, տեղադրվել են լուսասարքեր, ողջ ծավալով վերականգվել որմնանկարները:
Ուշագրավ է, որ այդ աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել որմնանկարչական մի քանի հիմնաշերտեր:
Մայր տաճար են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտոնատար անձինք:
Հիշեցնենք՝ երեկ՝ Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Սրբալույս Մյուռոնի օրհնությունը:
Մյուռոնօրհության սրբազան արարողությանը ներկա էին եղել նվիրապետական աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, թեմական պատվիրակություններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, պետական այրեր, ազգային բարերարներ, մշակույթի, գիտության, հասարակական և քաղաքական գործիչներ:
Սեպտեմբերի 28-ին՝ Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կատարվել է Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
Բեյրութում երեկ տեղի ունեցած ավիահարվածի ժամանակ սպանվել է «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլան։ Այդ մասին հայտել է The Times of Israel լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունը։
Ավելի վաղ իրանական և արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ հերքել էին այդ տեղեկությունը: Լուրեր են շրջանառվում Նասրալլայի դստեր մահվան մասին:
ՑԱՀԱԼ-ը հայտնել է նաև «Հըզբոլլահի» հրթիռային ստորաբաժանման հրամանատար Մուհամմադ Ալի Իսմայիլի, նրա տեղակալ Հուսեյն Ահմադ Իսմայիլի և շարժման այլ ներկայացուցիչների չեզոքացման մասին:
Սեպտեմբերի 28-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Էլեն Շ․-ն։
Ինչպես հայտնում է Shamshyan.cօm-ը, երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ` Վեդի քաղաքի «Վեդի» բժշկական կենտրոնից։
Հիշեցնենք՝ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, մի քանի օր գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել էր Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։
Կոմայի մեջ հայտնված աղջնակի հարազատներն էլ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդիի վարչական տարածքում ավտովթարի էին ենթարկվել։ Նրանք մեկնում էին աղջկան տեսակցության։
9-ամյա աշակերտուհու հետ տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։
Այսօր լրանում է 44–օրյա պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցը։ Յան Պլեշինգերը՝ ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատարը, այցելել է Եռաբլուր։
«Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ։ Այս հակամարտության խորը ցավի արձագանքը տարածվում է ամբողջ տարածաշրջանում։
Եվրոպական միության կազմավորման հիմքում համերաշխության ձգտումն է ու անցյալ ողբերգություններից վերցված դասերը։
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տուժածների կողքին է և վերահաստատում է իր անսասան աջակցությունը խաղաղության, հաշտեցման և արդարության հաստատմանը։ Միասին մենք կշարունակենք աշխատել հանուն ապագայի, որտեղ գերակայում է հարատև խաղաղությունը»,- ասված է ԵՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Չորս տարի առաջ այս օրը սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որն ավարտվեց 44 օր անց: Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հրթիռների, հրետանու և այլ ծանր զինատեսակների, անօդաչու թռչող սարքերի, նաև՝ արգելված զենքերի կիրառմամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության դեմ, առաջխաղացում գրանցեց՝ գրավելով Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղին հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները:
Երկու կողմերը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցան: Հրադադար հաստատվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով Ադրբեջանին անցան նաև Լեռնային Ղարաբաղին հարակից՝ հայկական ուժերի վերահսկած 7 շրջանների մնացյալ տարածքները:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ելույթում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը:
«Մենք միշտ պատրաստ ենք եղել և այսօր պատրաստ ենք տրամադրել տարածաշրջանային համագործակցության այնպիսի ձևաչափ, որը կնպաստի երկրների միջև համագործակցությանը և վստահությանը՝ ետևում թողնելով մեր տարաձայնությունները», – ասել է Կոբախիձեն:
Նա հավելել է, որ Վրաստանը գիտակցում է խաղաղության գինը և արժանի է լինել խաղաղ, կայուն և զարգացած երկիր:
«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, հակամարտության գոտուց վերածենք հնարավորությունների տարածաշրջանի», – նշել է Վրաստանի վարչապետը։
Կառավարության որոշմամբ ՀՀ 2025 թ. պետբյուջեի նախագծի կազմում ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագիրը, որն իրականացվում է սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով: Ըստ այդմ՝ սահմանվում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։ Նախագծով առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագրի իրականացման համար հատկացնել 988 933.7 հազար դրամ։ Սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:
Գործադիրը հաստատել է նաև Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը, որում ներառվել է 19 միջոցառում: Միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է`Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում, գոմաղբի կուտակման նպատակով գոմաղբամբարների կառուցում և այլն:
Սեպտեմբերի 25-ին Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը արդյունավետ է եղել: Ժամը 10:25-ին բաժին զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ Արցախից բերած զենք-զինամթերքը թողել է Ամասիա գյուղի հուշարձանի հետնամասում:
Նշված վայրում իրավապահները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է «ԱԿ-74» տեսակի մեկ ինքնաձիգ, լիցքավորված փամփշտատուփ, տարբեր տեսակի փամփուշտներ և մեկ սվին-դանակ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com