Yearly Archives:2024

ՀՀ-ն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում մասնակցել է «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին, որին ներկա են եղել նաև գրեթե չորս տասնյակ պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
գործընկերներ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աութրիչ/ԲՐԻԿՍ+ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար և երախտագիտությունս հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին հյուրընկալության և այսօրվա գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Այսօրվա հանդիպման թեման է «ԲՐԻԿՍ-ը և գլոբալ հարավը. համատեղ կառուցենք ավելի լավ աշխարհ», և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային և հաղորդակցական նախագիծը լավագույնս տեղավորվում է այս համատեքստում:

Նախագծի էությունը հետևյալն է՝ Հայաստանը պատրաստ և շահագրգռված է իր տարածքով տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխային կապերի անցումը կազմակերպելու հարցում։ Սա ամենակարճ ճանապարհն է Սև ծովի և Պարսից ծոցի միջև՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով (հյուսիս-հարավ ուղղություն), ինչպես նաև ամենակարճ ճանապարհն է Կասպից և Մարմարա ծովերի միջև՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի տարածքներով (արևելք-արևմուտք ուղղություն):

Արևելք-արևմուտք ուղղությունը, բնականաբար, կարող է օգտագործվել նաև Ադրբեջանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի համար։ Հաշվի առնելով այս մոտեցումը՝ մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմներ, ինչպես նաև լրացուցիչ անվտանգության միջոցներ՝ հաշվի առնելով երկու երկրների իրավազորության և ինքնիշխանության լիակատար հարգանքը։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։ Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք և միշտ երաշխավորելու ենք։

Բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանը համաձայնել է իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրի մասնակցությանը, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, իրականությանը չեն համապատասխանում։

Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ և անդամներ,

Հայաստանի Հանրապետության խորհրդարանը երեկ վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։

Երկու երկրներում նշված փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո մենք կկարողանանք ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքների հիման վրա։ Կցանկանայի հատկապես ընդգծել (ի դեպ), որ այս իրավական փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը վերջնականապես փարատեց բոլոր մտահոգությունները և վերացրեց բոլոր փաստարկները՝ իբր Հայաստանի Սահմանադրության մեջ հարևան երկրների հանդեպ ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ, արձանագրելով, որ նման մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական։

Հարգելի գործընկերներ,

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում բազմիցս հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։ Արդեն լիովին համաձայնեցված են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, տարածքային փոխադարձ պահանջների բացակայության և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և խաղաղության պայմանագրի կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման վերաբերյալ ձևակերպումները։

Մեր գնահատականը հետևյալն է. արդեն այսօրվա դրությամբ համաձայնեցված բովանդակության մեջ համաձայնագրի նախագիծը ձևակերպում, հասցեագրում և լուծում է բոլոր սկզբունքային հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու և հարաբերությունները կարգավորելու համար, և մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել այդ համաձայնագիրը:

Շնորհակալություն ուշադրության համար»։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

ԱԺ-ն ընդունեց մի շարք նախագծեր, այդ թվում՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը

Այսօր խորհրդարանը շարունակեց հոկտեմբերի 22-ին մեկնարկած նիստի աշխատանքները:

Քվեարկության դրվեցին և առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր և սահմանադրական օրենքներ, այդ թվում՝ Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ վարչական դատավարության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (առաջին ընթերցում):

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև Կառավարության ներկայացրած՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի ընդունմանը կողմ քվեարկեց 65, դեմ՝ 28 պատգամավոր։

Հիշեցնենք՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից մի շարք օրենքներում նոր կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթում առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կատարվել էին մի շարք փոփոխություններ:

Ոստիկանության գվարդիայի ձևավորման համար օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականի նոյեմբերի մեկը: Մինչ այդ օրենսդրական որոշ կարգավորումներ ուժի մեջ կմտնեն ենթաօրենսդրական դաշտը նոր կարգավորումներին ներդաշնակեցնելու համար:

Փոխնախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում ելույթ ունենալիս նշել էր՝ առաջին անգամ Հայաստանում կարգավորվելու են ուժային միջոցների գործադրման չափորոշչի ներմուծման հետ կապված հարցերը:

2025 թվականի նոյեմբերի 1-ից ուժը կորցրած կճանաչվի «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականին ընդունված օրենքը:

Փոփոխություն է կատարվել ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիայի առջև դրվող խնդիրների մասով. անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակում հատուկ առաջադրանքներ ևս կարող է ստանալ ու կատարել:

Նշվել է, որ պահպանվել է հրամանատարական այն շղթան, ինչը ոստիկանության տարբեր կառուցվածքային միավորների շրջանակում է:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

‎ «Բալասանյան դաշինքը կհրաժարվի իշխանությունից, դուք էլ կգնաք արտահերթ ընտրության‎»․ Մելքոնյանը Փաշինյանին

Գյումրիում բուռն քննարկվող թեման՝ թե «Բալասանյան դաշինքի» ավագանու ամբողջ կազմը մանդատները վայր են դնելու, այսօր հասավ ԱԺ։ Շիրակի մարզից ընտրված Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Գյումրիում իշխանությունը նվաճելու վերաբերյալ», որին Փաշինյանը պատասխանեց հարցով․ «‎կներեք, Գյումրիում ի՞նչ է կատարվում», Մելքոնյանն էլ շարունակեց՝ «Բալասանյան դաշինքը կհրաժարվի իշխանությունից, դուք էլ կգնաք արտահերթ ընտրության»։


Մանրամասները տեսանյութում։

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու հոկտեմբերի 11-ի նիստին «Բալասանյան դաշինքի» չներկայանալը, ինչպես նաև այսօր տարածված տեղեկությունը, թե ավագանիները մանդատները վայր են դրել, կապում են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի ձերբակալության հետ։ 

Թեև Գյումրիում ամենաքննարկվող թեման է, սակայն խմբակցությունից դեռ մեկնաբանություն չկա։ Քաղաքապետարանի մամուլի բաժնից ևս այս մասին որևէ մեկնաբանություն չեն տվել։ Մեզ հասած տեղեկություններով, ավագանիների մանդատները վայր դնելու մասին խոսում են նաև քաղաքապետարանի աշխատակիցների շրջանում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Ուրախ եմ տեսնել, որ Ձեր երկիրը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, որը կկարգավորի ձեր երկու երկրների միջև հարաբերությունները:

Ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար: Այն կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։

Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը։

Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ:

Ինչպես անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հիշատակվեց, այժմ եկել է պահը վերահաստատելու հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և խաղաղության հիմնարար սկզբունքներին: Ավելի պայծառ ապագան հասանելի է, և ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար»:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

Ախուրյան համայնքում պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 7 ծրագիր

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 7 ծրագիր՝ 13 ենթածրագրով 1 մլրդ 439 մլն 169 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: ՀՀ Կառավարությունը հատկացնելու է գումարի 56,1 տոկոսը՝ 806 մլն 929 հազար դրամ։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը:

Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում

• Մեկնարկվել է Մարմաշեն բնակավայրում խմելու ջրագծի հիմնանորոգման շինարարական աշխատանքները։

Բնակավայրի խմելու ջրագծի հիմնանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 314.7 մլն դրամ, ՀՀ կառավարության համամասնությունը կազմում է 70 տոկս, համայնքի կվճարի գումարի 30 տոկոսը:

Ծրագրից կօգտվի 1100 շահառու, հիմնանորոգվելու է 9630 մ երկարությամբ խմելու ջրագիծ։

Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում (3 ծրագիր)

• Ախուրյան բնակավայրի Հ․Հովսեփյան, Հացիկ բնակավայրի 13-րդ, Այգաբաց բնակավայրի 2-րդ և 8-րդ փողոցների և Հովունի բնակավայրի Սբ. Աստվածածին տանող ճանապարհի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են։

• Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 438.7 մլն դրամ, Կառավարությունը կտրամադրի գումարի 45 տոկոսը, համայնքի համամասնությունը 55 տոկոս է:

• Ծրագրի արդյունքում ասֆալտապատվելու է 3456 մ երկարությամբ ճանապարհ։

Բնակավայրերի գազիֆիկացում (2 ծրագիր)

• Աշխատանքներ են իրականացվում Ազատան, Փոքրաշեն, Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ բնակավայրերում։

• Բնակավայրերի գազաֆիկացման և սնող գազատարի կառուցման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 565.3 մլն դրամ, Կառավարության համամասնությունը կազմում է 55 տոկոս, համայնքը կտրամադրի գումարի 45 տոկոսը:

• Ծրագրի արդյունքում կառուցվելու է 22.7 կմ գազատար:

Մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում

• Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերի համար տեղադրվելու են աղբամաններ և իրականացվելու է աղբահանության։

• Բնակավայրերում աղբահանության աշխատանքների կազմակերպման համար ձեռք բերված սարքավորումների նախահաշվային արժեքը կազմում է 120.5 մլն դրամ, Կառավարությունը կտրամադրի գումարի 65 տոկոսը, համայնքի համամասնությունը 35 է կազմում:

• Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել մեկ ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և 300 հատ նոր անվավոր աղբաման։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Ըմբիշ Հայկ Խլոյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Հայկ Խլոյանն աշխարհի չեմպիոն է դարձել:

Խլոյանը հաղթել է բելառուս Աբուբակար Խասլախանովին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

«Բալասանյան դաշինքը» հրաժարվու՞մ է քաղաքի կառավարումից

Ըստ շրջանառվող լուրերի, «Բալասանյան դաշինքի» ավագանու ամբողջ կազմը մանդատները վայր են դրել.սա այսօր Գյումրիում ամենաքննարկվող թեման է, սակայն խմբակցությունից դեռ մեկնաբանություն չկա։ Քաղաքապետարանի մամուլի բաժնից ևս այս մասին որևէ մեկնաբանություն չեն տվել։ Մեզ հասած տեղեկություններով, ավագանիների մանդատները վայր դնելու մասին խոսում են նաև քաղաքապետարանի աշխատակիցների շրջանում։

Մենք կապ հաստատեցինք նաև մյուս խմբակցությունների ավագանիների հետ. պատասխաններն անորոշ են, իրենց խոսքով, նորության մասին լսել են, բայց հստակ ոչինչ ասել չեն կարող։ Նրանց խոսքով, տեղեկությունը կհաստատվի կամ կհերքվի վաղը, բայց գործընթաց կա։

Գյումրու համայնքապետարանի մամուլի բաժնի հետ կապ հաստատել չի ստացվում, զանգերը մնում են անպատասխան, իսկ դաշինքի պաշտոնական էջում որևէ մեկնաբանություն չկա։

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու հոկտեմբերի 11-ի նիստին «Բալասանյան դաշինքի» չներկայանալը, ինչպես նաև այսօր տարածված տեղեկությունը, թե ավագանիները մանդատները վայր են դրել, կապում են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի ձերբակալության հետ։ 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

ՌԴ քաղաքացիություն ստացած Լևոն Ջուլֆալակյանը կաշխատի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի (ՌԸՖ) համակարգում։

Այս մասին հայտնել է ՌԸՖ-ի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։

«Լևոն Ջուլֆալակյանը մեր ժամանակակից սպորտի վառ ներկայացուցիչ է, նրա ողջ կյանքը կապված է միայն ըմբշամարտի հարթակում աշխատելու հետ, նրա հսկայական փորձը թույլ տվեց շատ դժվարին պայմաններում հասնել հաղթանակի Սեուլի Օլիմպիական խաղերում 1988 թվականին: Նա կլինի մեր կազմում, սա պարզ է և՛ որպես խորհրդատու, խորհրդական, և՛ որպես մեր ընկեր»,- ասել է Մամիաշվիլին։

Հիշեցնենք, որ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, Լևոն Ջուլֆալակյանը ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։

Լևոն Ջուլֆալակյանը 60 տարեկան է, 1999-2019 թվականներին եղել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։ 2002 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահն էր, իսկ 2003 թվականից՝ ՀԱՕԿ գործկոմի անդամ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝  Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com