«Սահմանազատում անելու համար հիմքեր կային»:
ԱԺ-ում Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի այն դիտարկմանը, թե սահմանազատումը սկսվել է առանց իրավական հիմքերի:
«1976 թվականի Գլխավոր շտաբի քարտեզը ոչ միայն որպես քարտեզային փաստաթուղթ, այլև որպես հիմքեր լրիվ ամփոփ է, իրավական շղթան կառուցված է»,- ասաց Գրիգորյանը:
Վերջինիս խոսքով՝ սահմանազատման համար լրիվ վավեր հիմքեր են եղել.
«Խոսքը չի վերաբերում նրան, որ պետք է հատվածական սահմանազատում արվի, սահմանազատման աշխատանք պետք է արվի, բայց կանոնակարգում հստակ գրված է՝ վերջում պայմանագիր ստորագրելուց պայմանագրին կից պետք է լինի միասնական արձանագրություն-նկարագրություն, որը նկարագրում է Հայաստանի ու Ադրբեջանի ողջ սահմանը։ Ես չեմ բացառում՝ կան ռիսկեր, որ գործընթացը կխզվի կամ չի ավարտվի, բայց չկա ռիսկ, որ մի հատված կլինի իրավաբանորեն ձևակերպված որպես սահման, իսկ հետո պայմանագիր չի ստորագրվի, ու դա չի կլանվի»:
Իսկ թե ո՞ր հատվածում է լինելու հաջորդ սահմանազատումը՝ փոխվարչապետն ասաց, որ դրա վերաբերյալ նույնիսկ քննարկումներ դեռ չեն եղել։
«Մի սահմանում կա, որը կարծես թե ռեալ պայմանավորվածություն է՝ կոնսենսուսով պետք է որոշվի։ Կողմերից որևէ մեկը չի գալու ու ասի՝ եկեք շարունակենք այս հատվածում՝ ի տարբերություն Տավուշի, այդ հատվածն ամենաբարդն էր։ Ի վերջո, երկար քննարկումներից հետո ձեռք բերվեց կոնսենսուս, որ ամենաբարդ հատվածում սկսենք գործընթացը»,- հավելեց Գրիգորյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատել է «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախկին և ներկա նախագահների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու, դրան օժանդակելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2009 թվականներին «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ (այսուհետ՝ ՀԿ) նախագահի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ.-ն, 2008 թվականի հուլիսի 3-ին՝ որպես ֆիզիկական անձ, պայմանագիր է կնքել ինքն իր հետ՝ այսինքն նույն հասարակական կազմակերպության նախագահի հետ, և 1 տարի 6 ամիս ժամկետով անհատույց փոխառությամբ ՀԿ-ին է տրամադրել 32 մլն 700 հազար դրամ: Հետագայում Ա.Գ.-ն ամբողջությամբ ստացել է իր կողմից ՀԿ-ին փոխառությամբ տրված 32 մլն 700 հազար դրամը, ինչպես նաև հավելյալ՝ 15 մլն 300 հազար դրամ: Այնուհետև Ա.Գ.-ն, լինելով արդեն ՀԿ փոխնախագահ, ունենալով մտերիմ հարաբերություններ գործող նախագահ Մ.Հ.-ի հետ, թաքցրել է իր կողմից ՀԿ-ին փոխառությամբ տրված 32 մլն 700 հազար դրամը հետ ստացած լինելու հանգամանքը, և ՀԿ-ից գումարը բռնագանձելու նպատակով հայցադիմում է ներկայացրել դատարան:
«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախագահ Մ.Հ.-ն, տեղյակ լինելով, որ Ա.Գ.-ին ամբողջությամբ վճարվել է ՀԿ-ին փոխառությամբ տրված 32 մլն 700 հազար դրամը, այդ հանգամանքը հաստատող հաշվապահական փաստաթղթերը քաղաքացիական գործի շրջանակում դատարան ներկայացնելու, հայցի դեմ առարկելու և կազմակերպության օրինական շահերը պաշտպանելու փոխարեն, 2020 թվականի նոյեմբերի 13-ին, նշված հայցի շրջանակներում, հաշտության գրավոր համաձայնություն է կնքել Ա.Գ.-ի հետ: Հաշտության համաձայնությամբ «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ն ընդունել է Ա.Գ.-ի նկատմամբ 32 մլն 700 հազար դրամ պարտք ունենալու հանգամանքը և պարտավորվել նշված գումարը նրան վերադարձնել մինչև 2026 թվականը:
Ա.Գ.-ն, «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ից իր բանկային հաշվեհամարին կատարված փոխանցումների միջոցով ստացել և խաբեության եղանակով հափշտակել է 32 մլն 700 հազար դրամից 15 մլն 870 հազար դրամը:
Դատախազը 2024 թվականի հուլիսի 22-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախկին նախագահ Ա.Գ.-ի և ներկա նախագահ Մ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն):
Մ.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված է պաշտոնավարման կասեցումը: Ա.Գ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (առաջիկայում դատախազի կողմից ներկայացվելու է վերաքննիչ բողոք)»,- ասված է հաղորդագրության մեջ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:15-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ազատան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mercedes» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Shamsyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 9 հոգի, որից 5-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Միջազգային գործընկեր դոնոր կազմակերպությունների հետ խորհրդարանը կրկին հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ: Մեկնարկել է երկօրյա աշխատաժողով, որի օրակարգում էին պետական բյուջեի նախագծի քննարկման գործընթացում քաղհասարակության ներգրավման և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր: ՄԱԶԾ «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» 2-րդ ծրագիր, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հանրային ֆինանսների կառավարման ծրագիր եւ, իհարկե, ՀՀ Ազգային ժողով. եռակողմ գործընկերությամբ ձևավորվում է հանրային ֆինանսների կառավարման նոր մշակույթ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ կառավարության սուբվենցիոն ծրագրերով համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված աշխատանքներ են իրականացվում նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում։
Սուբվենցիոն ծրագրերից մեկով պետություն- համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում են Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան և Չարենցի փողոցների հենապատերի վերակառուցման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 103 մլն. 865 հազար դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 35% է, իսկ համայնքի ներդրումը` 65%: Աշխատանքներն ավարտական փուլում են։
Ավելի քան 226մլն․ դրամ արժեքով, կառավարություն – համայնք` 60%/40% համաֆինանսավորմամբ Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրում ընթացքի մեջ են ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները:
Ավարտական փուլում են գտնվում նաև Ծաղկաձոր քաղաքի Խ.Կեչառեցու փողոցում կոյուղու և ջրահեռացման համակարգի կառուցման, Սարալանջի փողոցում կոյուղու ցանցի կառուցման աշխատանքները։
Ծրագրի արժեքը 138 մլն. 600 հազար դրամ է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին։
ՕԿՀ գործընթացի շրջանակում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ստորաբաժանումներն անցնում են միջազգային առաքելությունների շրջանակում ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի գնահատում:
Այցի ընթացքում գեներալ-մայոր Երոյանը հանդիպել է մի շարք գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալին (Նորվեգիա) և
ՆԱՏՕ-ի ԵԴՈՒԳՀ գործընկերության դիրեկտորատի ռազմական համագործակցության ծառայության ղեկավար-շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մարտին Ռեմեսին (Սլովակիա)։
Քննարկվել են համագործակցությանը, այդ թվում՝ փոխգործակցելիության գնահատման հաջորդ շրջափուլին վերաբերող հարցեր:
Հայկական պատվիրակությանն են հանձնվել հայկական ստորաբաժանումների նախորդ շրջափուլի գնահատման արդյունքում փոխգործակցելիությունը հաստատող հավաստագրերը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին արձանագրություն է ստորագրել ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը:
«Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ից դադարած համարել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները»,- ասված է արձանագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գարեգին Բաղրամյանը հրաժարական էր տվել ՀԾԿՀ նախագահի պաշտոնից։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները, այսօր Ստամբուլում տարածաշրջանային «3+3» ձևաչափով հանդիպմանը հայտնել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Սա, նրա խոսքով, լրացնում է երկու հարևան, փակ սահմաններով երկրների միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները։
«Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև», – նշել է նախարար Միրզոյանը:
Գյումրիից Կարս տանող երկաթուղով վերջին անգամ 93 -ին է գնացք անցել, երկու երկրների պետական սահմանը հենց այդ տարի փակվեց։
Բացի այդ, Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանն արդեն ավարտել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը և տեխնիկական վերազինման ապահովումը։ 2022-ի հուլիսին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սակայն պայմանավորվածությունից երկու տարի անց, նույնիսկ վերջին՝ հուլիսի 30-ի բանագնացների հանդիպումը չտվեց հարցի պատասխանը, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։
Արտգործնախարարը այսօր Թուրքիայում վերահաստատել է՝ Երևանն անկեղծորեն շահագրգռված է և արդեն բազմիցս ցույց է տվել իր հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանային կապուղիների զարգացմանը և իր հարևանների հետ փոխկախվածության ամրապնդմանը` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության և քաղաքական անկախության վրա։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Այսօր ԱԺ-ում միջադեպ է գրանցվել: ԱԺ անվտանգության ծառայության աշխատակիցներն ԱԺ շենքից դուրս են հանել նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին, որը եկել էր խորհրդարանական լսումներին մասնակցելու համար։
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը Ֆեյսբուքում արված գրառմամբ անդրադարձել է միջադեպին և նշել հետևյալը.
«Հարգելի գործընկերներ, ի պատասխան ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ձեր հարցումների՝ տեղեկացնում եմ, որ խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։
Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com