Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը:
Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումով սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Կանոնակարգի օրենքի նախագիծը կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին: Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին:
ԱԺ-ում նախագծի քննարկման Կառավարության ներկայացուցիչ է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առանձին որոշմամբ առաջարկվում է ԱՊՀ երկրների ղեկավարներին հաստատել ԱՊՀ երկրների մշակութային քաղաքների ցանկը։
«Հաջորդ տարի մշակութային քաղաք ճանաչել ադրբեջանական Լաչինը, 2026 -ին՝ հայկական Մեղրին, 2027 -ին բելառուսական Մոլոդեչնոն», – նշել է Լավրովը՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի աշխատանքային հանդիպման ժամանակ։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը գտնվում են Մոսկվայում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը։
– Տիկի՛ն Բադալյան, անդրադառնալով հոկտեմբերի 4-ի Ձեր մեկնաբանությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ ՀՀ ՍԴ կայացրած որոշման ուսումնասիրությունից իրենք եզրակացրել են, թե այդ որոշմամբ ավելի են ընդգծվում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները ՀՀ Սահմանադրության մեջ: Ի՞նչ կասեք այս մասին:
– Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ և ուղիղ ասում է, որ 1990 թ. Հայաստանի Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն սահմանադրական ուժ, որոնք բառացի արտահայտված են ՀՀ Սահմանադրության հոդվածների մեջ: Եվ, հետևաբար, այն, ինչ գրված չէ ՀՀ Սահմանադրության՝ նախաբանին հաջորդող տեքստի, այսինքն՝ Սահմանադրության հոդվածների մեջ, Սահմանադրությանը վերագրել հնարավոր չէ, և որևէ այլ մեկնաբանության տեղ պարզապես չկա, մանավանդ որ Բարձր դատարանն արձանագրել է, որ նախկինում իր կայացրած որոշումներում երբևէ այլ դիրքորոշում չի ամրագրվել: Այսպիսով, ՀՀ Սահմանադրության նախաբանում հիշատակված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները նրանք են, որոնք արտահայտված են ՀՀ Սահմանադրության հետագա տեքստի մեջ, իսկ այնտեղ որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ:
– Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում էլ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ:
– Այս հարցին էլ Հայաստանի Հանրապետությունը բարձր և բարձրագույն մակարդակով անդրադարձել է մի քանի անգամ: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավական ուժ, քան ՀՀ ներքին օրենսդրությունը: Այդ հոդվածի ձևակերպումն ավելի կոնկրետ հետևյալն է. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում կա հոդված այն մասին, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են այդպիսի պահանջներ չառաջադրել ապագայում: Կա նաև հոդված, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը խաղաղության պայմանագրի իրագործումը ձախողելու համար: Այսինքն՝ երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, ստանա Սահմանադրությանը համապատասխանելու մասին եզրակացությունը ՍԴ-ի կողմից և վավերացվի ՀՀ Ազգային ժողովում, այն կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք: Հետևաբար, խաղաղության պայմանագրի կնքումը կփարատի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ունեցած բոլոր մտահոգությունները երկու երկրների տարբեր օրենսդրական ակտերի վերաբերյալ, եթե այդպիսիք լինեն:
– Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է նաև, թե Ալմա Աթայի հռչակագրին Հայաստանի արտահայտած հավատարմությունը դեռ չի նշանակում, թե Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, որովհետև Ալմա Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները, և որ տարածքները որ երկրին են պատկանում:
– Այդ մեկնաբանությունը բացարձակապես տեղին չէ, որովհետև 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրում հստակ նշվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: Հետևաբար, Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրած երկրները ճանաչել են խորհրդային հանրապետությունների՝ ԽՍՀՄ փլուզման պահի դե յուրե տարածքների ամբողջականությունը և դե յուրե գոյություն ունեցած միջհանրապետական վարչական սահմանները՝ որպես պետական սահման: Իսկ այդ սահմանները հայտնի են, և այդ սահմաններն արտահայտող քարտեզներն առկա են և՛ Հայաստանում և՛ Ադրբեջանում:
Ի դեպ, խաղաղության պայմանագրի ձևակերպումն այն մասին, որ կողմերը պարտավորվում են նաև ապագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալ, հօդս են ցնդեցնում Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու «պահեստային տարբերակ» ունի:
Իսկ Ալմա Աթայի հռչակագրի այն մեկնաբանությունը, որ առկա է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ձևակերպումներում, իրականում կարող է նշանակել, որ Ադրբեջանն ինքը տարածքային պահանջներ ունի Հայաստանից, պարզապես Հայաստանին ուղղված մեղադրանքներով ցանկանում է դա քողարկելու ծխածածկույթ ստեղծել:
– Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը կրկին անդրադարձել է Հայաստանի կողմից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը՝ դա անվանելով զանգվածային միլիտարիզացիա:
– Եթե համեմատենք Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը թե՛ բացարձակ թվերով, թե՛ համաչափությամբ, թե՛ ձեռք բերվող սպառազինությունների տեսակներով, կտեսնենք, թե ով է զանգվածային միլիտարիզացիա իրականացնում: Ընդհակառակը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, թե չի պատրաստվում միայն բանակի վրա հիմնված անվտանգության հայեցակարգ որդեգրել, և անվտանգության իր հայեցակարգի կարևոր մասն է համարում հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, խաղաղության հաստատումը տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, թե իրենց հիմնական անելիքը ռազմական կարողությունների հզորացումն է:
Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանը բազմիցս Ադրբեջանին առաջարկել է և հիմա էլ առաջարկում է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմներ ստեղծել, և Ադրբեջանն այդ առաջարկը թողնում է անարձագանք՝ ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանություն որդեգրելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Վերահաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, բացի հնարավոր ագրեսիաներից պաշտպանվելուց, այլ, այսինքն՝ հարձակողական օրակարգ չունի: Մինչդեռ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությանն ուղղված գրեթե ամենօրյա սպառնալիքներով:
– Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է նաև, թե Հայաստանը համաշխարհային առաջնորդներին ուղղված քարոզչություն է տանում՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին չմասնակցելու ուղղությամբ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ հոկտեմբերի 4-ի իմ մեկնաբանության մեջ բարձրացված հարցերին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը որևէ կերպ չի արձագանքել: Այդ հարցերը հետևյալն էին. արդյո՞ք Ադրբեջանը ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, արդյո՞ք հրաժարվում է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք հրաժարվում է խաղաղության օրակարգից: Պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը, համաձայնեցված հոդվածները ներառող Խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկները մերժելը հայաստանյան և միջազգային շատ փորձագետների ստիպում են եզրակացնել, որ Ադրբեջանը COP29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունն առաջիկայում էսկալացնելու լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համար: Նման վերլուծությունների թիվն ընդ որում, գնալով շատանում է: Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ նման հեռանկարը բացառելու համար անհրաժեշտ է COP29-ից առաջ ստորագրել Խաղաղության պայմանագրի համաձայնեցված բովանդակությունը, այլապես առանց դրա Բաքու մեկնող առաջնորդները կարող են ակամա դառնալ պատերազմի հրձիգներ: Հայաստանն էլ իր հերթին ասում է, որ պատրաստ է մինչև COP29 խաղաղության պայմանագիր ստորագրելու տրամաբանությանը: Ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել է COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումը՝ որպես կողմերի միջև վստահության և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործիք, և չէինք ցանկանա, որ այն հակառակ նպատակով օգտագործվեր:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Նախագահը մասնակցելու է Համբուրգի կայունության համաժողովին և հանդես է գալու ելույթով։
Այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպում կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և մի շարք բարձրաստիճան գործընկերների հետ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը վերջին մի քանի ժամում ավելի քան 60 ավիահարված են հասցրել Գազայի հատվածին: Այդ մասին հայտնել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը:
Լրագրողների տվյալներով՝ ՑԱՀԱԼ-ի հարվածներին են ենթարկվել Գազայի հատվածի հյուսիսային շրջանները:
Հարվածները հասցվել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցից օրեր առաջ:
Հոկտեմբերի 6-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքի շրջանում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետերին հարվածներ հասցնելու մասին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի, 42-ամյա Նելլի Ն․-ն ջրի շշով հարվածներ է հասցրել նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ 11-ամյա Տ․ Գ․-ին, 10-ամյա Ն․ Մ․-ին և 11-ամյա Ն․ Թ․-ին՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել անկարգություն անելու պատճառով: Տ.Գ․-ն և Ն.Մ․-ն տեղափոխվել են նույն դպրոցի բուժկետ, որտեղ պարզվել է, որ նրանք գլխի շրջանում ստացել են վնասվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 8-ի կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում hոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին:
Աշխատանքները մեկնարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքով: Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Մասնավորապես, քննարկվել են կազմակերպության անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության դիմումները: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի 45-րդ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվել է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:
Տեղի է ունեցել լիագումար նիստ` «Ստեղծագործել, նորարարությամբ զբաղվել և նախաձեռնել ֆրանսերենով` երիտասարդների զբաղվածության համար» թեմայով: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում երիտասարդների շրջանում ֆրանսերենի տարածման քայլերին, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ ծրագրերի իրականացմանը: Վարչապետը մասնակցել է նաև «Միջազգային քաղաքական իրավիճակ. վերափոխված բազմակողմ քաղաքականություն» թեմայով դռնփակ նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com