© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Բրյուսելում 2024 թ. փետրվարի 13-ին կայացել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը: ՀՀ ԱԳՆ-ի կայքում հրապարակված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ: Եվրոպական Միությունը հայտարարել է լրացուցիչ 5,5 մլն եվրո մարդասիրական օգնության տրամադրման մասին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին աջակցելու նպատակով։ Այս ֆինանսավորումը տրամադրվում է ի հավելումն նախորդ ֆինանսական աջակցությանը՝ 12,2 մլն եվրոյի աջակցությանը, որն ուղղված էր հրատապ հումանիտար կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական կարիքների համար վերջերս հաստատված 15 մլն եվրո բյուջետային աջակցությանը: Գործընկերության խորհուրդը վերանայել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքը:
ԵՄ-ն ողջունել է ՀԸԳՀ իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը, գնահատել է ձեռքբերված առաջընթացը և խրախուսել է Հայաստանին շարունակել բարեփոխումների իր օրակարգը։ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ուղղված է լինելու ՀԸԳՀ ողջ ներուժի բացահայտմանը: Գործընկերության խորհուրդը վերահաստատել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին Հայաստանի և ԵՄ համատեղ հանձնառությունը: Գործընկերության խորհուրդը ողջունել է ԵՄ աջակցությամբ արդարադատության բարեփոխումների իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարի, Ներքին գործերի նախարարության ստեղծման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ մինչ օրս Հայաստանում արձանագրված ձեռքբերումները: Կողմերը նաև արձանագրել են խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում առկա մարտահրավերները, և Հայաստանը հանձնառու է աշխատել այդ ոլորտներում հետագա առաջընթացի ուղղությամբ: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ վերջերս Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ պետությունը դառնալը և խրախուսել է Հայաստանին դիտարկել համապատասխան կարողությունների զարգացման հնարավորությունները: Գործընկերության խորհուրդն ընդունել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի Հայաստանի պատրաստակամությունը և վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակել իրականացնել լրացուցիչ քայլեր՝ դիտարկելու այդ ուղղությամբ հնարավոր տարբերակները` ի շարունակություն 2023 թ. նոյեմբերին կայացած արտաքին հարաբերությունների խորհրդին: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի կիրարկումը և խրախուսել է Հայաստանին շարունակել իր ջանքերն այդ ուղղությամբ: ԵՄ-ն հայտնել է իր հանձնառությունը լինել Հայաստանի կողքին տարբեր ուղղություններով՝ մասնավորապես առևտրի, էներգետիկայի և կապի ոլորտներում, իր դիմադրողականությունն ամրապնդելու ճանապարհին:
Գործընկերության խորհուրդը նշել է, որ թեև ՀԸԳՀ-ն ապրանքների առևտրի համար արտոնյալ սակագներ չի նախատեսել, այդուհանդերձ, այն ունի երկկողմ առևտրային հոսքերի մեծացման կարևոր ներուժ: Կողմերը հանձնառություն են ստանձնել համատեղ ջանքերով բացահայտել առկա ողջ ներուժը: Կողմերը հանձն են առել շարունակել հետագա համագործակցությունը՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը։ Դրան զուգահեռ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի ջանքերն այս ուղղությամբ։ ԵՄ-ն ընդգծել է Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վարչական կիրառման կարևորությունը, որն ունի նոր և ավելի հաճախ ուղիղ օդային փոխադրումների և երկու կողմերին փոխադարձ տնտեսական շահի ապահովման ներուժ: Կողմերը քննարկել են իրենց տնտեսությունների՝ էներգիայի անցումը դյուրացնելու հնարավորությունները՝ դարձնելով դրանք առավել դիմացկուն և մրցունակ: ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունն՝ ուղղված Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծին Հայաստանի մասնակցությանը։ Կողմերը կշարունակեն միասին աշխատել՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի կարողությունները զարգացնելու համար, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում ներդրումների միջոցով, ինչպես նաև ապահովելու միջուկային անվտանգությունը։ Կողմերը վերահաստատել են նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարևորությունը և այս համատեքստում ողջունել են Հայաստանի կողմից Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման ռազմավարության ընդունումը և խրախուսել են Հայաստանին ավելի ընդլայնել կլիմայական չեզոքության հասնելու իր հավակնությունները: Գործընկերության խորհուրդը քննարկել է կրթության, հետազոտության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բարեփոխումների իրականացման հարցում գրանցված առաջընթացը։
Կողմերը նշել են հետազոտությունների և նորարարությունների ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության դրական առաջընթացն ու քննարկել են թվային կապակցվածության ոլորտում առկա չիրացված ներուժի օգտագործման հնարավորությունները։ Գործընկերության խորհուրդն ընդգծել է Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ: Գործընկերության խորհուրդը նշել է, որ Տնտեսական և ներդրումային պլանի (EIP) շրջանակներում Հայաստանում հաջողությամբ մոբիլիզացվել են ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ: Այն, ի թիվս այլ ծրագրերի, ուղղվել է նաև տարածաշրջանային փոխկապվածության աճին, ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիության ապահովմանը, «կանաչ» ավտոբուսների ծրագրին և հասարակական շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչին միջոցներ են տրամադրվում նաև «Թիմ Եվրոպա» նախաձեռնության (Team Europe Initiative) շրջանակներում: Գործընկերության խորհուրդը հայտնել է հանձնառություն` պետական և մասնավոր ներդրումների միջոցով շարունակաբար խթանել Հայաստանում կայուն զարգացումը և ողջունել է վերջերս գործարկված Հայաստան-ԵՄ ներդրումների համակարգման հարթակը: ԵՄ կողմը նաև խստորեն դատապարտել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ապօրինի ագրեսիան և Արևելյան գործընկերության լայն տարածաշրջանի, ողջ Եվրոպայի և աշխարհի համար ունեցած բացասական հետևանքները: Հայաստանը տեղեկացրել է ԵՄ-ին 2023 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և դրան հաջորդած տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հետևանքների մասին: ԵՄ-ն վերահաստատել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անընդունելիությունը, այդ թվում նաև՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, և աջակցություն հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կողմերն ընդգծել են նաև Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը։ ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
ԵՄ-ն ողջունել է տարածաշրջանում խաղաղությանն ու կարգավորմանն ուղղված Հայաստանի կառավարության քաղաքականությունը, այդ թվում` պետությունների ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների համաձայն տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որը դրված է նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում։ Հայաստանը ողջունել է Հայաստանում ԵՄ առաքելության շարունակական ամրապնդումը։ Կողմերը ընդգծել են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումների լիակատար, անհապաղ և արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ ԵՄ-ն հրապարակել է «Գործընկերության իրականացման զեկույցը»` 2022թ. մայիսին կայացած Գործընկերության խորհրդի նիստից մինչ օրս Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ: Զեկույցում ընդգծվել է, որ Հայաստանը շարունակել է բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը` ԵՄ հետևողական աջակցությամբ, այդ թվում՝ ֆինանսական օժանդակությամբ: Այն եզրակացնում է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ ավելի սերտ չեն եղել։ Գործընկերության խորհուրդը նախագահում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը։
https://www.mfa.am/hy/press-releases/2024/02/13/joint_press_statement/12492
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհված զինծառայողների անունները: Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.), Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.), Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.), Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի արտգործնախարարությունն այսօր հրապարակած հայտարարությամբ խստորեն դատապարտում է «ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական գործողությունները, կոչ անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների»: Գերատեսչությունը ևս մեկ անգամ վերահաստատում է հայկական կողմի նախորդիվ հնչեցրած առաջարկները` իրականացնելու սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված հուսալի միջոցառումներ: «Փետրվարի 13-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման արդյունքում հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր: Չնայած ՀՀ իրավասու մարմինների` փետրվարի 12-ի հաղորդագրությանը, որ նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերը և տեղեկությունները, թե Կապանի հատվածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինվորի են վիրավորել, հետաքննվում են, ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել։ Սա ի ցույց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ», – ասված է հայտարարությունում: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հիշեցնում է, որ «ուժի կիրառման այս գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջին օրերի տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքները»: «Ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար փորձ է անում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները», – ընդգծում է ԱԳՆ-ը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը փոխանցել է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ», – ասել է Քոչարյանը՝ նշելով, որ հայկական կողմի 4 զոհն ու վիրավորը «Երկրապահ կամավորական միության» (ԵԿՄ) անդամներ են։ Ըստ Քոչարյանի՝ իրավիճակն այս պահին կայուն է։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը որոշ մանարմասներ է ներկայացրել.- «Կամավորականները որոշակի դիրքապահ ծառայություն են իրականացրել, ինչ-որ իրավիճակ է առաջացել, որտեղ տեղի են ունեցել կրակոցներ, որի արդյունքը զոհեր և վիրավոր ունենալն է: Իսկ ինչքանո՞վ է կրակոցն անհրաժեշտ եղել, թե ոչ, ծառայողական քննությունը կտա հարցի պատասխանը»։ Քոչարյանը նաև տեղեկացրել է, որ զոհերը 40-ից 67 տարեկան են։ Պաշտպանության նախարարությունն էլ ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝ 50-ամյա Էդուարդ Համլետի Հարությունյանը, 42 – ամյա Գագիկ Վարազդատի Մանուկյանը, 45-ամյա Արսեն Գագիկի Համբարձումյանը և 67-ամյա Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը։ Ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհի և վիրավորների մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա։ Երեկ Ուկրաինայի «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին է փոխանցվել ընդհանուր առմամբ մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ, հաղորդում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։ Դեսպանությունը նշում է, որ նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալ, իսկ հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com