«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ն տեղեկացնում է, որ 2025թ մարտի 30-ին կայանալիք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին իրականացնելու է կարճաժամկետ դիտորդական առաքելություն առանց որեւէ դիտորդական առաքելության միավորման կամ դաշինքի մաս կազմելու, ինչը երևում է նախկինում արված հայտարարությունից https://progressgyumri.am/news/20726, կայքում տեղադրված այլ տեղեկատվությունից:
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ն, թեեւ 2021թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ Անկախ դիտորդ դաշինքի անդամ է եղել, այդուհետ Դաշինքը մի քանի դիտորդական առաքելություն իրականացրել է առանց «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ի ներգրավման: Այսինքն, «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն այդ դիտորդական առաքելության անդամը չէ արդեն 3 տարուց ավելի:
Սակայն, այսօր «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը անհասկանալի պատճառով հայտարարություն է տարածել, որում նշում է, թե «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի երեք կազմակերպությունները կուսակցությունների և դաշինքների առաջադրման փուլում արձանագրել են, որ դաշինքի գործընկեր և նախկինում համատեղ դիտորդական առաքելություն իրականացրած «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն որոշակի փոխկապակցվածություն ունի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի հետ, որի մասին դաշինքի մյուս կազմակերպությունները չէին տեղեկացվել։ Ընդգծում ենք, որ «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն ներգրավված չէ դաշինքի կողմից իրականացվող դիտորդական առաքելության մեջ:
Այս հանգամանքը տարակուսանք է հարուցում, որովհետեւ անհասկանալի է այն, թե ինչու է դաշինքը 3 տարի անց մտաբերել նախկին գործընկերոջը:
Ակնակալում ենք «Անկախ դիտորդ» դաշինքի պարզաբանումը այս կապակցությամբ:
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ն հիշեցնում է, որ կազմակերպությունը գործել և գործում է ՀՀ օրենսդրության շրջանակներում, էթիկայի կանոններին համապատասխան, հարցազրույցներն ու քննարկումները եղել են անաչառ, անկողմնակալ, էթիկայի կանոններին համապատասխան, չի հարել ու չի հարում որևէ կուսակցության, իսկ դաշինքի հայտարարության մեջ հիշատակված՝ կազմակերպության «փոխկապակցված» նախկին աշխատակիցը ազատ է իր համոզմունքներում ու որոշումներում, ոչ մի առնչություն չունի ՀԿ դիտորդական առաքելությանը:
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ն ունի դիտորդական առաքելության բազմամյա փորձ, անկողմնակալ ու թափանցիկ գործելաոճ, անշահախնդիր համագործակցություն՝ հանուն ժողովրդավարության կայացման։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
YouTube`
YouTube`
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Ականատես» դիտորդական առաքելության դիտարկումները
Ատելության խոսույթը ուղղորդված խոսքի ձև է, որը մերժում է արժանապատվության և հավասարության իրավունքը և փորձում նսեմացնել անհատների և խմբերի դիրքը հասարակության մեջ: Այն պարունակում է ռիսկեր՝ հրահրելու ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն, այդ թվում՝ պայմանավորված քաղաքական հայացքներով։
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը անթաքույց կերպով կիրառում են ատելության խոսք, վիրավորանք, տարածում թշնամանք և թիրախավորում անձերի։ Ներկայացնենք մի քանի դրվագ՝
3.«Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ծրագրում կարդում ենք՝ «Մեր քաղաքին վայե՞լ են այսքան թափառող շներն ու կրծողները։ ՔՊ-ն մեզ հերիք չէ՞»: Նույն տեղում՝ «խաբողն ու չանողը ՔՊ-ական լինի» https://shorturl.at/GIlTB 4.Նույն կուսակցության ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը մրցակից «Քաղաքացիական պայմանագրի» մասին ասում է՝ «Իրենց կողքին ադրբեջանցիներն ու թուրքերն են» https://armlur.am/1452732/։ Մխիթարյանը նաև իր սոցցանցային էջում տեղադրում է հոլովակ, որն ատելության քարոզի տարրեր է պարունակում https://www.facebook.com/share/v/1CK3Fxbeib/?mibextid=wwXIfr
Ցավոք, դրվագների շարքը կարելի է շարունակել։ Չնայած ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր տարածելու համար, սակայն օրենքի չկիրարկումը կամ խտրական կիրարկումը, ինչպես նաև ՀՀ-ում քաղաքական բարեվարքության անկումը անխուսափելիորեն արտացոլվում են Գյումրու ՏԻՄ ընտրություններում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ըստ «Ականատես» դիտորդական առաքելության դիտարկումների Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելու հնարավորությունից։
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ Գյումրիում տեղակայված 5 քմ-ն գերազանցող 68 վահանակներից 7-ը քարոզչական նպատակներով օգտագործելու համար, սակայն վահանակներից ոչ մեկը կուսակցությանը բաժին չի հասել։ Ըստ ԿԸՀ պարզաբանման՝ կուսակցությունը ոչ բոլոր վահանակների համար է հայտ ներկայացրել, այլ միայն 7-ի, և երբ դրանք վիճակահանությամբ բաժին են հասել այլ ուժերի, կուսակցությունը չի մասնակցել այլ վահանակների բաշխմանը։
ԿԸՀ կողմից գործարկվող՝ վահանակների բաշխման վիճակահանության ավտոմատացված համակարգը վահանակները բաշխել է հետևյալ համամասնությամբ՝
«Ապրելու երկիր» կուսակցություն – 11 վահանակ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 9 վահանակ
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 8 վահանակ
«Իմ հզոր համայնք» կուսակցություն – 6 վահանակ
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 11 վահանակ
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 12 վահանակ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 11 վահանակ
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 0 վահանակ
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – չի ցանկացել մասնակցել բաշխմանը
Կարևոր ենք համարում ընդգծել, որ վիճակահանության արդյունքները պետք է հավասար պայմաններ ապահովվեն մասնակից քաղաքական ուժերի համար, և ԿԸՀ պարտավորությունն է հետևել հավասարության պայմանի պահպանմանը։ Վիճակահանության համակարգի տեխնիկական թերությունները և/կամ իրավական թերկարգավորումները չպետք է սահմանափակեն մասնակից ուժերի՝ արդյունավետ նախընտրական քարոզչություն իրականացնելու և ընտրողների կարծիքի վրա ազդելու հնարավորությունը։
Տվյալ իրավիճակում պետք է չեղյալ համարել վիճակահանության արդյունքները կամ կամ այլ եղանակով ապահովել վահանակների համաչափ բաշխումը, որպեսզի որևէ ուժ զրկված չլինի ընտրողների հետ հաղորդակցության՝ օրենքով սահմանված միջոցներից և ապահովվի արդարացի մրցակցություն։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Ականատես» դիտորդական առաքելությունը խնդրահարույց է համարում վարչական լծակների միջոցով իշխանական թեկնածուի դիրքերը բարելավելու փորձը։
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ խնդրանքով պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվի Գյումրու Շիրակացի փողոցը։ Շնորհակալ եմ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին և Կառավարությանը»։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն իր հերթին հաստատել է, որ Սարիկ Մինասյանի առաջարկությամբ Շիրակացի փողոցի հիմնանորոգման հարցը ներառվել է պետական բյուջեի ֆինանսավորման ծրագրում և առաջիկայում կմեկնարկեն բուն շինարարական գործընթացի մրցութային փուլն ու շինաշխատանքները, ընդգծելով որ Շիրակացի փողոցը «շատ կարևոր, Գյումրիի համար կարևոր նշանակություն ունեցող փողոցներից մեկն է»։ https://www.facebook.com/reel/1319407252510400
Սակայն, ուշագրավ է, որ դեռևս 2024թ․ մայիսի 16-ին նույնաբովանդակ գրավոր ուղերձով https://shorturl.at/66Qy5
ՀՀ կառավարությանն էր դիմել Գյումրի համայնքի ավագանին՝ 26 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով https://shorturl.at/K4q8c (կետ 18)։
Ուղերձում Գյումրի համայնքի ավագանին «ակնկալում էր ՀՀ կառավարության անմիջական և գործուն աջակցությունն ու ներգրավվածությունը համայնքի և ՀՀ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ա․ Շիրակացի և Մ․ Խորենացի փողոցների հիմնանորոգման հարցում»։ Այս ուղերձին, սակայն, Կառավարությունը դրական արձագանք չի տվել, ի տարբերություն իշխանական թեկնածուի նույնաբովանդակ «խնդրանքին», որին ընտրությունների շրջանում անհապաղ դրական արձագանք է տրվել, ինչն ակնհայտորեն վարչական լծակների միջոցով նախընտրական մրցապայքարում վերջինիս դիրքերը խթանելու փորձ է։
ՏԻՄ կառավարումը ընտրությունների շրջանում պետք է ընթանա բնականոն կերպով, այն չպետք է ուղեկցվի վարչական ռեսուրսների այնպիսի կիրառմամբ, որն անարդար առավելություն է տալիս իշխող կուսակցությանը և թեկնածուներին իրենց մրցակիցների հանդեպ՝ այդպիսով խաթարելով ընտրական գործընթացներում հավասարության սկզբունքը, ինչպես նաև ընտրողի՝ կարծիք ձևավորելու ազատությունը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ավագանու արտահերթ ընտրություններ Գյումրիում Մարտի 30-ին գնա՛ ընտրատեղամաս, կատարի՛ր քաղաքացիական պարտքդ, որ նաեւ դու որոշես, թե ինչպիսին է լինելու քո քաղաքի վաղվա օրը:
Հիշի՛ր, քվերակությունն անցկացվելու է համամասնական ընտրակարգով. նախընտրած քաղաքական ուժի օգտին քվերակելու համար պետք է ընդամենը քվերաթերթիկներից մեկը, առանց նշում կատարելու, տեղադրել ծրարի մեջ եւ գցել քվեատուփը: Որեւէ նշման դեպքում քվեարթերթիկը կդառնա անվավեր: Իսկ եթե որեւէ գրառում կատարվի ծրարի վրա, այն կմարվի՝ առանց քվեաթերթիկը հանելու: Զերծ մնա՛ ընտրակեղծիքներից:
Ուշադրությո’ւն
Քրեական պատասխանատվություն է սահմանված մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվերակելու, քվերակության գաղտնիքը խախտելու, ընտրակաշառք տալու, ստանալու եւ ընտրակաշառքի միջնորդության համար: Մի՛ ենթարկվիր ճնշումների, որեւէ մեկը չի կարող իմանալ, թե ինչպես ես քվեարկել: Ազատ, անկախ, արդար ընտրությունը քո իրավունքն է: Կատարի՛ր գիտակցված ընտրություն: Քո ձայնը կարեւոր է եւ վճռորոշ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է 2025 թվականի մարտի 15-ին և ավարտվում 2025 թվականի մարտի 28–ին՝ ժամը 24։00-ին: Մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է:
Թեկնածու հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, 2025 թվականի մարտի 15-ից մինչև 2025 թվականի մարտի 30-ն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից:
Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները:
Այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ որոնք ղեկավարվում են կուսակցությունների կողմից, ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում չեն կարող բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Կազմակերպությունը համարվում է կուսակցության կողմից ղեկավարվող, եթե կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ։ Նշված արգելքը տարածվում է նաև այն կազմակերպությունների վրա, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու։
Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն`
1) հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա.
2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա:
Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ` այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից:
Նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք առանց սահմանափակման կարող են կրել քարոզչական նյութեր:
Հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև բաշխվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11.03.2025թ. N 6-Ա որոշմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա ընտրություններին մասնակցող կուսակցություն, կուսակցությունների դաշինքն արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ կնքում է պայմանագիր` քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութ փակցնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողն ազատ է կնքելու այլ պայմանագիր՝ այդ վահանակն այլ նպատակներով օգտագործելու:
Հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում: Նախապես չբաշխված արտաքին գովազդային վահանակում փակցրած քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պետք է հանվեն:
Արգելվում են քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը:
Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:
Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը:
Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։
Արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը`
1) հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.
2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.
3) դատավորներին, դատախազներին, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննչական մարմինների ղեկավարներ և ղեկավարների տեղակալներ, քննիչներ).
4) ընտրական հանձնաժողովների անդամներին.
5) բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին.
6) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ այն դեպքերին, երբ նշված անձինք ունեն ընտրական իրավունք.
7) Մարդու իրավունքների պաշտպանին.
8) Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդի անդամներին.
9) Հաշվեքննիչ պալատի անդամներին.
10) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին.
11) ինքնավար մարմինների անդամներին.
12) Բարձրագույն դատական խորհրդի անդամներին.
13) Հանրապետության նախագահին․
14) դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպություններին և դիտորդներին։
Ազգային ժողովի պատգամավորին և անմիջականորեն ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին չի արգելվում քարոզչություն կատարելը կամ քարոզչական նյութ տարածելը` բացառելով վարչական ռեսուրսների օգտագործումը:
Հանրային ծառայության մեջ գտնվող թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետևյալ սահմանափակումների հաշվառմամբ.
1) արգելվում է թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը, կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.
2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։
Եթե իրականացվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակում ընդգրկված հանրային ծառայության մեջ գտնվող թեկնածուի այլ գործունեության լուսաբանում, ապա վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող զանգվածային լրատվության միջոցն այն հաշվի է առնում մյուս թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների գործունեությունը լուսաբանելիս` լուսաբանման հավասարության ոչ խտրական սկզբունքը պահպանելու համար:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com