Yearly Archives:2025

Քաղաքական նոր ուժի մուտքը Գյումրու ավագանու ընտրություններին` Եվրադաշինքը կգլխավորի Լևոն Բարսեղյանը

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում պաշտոնապես առաջադրվողներ դեռ չկան, բայց իրենց արդեն թեկնածու հռչակած անձինք ոչ թե գաղափարախոսության, այլ  անհատների ընտրապայքար են սկսել: Ոմանց նախընտրական պաստառներում էլ կարգախոսների փոխարեն անձերի անուններ են:

Գյումրիում այսօրվանից նոր քաղաքական մշակույթի հիմք դրվեց: Այս մասին հայտարարեցին Եվրաքվեի նախաձեռնող 3 կուսակցությունների ղեկավարները: «Հանրապետություն»,«Հանուն հանրապետության» և Եվրոպական կուսակցությունների նախագահները Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին դաշինքով են մասնակցելու, նրանց  նախընտրական ցուցակը գլխավորելու է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, անկուսակցական Լևոն Բարսեղյանը:

Քաղաքական այս ուժերը ամիսներ առաջ համախմբվել էին Եվրոպական օրակարգը Հայաստանում առաջ տանելու համար և կազմակերպել  ստորագրահավաք Եվրամիությանն Հայաստանի անդամակցության հարցով: Նրանց այս ձեռնարկը հաջողեց, ու ԱԺ-ում առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց: Ըստ դաշնակիցների, հատկանշական է, որ Եվրոպական օրակարգի առաջին քայլը արվում է Գյումրիից: Այս կուսակցությունները քաղաքական այլընտրանք են առաջարկում Գյումրիին, իրենց թեկնածուն լավագույնն է, ով ամենալավատեղյակն է Գյումրու խնդիրներից ու շատ լավ գիտի դրանց լուծման տարբերակները, միշտ եղել է քաղաքացիների իրավունքների պաշտպանության առաջնային դիրքերում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Պարզաբանում՝ Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք համամասնության ընթացակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների շուրջ ընտրողների քանակի վերաբերյալ մեդիա դաշտում ծավալվող քննարկումների կապակցությամբ հայտնում ենք, որ ընտրացուցակները կազմվում են մի քանի չափանիշներով, մասնավորապես․

– Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (քվեարկության օրը) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

– իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում`

1) մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

2) մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում չունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված,

3) մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիություն չունեցող ընտրող):

Ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

Հետևաբար, ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները տարբեր չափորոշիչներով են հաշվվում և համեմատելի չեն։

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք համամասնության ընթացակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների ընտրելու իրավունք ունեն 112160 անձ, այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած 921 անձ, ինչպես նաև 2206 օտարերկրա պետության քաղաքացի, ովքեր մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում Գյումրի համայնքում։

Ըստ նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի՝ ընտրողների նախնական ցուցակը, ըստ ընտրական տեղամասերի, ներբեռնելու հնարավորությամբ ՆԳՆ կայքում կտեղադրվի քվեարկությունից 20 օր առաջ՝ մարտի 10-ին, իսկ վերջնական ցուցակը կհրապարակվի քվեարկության օրվանից 7 օր առաջ՝ մարտի 23-ին։

Միևնույն ժամանակ, վերջին օրերին մեդիա տիրույթում շրջանառվում են իրականությանը չհամապատասխանող անհիմն տեղեկություններ առ այն, որ ընտրությունների նախաշեմին «հատուկ մարդկանց խմբեր են բերվում ու ժամանակավորապես հաշվառվում Գյումրիում՝ ստանալով ընտրելու իրավունք»։

Գյումրի համայնքում նոր հաշվառումները չեն կարող ազդել ընտրական իրավունքի վրա այն պարզ պատճառով, որ, ինչպես վերևում նկարագրված է, ՏԻՄ ընտրությունների դեպքում ՀՀ քաղաքացին ընտրելու իրավունք ձեռք է բերում Բնակչության պետական ռեգիստրում Գյումրի համայնքում 6 ամսվա հաշվառում, իսկ օտարերկրացին՝ մեկ տարվա հաշվառում ունենալու պարագայում միայն։

Հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Խոստումներով լի ցուցապաստառներ ու պաշտոնապես դեռ չառաջադրված քաղաքական ուժեր․ նախընտրական Գյումրին

Փետրվարի 21-ից սկսվել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների առաջադրումները, սակայն երեք օր անց դեռ որևէ մեկը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով չի դիմել՝ ներկայացնելով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ դեռ 10 օր ժամանակ կա, իսկ պահանջվող փաստաթղթերի քանակը բավական մեծ է, միայն լիազոր մարմնից տեղեկանք վերցնելու համար երեք օր ժամանակ է անհրաժեշտ։
«Փաստաթղթերի մեծ փաթեթ է պահանջվում, որն այնքան էլ հեշտ չէ հապճեպ ներկայացնելը, դեռ ժամանակ կա, պատճառը դա է, որ երեք օր անց դեռ առաջադրվող չունենք։

Հանձնաժողովի անդամները տեղում են, բայց մինչ այս պահը դեռ ձեն-ձուկ չկա»,- փոխանցեց Տիգրան Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 128 հոդվածի, 5-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը փաստաթղթերը կարող են ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ այսինքն մինչև մարտի 5-ը՝ ժամը 18․00-ը։  Իսկ ընտրական ցուցակների գրանցումը տեղի կունենա հինգօրյա ժամկետում։

Նկատենք, որ թեկնածուները բավական շտապողականություն ցուցաբերում են ցուցապաստառները փակցնելու հարցում։ Քարոզարշավը դեռ պաշտոնապես չմեկնարկած՝ քաղաքի կենտրոնն արդեն լի է Գյումրին ազատ տնտեսական գոտի ու ճիշտ քաղաք դարձնելու մասին ցուցապաստառներով։

Ընդամենը երեք քաղաքական ուժերի ցուցապաստառներ են ամենուր․ մեկը իշխող քաղաքական ուժի՝ ՔՊ-ի ցուցապաստառն է՝ «Մեր Սարիկը» կարգախոսով, մյուս երկուսը՝ գործարարներ Կարեն Սիմոնյանի ու Արտյոմ Ղարաղազարյանինն են։ Կարեն Սիմոնյանը «Մայր Հայաստան» դաշինքն է գլխավորելու, իսկ Արտոմ Ղարաղազարյանը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը։
Շատերն իրենց քարոզարշավն անցկացնում են սոցիալական ցանցերում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Գյումրիում ընտրողների թիվն ավելացել է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Գյումրիում ընտրողների թիվը կազմում է 112160 https://www.elections.am/Elections/LocalProportional։
ԿԸՀ-ն այս մասին տեղեկացնում է՝ հղում տալով ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետ Նելլի Դավթյանի՝ 21․02․2025թ․-ի պաշտոնական գրությունը՝ ուղղված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին։

«Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղեկացվում է, որ 30․03․2025թ․-ին կայանալիք Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների ընտրողների թիվը կազմում է 112160»,-գրված է ՆԳՆ-ի պաշտոնական գրության մեջ։
Նկատենք, որ 2021 թվականին Գյումրու ՏԻՄ ընտրություններում ընտրողների թիվը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության, կազմում էր 109.453 ընտրող։

Ստացվում է, որ Գյումրիում 2707-ով ավելացել է ընտրողների թիվը։
Ի դեպ, ՀՀԿ խորհրդի անդամ, Գյումրու նախորդ ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը հրապարակային դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ո՞ւմ հաշվին է ավելացել Գյումրիում ընտրողների թիվը, արդյո՞ք ընդգրկվել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, թե՞ տարբերությունը կապված է այլ հանգամանքներով։
Նրա կարծիքով՝ սա ողջամիտ կասկած է առաջացնում, քանի որ մի կողմից Գյումրիում նկատելի է ժողովրդագրական ցուցանիշների նվազում, մյուս կողմից էլ ընտրողների թվի աճ։
Հարցադրմանը դեռ պաշտոնական պարզաբանում ներկայացված չէ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Նախընտրական Գյումրի՝ ձերբակալություններով, փոխադարձ մեղադրանքներով

ԿԸՀ հանձնաժողովի որոշմամբ Գյումրիում ևՓարաքարում արտահերթ ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն մարտի 30-ին։

Ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը՝ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն այսօրվանից կարող են Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը․  ՀՀ Ընտրական օրենսգրքի 128 հոդվածի, 5-րդ մասի համաձայն փաստաթղթերը կարող են ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ այսինքն մինչև մարտի 5-ը՝ ժամը 18․00-ը։ Իսկ ընտրական ցուցակների գրանցումը տեղի կունենա  հինգօրյա ժամկետում՝ մարտի 5-ից մինչ 10-ը։ Նկատենք, որ քարոզարշավը մարտի 15-ից մինչև 28-ն է՝ ժամը 24․00-ն։

Ու թեև պաշտոնապես դեռ հայտնի չէ, թե հանրապետության երկրորդ քաղաքում վերջնականապես որ քաղաքական ուժերն ու դեմքերն են դուրս գալու մրցապայքարի, ոչ պաշտոնապես՝ արդեն իսկ սկսվել է ակտիվ քարոզարշավը՝  նախընտրական կրքերի բորբոքմամբ, հավանական թեկնածուներից մեկի՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալմամբ ու ազատ արձակմամբ, սոցցանցերում հնչող փոխադարձ մեղադրանքներով, վիրավորանքներով, այսպես ասած «սև փիառով»։

Գյումրիում մոտ տաս քաղաքական ուժեր դեռ մեկ ամիս առաջ հայտարարել են իրենց մասնակցության մասին, ավելին, այս քաղաքում արդեն իսկ սկսել են  ֆավորիտ թեկնածուների առանձնացնել ու ընտրությունների արդյունքները կանխատեսել։

Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորելու է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, «Կոմունիստական կուսակցությունը»՝ Գյումրին 12 տարի ղեկավարած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը դեռ չի հրապարակել այն քաղաքական ուժի անունը, որով պիտի առաջադրվի, բլոգեր Վարդան Ղուկասյանի «ԴՕԿ» կուսակցությունը, որի թեկնածուն դեռ հայտնի չէ գյումրեցիներին։

Ընտրություններին կմասնակցի նաև պրոդյուսեր, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ, գործարար Կարեն Սիմոնյանը, որն ամենայն հավանականությամբ կմասնակցի «Մայր Հայաստան» դաշինքով, մեկ այլ  գործարար Արտյոմ Ղարաղազարյանը՝ « Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությամբ։

Մասնակցելու ցանկություն ունեն նաև «Եվրաքվե» նախաձեռնության մաս կազմող  քաղաքական ուժերը, որոնք քննարկում են Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի թեկնածությունն առաջադրելու հարցը։

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք ի սկզբանե հայտարարել էին, թե այս ընտրությամբ կասեն իրենց քաղաքական խոսքը, առայժմ լուռ են։

Փոխարենն անասելի ակտիվ են երկու Վարդան Ղուկասյանները՝ Գյումրու նախկին քաղաքապետն ու ԱՄՆ-ում բնակվող բլոգերը, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

Սոցցանցերում գրեթե ամեն օր փոխադարձ կոշտ մեղադրանքներ են հնչում ՔՊ-ականների ու Ռուբեն Մխիթարյանի կողմից, մեկը մյուսին արդեն իսկ հասցրել են անարգել․ ՔՊ-ն Ռուբեն Մխիթարյանին «փեսա Միշիկի ընկեր, ջեբկիր, ծաղրածու, լոզունգի գող» է անվանել, որի պատասխան վիրավորանքը, սակայն, չի ուշացել՝ «Հայրենիքի, զինվորների կյանքի, հայերի արժանապատվության գողեր, հեշթեգի գողության մասին ոռնացողներ»:

Մերթընդմերթ միմյանց հետ լեզվակռվի մեջ են մտնում երկու Վարդան Ղուկասյանները․ բլոգերը համոզված է, որ Գյումրու նախկին քաղաքապետը ընտրություններից հետո կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ, մինչդեռ Գյումրու նախկին քաղաքագլուխը վստահեցնում է, որ ճանապարհ չունի անցնելու Արցախը հանձնած ուժի հետ։

Երեկ արդեն նախընտրական շրջանը հասավ լարվածության իր գագաթնակետին․ իր իսկ տան դիմացից  Քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները․
գետին գցելով, մարմնական վնասվածքներ հասցնելով, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով,  ձերբակալել ու ազատ էին արձակել Վարդան Ղուկասյանին ու նրա թիկնապահ Տիգրան Սիմոնյանին։

Սա շատերը որակել էին նախընտրական շոու,  հավանական թեկնածուներից շատերը դատապարտել էին  նման մեթոդով Գյումրիում արհեստական լարվածության ստեղծումը։ Իսկ Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը հայտնել էր, որ նրա մոտ զենք չի եղել, դա ապօրինի ձերբակալում է ու բացառապես ունի քաղաքական ենթատեքստ։

Ղուկասյանն իր հերթին պատմել էր, որ իր ողջ կյանքում պաշտոններ է զբաղեցրել, բոլոր նախագահների հետ աշխատել է, բայց նման վերաբերմունք, գործելաոճ, երբ դիմակավորված, ավտոմատներով գալիս են ու մարդկանց շան պես գետնին քարշ տալով տանում, երբեք չէր տեսել։

Վարդան Ղուկասյանի փաստաբանն այսօր արդեն իսկ դիմել է դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել նրա ձերբակալումը։

Գյումրու նախկին քաղաքապետը շարունակում է պնդել, որ իշխանությունները Գյումրիում վախի մթնոլորտ են ձևավորում, այսօր էլ իր գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայվել, որոնք փաստացի խաթարում են գրասենյակի բնականոն աշխատանքը և իրեն այցելած քաղաքացիներին հարցուփորձ անելով՝ վախ են ներարկում:

Գյումրու լուծարված ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ իր հերթին է նշում․ «Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա մերձավոր շրջապատն ավելի շատ քրեական գործերով են անցել ու անցնում, քան ասենք մեքսիկական կրիմինալ բանդաների պարագլուխները: Այս կոնտեքստում առավել քան ծիծաղելի են ընդդիմության տարբեր տրամաչափերի գործիչների ու գործիքների կողմից հնչեցվող մեղադրանքները՝ իբր քաղաքական հետապնդումների մասին»:

Վարչապետի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ հիշեցնում է․ «Մենք շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ և ում սպանեցին, ինչպես և ինչը մարդկանց ձեռքից խլեցին, ինչքան և որտեղ ապօրինի դիզեցին։ Թե բա՝ քաղաքապետ ենք ուզում, թան էլ չէ՝ փրթած մածուն»։
Ի դեպ, Վարդան Ղուկասյանին սկսել է խստորեն քննադատել նաև «Եվրաքվե» նախաձեռնության մաս կազմող «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, որը զավեշտ է համարում այն, որ «Գյումրիին ամենաշատ վնաս հասցրած նախկին քաղաքապետը՝ սպանություններով, գողություններով, ապօրինություններով ու կեղեքումներով հայտնի Վարդանիկը, մասնակցում է առաջիկա ընտրություններին»։ Նա Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելն ու ազատ արձակելը բեմականացում ու «Էժան շոու» է համարում։ Ըստ նրա, սա քաղաքական ֆարս է՝ պատրաստված իշխանական խոհանոցում։ Դիմելով իշխանությանը՝ Արման Բաբաջանյանը գրում է․ «Եթե սեփական թեկնածու նույնիսկ չունես, եթե քաղաքի զարգացման ծրագիր չունես, եթե պաշտոնավարումդ ձախողել ես, եթե վարկանիշ կատեգորիկ չունես, ի՞նչ ես անում՝ գտնում ես Վարդանիկին, խնդրում, որ առաջադրվի քաղաքապետի թեկնածու, հետո բեմադրում «մեծ» ձերբակալությունը, արագ բաց թողնում, և արդյունքում ստանում «ընդդիմադիր», որի պիտանելիությունը հենց այդքանով էլ ավարտվում է։

Այ, հիմա ամեն ինչ իր տեղն է ընկնում։Դուք հենց Վարդանիկի նման «ընդդիմադիր» էլ արժանի եք։ Բայց սպասեք… ամեն ինչ դեռ առջևում է»։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

Ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն ԿԸՀ

Այն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք ցանկություն ունեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք Փարաքար և Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, գրանցման ու ընտրական ցուցակների էլեկտրոնային եղանակով ձևավորման համար պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Սա վերաբերելի է նաև այն կուսակցություններին ու դաշինքներին, որոնք նախորդող ընտրություններին մասնակցել են և ունեցել իրենց օգտահաշիվները․ օգտահաշիվների ակտիվացման համար պետք է  դիմում ներկայացնեն ԿԸՀ։

Առաջիկա ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

Մարտի 30-ին Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ի հերթական նիստում նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը․ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։

Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը, մինչեւ 18։00-ն։

Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով պետք է հրապարակեն
մինչեւ փետրվարի 25-ը ներառյալ։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչեւ մարտի 5-ը, ժամը 18:00-ն: Գրանցումն իրականացվելու է 2025 թվականի մարտի 5-ից մինչեւ մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է
մարտի 15-ից  մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչեւ մարտի 2-ը։ Նշված արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև կբաշխվի մարտի 11-ին՝ գրանցված կուսակցությունների և դաշինքների հայտերի հիման վրա, վիճակահանությամբ։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ համապատասխան բանկերը պետք է տեղեկանք ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն մարտի 13-ից սկսած՝ երեք աշխատանքային օրը մեկ։

Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կապված բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից՝ մարտի 30-ից։

Կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվում են մինչեւ մարտի 15-ը, դրանք ոչ ուշ քան եռօրյա ժամկետում պետք է հրապարակվեն ԿԸՀ կայքում։

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կազմակերպում է նախընտրական բանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ Նախընտրական բանավեճերի թեման, ձևաչափը և կանոնները որոշում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։ Նախընտրական բանավեճերը հեռարձակվում են ուղիղ եթերով։ Նախընտրական բանավեճի տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 90 րոպե:

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

❗️ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ❗️

ԳՐԱՆՑՎԵԼ ՈՐՊԵՍ ԴԻՏՈՐԴ

Աստղանիշով * նշված դաշտերը պետք է պարտադիր լրացված լինեն:






© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Նախընտրական քարոզչությունից դուրս քարոզչության նկատմամբ հսկողությունը դուրս է ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է․

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 5-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի դեպքում նախընտրական քարոզչությունն սկսվում է ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման կայացումից հետո՝ ութերորդ օրվանից։

Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։»։

Ընտրական օրենսգրքի վերը բերված կարգավորումները փաստում են, որ քարոզչության ժամանակահատվածում տվյալ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պարտավոր են գործել բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված կանոններով, որպեսզի բոլորը ունենան հավասար հնարավորություններ։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և թեկնածուների համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով օրենսդիրը սահմանել է հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կոնկրետ կանոններ, որոնց շրջանակներում նախատեսել է նաև կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումներ։

Նշված ժամանակահատվածն այն եզակի շրջանն է երբ գործում են քարոզչության սահմանափակման, այդ թվում արգելման (քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը) այդ կանոնները։ 

Քարոզարշավի ժամանակահատվածից զատ մնացած օրերին քարոզչություն իրականացնելը սահմանադրորեն երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության իրացման եղանակներից է։ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը սահմանում է՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

  1. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:
  2. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:»։

Մարդու իրավունքների միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումը կարող է թելադրված լինել միայն ժողովրդավարական պետություններում այդ սահմանափակումների անհրաժեշտությամբ։ Դրանք ուղղված են կարծիքի արտահայտման ազատության չարաշահման կանխարգելմանը, օրենքով սահմանված շահերի պաշտպանությանը կամ օրենքով նախատեսված այլ նպատակների ապահովմանը։

Նշենք նաև, որ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության՝ Ընտրական օրենսգրքով կամ օրենսգրքի հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված կարգի պահպանումը։ Վերոգրյալից ակնհայտ է, որ նախընտրական քարոզչությունից դուրս քարոզչության նկատմամբ հսկողությունը դուրս է ընտրական հանձնաժողովների իրավասության շրջանակներից։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com