«Հայրաքաղաք» դաշինք,որը մեկ բառով բնորոշում է քաղաքի բուն էությունը, բնույթը» Լ․Բարսեղյան
YouTube`
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Թափառող շների խնդիրն արդեն շարունակում է մտահոգել ոչ միայն Գյումրիի բնակիչներին, այլ նաեւ քաղաք այցելող զբոսաշրջիկներին: Շներն իրական սպառնալիք են դառնում հատկապես գիշերվա ժամերին: Ոչ միայն տնակային թաղամասերը, նաեւ քաղաքի կենտրոնական փողոցներն են երկար տարիներ շներին կացարան ծառայում:
Ավտոկայանի տնակային ավանի բնակիչները խնդրով միակ ահազանգողները չեն, թափառող շների վտանգն ամենուր է, դրանց կծելու դեպքերը` շատ, բուժհաստատություններ դիմողների թիվն էլ շարունակ աճում է:
Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա միայն այս տարի շան կծելու դեպքերով 65 մարդ է դիմել: Բուժհաստատությանը պետպատվերով հատկացվող հակակատաղության պատվաստանյութն արդեն չի բավականացնում: Բավականին թանկ այս շիճուկը պետպատվերից կրկնակի ավելի քանակությամբ ձեռք է բերել պոլիկլինիկան:
Ուշագրավն այն է, որ կծելու դեպքերից հետո էլ շներին վնասազերծելու միջոցներ չեն ձեռնարկվում: Ավտոկայանի բնակիչները գրավոր դիմել են Գյումրիի քաղաքապետարան, պատասխան նամակը բնակիչներին ավելի է հիասթափեցրել:
Թափառող շներին արդեն 1 ու կես տարի է, համայնքային բյուջեի միջոցներով ստերճացնում են, դրանով կանխում շների բազմացումը, բայց ոչ վնասազերծում: Անասնաբուժական կլինիկայի աշխատակցի խոսքերով, 1 շան վրա քաղաքային բյուջեից ծախսվում է 25.000-29.000 դրամ, այս ընթացքում 1250 շուն է վիրահատվել:
Ավտոկայանի տնակային թաղամասի, նաեւ շներից բողոքող բոլոր բնակիչներին նույն պատասխանն է տրվել, որ շների ագրեսիվ վարքագիծ դրսեւորելու դեպքերը կանխելու կամ բացառելու համար քաղաքապետարանը միջոցներ ձեռնարկել չի կարող, քանի որ Հայաստանի քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանում է 100.000-300.000 դրամ տուգանք կամ մինչեւ 3 ամիս ազատազրկում: Գյումրիի քաղաքապետարանի պատասխանատուն եւս նշում է, որ ստերճացումը պայքարի բավարար միջոց չէ, բայց առայժմ միակ տարբերակն է:
Շների համար ապաստարան ունենալը նախատեսում է խնամք, պահպանում, կերակրում, բուժսպասարկում, ինչը բավականին մեծ ծախսեր է պահանջում, իսկ այդ գումարը, ըստ Սոնա Առաքելյանի, տեղական բյուջեում չկա: Քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ այդ խնդիրը անհատները ստանձնեն, բայց արձագանքող չկա: Իսկ ստերճացումը, ըստ կլինիկայի աշխատակցի, անհրաժեշտ է, որպեսզի հետագայում ապաստարան ունենալու դեպքում, այն շատ չծանրաբեռնվի թափառող շների գլխաքանակով: Ստերճացմամբ թեեւ եղած շների 75 տոկոսի բազմացումն արդեն կանխված է. բայց դրանց թիվն անընդհատ աճում է:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Կայացել է Գյումրի համայնքի հերթական նիստը, որը վարել է Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը: Ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից 1 մլն 600 հազար դրամ գումար հատկացվեց սոցիալապես անապահով 87 անձանց դրամական աջակցություն տրամադրելու նպատակով, 21 մլն 400 հազար դրամ էլ՝ Օլիմպիական խաղերում, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներին ու նրանց մարզիչներին դրամական պարգևներ տրամադրելու համար: Գումար հատկացվեց նաև քաղաքի թիվ 4 երաժշտական դպրոցի տանիքի վերանորոգման, 44-օրյա պատերազմում զոհված զինվորների գերեզմաների բարեկարգման և այլ նպատակներով: Ավագանու մեկ այլ որոշմամբ՝ 700 հազար դրամ գումար կհատկացվի 44-օրյա պատերազմի մասնակից, ժամկետային ծառայությունից վերադարձած տղաներին տոնի առթիվ հուշանվերներ ու շնորհակալագրեր տրամադրելու համար: Փոխքաղաքապետի տեղեկացմամբ ՝ «Գյումրու օրն» այս տարի կնշվի սեպտեմբերի 18-ին՝ առանց մասսայական միջոցառումների, ճոխություններ չեն լինի նաև Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված օրը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18-ին ավարտվեց Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու գործընթացը: Այսպիսով, թիվ 31 ՏԸՀ-ում առաջադրվել է 10 քաղաքական ուժ` որից 3-ը դաշինք է, 7-ը կուսակցություն:
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ներկայացրել է ավագանու 42 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը: Կուսակցությունն առայժմ չի շտապում անելիքների մասին խոսել, առաջիկայում մտադիր է հանդես գալ մամլո ասուլիսով:
Իրենց ծրագրերի մասին բարձրաձայնելու և առաջադրված թեկնածուների մասին մամլո ասուլիսի միջոցով են պատրաստվում խոսել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչները: Առայժմ հայտնի է, որ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում առաջադրել է 40 հոգանոց համամասնական ցուցակ, որի առաջին հորիզոնականում Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է:
Թե ինչ կարգախոսով կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր»-ն այս ընտրություններին, դեռևս չեն շտապում բարձրաձայնել:
Իր թիմակիցների հետ, 17+5 բանաձևով է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու «Թասիբով» դաշինքը, որն առաջադրել է 22 հոգանոց համամասնական ընտրացուցակ:
Թե ինչու են դաշինքը Թասիբով անվանել , իր հետաքրքիր բացատրությունն ունի:
Դաշինքում ընդգրկված են ամենատարբեր մասնագիտության տեր մարդիկ, նշում է ցուցակի առաջատար Կարապետ Պողոսյանը, նրանք հիմնականում երիտասարդներ են:
Ռակ և «Ժառանգություն» կուսակցությունների միավորման արդյունքում ստեղծված «Հայրաքաղաք» դաշինքի 28 հոգանոց համամասնական ցուցակում էլ գերակշռողը երիտասարդներ են:
Գյումրիում դեռևս չունեն, բայց առաջիկայում գրասենյակներ հիմնելու և թիմ ձևավորելու մտադրություն ունի «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը: «Զարթոնք»-ը Գյումրիում առաջադրել է ավագանու անդամության 41 թեկնածու, իսկ ցուցակի առաջատարը Վարդևան Հակոբյանն է: Վերջինս այսօր Գյումրիից բացակայում էր:
Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում թեև վաղուց է ինչ գրասենյակ ունի, բայց առայժմ չի շտապում ակտիվ գործունեություն ծավալել, նշում են, որ այս կուսակցությանը մարդիկ նոր չէ որ պիտի ճանաչեն:
Դեռ նախորդ ընտրությունների ընթացքում Գյումրիում հիմնված «Արժանապատիվ ուղի» կուսակցության ցուցանակը դեռ պահպանված է, բայց կուսակցության առաջնորդ Հովհաննես Մարգարյանի հետ կապ հաստատել այսօր չհաջողվեց: Նա գլխավորում է կուսակցության 22 հոգանոց համամասնական ցուցակը:
«Գյումրին կռնա» նորաստեղծ դաշինքն այս ընտրություններին առաջադրվելով ավելի գլոբալ խնդիր է մտադիր լուծել, կարծում է, համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Սրտաշյանը: Երկրի առջև ծառացած խնդիրների լուծումն առաջարկվում է սկսել հենց Գյումրիից:
«Ապրելու երկիր» կուսակցությունն էլ է որոշել մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին և որպես քաղաքապետի թեկնածու առաջադրել Կարեն Մալխասյանին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Այն անձինք, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, առաջիկա ՏԻՄ ընտրությունների համար չեն ընդգրկվի ընտրական ցուցակներում: Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանի հարցին: Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ խնդիրն, ըստ էության, ավելի շատ ոչ թե վերաբերում է ցուցակների մաքրմանը, այլ՝ ցուցակների կազմման մեթոդաբանությանը: Այսօր ցուցակները կազմելու համար անհրաժեշտ է, որ անձը լինի ՀՀ քաղաքացի, ունենա հաշվառում ՀՀ-ում: «Վերջին փոփոխությունների համաձայն, որը կիրառվելու է այս ՏԻՄ ընտրություններում, բոլոր այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, չեն ներգրավվի այդ ցուցակներում: Եթե տարբեր հիմքերով ցանկանում ենք սահմանափակել ընտրական ցուցակներում անձանց ընդգրկումը, հետևաբար, պետք է ուղղակիորեն փոխենք ցուցակների կազմման մեթոդաբանությունը: Այսօր սահմանադրական օրենքը սահմանել է որոշակի կարգ, թե ովքեր պետք է մտնեն այդ ցուցակներ, և այդ կարգին համապատասխան էլ ձևավորվում են ընտրական ցուցակները»,-ասել է Մուկուչյանը: Նա հավելել է, որ, սակայն, ընտրական օրենսդրությունը սահմանել է նաև բավականին լայն գործիքակազմ՝ այդ ամենը լիարժեք վերահսկելու, տեսնելու, մասնավորապես՝ ցուցակների՝ ըստ տեղամասերի հրապարակումը, դրանց՝ որոնման հնարավորությամբ մշտապես հրապարակված լինելը ԿԸՀ կայքում, ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարակումը: ԿԸՀ նախագահը նշել է, որ եթե կորոշվի որևէ այլ մեթոդաբանությամբ կազմել այդ ցուցակները՝ լիազոր մարմինն այդ կերպ կկազմի, սակայն այսօրվա օրենսդրությունը դրանց վերահսկողությունը լիարժեք հնարավոր է դարձնում և ընդծել՝ այս ընտրությունների ժամանակ մի մասով լուծումն արդեն կլինի, սահմանված է, որ անվավեր անձնագրերով քաղաքացիների տվյալները չեն լինելու այդ ցուցակներում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ, որից երեք դաշինք են, 7-ը՝ կուսակցություն։ Նորաստեղծ «Հայրաքաղաք» դաշինքի ցուցակը գլխավորում է Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ «Գյումրին կռնա» դաշինքը գլխավորում է գործարար Վարդան Սրտաշյանը, իսկ «Թասիբով դաշիք»-ը՝ ընդդիմադիր Կարապետ Պողոսյանը։ Վերջինս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գյումրու գրասենյակի նախկին համակարգողն էր։ Կուսակցություններից մասնակցության հայտ են ներկայացրել ՔՊ-ն, որի թեկնածուն Շիրակի մարզպետ, վիրաբույժ Հովհաննես Հարությունյանն է, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որի ցանկը գլխավորում է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը։ ՀՀԿ-ի թեկնածուն Արտյոմ Ղուկասյանն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին։ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարներ Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ավագանու թեկնածուների ցուցակի առաջին համարը Կարեն Մալխասյանն է, նա իրավաբան է։ «Կոմունիստական» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կոնստանտին Գավազյանն է, նա Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակից է։ «ԱրԺանապատիվ ուղի» կուսակցության ցուցակը գլխավորում է նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության առաջին համարն է Վարդևան Հակոբյանը, նա ԱԱԾ-ի նախկին աշխատակից է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու հարցում քաղաքական ուժերն ակտիվություն սկսեցին ցուցաբերել, սահմանված ժամկետի վերջին օրերին միայն: Այսօր թիվ 31 ՏԸՀ իր փաստաթղթերը ներկայացրեց Ռամկավար Ազատական և «Ժառանգություն» կուսակցությունների կողմից ստեղծված «Հայրաքաղաք» դաշինքը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
«Հայրաքաղաք» դաշինքն այս ընտրություններին է ներկայանում 28 հոգանոց համամասնական ցուցակով:
Նորաստեղծ դաշինքի համասնական ցուցակում հիմնականում երիտասարդներ են ընդգրկված, իսկ անվան հարցում երկար չեն մտածել:
Մինչև աշխատանքային օրվա ավարտը տարածքային հանձնաժողովին իր փաստաթղթերը հանձնել շտապեցին նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամները: Նրանց 20 հոգանոց ցուցակը գլխավորում է ՀԿԿ գյումրու քաղաքային կոմիտեի 2-րդ քարտուղար Կոնստանտին Ղավազյանը:
Այսօր առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել նաև «Զարթոնք» ազգային քրիստոնեական և «Արժանապատիվ ուղի» կուսակցությունները: Վերջինիս ցուցակը գլխավորում է նույն կուսակցության հիմնադիր Հովհաննես Մարգարյանը: Ընդհանուր հաշվով մինչ օրս ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ներկայացրել 6 քաղաքական ուժ:
Տեխնիկական խնդիր առաջացավ նաև «Հայրաքաղաք» դաշինքի փաստաթղթերը ներկայացնելիս: Թիվ 31 ՏԸՀ-ը դաշինքից պահանջում էր ԿԸՀ ներկայացնել փաթեթի սքանավորված տարբերակը, մինչդեռ ինչպես պարզվեց կարիք կար ներկայացնել միայն համամասնական ցուցակի սքանավորված տարբերակները:
Մինչ օրս ընտրատարածքային հանձնաժողովին իր փաստաթղթերն է ներկայացրել նաև «Գյումրին կռնա» նորաստեղծ դաշինքը», որը նպատակ ունի հենց Գյումրիից սկսել Հայկական Երազի իրականացումը և Գյումրիում ամբողջացնել հոգևոր-արժեքային տաճարի կառուցումը:
Դաշինքի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում Վարդան Սրտաշյանն է, բայց դաշինքի քաղաքապետի թեկնածուն Վարդան Գրիգորյանն է:
Ավելի վաղ ընտրատարածք էր դիմել նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը: Թեկնածուների առաջադրման համար վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ին, ժամը 18-ն է:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Տուրիզմի զարգացման հեռանկարով Գյումրիում կշարունակվի Կումայրի պատմական միջուկի ենթակառուցվածքների հիմնանորոգումը: Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ առաջիկա 2 տարում նախատեսվում է ավելի քան 4 մլրդ դրամի աշխատանք կատարել հիմնականում Սլաբոդկա թաղամասում: Այս անգամ էլ նախապատվությունը կտրվի փողոցների շինարարությանը: Կապիտալ կնորոգվի 7 փողոց, նաեւ ամենափրկիչ եկեղեցուն հարակից պուրակը` շատրվաններով:
Գյումրիի պատմական միջավայրի վերականգնումն ընդգրկում է միայն ենթակառուցվածքները, առանց հիմնարար լուծում տալու քաղաքի ստորգետնյա դատարկությունների` քյարիզների վերակառուցման խնդրին: Դրանց քարտեզները չկան, մասնագետների ձեռքի տակ քյարիզների տեղակայման միայն մոտավոր պատկերն է, ինչը բավարար չէ եւ 30 տարի շարունակ սա լուրջ խնդիր է ստեղծում քաղաքի կառուցապատման գործում:
Շինաշխատանքների ժամանակ քյարիզ հայտնաբերելու դեպքում են այն միայն ներառում նախագծային ծրագրերում: Կապիտալ շինարարության այս մեծ ծրագիրը, ըստ Գյումրիի գլխավոր ճարտարապետի, թաղամասի ամբողջական վերականգնման խնդիր չի լուծի, պատմական նշանակության շենքերի ամրացումը շարունակում է պետական ծրագրերից դուրս մնալ:
Մոտ 1 դարյա պատմություն ունեցող Չերազի 19 շենքը դիմակայել է Գյումրիի բոլոր երկրաշարժերին: Փաստաթղթերով վթարայնության 3-րդ աստիճան ունի, բայց բնակիչները վստահ ասում են, որ տարեցտարի շենքի ամրությունն ավելի է պակասում: Կառույցի պատմական նշանակությունը գնահատողներն առայժմ միայն զբոսաշրջիկներն են:
Կումայրի պատմական տարածքում 88-ի երկրաշարժից վթարային մոտ 20 բազմաբնակարան շենք կա, որոնց վթարայնության աստիճանը գնալով աճում է: 30 տարում դրանց ամրացման հերթ այդպես էլ չհասավ, հիմա էլ խնդրի լուծումը բնակիչների ուսերին է դրվել:
Ըստ Գյումրիի գլխավոր ճարտարապետի, բնակարանների սեփականատերերին պետական մակարդակով աջակցելու ծրագիր երբեւէ չի էլ քննարկվել, պատմական շինությունների վերականգնումն ամբողջությամբ մասնավորի խնդիրն է համարվում: Ու եթե սեփականատերը միջոցներ չունի կառուցապատելու, ապա քանդված շինությունը տարիներով մնում է որպես ավերակ: Քաղաքի կենտրոնում նման շենքերը քիչ չեն: Օրինակը Գյումրիում հայտնի ֆաբրիկանտի շենքն է: 19-րդ դարի պատմական կառույցը 30 տարի քանդվում ու ավերվում էր:
Նոր սեփականատերն է այժմ շինարարություն սկսել, շինությունը կամ հյուրատուն կդառնա, կամ սպասարկման օբյեկտ: Ոչ հեռվում էլ Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության նախկին գրադարանի շենքն է, որտեղ հարդարման աշխատանքներից հետո հիմնվելու է քանդակագործ Ֆրիդ Սողոյանի թանգարան-ցուցասրահը: Ընդհանուր առմամբ, Սլաբոդկա թաղամասի կառուցապատման այս ծրագրից հետո վերակառուցված կլինի Կումայրի պատմական միջուկի ընդամենը 10 տոկոսը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Կումայրի» պատմական միջուկը՝ զբոսաշրջության այցեքարտ
Այս տարի ապրիլին Շիրակի մարզի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվեց քննարկում՝ Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շուրջ տարվող աշխատանքների վերսկսման նպատակով։
Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի նպատակն է բարձրացնել Գյումրի քաղաքի գրավչությունը՝ պահպանելով պատմամշակութային հուշարձաններն ու շինությունները, և նպաստել զբոսաշրջության զարգացմանը՝ նախագծի իրականացման բոլոր փուլերում Գյումրու բնակիչների ակտիվ ներգրավվածության ապահովման միջոցով։
Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ներկայումս իրականացվող աշխատանքները համակարգելու նպատակով՝ հանդիպման ավարտին նախարար Վ․Քերոբյանի առաջարկով որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի գծման աշխատանքներով, ընթացիկ խնդիրների ու հարցերի վերհանմամբ և դրանց արագ ու արդյունավետ կարգավորմամբ։
Այս հանդիպումից երեք ամիս անց՝ հուլիսի վերջին, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Գյումրիում սպասվում են նոր խոշոր ներդրումներ՝ շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամ։
«Գյումրին բարեկարգելուն և մշակութային մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժը հզորացնելուն միտված աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Նախատեսվում են այնպիսի աշխատանքներ, որոնք իրենց ծավալով աննախադեպ են։ Մասնավորապես` կիրականացվեն Խանջյան, Չայկովսկու, Աճեմյան, Հանեսօղլան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցների, ինչպես նաև Հաղթանակի պողոտայի վերականգնում, Գյումրու քաղաքային Բարեկամություն զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքներ, Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի` աջ և ձախ հատվածների վերականգնում։ Այս բոլոր աշխատանքների արժեքը միասին՝ նախնական գնահատմամբ կկազմի շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամ։ Այս շրջանակում արդեն իրականացվել են Շիրազի, Վարպետաց, Ջիվանու, Ղորղանյան և Աբովյան փողոցների վերանորոգման աշխատանքները»,-գրել էր Պապիկյանը։
Գյումրու Սլաբոդկան (рабочая слободка) վերականգնվելու է
Քաղաքի կենտրոնը շարունակում է պահպանել Ալեքպոլի հատակագծի կառուցվածքն ու պատմաճարտարապետական շինությունների դիմագիծը: Քաղաքի հին թաղեից է համարվում Սլաբոդկան (рабочая слободка), որը գտնվում է քաղաքի հարավային մասում։
Այստեղ ժամանակին բնակվել են ռուսներ, ռուսական հատակագծով եւ ճարտարապետությամբ Ալեքսանդրապոլի այս թաղում կառուցվել են նաեւ առանձնատներ։ Ներդրումային տարաբնույթ ծրագրերով նախատեսվում է քաղաքի Սալբոդկա թաղամասում վերականգնել առանձնատներն ու թանգարանները, կառուցել հյուրատներ։
Ծրագրով նախատեսվում է նաեւ Հաղթանակի պողոտայի վերականգնում, որտեղ ներկայում փողոցային առեւտուր է իրականացվում։ Համաշխարհային բանկի պահանջներից է վերականգնման աշխատանքներն այնպես իրականացնել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները վնաս չկրեն։ Այս նպատակով տնտեսվարողներին այլընտրանք է առաջակվելու, նրանց կրպակները կամ տեղափոխվելու են այլ վայր, կամ մեկ ուրիշ տարբերակ է քննարկվելու, այնպես, որ վերջիններս վնասներ չկրեն։
Վարդանանց հրապարակին նոր շունչ տալու գաղափարը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանինն է
Դեռ 2018 թվականին էր նախատեսվում Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակի հիմնովին վերանորոգում, ֆինանսավորման աղբյուր նշվում էր Համաշխարհային բանկը։ Աշխատանքների իրականացման համար պահանջվում էր 100 մլն ՀՀ դրամ։ Սակայն աշխատանքները չմեկնարկեցին։ 2019 թվականի ամռանը մի քանի փոփոխություն կատարվեց հրապարակում՝ քաղաքապետարանի դիմացը սալապատվեց, դրոշակները փոխվեցին։
Վարդանանց հրապարակին նոր շունչ տալու ծրագրի հեղինակը համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն է։ Ծրագրի իրականացման համար ընդհանուր անհրաժեշտ էր 250 մլն ՀՀ դրամ։ Գումարն ակնկալվելու էր Համաշխարհային բանկից։
Ըստ նախնական ծրագրի՝ նախատեսվում էր սբ․Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ եղեւնիների հանում եւ վերատնկում Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում, նախկին եղեւնիների տարածքում ծաղիկների աճեցում, իսկ քաղաքապետարանի վարչական շենքի դիմացի եղեւնիների տարածքում՝ մանրաքարերով սալապատում։
Գյումրու Վարդանանց հրապարակում Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող ութ եղեւնիների՝ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում վերատնկման նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 3-ին կազմակեևպվեց եւ անցկացվեց հանրային քննարկումը, որը, մեղմ ասած, տապալվեց։ Կողմերը համաձայնության չեկան եղեւնիների տեղափոխման շուրջ։ Քաղաքապետարանն այս մասով որեւէ քայլի չդիմեց։
Այդ ընթացքում ԳԱԼԱ խմբակցությունն հանդես գալով հայտարարությամբ՝ տեղեկացրեց, որ ուսումնասիրելով խնդիրը, հավատարիմ մնալով իր նախընտրական ծրագրին, մասնավորաբար՝ քաղաքի համաչափ զարգացման, համայնքային սուղ միջոցների խնայողական եւ արդյունավետ ծախսումների, հանրային շահի գերադասման սկզբունքներին, համարում է, որ Գյումրու Վարդանանց հրապարակի վերակառուցման գաղափարը ոչ միայն ժամանակավրեպ է, այլեւ կոպիտ սխալ է համայնքային խնդիրների արդյունավետ լուծման եւ քաղաքաշինական տեսանկյուններից:
«Հերթական անգամ մատնանշում ենք, որ Գյումրու փողոցային ցանցի գրեթե 80 տոկոսը չի նորոգվել կամ հիմնանորոգվել ավելի քան 30 տարի, քաղաքի բոլոր թաղամասերը, բացի կենտրոնից, տասնամյակներով թաղված են ցեխի, փոշու եւ ավերակների մեջ: Առնվազն տարօրինակ է, որ քաղաքապետն անտեղյակ է այդ իրավիճակին: Այս իրավիճակի անտեսմամբ ծախսեր կատարել բարեկարգ հրապարակի վերակառուցման համար առնվազն միջոցների վատնում է: Համայնքի համաչափ զարգացման տեսանկյունից արտակարգ հրատապություն ունի թաղային նշանակության փողոցների շուտափույթ բարեկարգումը: Հրապարակի վերակառուցման գաղափարը մտացածին է եւ անտեղի: Զբոսաշրջության զարգացմամբ այդ վերակառուցման արդարացումը եւ իբր ոչ համայնքային միջոցներով, այլ Համաշխարհային բանկի միջոցներով կառուցապատման բացատրությունը պարզունակ հնարքներ են, որոնցով փորձ է արվում քաղաքացիներին ներկայացնել այդ հնարավոր աշխատանքների կատարման շահեկանությունը: Այնինչ, զբոսաշրջության տեսանկյունից կարեւոր է նախ հասարակական զուգարաններ կառուցելու, աղբամանների ավելացման, բավարար գիշերային լուսավորության ապահովման եւ բազմալեզու ցուցանակների խնդիրները կարգավորել, իսկ Համաշխարհային բանկի միջոցները նվեր չեն եւ հատկացումից հետո դառնում են հանրային միջոց»,-հրապարակել էր ԳԱԼԱ խմբակցությունը։
Վարդանանց հրապարակը դարձյալ հիմնանորոգվում է․ այս անգամ նախատեսվում է ծախսել 121 մլն դրամ․ եղեւնիների տեղափոխում չի նախատեսվում
Գյումրու Վարդանանց հրապարակը վերջին անգամ հիմնովին վերանորոգվել է 2013 թվականին, երբ Գյումրին ճանաչվեց մշակութային մայրաքաղաք։ Այդ նպատակով համայնքի բյուջեից ծախսվեց մոտ 100 մլն ՀՀ դրամ։ 2013-ին հաջորդող տարիներին հրապարակում անընդմեջ կատարվել են ճաքալցման աշխատանքներ՝ փոսալցում, կարկատաններ։
Մոտ մեկ ամիս առաջ Վարդանանց հրապարակում դարձյալ մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս անգամ ֆինանսական աղբյուրները կառավարությունն ու Գյումրի համայնքն են։ Աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով նախատեսվում է ծախսել շուրջ 121 մլն դրամ, որի 40 տոկոսը պետական, իսկ 60 տոկոսը համայնքի բյուջեից է լինելու։ Աշխատանքներն իրականացնում է Շիրակի մարզում գտնվող «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերությունը։
Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանի խոսքով՝ առաջիկա 2-3 ամսում հրապարակում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվելու են։
Ինչո՞ւ է Գյումրիում հաճախակի վերականգվում քաղաքի կենտրոնը, հրապարակը, մինչդեռ ուշադրության եւ հոգածության կարիք ունեն նաեւ ծայրամասային թաղերը, նրբանցքները, նաեւ թաղային նշանակության փոոցները։ Դեռ երկու տարի առաջ Գյումրու քաղաքապետ Ս․Բալասանյանն այս հարցին այսպես էր պատասխանել․ «Հրապարակի ասֆալտի ճաքերն այսօր էլ են տեսանելի, 3-4 տարին մեկ անգամ վերանորոգելու, արտաքին հին շերտը նորով փոխարինելու եւ 100 միլիոն ՀՀ դրամ ծախսելու անհրաժեշտություն է առաջանում։ Հետեւաբար, կարելի է ավելի խոշոր գումար ծախսել, որպեսզի մոտ 30 տարի վերանորոգման անհրաժեշտություն չառաջանա»։
Նույնաբովանդակ պատասխան է տալիս նաեւ այսօր Կնյազ Մանասյանը՝ նշելով․ «Քաղաքապետարանը մնում է իր դիրքում․ դիրքորոշումը պահպանում է։ Պնդել եմ, որ ճաքերն այնքան են մեծացել, որ հետագայում այլեւս անհնարին կլինի այդ ճաքերով պահպանել հրապարակը։ Մենք չէինք նկատել հյուրանոցի (նկատի ունի նախկին Լենինական հյուրանոցը-հեղինակ) մայթի մոտ մեծ ճաքերը։ Մեկ-երկու տարի հետո մենք կարող է հրապարակում այնքան մեծ ծախսեր կատարենք, որ այսօրվա ծախսած գումարից շատ լինի»։ Կ․Մանասյանը միաժամանակ նշում է՝ ճաքերի գոյացման պատճառը ստորգետնյա ջրերն են։
Պաշտոնյան ընդգծում է՝ այս ծավալի աշխատանքներ չկատարելու եւ հրապարակը ներկայում չհիմնանորոգելու դեպքում 1- 2 տարում Գյումրին ավելի շատ քայքայված ասֆալտով հրապարակ կունենա։
Կ․Մանասյանի խոսքով՝ 2013 թվականին հրապարակը հիմնանորոգել են մեկ շերտ ասֆալտով։ «Մեկ շերտով մեկ շերտի համար ութ տարին չափազանց լավ ժամկետ է»,-2013-ին հրապարակի հիմնանորոգման աշխատանքներն այսպես է գնահատում համայնքապետարանի պաշտոնյան։
2021-ին Գյումրիում հինանորոգվում է 33 փողոց ու հրապարակ
2020 թվականին համավարակի տարածման, այնուհետ Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հետեւանքով Գյումրիում փողոցաշինական աշխատանքներից մի քանիսն այդպես էլ կիսատ մնացին։ Կիսատ մնացած աշխատանքները, ինչպես տեղեկացնում է համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը, շարունակվում են այս տարում։
2021 թվականին նախատեսված է Գյումրիում սկսել եւ ավարտին հասցնել 33 փողոցի ու հրապարակի հիմնանորոգման աշխատանքներ։ Ընթացիկ տարում 23 փողոց հիմնանորոգվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկային-դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Կ․Մանասյանի խոսքով՝ աշխատանքների մեծ մասը գրեթե ավարտված է։
Սուբվենցիոն՝ կառավարություն-համայնք համագործակցության եւ ֆինանսական միջոցների ներդրման արդյունքում 2021-ին ավարտվելու են 9 փողոցի եւ մեկ հրապարակի հիմնանորոգման աշխատանքներ։ Կոմիտաս փողոցի հիմնանորոգման աշխատանքները նախորդ տարի հետաձգվել էին ջրահեռացման եւ ջրամատակարարման համակարգերի կառուցման պատճառով։ Նախատեսված աշխատանքներն ընթանում են 2021-ին, որոնք ավարտին են հասցվելու մինչեւ այս տարեվերջ։
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր գումարը շուրջ 800 մլն ՀՀ դրամ է, որի 60 տոկոսը ներդրել է Գյումրին՝ համայնքային բյուջեի, իսկ 40 տոկոսը՝ կառավարությունը պետական բյուջեի միջոցներից։
Գյումրիում այս տարի փողոցաշինական աշխատանքներն իրականացնում են Շիրակի մարզում գտնվող ընկերությունները, որոնք իրենց կատարած աշխատանքներով ծանոթ են Գյումրու համայնքապետարանին՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ, «Դուստր Մոնիկա» ՍՊԸ, «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ, «Լենճանշին» ՍՊԸ, «Զարգարյան եւ ընկերներ» ՍՊԸ-ի իրավահաջորդ ընկերություն։
Կ․Մանասյանի վստահեցմամբ՝ շինընկերությունների աշխատանքները վերահսկում է եւ տեխնիկական վերահսկիչը, եւ համայնքապետարանի մասնագետն ու ինժեները։ Տեղում հայտնաբերված խախտումները, սխալները վերացնելու հանձնարարականներ են տրվում շինընեկություններին։ «Տեղում լուսանկարում ենք աշխատանքը եւ պահանջում վերացնել եղած խախտումը։ Գրավոր եւս ներկայացնում ենք խախտումը։ Բայց այնպես ենք անում, որ հարցը գրավոր ներկայացնելուն չհասնի։ Երաշխիքային ժամկետը մեկ տարին է։ Ընկերությունը ապարտավոր է շտկել խնդիրները»,-ասում է համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահանության բաժնի պետ Կ․Մանասյանը։
Քաղաքի նրբանցքները կշարունակեն մնալ անասֆալտ, քարուքանդ ու անտեսված
Գյումրիում կա մի քանի հարյուր նրբանցք, որոնք 88-ի աղետից հետո երբեւէ ասֆալտ չեն տեսել։ Խորդուբորդ, հիմնովին քանդված այդ նրբանցքներն հիմնականում Գյումրու կենտորնական թաղամասերում են։ Գյումրու համայնքապետարանը վերջին 32 տարում ոչ մի աշխատանք չի նախատեսել այդ նրբանցքները գոնե մասնակի վերանորոգելու ուղղությամբ։
Կ․Մանասյանը եւս համաձայնում է առկա իրավիճակի հետ եւ ավելացնում․ «Հիմա աշխատում ենք քաղաքի կենտրոնական, թաղային փողոցների բարեկարգման աշխատանքներով։ Այս աշխատանքները կավարտենք, կանցնենք դրանց նրբանցքներին։ Մենք ընդհանրապես չենք իրականացնում նրբանցքների բարեկարգում։ Այդտեղ շահառուների թիվը քիչ է։ Շահառուներն ավելի շատ են կենտրոնական եւ թաղային փողոցներում, քան նրբացքներում»,-ասում է նա։
Գյումրու համայնքապետարանը վերջին տարիներին նույնքան անուշադրությամբ էր վերաբերվում նաեւ մայթերին․ հաճախ փողոցը վերանորոգում էին, իսկ մայթերն անտեսում՝ թողնելով քանդված։ Միայն վերջին 3 տարում լրատվամիջոցների, քաղաքացիների բարձրաձայնած այս հարցին հետեւելով՝ համայնքը սկսեց մայթերը եւս բարեկարգել։
Անի Մկրտչյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru