Monthly Archives:August 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող քոլեջի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու ազդեցությունը, նույն քոլեջի ուսանողներից մեկի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս կողմից ուսումնական և գործնական դասընթացներին չհաճախելու պայմաններում նրան անհրաժեշտ գնահատականներ նշանակելու և ավարտական ատեստատ տրամադրելու հարցի շուրջ դասախոսների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու դիմաց, նրանից պահանջել և ստացել է կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ քոլեջի տնօրենը ուսանողներից ևս մեկին ցածր առաջադիմության պայմաններում հաջորդ ուսումնական տարի փոխադրելու նպատակով բարձր գնահատականներ նշանակելու համար միջնորդի միջոցով ուսանողի ծնողից ստացել է կաշառք:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով քոլեջի մեկ այլ ուսանողի բացակայությունները չարձանագրելու և հաջորդ ուսումնական տարի փոխադրելու նպատակով բարձր գնահատականներ նշանակելու համար, հիշյալ ուսանողի ծնողից նույնպես ստացել է կաշառք:

Ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու համար քոլեջի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), կաշառք տվողներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով իսկ կաշառքի միջնորդություն կատարած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով:

Քոլեջի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և պաշտոնավարման կասեցումը, կաշառք տված անձանցից մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Շատ թույլ ծրագիր է»․ Գյումրու ավագանու արտահերթ նիստում չընդունվեց համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը

Այսօր կայացած Գյումրու ավագանու արտահերթ նիստի օրակարգի կարևոր հարցերից մեկը քաղաքի հնգամյա զարգացման ծրագրի հաստատումն էր։ Ծրագրի շուրջ բուռն քննարկում տեղի ունեցավ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը փաստաթուղթը համարեց գեղեցիկ շարադրված, սակայն նկատեց՝ Յուրի Վարդանյանի անվան պուրակի հիմնումը ներառված է ծրագրում, բայց հողամասը օտարված է։ «Այդ օտարված հողամասի վրա նախկին իշխանությունները սուբվենցիոն ծրագրով իրականացրել են բարեկարգման, կառուցապատման ծրագիր, հիմա կիսատ է մնացել, էդ հողը, եթե չեմ սխալվում 2005 թվին է օտարվել։

Այսինքն էստեղ խնդիր կա, մենք ներառել ենք ծրագրում, բայց հողն օտարված է, սեփականության իրավունքով պատկանում է ֆիզիկական անձի, մենք կառուցում ենք պուրակ»,-նշեց Սարիկ Մինասյանը։ Անդրադառնալով սպորտդպրոցներին, երաժշտական դպրոցներին, նա նաև նշեց, որ դրանց 80 տոկոսը քայքայված է, անմխիթար վիճակում է գտնվում և առաջարկեց զարգացման ծրագրում նշել, թե կոնկրետ որ տարում՝ քանի դպրոց են վերանորոգելու։ «Մեր քաղաքը վերջին տարիներին տուրիզմի զարգացման ուղու վրա է, այլ հետաքրքրություններ է պետք ստեղծել, որ մարդիկ գան Գյումրի, այդ առումով շատ թույլ, կոնկրետ թիրախային բաներ չտեսանք»,- շեշտեց Սարիկ Մինասյանը։ Նա նաև նշեց, որ պիտի ներառել՝ ինչպիսի ծրագրեր ենք ունենալու քաղաքի տրանսպորտային պարկը, ավտոբուսնեը թարմացնելու համար։

Սարիկ Մինասյանի հարցադրումներին անձամբ պատասխանեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Յուրի Վարդանյանի պուրակը հետ կապված Վարդան Ղուկասյանը նշեց, որ հետևողական կլինեն ու տվյալ քաղաքացու հետ հարցը կլուծեն, հայտարարի կգան։ Իսկ սպորտդպրոցների, մանկապարտեզների անմխիթար վիճակի հետ կապված Վարդան Ղուկասյանն ասաց․ «Գյումրի քաղաքի բյուջեն առ ոչինչ է, հանրապետական բյուջեից պետք է մասհանումներ անեն շատ լուրջ գումարներ, որպեսզի Գյումրին կարողանա գոյատևել։ 37 տարի մենք ասում ենք՝ ամենաանապահով խավն ապրում է Գյումրիում, երկրի բյուջեից 2026 թվականին նախատեսել են 4 միլիարդ 550 միլիոն, ինչքան գիտեմ, դոտացիայի մասով, որը շատ քիչ է։Կարելի է հնգամյա ծրագրի մեջ էնքան բան առաջարկել, բայց գումարների մասին պիտի ասենք՝ որտեղից։ Դրա համար ես հիմա դիմել եմ ՀՀ վարչապետին, Ազգային ժողովի խմբակցություններին՝ դիմություն, ընդդիմություն, որ կարողանան որոշակի մասհանումներ անեն աղետի գոտու՝ հենց Գյումրի քաղաքի նկատմամբ մանավանդ»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Ավագանու գրեթե բոլոր խմբակցությունների ղեկավարներն ու անդամները քննադատեցին քաղաքի զարգացման հնգամյա ծրագիրը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ արտահայտվեց նախագծին` այն համարելով բավական թույլ։

«Մեր քաղաքը» դաշինքը ևս հայտարարեց, որ դեմ է քվեարկելու։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այն հանեց օրակարգից՝ լրամշակելու, առաջարկություններն ու դիտարկումները տասնօրյա ժամկետում ներառելու ու նոր միայն ավագանու հաստատմանը ներկայացնելու համար։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ

ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը գտնվելով ոչ սթափ վիճակում կնոջ վրա բենզին է լցրել, որը լցվել է նաև սեղանի սփռոցի վրա, ապա այրել է սեղանի սփռոցը, որի ընթացքում կրակը սփռոցից անցել է կնոջը:

Վերը նշված գործողությունների հետևանքով կինը ստացել է այրվածքներ, իսկ այդ ընթացքում օգնության հասած դուստրը նույնպես ստացել է մարմնական վնասվածք։

Ամուսնու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանության փորձը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է․ փոփոխություն օրենսգրքում

Ամբողջ աշխարհում վրաերթերի հետևանքով ամեն տարի հազարավոր մարդիկ են տուժում՝ զոհվում կամ վիրավորվում։
Հայաստանում ևս իրավիճակը մտահոգիչ է։
Խնդրի լուծման նպատակով ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով նաև քաղաքացիների առաջարկությունները, հանդես է եկել նախաձեռնությամբ, ինչի արդյունքում փոփոխություններ են կատարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։
Այսուհետ, այն հետիոտները, որոնք կխախտեն երթևեկելի մասը հատելու կարգը՝ այսինքն փողոցը կանցնեն չնախատեսված հատվածով, կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության։
Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը մանրամասնում է․
«Եթե նախկինում նման խախտման համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն՝ հինգ հազար դրամի չափով, ապա օգոստոսի 2-ից տուգանքի չափը խստացվել է և կազմում է տասը հազար դրամ»։
Օրենսդրական փոփոխության հիմքում մտահոգիչ վիճակագրությունն է․ միայն 2023 թվականին գրանցվել է վրաերթի 1197 դեպք, որի հետևանքով 108 մարդ է զոհվել։ 2024-ին թեև վրաերթերի թիվը փոքր ինչ նվազել է, սակայն զոհերի թիվը գրեթե նույնն է․ 1079 վրաերթ, 107 զոհ։
Վրաերթերի մեծամասնությունը տեղի է ունենում հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտելու հետևանքով։

Միևնույն ժամանակ, Պարեկային ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են իրազեկիչ միջոցառումներ ու բացատրական աշխատանքներ։
Վարչական պատասխանատվության խստացման նպատակը միտված է նաև այս մեթոդով հնարավոր ողբերգական դեպքերը կանխելուն ու երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովելուն։ Ամեն դեպքում չտուգանվելու լավագույն տարբերակը օրենքը չխախտելն է։
Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր անվտանգությունն առաջնահերթություն է։ ՆԳ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները, այդ թվում՝ փողոցներն անցնել բացառապես դրա համար նախատեսված հատվածներով՝ հետիոտնային, վերգետնյա ու ստորգետնյա անցումներով։
Հիշեք՝ շտապողականությունը կարող է կյանք արժենալ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում

ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստի որոշմամբ շուրջ 710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

Պետական ցուցակներում ընգրկված նորահայտ հուշարձանները սահմանված կարգով քննարկվել են նախարարության փորձագիտական հանձնաժողովում և արժևորվել են պատմամշակութային տեսանկյունից, միաժամանակ, համապատասխանում են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2196-Ն որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու» չափորոշիչներին։

Ներառված հուշարձանների թվում են «Տիրինկատար» հնավայրը և վիշապաքարերը, «Արենի-1» քարայրը («Թռչունների քարայր»), «Շամիրամի բերդ» ամրոց-բնակատեղին, Երևան քաղաքի Աբովյան, Բաղրամյան և Նալբանդյան փողոցների՝ 1940-1960-ական թթ․ կառուցապատման մի շարք արժեքավոր շենքեր, «Նաիրի» և «Հայենիք» կինոթատրոնների շենքերը, Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքը, Հակոբ Հակոբյանի «Սարերում», Ս․ Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարները և այլն։

Նշենք, որ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը 2007 թվականից ի վեր չէր լրացվել նորահայտ հուշարձաններով։

Screenshot 2025-08-14 174927

Screenshot 2025-08-14 174959

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Դիտարկվել է Շիրակի մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

Դիտարկվել են Շիրակի մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նա մարզի պատասխանատուների հետ հետևել է Գյումրի, Անի, Արթիկ, Ախուրյան համայնքներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Անի համայնքի ղեկավարի տեղակալի ուղեկցությամբ նախարարը դիտարկել է «Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1500մ հատվածի ասֆալտապատում» սուբվենցիոն ենթածրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը։ 2024 թվականին մեկնարկած այս ծրագրի արժեքը 141 մլն 914 հազար դրամ գումար է կազում, որից 63 մլն 861 հազար դրամը պետության մասնաբաժինն է։ Նշենք, որ շինարարական աշխատանքներն ավարտված են, արդյունքում հիմնանորոգվել է 1500 մ երկարությամբ ճանապարհահատված։

Այնուհետև դիտարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող Տ-1-87՝ Տ-1-38 (Զարինջա)–Շիրակի մարզի սահման (Ձիթհանքով) -2,5 կմ և Տ-7-20, Ձիթհանքով-Արագածոտնի մարզի սահման-1,8 կմ երկարությամբ ճանապարհի Շիրակի մարզով անցնող հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 499 մլն դրամ պայմանագրային արժեքով ծրագրի շինարարությունը մեկնարկել է 2025 թվականին:

Պատասխանատուները հետևել են նաև պետություն-համայնք համագործակցության արդյունքում «Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգում» սուբվենցիոն ենթածրագրով իրականացվող 1028 մ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ 2024 թվականին մեկնարկած ծրագրի արժեքը 249 մլն 49 հազար դրամ է կազմում, որից պետության համամասնությունը 112 մլն 72 հազար դրամ է։Արդյունքում ակնկալվում է ունենալ 1028մ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհահատված։ Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել են նաև Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։

Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Մ-1 Երևան–Գյումրի-Վրաստանի սահման (Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի դեպի «Շիրակ» օդանավակայան 2կմ երկարությամբ հատվածում, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 276 մլն դրամ է։

2025 թվականին մեկնարկած սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Գյումրի համայնքի Դանիելյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ 123 մլն 545 հազար դրամ արժողությամբ ենթածրագրում 55 մլն 595 հազար դրամը պետության մասնաբաժինն է։ Աշխատանքների ավարտից հետո Գյումրին կունենա 475 մ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհահատված։ Ընթացքի մեջ են նաև Գյումրի համայնքի Խնկոյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ 75 մլն 362 հազար դրամի շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունքում նախատեսվում է հիմնանորոգել 247մ երկարությամբ ճանապարհահատված։ Գյումրի համայնքում պատասխանատուների վերջին կանգառը Շիրակացի փողոց՝ Մ-1, Երևան – Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) միջպետական նշանակության ավտոճանապարհի 2,4 կմ տարանցիկ հատվածն է եղել։ 888 մլն դրամ արժեքով ծագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։

Գյումրու Անի թաղամասի բարեկարգման, բակերի նորոգման, ինչպես նաև Լազոյի փողոցի կոյուղու խնդրի լուծմանն է անդրադարձել Շիրակի մարզպետը` նշելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ տեղում խնդրին անդրադարձել են և նախարարը խոստացել է շուրջ 100մլն արժողությամբ կոյուղու վերականգնման ծրագիրն իրականացնել նախարարության պատվիրատվությամբ` Կառավարության միջոցներով։

Շիրակի մարզ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի այցն ավարտվել է Աշոցք համայնքի շինաշխատանքների դիտարկմամբ։ Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ Շիրակի մարզպետն ու նախարարը հետևել են Հ-31՝ Մ-1 Վարդաղբյուր–Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 0+00կմ 5+00կմ- 5կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ 759 մլն 600 հազար դրամ պայմանագրային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։

Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի կենտրոնական հրապարակի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, որի արդյունքում ասֆալտապատվել է 3260 քմ մակերեսով հրապարակը։ 50 տոկոս պետություն, 50 համայնք համամասնությամբ իրականացված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 72 մլն 600 հազար դրամ է կազմում։

Այցի ավարտին դիտարկվել են նաև 2 մլրդ 305 մլն 460 հազար դրամ արժողությամբ Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 160+200կմ 171+700կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը

ՆԳ նախարարությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը հանրության տարբեր շերտերի հետ։ Նպատակը պետություն-հասարակություն կապն ամրապնդելու, ավելի արդյունավետ ու բազմակողմանի պետական կառավարում ապահովելն է։ Այդպիսի համագործակցության հերթական օրինակը ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի ձևավորումն էր: Նպատակը երիտասարդների ձայնը պետական կառավարման օրակարգում լսելի դարձնելն է։

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին։ Նախարարը կարևորել է նրանց մասնակցությունը պետական կառավարման գործընթացներում և պատրաստակամություն հայտնել աջակցելու նրանց ակտիվ ներգրավվածությանը առավել պատասխանատու հարթակներում և նրանց գեներացրած ողջամիտ գաղափարները կյանքի կոչելուն։ «Ես կարծում եմ, որ առավել քան կարևոր է լսելի դարձնել երիտասարդների ձայնը տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին և այդ ձայնը լսելի դարձնել ոչ թե վաղը, այլ հենց այսօր։ Ես ուզում եմ, որ մենք չվախենանք փոքր փոփոխություններից, քանի որ դրանք դոմինոյի էֆեկտով կարող են մեծ փոփոխությունների հանգեցնել։ Հետևապես ձեզնից յուրաքանչյուրն է նաև, որ պետք է մաս կազմի այդ փոփոխության և բերի ավելի մեծ փոփոխություն ու առաջընթաց Հայաստանի Հանրապետությունում»,-նշել է Արփինե Սարգսյանը։

Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ թափանցիկություն և բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով խորհրդի կազմը ձևավորվել է երկու փուլով։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար-հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ ի սկզբանե խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ է ներկայացրել 132 հոգի։ Ներառական հանձնաժողովի մանրակրկիտ ուսումնասիրությունների ու գնահատման արդյունքում ընտրվել է շուրջ 70 մասնակից, որոնք անցել են հաջորդ` հարցազրույցի փուլ։ Հարցազրույցների փուլից հետո 37 երիտասարդ ներգրավվելէ որպես խորհրդի անդամ։ «Գործընկերներիս խնդրել էի, որ հատկապես հարցազրույցների փուլում առանձնացնել բոլոր այն հետաքրքրական դրվագները, որոնք թույլ կտային մեզ առավել խորությամբ հասկանալու, թե երիտասարդները ի՞նչ են մտածում, ի՞նչ են ուզում, ինչպե՞ս են պատկերացնում ռեֆորմները։ Եվ պատահական չէ, որ իմ ուշադրությունը կենտրոնացավ մի մտքի վրա, որը հետևյալ հարցադրումն էր պարունակում․ «Ինչու՞ ենք մենք միայն վերջում տեղեկանում որևէ փոփոխության մասին»։

Սա շատ կարևոր ազդակ էր նաև ինձ համար, որ այս խորհուրդը պետք է լինի հենց այն մեկնակետը, որտեղ մենք միասին ոչ թե տեղեկանալու ենք որևէ բարեփոխման իրականացման մասին, այլ համատեղ գծագրելու ենք այդ փոփոխությունը և դուք մասն եք կազմելու այդ փոփոխության»,-վստահեցրել է նախարար Սարգսյանը։ Անդրանիկ նիստի ընթացքում առանձնացվել են մի շարք թեմատիկ ուղղություններ, որոնք կդառնան հետագա քննարկման և ուսումնասիրման առարկա,մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար և այլն։ Խորհրդի անդամներն ուղղել են հարցեր, ներկայացրել առաջարկություններ։ Ավարտին տեղի է ունեցել նաև ոչ ֆորմալ քննարկում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել․ Պետդեպ

Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել, որոնք նոր հնարավորություններ են բացում ամերիկյան բիզնեսի համար, հայտարարել են Պետդեպից։

Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները նաեւ երկկողմ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել ԱՄՆ–ի հետ, որոնք բացահայտում են Հարավային Կովկասի զգալի ներուժը առեւտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաեւ նոր հնարավորություններ են ստեղծում ամերիկացիների եւ ամերիկյան ընկերությունների համար, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թամմի Բրյուսը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com