1988 թվականի աղետալի երկրաշարժից 37 տարի անց էլ դեկտեմբերի 7-ը շարունակում է ծանր հիշողություններ բերել հանրապետության երկրորդ քաղաք՝ Գյումրի։
Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մի շարք պատգամավորներ, նախարարներ, մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ այցելեցին 88-ի անմեղ զոհերի հուշարձան և խոնարհեցին ծաղիկներ։
Շիրակի թեմի որոշմամբ՝ անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագն անցկացվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, քանի որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեմ-դիմաց գտնվող Սուրբ Յոթ Վերք եկեղեցում վարչապետի գլխավորությամբ ՔՊ-ի ներկայացուցիչները նույնպես պետք է մասնակցեին պատարագի, որտեղ չեն հիշատակվելու կաթողիկոս Գարեգին Բ-ի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի անունները։ Նրանք, ովքեր փորձել էին հիշատակել կաթողիկոսի անունը, արագ հեռացվել էին տարածքից։
Պատարագը մատուցեց Արմավիրի թեմի Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը։ ՔՊ-ական պաշտոնյաները վստահեցնում են․ այստեղ քաղաքական ենթատեքստ չկա։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշեց, որ Գյումրին «ուղղում է կռացած մեջքը», սակայն առաջընթացը դանդաղ է՝ հատկապես հաշվի առնելով, որ 37 տարի անց էլ քաղաքում դեռևս կան տնակներ։
Արմավիրի թեմի Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանից բացի պատարագին ներկա էին չորս սրբազաններ, սակայն Շիրակի թեմի հոգևորականներից Տեր Նշան քահանա Պանֆյորովը այս մասին այլ կարծիք ունի, ինչը հանգեցրեց լարված իրավիճակի։ ։ Հավանաբար այս միտքը հունից հանեց Յոթ Վերք եկած ՔՊ-ի աջակից քաղաքացուն, որն ինչպես պարզ դարձավ Գյումրիից չէր։
Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը համայնքապետարանի շենքից պաստառ էր բարձրացրել՝ ի աջակցություն անազատության մեջ գտնվող սրբազանների։Ոստիկանները մի քանի րոպե անց նրան հեռացրին տարածքից։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում ավարտվեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարեց քննիչի միջնորդությունը. Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառվեց երկամսա կալանք:
Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018-ին կաթողիկոսի բողոքի ցույց իրականացնողներից մեկի՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ:
Փաստաբան Արսեն Բաբայանը «անհեթեթ» է համարում 7 տարվա վաղեմության մեղադրանքը, նա նիստից առաջ լրագրողներին ասել է, որ արքեպիսկոպոսի դեմ ուղիղ ցուցմունք չկա։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 9:
ԱԺ դեկտեմբերի 3-ին կայացած լիագումար նիստում օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ներկայացնելով օրենքների նախագծերի փաթեթը՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ վերջինս կկարգավորի Հայաստանում կիբեռպաշտպանության, կիբեռանվտանգության և կիբեռհիգիենայի կանոնները՝ թիրախավորելով երկրի համար կարևոր ենթակառուցվածքների և կենսական նշանակության ոլորտներում ծառայությունների կիբեռպաշտպանությունը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում։
Նշվել է, որ առաջին և երկրորդ ընթերցումների ընթացքում նախագծերում որոշակի փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով Կառավարության և ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջարկները։
Նախարարն ընդգծել է, որ «Հայաստան» խմբակցության առաջարկներից առանցքայինն ու բովանդակայինը վերաբերում էր նոր ստեղծվող ինքնավար մարմնի՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամների առաջադրման կարգին։ Եթե առաջին ընթերցման տարբերակում նախագծով առաջարկվում էր, որ հանձնաժողովի հինգ անդամներին պետք է առաջադրի գործադիրը, ապա «Հայաստան» խմբակցության առաջարկով Ազգային ժողովի խմբակցությունններին ևս հնարավորություն է տրվում մեկական թեկնածուներ առաջադրելու և ներկայացված լինելու հանձնաժողովում։ Նախարարը գոհունակություն է հայտնել, որ կառուցողական երկխոսության արդյունքում հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրությունը կլինի համատեղ՝ Կառավարության, ԱԺ մեծամասնության և ընդդիմության մասնակցությամբ։
Մխիթար Հայրապետյանը նաև մանրամասնել է, որ նոր փոփոխություններով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համար սահմանվել է պարտականություն՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի դիմումի հիման վրա աջակցել վերջինիս տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում։
Ամփոփելով խոսքը՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կձևավորվեն կայուն հիմքեր երկրի թվային տնտեսության զարգացման համար։
Որակյալ և անվտանգ տվյալների օգտագործումը կդառնա կարևոր խթան՝ անձի, պետության և բիզնեսի տեղեկացված ու տվյալահեն որոշումների կայացման գործում, իսկ հասարակության վստահությունը թվային համակարգերի և լուծումների նկատմամբ էապես կբարձրանա՝ էլեկտրոնային ծառայությունները դարձնելով ավելի մատչելի, հարմարավետ և լայնորեն կիրառելի։
Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը։ Նա ընդգծել է ներկայացված փաթեթի կարևորությունը՝ նշելով, որ մի շարք քննարկումների արդյունքում կարևոր լրամշակումներ են կատարվել։ Մինասյանը նաև մի քանի հարցեր է հնչեցրել, որոնք վերաբերել են Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ստեղծման և օրենքների փաթեթի կիրարկման ժամկետներին, կիբեռպաշտպանվածության ստանդարտներին։
Եզրափակիչ ելույթում՝ արձագանքելով պատգամավորի հարցադրումներին, Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանում արդեն գործում է AM-CERT-ը՝ Հայաստանի միջադեպերի արձագանքման ազգային թիմը, որի հիմնական առաքելությունն է արձագանքել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վրա կատարված կիբեռմիջադեպերին, համակարգել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
«ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին»,- քիչ առաջ ֆեյսբուքում գրել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը՝ ոչ մի մանրամասն չհրապարակելով:
Քննչական կոմիտեից նշել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից երկուսով գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը:
Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություն է տրամադրել Դատախազության կողմից, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին վերադարձված գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ:
Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին վերադարձրել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ»:
Անդրադառնալով օրակարգային հարցերին, որոնց արդյունքում գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է.
«Պաշտպանության նախարարությանն ամրացվող գույքը Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա գյուղում գտնվող՝ 1.92 հա մակերեսով հատուկ նշանակության հողամաս է:
Նշեմ նաև, որ Կառավարության նախորդ նիստում ներառված չզեկուցվող հարցերից մեկով, որը վերաբերում էր Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելուն, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնվեց 13 հազար 268 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ:
Որոշման նախապատմությունը հակիրճ ներկայացնեմ:
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել էր Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքները «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու փաստաթղթերը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Արարատի նախկին մարզպետը (Ալիկ Սարգսյան), օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրավական ակտերի պահանջների խախտմամբ, պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամին (Վարդգես Մաթևոսյան), 2005-2007 թվականներին Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի (Հովիկ Աբրահամյան) վարորդին և Արարատի նախկին մարզպետին (Ալիկ Սարգսյան) պատկանող, շահույթ ստանալու նպատակով հիմնադրված «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը:
Նշեմ, որ 5330 հա մակերեսով հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ է:
Ուսումնասիրության արդյունքներով՝
Դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր նաև, որ 2006 թվականի հուլիսի 1-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարն ի կատարումն Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշման, 49 տարի ժամկետով կնքել է Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառպետության 4118 հեկտար և Եղեգիսի անտառպետության 3620 հեկտար տարածքների անհատույց օգտագործման պայմանագիր: Պայմանագիրը կնքվել է առանց նոտարական վավերացման, սահմանված ժամկետում պետական գրանցման չի ներկայացվել, հետևաբար՝ առոչինչ է:
Այսպիսով, Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշման մեջ նշված հողերից՝
Հետևապես, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության N 479-Ա որոշումը:
Հավելեմ նաև, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից գործարկված՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին, այսօրվա դրությամբ, մուտքագրվել է 20 միլիարդ 678 միլիոն դրամ»:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com
ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են, որ հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ «Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում:
Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և անմիջապես կապ հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ»,- ասված է հաղորդագրությունում:
ԿԲ-ն ներկայացրել է որպես Կենտրոնական բանկի աշխատակից ներկայացող կեղծ ապացույցի օրինակ:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ համայնքային երկու ոստիկաններ տեղեկանալով 2025 թվականի հունիսի 29-ին համայնքային երկու այլ ոստիկանների՝ ահազանգով դեպքի վայր չմեկնելու մասին, վիճաբանել են նրանցից մեկի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ներառականության նոր խորհրդանիշ Գյումրիում․ ստեղծվել է քաղաքի առաջին «ներառականության պատը», որը կազմված է հավասարության, մարդու իրավունքների և ներառականության մասին ուղերձներով 70 կերամիկե սալիկներից։
Սալիկները փակցվել են հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, մշակութային և հասարակական ոլորտների ներկայացուցիչների կողմից՝ խորհրդանշելով բոլորի պատրաստակամությունը` միասին նպաստելու ներառականության և հավասար հնարավորությունների զարգացմանը։
«Ագաթ» ՀԿ-ի այս նախաձեռնությունն իրականացվել է քաղաքի ծայրամասային թաղամասում՝ ընդգծելով, որ ներառականությունը պետք է հասնի քաղաքի յուրաքանչյուր անկյուն, ոչ միայն կենտրոն։ Հայերենով, անգլերենով, ժեստերի լեզվով, ինչպես նաև արտերկրից ժամանած գործընկերների լեզուներով՝ գերմաներենով, վրացերենով ու մոլդովերենով պատրաստված սալիկները խորհրդանշում են ստեղծարարություն, բազմազանություն և միասնություն՝ սահմաններից անդին։
Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության աջակցությամբ «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հզորացում» ծրագրի շրջանակում նմանատիպ նախաձեռնություններ կիրականացվեն նաև Վրաստանում և Մոլդովայում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com