Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 7 ժամ 8-ի փոխարեն, շաբաթական 35 ժամ, 40-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը։ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման և արդեն 194 կողմ ձայներ է ստացել, դեմ են ընդամենը 6-ը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրության տվյալներով՝ երկար աշխատանքային ժամերը կապված են հոգեկան ու ֆիզիկական առողջության հետ, կարող են առաջացնել սրտանոթային հիվանդություններ, խթանել դեպրեսիան ու սթրեսը։
«Օրական 8-ժամյա աշխատանքի մոդելի ներդրումից հետո տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման։ Այս գործընթացները հաշվի առնելով՝ տարբեր երկրներում (օրինակ, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Բելգիա, Ավստրիա, Նորվեգիա, Իսլանդիա) արդեն իսկ ներդրվել է աշխատաժամանակի ճկուն ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը։ Աշխատաժամանակի կրճատումն ունի տարբեր մոդելներ։ Մի խումբ երկրներում աշխատանքային օրվա տևողության կրճատմամբ է, որոշներում՝ շաբաթական աշխատանքային օրերի քանակի կրճատմամբ։
Միջազգային փորձը և առանձին հետազոտությունները ցույց են տալիս, որ շաբաթական աշխատաժամանակի կրճատումը բացասաբար չի ազդում տնտեսության վրա, ավելին՝ այն նպաստում է արտադրողականության աճին և դրական ազդեցություն թողնում կյանքի որակի վրա՝ բալանսավորելով աշխատանք-անձնական կյանք (work-life balance) հարաբերակցությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ երկար աշխատանքային ժամերը կապված են հոգեկան ու ֆիզիկական առողջության հետ, կարող են առաջացնել սրտանոթային հիվանդություններ, խթանել դեպրեսիան ու սթրեսը (WHO study on long working hours)։
Ըստ տնտեսագիտական հետազոտությունների, աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով։ Այն նաև կարող է ստեղծել նոր աշխատատեղեր՝ որպես ընդհանուր տնտեսական միտում (EPI Report on Reduced Workweek)»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չարձանագրվելուց հետո ճանաչել զինծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինծառայության պայմանները և մի շարք հիվանդությունների նկարագրությունները: Այդ մասին Կառավարության՝ դեկտեմբերի 19-ի նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինակոչիկին որոշ հիվանդությունների նախանշանների պարագայում տրվում է 1 տարով տարկետում, և ենթադրվում է, որ դիտարկման ընթացքում պիտի տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը զարգանո՞ւմ է, բարդանո՞ւմ է, որը կտանի ազատման, թե՞ չէ, և, իհարկե, լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է այդ մեկ տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել:
Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը՝ բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարելը, և, իհարկե, սա բերում է նրան, որ 1 տարվա տարկետումը դառնում է ևս մեկ տարվա: Մեր գնահատմամբ՝ սա մի յուրօրինակ սողանցք է զինծառայությունց խուսափելու համար: Դրանից ելնելով՝ այս փոփոխությունով վերականգնում ենք նաև արդարությունը և հնարավորություն չենք ընձեռում տարաբնույթ միջոցներով և ձևերով զինծառայությունից խուսափելը, այսպես ասած, «խրախուսելը»»,- ասաց նա:
Պապիկյանը նաև նշեց՝ մի իրավիճակ կա, որ կապված է լեղապարկի հիվանդության հետ: Սպաների մի զգալի հատված տարիքի բերումով ունենում է լեղապարկի խնդիր: Սպաները, որոնք ուզում են ծառայել, ստիպված են լինում այս հիվանդության բերումով հաճախ ընդհատել զինծառայությունը, որովհետև համարվում են ոչ պիտանի ծառայության համար:
«Առաջարկում ենք՝ այս հիվանդությունը նույնպես սահմանափակումով ծառայելու հնարավորություն ընձեռի: Շատ սպաներ հնարավորություն կունենան ոչ միայն ծառայելու, այլև հետագայում ատեստավորվելու և բնականոն իրենց ծառայությունը շարունակելու»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ վերջերս ԱԽ նիստին քննարկվել և հավանության է արժանացել բանակի կերպափոխման հայեցակարգը, ապա այս համատեքստում նկատեց՝ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ:
Պապիկյանը նաև պարզաբանեց. «Հիվանդություների տեսակներ կան. դեպքեր կան, երբ մարդուն տրվում է 3 տարով տարկետում: 1 տարով տալու պարագայում այլևս չենք կարող ևս 1 տարի տալ [տարկետում]: Դիտարկման շրջանը կարող է ցույց տալ, որ հիվանդությունը չի զարգացել, և մենք զորակոչենք: Եթե դիտարկման շրջանը ցույց կտա, որ կար հիվանդություն, որը կարող էր չեզոքացվել 1 տարվա ընթացքում, բայց չի արվել, այո՛, մենք դա կստանձնենք»:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակը ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը երկրորդ անգամ փոխհատուցելու հնարավորության ապահովումն է:
Որոշմամբ առաջարկվում է՝ շահառու ծնողներին փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցում տրամադրել առավելագույնը՝ երկու անգամ (յուրաքանչյուր զոհված զինծառայողի դեպքում): Հիմնավորման համաձայն՝ ծրագրի մեկնարկից սկսած (2022 թ. մայիսից) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցում տրամադրելու համար Առողջապահության նախարարությունը ներկայացրել է տեղեկատվություն՝ շուրջ 60 շահառու ծնողների վերաբերյալ, որից նշված ժամանակահատվածում փոխհատուցում տրվել է (ամբողջովին կամ մասնակի) 27 շահառուի (շուրջ 45 %): Նախատեսվում է, որ 2025 թ. փոխնակ մոր ծառայություններից երկրորդ անգամ օգտվելու համար դիմող շահառուների թիվը չի գերազանցի 2-3-ը, ինչը կպահանջի 11-16.5 մլն դրամ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: Այդ մասին որոշումը Կառավարության՝ դեկտեմբերի 19-ի նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շնորհավորեց նրան:
Դավիթ Առուշանյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, ապա հավելեց. «Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը: Վստահ եմ, որ մեր բոլորի ջանքերով և մեր Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու ենք»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզպետի պաշտոնում կառաջադրվի Դավիթ Առուշանյանի թեկնածությունը:
Հիշեցնենք՝ Դավիթ Առուշանյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Շիրակի մարզ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Այցի շրջանակում երկրի ղեկավարը ծանոթացել է Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի Բայանդուր գյուղին մոտակա հատվածի ասֆալտապատման աշխատանքներին: Ավտոճանապարհի 9,923 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման ծրագրի շրջանակում: Կառավարությունն աշխատանքների իրականացման համար հատկացրել է 599 988 800 դրամ: Իրականացվել է աշխատանքների շուրջ 90 %-ը։
Հաջորդիվ վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի 90 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:
Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց օրվա առթիվ և նշել, որ Շիրակի պետական համալսարանի գործունեությունը շատ բարձր է գնահատվում:
«2500 տարի առաջ մի մարդ ասել է՝ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ: Եվ այդ օրվանից, այդ ժամանակներից այս կարճ նախադասությունը փոթորկում է ցանկացած մտածող մարդու հոգին ու միտքը: Ինչի՞ մասին է այս նախադասությունը: Հեղինակի և մյուսների տեսակետից, այս նախադասությունն առաջին հերթին ինքդ քեզ հարցեր տալու ընդունակության մասին է»,- ասել է վարչապետը:
Երկրի ղեկավարի կարծիքով՝ դա ընդհանրապես կրթության և զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկն է.
«Մենք բոլոր ոլորտներում՝ սկսած կրթությունից և ավարտած ներքին և արտաքին քաղաքականությամբ, պետական կառավարմամբ, մշակույթով, տնտեսությամբ, պետք է կարողանանք ինքներս մեզ հարցեր տալ և պետք է կարողանանք լրջորեն աշխատել այդ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ: Շատ կարևոր է, որ մենք անընդհատ ենք դա ասում՝ կրթվելու, սովորելու անհրաժեշտության մասին: Սա պարզ, բայց բարդ նախադասությունն է, որի խորքերը մենք պետք է հասկանանք: Խնդիրը միայն սովորելը չէ, խնդիրը նաև սովորել սովորելն է»:
Ըստ վարչապետի ՝ Շիրակում 1934 թվականին բուհի ձևավորումը եղել է նաև տնտեսական պահանջ.
«Բուհական, ընդհանրապես՝ կրթական համակարգը, եթե փոխկապակցված չէ տնտեսության հետ, որոշակի տրամաբանությունից դուրս է գալիս: Եվ այս առումով շատ կարևոր է նաև արձանագրել, որ այն կրթական համակարգը, որը մենք ունենք, որ ստանդարտի մեջ է և որ ժամանակի մեջ է գործում»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրության, մարդու, ժողովրդի, պետության խնդիրն այն է, թե ինչքանով ենք կարողանում վերափոխվել՝ ինքներս մեզ հարց տալով, ժամանակի պահանջներին համապատասխան:
«Եվ ես ուզում եմ, որ այս և նման հոբելյանները հենց օգտագործենք մեր մտքի նոր հարթակներ ստեղծելու համար, մեր հեռանկարի նոր ճանապարհներ տեսնելու համար»,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ և՛ բուհական համակարգի, և՛ մարզերի, և՛ քաղաքների զարգացման մասին առավել մանրամասն կքննարկվի, սակայն մեծ հաշվով ռազմավարական նպատակները պետք է բոլորովին այլ տրամաբանությամբ դիտարկել: Այս համատեքստում վարչապետը, բարձր գնահատելով բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը, բուհերի անցած ճանապարհը, կարևորել է նաև վերափոխվելն ու միջազգայնորեն մրցունակ բուհեր ունենալը:
«Մեր այսօրվա խնդիրները չպետք է դիտարկենք առանձին վերցրած բուհերի շահերի տեսակետից: Մենք մեր խնդիրները պետք է դիտարկենք առանձին վերցրած պետության, Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերի տեսակետից, որովհետև պետությունը, նրա բնականոն զարգացումն է միայն երաշխիքը, որ մենք ունենաք առաջիկայում երկու հարյուր, երեք հարյուր, չորս հարյուր, հինգ հարյուր տարվա պատմություն ունեցող բուհեր, պետություն, ինստիտուտներ, տնտեսություն և բարեկեցություն»,-նշել է վարչապետը:
Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է ճշգրտել մեր բուհական համակարգի գործունեության, ընդհանրապես՝ կրթական համակարգի գործունեության նպատակը:
«Մեր կրթական համակարգի նպատակը մեկը պետք է լինի, որ նրա շրջանավարտները, աշակերտները լավ ապրեն, պարզապես՝ լավ ապրեն, վաստակեն այնքան, ինչքան հնարավոր կլինի, իրենց և իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովեն»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ուսանողների հաջողությունը պետք է չափել ոչ թե Գյումրիի և Շիրակի մարզի մասշտաբով, ինչը նշանակում է նրանց պոտենցիալը փոքրացնելու ճանապարհով գնալ, այլ՝ աշխարհի մասշտաբով:
«Մենք պետք է բացենք մեր ուսանողների պոտենցիալը աշխարհի մասշտաբով և պետք է մեր բուհական համակարգը դիտարկենք աշխարհի բուհական քարտեզի մեջ»,- իր խոսքն ավարտել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի Շիրակի մարզ այցի վերջին կանգառը եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: Վարչապետը շրջայց է կատարել օդանավակայանի մեկնման նորակառույց սրահում: Երկրի ղեկավարին ներկայացվել են կատարված աշխատանքները և նշվել է, որ արդեն իսկ շահագործվող նոր ժամանման և մեկնման սրահները հնարավորություն կունենան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր:
Մեկնման սրահը զբաղեցնում է 1000 քմ տարածք՝ 2 նստեցման ելքերով, միաժամանակ 2 չվերթի սպասարկման հնարավորությամբ, սահմանապահ ծառայության 6 խցիկներով, ինչպես նաև՝ 450 քմ տարածք նախատեսված անմաքս խանութների և սրճարանների համար:
Նշենք նաև, որ զուգահեռ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել «Շիրակ» օդանավակայանի հին մասնաշենքի 700 քմ տարածքում, որտեղ նախատեսվում է տարածքներ տրամադրել նաև պետական ծառայություն մատուցող կազմակերպություններին: «Շիրակ» օդանավակայանում ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած արձանագրության մեջ:
Հիշեցնենք՝ Կառավարության՝ դեկտեմբերի 12-ի նիստում հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել:
Մինչ այդ էլ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին, ընդունելով Գյումրիում անցկացված փրայմերիզի մասնակիցներին, հայտնել էր, որ որոշել է Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Չարենցավանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արթուր Գալստյանի, իսկ Ապարանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Էդգար Փարվանյանի թեկնածությունը։
Հաստատվել են Կուսակցության անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։
Քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր, Վարչության որոշմամբ Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համատեղ քննարկում էր կազմակերպել Հայաստանի մի շարք գինեգործների և ոլորտի մասնագետների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Քննարկեցինք հայկական գինին եվրոպական շուկա արտահանելուն առնչվող իրավական, լոգիստիկ և ֆինանսատնտեսական բնույթի մի շարք հարցեր։ Գույքագրեցինք ոլորտի ներկայացուցիչների բարձրացրած հարցերն ու դրանց հասցեագրման առաջարկները»,- գրել է նա։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներում: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախագծի հիմնական ուղղությունները:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական լսումների կազմակերպման համար՝ կարևորելով Կառավարության կողմից նոյեմբերին հաստատված նախագծի վերաբերյալ ԱԺ քննարկմանն ընդառաջ հանրային լսումները՝ հատկապես երիտասարդների մասնակցությամբ։
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով:
Նախագծով սահմանվում են երիտասարդական քաղաքականության թիրախները
ՀՀ կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից է երիտասարդներին ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդների զարգացման, նրանց ինքնաիրացման համար նպաստավոր պայմանների և միջավայրի ձևավորումն է:
«Անշուշտ, սրան է ուղղված Կառավարության գործունեությունը, դրան են անդրադառնում տարբեր ոլորտային ռազմավարություններ, Կառավարության կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, բարձր տեխնոլոգիաների և հանրային կյանքի այլ ոլորտներում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ մինչ այս պետությունը չի ունեցել երիտասարդության առաջնահերթություններն ընդգծող համապարփակ օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, թիրախները, նպատակը, ինստիտուցիոնալ գործիքակազմը և շահառուներին:
Նախարարի տեղակալը նշել է՝ ներկայացված օրենքների փաթեթը և մասնավորապես երիտասարդական քաղաքականության օրենքի նախագիծը կլրացնի այդ բացը: Այն սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները՝ հանդիսանալով շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների, այդ թվում քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համար:
Առաջարկվող օրենքի նախագծով պետական Երիտասարդական քաղաքականությունը սահմանվում է որպես ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների համակարգ, որը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանը, զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը և դրանց շուրջ հանրային խոսույթի ձևավորմանը, ինչպես նաև քաղաքական, սոցիալ- տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը»,- ասել է նախարարի տեղակալը` հավելելով, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է նաև փոփոխություններ այլ իրավական ակտերում, մասնավորապես «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:
Ինչ է երիտասարդական քաղաքականությունը
Երիտասարդական քաղաքականությունն ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձևավորմանը, որը կընդլայնի իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու երիտասարդի հնարավորությունները, և այդպիսով նաև կաջակցի հանրային զարգացմանը:
Ինչ կտա օրենքի ընդունումը
Օրենքի ընդունմամբ կստեղծվի պետական երիտասարդական քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքը: Կբարձրանա երիտասարդության շրջանում պետական քաղաքականության դերակատարությունը, հնարավորություն կստեղծվի իրականացնել ավելի արդյունավետ վարչարարություն, որի շնորհիվ երիտասարդության շրջանում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերը օրենսդրորեն ամրագրված կարգավորումների շրջանակում մասնակցություն կունենան վարվող քաղաքականությանը: Օրենքի ընդունման շնորհիվ լիազորող նորմի առկայությունը կնպաստի նաև երիտասարդական քաղաքականության շրջանակներում երիտասարդության ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտեր ընդունելու համար լիազորություններ սահմանելուն և ավելի արդյունավետ ու թիրախային քաղաքականություն իրականացնելուն:
Օրենքի ընդունմամբ նաև սահմանվում են երիտասարդության ոլորտի հիմնական դերակատարները, նրանց գործառույթները, լիազորությունները, պարտավորությունները, Ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները, Ապահովվում է օրենսդրական հիմք՝ երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման և երիտասարդական կենտրոնների ձևավորման գործունեությունը կարգավորող օրենսդրական կարգավորումների համար։ «Օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու գերատեսչության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները. տեղական ինքնակառավարման մակարդակում նախատեսվում է յուրաքանչյուր համայնքում պետական, բայց նաև մասնավոր ֆինանսավորմամբ և բազմակողմ համագործակցությամբ ձևավորել երիտասարդական միջավայրեր: Արդեն իսկ ունենք հաջող աշխատող համայնքներ և այս օրենսդրությունը կգա խրախուսելու և խթանելու այս գործընթացի զարգացմանը:
Օրենքի ընդունումը կնպաստի նաև լիազորող նորմերի սահմանմանը` երիտասարդության ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար, ինչն ավելի արդյունավետ և թիրախային կդարձնի քաղաքականության իրականացումը»,- իր ելույթում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նա ընդգծել է՝ օրենքի նախագիծը մշակվել է հանրային լայն մասնակցության ապահովմամբ՝ մշակման գործընթացում ներառելով երիտասարդության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերին, ինչպես պետական համակարգերից, այնպես և տեղական, միջազգային կազմակերպություններից և ոլորտում դերակատարում ունեցող քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներից, երիտասարդության ոլորտի փորձագետներից, հետազոտողներից, երիտասարդական աշխատողներից և պարզապես երիտասարդներից: Ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը. դիտարկվել է տարբեր երկրներում երիտասարդական քաղաքականության մշակման մեխանիզմները, օրենսդրական կարգավորումները, ոլորտի ինստիտուցիոնալ կառուցվածքը և այլն:
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագիծը մինչև պաշտոնապես շրջանառելը քննարկվել է նաև բոլոր մարզերում՝ ներառելով շուրջ 30 համայնք և ավելի քան 1000 երիտասարդ:
Երիտասարդական միջավայրի ստեղծման խրախուսում. մինչև 2026 թվականը 25 երիտասարդական կենտրոններ ՀՀ մարզերում
Օրենքի առկայությունը կաջակցի ՀՀ կառավարության ծրագրով հաստատված և արդեն իսկ մի քանի տարի իրականացվող երիտասարդական միջավայրերի ձևավորմանը և արդյունավետ գործունեությանը: Մասնավորապես՝ պետության կողմից 2022 թվականից արդեն իսկ գործարկվել է եռակողմ համագործակցությամբ գործող երիտասարդական կենտրոնների մոդելը: Արդյունքում՝ պետության, համայնքների և մասնավոր հատվածի համագործակցությամբ ձևավորվել և գործում են 5 երիտասարդական կենտրոններ. դրանց թիվը տարեցտարի ավելանում է և արդեն 2026 թվականին ՀՀ մարզերում ստեղծված կլինեն 25 երիտասարդական կենտրոններ (2025 թվականին երիտասարդական կենտրոններ կգործեն Ապարան, Դիլիջան, Իջևան, Մեղրի Վանաձոր, Ախուրյան, Սևան (Ծովագյուղ բնակավայրում), Արարատ և Կապան համայնքներում):
Օրենքի ընդունմամբ երիտասարդական կենտրոնների ձևավորման քաղաքականությունը կդառնա ինստիտուցիոնալ՝ նպաստելով համայնքներում երիտասարդական միջավայրերի ձևավորմանը, արդեն իսկ ստեղծված կենտրոնների միջոցով երիտասարդական քաղաքականության թիրախային իրականացմանը: Ընդ որում, շատ կարևոր է, որ կենտրոնները թիրախավորում են նաև չսովորող և չաշխատող երիտասարդների խմբերին, ինչն առավել առաջնային է, քանի որ այս խմբերը դուրս են ինստիտուցիոնալ մյուս համակարգերի ուշադրությունից և այս իմաստով նաև լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Կարևոր է, որ օրենքի ընդունմամբ ամրագրվում է երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման առանցքային հարցը. բոլոր ՏԻՄ մարմինները պետք է ունենան երիտասարդական աշխատող կամ աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանեն երիտասարդական աշխատողի գործառույթները։
Նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների. նոր փորձնական ծրագիր
Երիտասարդական կենտրոնների ստեղծմանը զուգահեռ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորման նոր պիլոտային ծրագիր, ըստ որի` նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների, որտեղ մեկտեղված կլինեն տվյալ բնակավայրի երիտասարդական կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու միջավայրը, այդ թվում՝ համայնքային գրադարան:
Փոխվում է երիտասարդության տարիքային շեմը` այն կսահմանվի 13-35 տարեկան
Օրենքի նախագծով երիտասարդների տարիքային շեմն առաջարկվում է սահմանել 13-35 տարեկանը՝ հիմք ընդունելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ միջազգային փորձը և մեր երկրի ժողովրդագրական տվյալները, որոնց իր զեկույցում անդրադարձել է նախարարի տեղակալը:
Նրա խոսքով` երիտասարդության տարիքի ներքին շեմի իջեցումը միջազգային միտում է, որը ցույց է տվել այլ երկրների փորձի ուսումնասիրությունը: «Իսկ վերին շեմը բարձրացվել է 35` հաշվի առնելով, որ մեր հասարակությունը, ցավոք, ծերացող է և ժողովրդագրական կարևոր որոշումները՝ ընտանիք կազմել, բնակարան ձեռք բերել, երեխաների ծնունդ և այլն, տեղի են ունենում ավելի ուշ տարիքում։
Նախատեսվում է ստեղծել երիտասարդական միացյալ մարմին Ըստ Արթուր Մարտիրոսյանի` նախագծով ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները, որը կարևոր է ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպման և երիտասարդության ոլորտում այսպես կոչված անձրևանոցային կառույցների ձևավորման տեսանկյունից: Երիտասարդական միացյալ մարմինը կմիավորի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդական կազմակերպությունների և քաղաքացիական կառույցների ներուժը` հնարավորություն տալով դրանում ընդգրկված կազմակերպություններին ներկայանալ նաև միջազգային տարբեր հարթակներում: «Սա, իհարկե, օրգանական գործընթաց է, որը մեր երկրում վերջին տարիներին տեղի էր ունենում, բայց նախագծով ամրագրվում է, որ պետությունը՝ ի դեմս քաղաքացիական հասարակության միացյալ մարմնի, երիտասարդության ոլորտում կունենա սոցիալական գործընկեր, որը հանդես կգա նաև որպես երիտասարդության ոլորտի խոսափող՝ արդեն պետությունից դուրս և, իհարկե, պետության հետ աշխատելով:
Նոր մարմինը քաղաքականության մշակման ժամանակ, համագործակցելով պետական լիազոր մարմնի հետ, իսկ առանձին դեպքերում, ինչու ոչ, նաև քննադատելով, նկատառումներ ներկայացնելով՝ զգոն կպահի բոլորիս: Միջազգային համագործակցության տեսանկյունից ևս սա լուրջ աջակցություն կլինի, որովհետև տարբեր միջազգային մարմիններ կան, որտեղ պետության ներկայացուցչից բացի ցանկալի է, որ ներգրավված լինի նաև այլ կողմ, որը տվյալ դեպքում կարող է լինել միացյալ մարմնի ներկայացուցիչը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։
Եզրափակելով խոսքը` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ օրենքի ընդունումից հետո կհաստատվի գործողությունների ծրագիր կամ հայեցակարգ, որով օրենքում սահմանված բովանդակային շրջանակներին և ուղենիշներին համապատասխան կոնկրետ ժամանակահատվածի համար կսահմանեն միջոցառումներ` չափելի ցուցանիշներով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com