Հաշվի առնելով Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հանրային մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ձերբակալված ութ անձանցից հինգի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից համայնքի ղեկավարի նկատմամբ ընտրվել է կալանք, կաշառք տվողներից մեկի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է։ Պաշտոնատար անձանց մասով կայացվել են նաև պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ։
Ինչ վերաբերում է մամուլում հայտնված այն պնդումներին, թե Գյումրի համայնքի ղեկավարի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությունները կեղծ են և չեն առնչվում նրա անձին, ապա Հակակոռուպցիոն կոմիտեն հարկ է համարում պարզաբանել, որ Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը, ավելին՝ տվյալներ չի հայտնել ձայնագրություններում իր ձայնը կեղծված կամ փոխված լինելու մասին՝ խոսակցության վերաբերյալ ներկայացնելով իր սեփական պարզաբանումներն ու մեկնաբանությունները։
Բացի այդ, քրեական վարույթի շրջանակներում հարցաքննված մի շարք անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ՝ հաստատելով օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հավաստիությունը։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից իրականացվել են քննչական գործողություններ, որոնց կատարմանն աջակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները։
Կատարվող քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև վարչական շենքի մուտքերի մոտ և վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանը, հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել, ինչը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, որի ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նաև վերջիններիս նկատմամբ։
2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (զանգվածային անկարգություններին մասնակցելը), 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) հատկանիշներով:
Քրեական վարույթով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, որպիսի պայմաններում հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսեւորումներից։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ Tickets@tkt.am էլեկտրոնային փոստից՝ կցված PDF ձևաչափով ֆայլով։
Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:
Խնդրում և հորդորում ենք՝
Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նամն էլեկտրոնային հասցեներից
Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք։
Ի կատարումն իրենց հանցավոր մտադրության՝ գլխավոր ճարտարապետը, համայնքի ղեկավարի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, նրա գիտությամբ, տարբեր անգամներ հանդիպումներ է ունեցել ինքնակամ շինությունը կառուցած քաղաքացու հետ՝ քննարկումներ ունենալով քաղաքային պաշտոնյաների կողմից շինությունն օրինականացնելու գործընթացի մանրամասների, ինչպես նաև պահանջված կաշառքի առարկա գումարը փուլային՝ «գործողություն–գումար–գործողություն–գումար» սխեմայով մաս–մաս փոխանցելու հանգամանքների շուրջ՝ այդ կերպ ներկայացնելով կաշառք ստանալու վերջնական պահանջ և ստանալով այն տալու խոստում։
Բացի այդ, քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը և շարունակականությունը, նպատակաուղղված թիրախավորել են Գյումրի համայնքի ավագանու՝ իրենց ոչ ցանկալի անդամներին՝ նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու և շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով։
Վերոգրյալից բացի, քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ համայնքի ղեկավարը, օգտվելով ի պաշտոնե իրեն տրված հնարավորությունից, գործնականում նախաձեռնել է փաստացի իր կողմից օգտագործվող և համայնքի հաշվեկշռում գտնվող հողամասն արհեստական հիմքերի ստեղծմամբ իր ներգրավված անձի անվամբ սեփականաշնորհելու և իր մերձավոր ազգականին պատկանող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործընթաց։
Ավելին, վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաև գլխավոր ճարտարապետի կողմից ևս 6 դեպքով ապօրինի գործողություններ կատարելու դիմաց մի շարք քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք–գումարներ ստանալու մասին։
Քրեական վարույթով շարունակվում են իրականացվել լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ՝ ամբողջությամբ բացահայտելու կոռուպցիոն սխեմայի կառուցվածքն ու գործող մեխանիզմները, ինչպես նաև հանցավոր ցանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Գյումրու ավագանու հերթական նիստի գլխավոր հարցը վերաբերում էր ՀՀ կառավարությանը դատական հայց ներկայացնելու քաղաքապետարանի նախագծին։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղեկացրեց, որ մտադիր են մի քանի հայցերով դիմել սահմանադրական դատարան։ Հայցերից մեկով, պահանջ է ներկայացվում կառավարությանը․ գյումրեցիների կողմից պետական բյուջե մուտքագրվող շահութահարկից և եկամտահարկից մասհանումներ արվեն տեղական բյուջե։
Ըստ Ղուկասյանի, փաստացի, պետությունը քաղաքից տանում է շուրջ 90 մլրդ դրամ գումար, սակայն քաղաքին վերադարձնում է դրա աննշան մասը։ Նրա տեղեկացմամբ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ տնտեսագետների հատուկ խումբ է ստեղծվել, ուսումնասիրություններ են արել, համաձայն որոնց՝ Գյումրի քաղաքից տարեկան հավաքագրվում է 85 մլրդ դրամ, բայց քաղաքապետարանին տրվում է ընդամենը 4 մլրդ դրամ դոտացիա։ Ղուկասյանի դիտարկմամբ, մարդիկ դիմում են համայնքապետարաններին, բայց տեղական իշխանությունները ունեցած բյուջեներով չեն կարողանում նույնիսկ նրանց նվազագույն հարցերը լուծել։
Պետական բյուջե մուտքագրվող հարկերից տեղական բյուջե մասհանումներ կատարելու դեպքում, քաղաքապետարանը պատրաստ է գյումրեցի թոշակառուների, բուժաշխատողների, մանկավարժների և այլ կառույցների աշխատակիցների աշխատավարձերը կրկնակի, անգամ եռակի ավելացնել, նաև պարտավորվում է տնակներում բնակվողների օթևանության խնդիրը լուծել տեղական բյուջեի հաշվին։
Հաշվարկների համաձայն, Գյումրու դոտացիան պետք է ոչ թե 4 մլրդ լիներ, այլ 27 մլրդ 500 մլն դրամ։ Ղուկասյանի կարծիքով, սոցիալապես ամենաանապահով խավը Գյումրիում է ապրում, կենտրոնական իշխանությունը բացի ասֆալտից, այլ գործ չի արել քաղաքում։ Չնայած քաղաքապետը կարող էր դատարան դիմել առանց ավագանու քվեարկությանը ներկայացնելու, սակայն հարցը օրակարգ չմտավ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Գործադիրն այսօր հավանություն տվեց եկամուտների հայտարարագրման գործընթացի փոփոխությունների մասին ԱԺ ՔՊ խմբակցության հեղինակած նախագիծը։
Նախագծի հիմնական փոփոխություններով, ինչպես ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, նախատեսվում է հայտարարագրերը նախագծելու կամ նախալրացնելու է ՊԵԿ-ը, հայտարարատուներին տրամադրվելու է բավական ժամանակ՝ մուտք գործելու ՊԵԿ համակարգ եւ ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը եւ ըստ անհրաժեշտության կատարելու անհրաժեշտ լրացումներ կամ փոփոխություններ։
Ըստ փոխնախարարի՝ եթե չկա փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտություն, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը սովորական կանոնի համաձայն՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ն է, հայտարարագիրը կհամարվի ներկայացված։
Պողոսյանի խոսքով․«Քանի որ մենք գործնականում չենք ունենալու հայտարարագրի չներկայացման դեպք, նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքից հանել հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը, որն առաջին դեպքում նախազգուշացում էր, երկրորդ դեպքում՝ տուգանք։ Բայց բոլոր այն հայտարարատուները, որոնք ունեն առողջապահության կամ կրթության գծով սոցիալական ծախսեր հետ ստանալու իրավունք եւ ցանկություն ունեն իրացնել իրենց այդ իրավունքը, պետք է մուտք գործեն էլեկտրոնային կառավարման համակարգ եւ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնեն իրեն համար նախագծված հայտարարագիրը»։
Այս գործընթացում որպեսզի հարկային մարմինը կարողանա հնարավորինս ամբողջական եւ որակյալ տեղեկատվություն զետեղել հայտարարագրի նախագծում, ըստ Պողոսյանի, նախատեսվում է ընդլայնել երրորդ անձանց կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակը․«Խոսքն այստեղ կարող է լինել օրինակ բնակչության պետական ռեգիստրի կողմից ներկայացվող տեղեկատվությանը կամ ֆիզիկական անձի սահմանահատման կամ Հայաստանում գտնվելու օրերի քանակի մասին։ Ինչո՞ւ, որովհետեւ միայն ռեզիդենտներն են, որոնք ներկայացնում են հայտարարագիր։ Եվ այստեղ կարիք կա պարզելու, արդյոք նա 183 օր տարվա ընթացքում գտնվել է ՀՀ-ում»։
Նա ասաց, որ նաև նախատեսվում է կառավարությանն իրավասություն վերապահել որոշ եկամտատեսակներ սահմանելու համար, այն եկամտատեսակների, որոնք հայտարարագրման ենթակա չեն լինի կամ եկամտատեսակներ, որոնք հայտարարագրման ենթակա կլինեն որոշակի շեմը գերազանցելու դեպքում միայն․«Ադպիսի եկամուտները կարող են լինել, օրինակ, ներգրավված միջոցները՝ փոխառությունների, վարկերի տեսքով եւ այլն»։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
«Բնակչության շրջանում համացանցային հարթակների թիրախավորմամբ քաղաքացիների համակարգչային տվյալներն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որևէ այլ եղանակով ներգործելու միջոցով հարձակման դեպքերը վերջին ժամանակահատվածում ստացել են տարածում:
Մասնավորապես բնակչությունից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ապօրինի տիրանալու, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցներին, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու, իրենց ծառայողական լիազորություններից բխող գործողություն կամ անգործություն կատարելուն հարկադրելու և այդ կերպ տեղեկություններ ստանալու դիտավորությամբ տարբեր պաշտոնատար անձանց անվամբ հերթական բացված տարբեր ինտերնետային հաղորդակցման հավելվածներով (հատկապես WhatsApp հավելվածով) տարվում է տարաբնույթ, իրականությանը չհամապատասխանող գրագրություն։
Նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք դրսևորել զգոնություն։
Նմանատիպ դեպքերը գտնվում են ՀՀ ԱԱԾ մշտադիտարկման տիրույթում, և ենթադրյալ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու և օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար իրականացվում են համապատասխան միջոցառումներ»:
Ավելի վաղ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի էջում տեղեկացրել էր իր անվամբ բացված կեղծ օգտահաշվի մասին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կայացել է Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի պաշտոնական բացումը, որին ներկա էին ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար պարոն Արսեն Թորոսյանը, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող տարբեր երկրների դեսպաններ, Շիրակի ու Լոռու մարզպետները, ԱԺ պատգամավորներ։
2020 թվականից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ Կառավարության որոշմամբ ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը։ Ի սկզբանե հուշագրի շրջանակներում ազգային ընկերությունը պարտավորվել էր կատարել մոտ 270 մլն․ դրամ ներդրում, բայց միայն բնաիրային ձեռքբերումների, վերանորոգման, կահավորման աշխատանքների համար կատարել է ավելի քան 600 մլն․ ՀՀ դրամ ներդրում։
ՀՀ Աշխատանքի և Սեցիալական հարցերի նախարար պարոն Թորոսյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Հայկական Կարմիր խաչի ընկերությանն արդյունավետ գործակցության համար ընդգծելով նաև ՀԿԽԸ գործընկերների կարևորությունը։ ՀԿԽԸ նախագահ Դավիթ Ներսիսյանն էլ անդրադարձավ վերջին տարիների արված աշխատանքներին՝ նշելով, որ կենտրոնում բոլոր փոփոխությունները միտված են շահառուների բարեկցությանն ու ապահովությանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Տեղի է ունեցել մարզխորհրդի հերթական նիստը։ Օրակարգային առաջին հարցով քննարկվել են մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2025 թվականի 3-րդ եռամսյակի կատարման ցուցանիշները։ Ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի համաձայն, հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 79,5 տոկոսով, սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյան համայնքում` 71.8 տոկոս, Գյումրի համայնքը ևս չի ապահովել մարզի միջին ցուցանիշը, սեփական եկամուտները կատարել է 75.3 տոկոս:
Շիրակի մարզպետը եկամուտների հավաքագրման ցուցանիշը ոչ միայն գոհացուցիչ չի համարել, այլև մտահոգող է որակել՝ նշելով, որ համայնքների ղեկավարները հստակ անելիք ունեն առաջիկա երկուսուկես ամիսը։ Մարզպետը անդրադարձել է նաև քամու հետևանքով վնասներ կրած համայնքների բնակիչներին տրված փոխհատուցումների բաշխմանը և համայնքների ղեկավարներին հանձնարարել ուշադրություն դարձնել համատիրությունների աշխատանքին՝ թերացումները բացառելու և բնակիչների դժգոհություններից զերծ մնալու համար։
Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է մարզում իրականացվող կապիտալ շինարարության ծրագրերին։ Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանի ներկայացրած տվյալներով, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում իրականացվում են 11 դպրոցների և 2 մանկապարտեզների կառուցման աշխատանքներ՝ ընդհանուր 20 մլրդ 674 մլն 272 հազար դրամ արժեքով։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ավարտին են մոտենում 27 դպրոցների վերանորոգման աշխատանքներ։
Ընդհանուր 6 մլրդ 109 մլն 563 հազար դրամ արժեքով։ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ» ծրագրի շրջանակներում նախատեսվում են իրականացնել Գյումրու «Լապտերիկ», «Արևիկ» և Անի համայնքի Սառնաղբյուրի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները։ «Պարբերաբար խոսվում է համայնքների ֆինանսավորման մասին, մասնավորապես Գյումրու, ես ինքս էլ համաձայն եմ, որ այն գումարները, որոնք Կառավարությունն ու համայնքային բյուջեն հատկացնում են Գյումրուն՝ նրա առջև ծառացած խնդիրների լիարժեք լուծման առումով բավարար չեն, բայց քիչ էլ չեն։
2018-2025 թթ․ 45 մլրդ 700 մլն կապիտալ շինարարություն է իրականացվել Գյումրիում, իսկ ընդհանուր մարզում 75 մլրդ-ից ավել դրամի կապիտալ շինարարություն է իրականացվել, 27 մլրդ 600 մլն-ից ավել էլ սուբվենցիոն ծրագրեր են կյանքի կոչվել։ Բնականաբար այս թվերը խոսում են կրկնակի ու եռակի աճի մասին, բայց այն խնդիրները, որոնք կուտակվել են տասնամյակների ընթացքում մեր համայնքներում, բնականաբար ամբողջական լուծման համար շատ ավելի շատ միջոցներ են պետք»։
Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը ներկայացրել է համայնքներում 2025 թվականին նախատեսված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին՝ նշելով, որ 2025 թվականին ներկայացվել է 38 ծրագիր 132 ենթածրագրերով, ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 11 մլրդ 933 մլն 561 հազար դրամ, որից Կառավարության համամասնությունը 53.6 տոկոս է։ Հաստատվել է 18 ծրագիր 80 ենթածրագրերով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com