Լրահոս

«Շատ դժվար է օրենսդիր մարմնից տեղափոխվել գործադիր մարմին». Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ

Կառավարության որոշմամբ՝ «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության՝ արդեն նախկին քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Աշխատանքային առաջին օրը Շիրակի նորանշանակ մարզպետը հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և նշել, որ կարևորում է բաց և թափանցիկ աշխատանքը․ «Լրատվամիջոցների կարևորությունն ու դերը միշտ նշանակալից է։ Ձեզանից մեկն եմ եղել, հանգամանքների և իրողությունների բերումով հիմա այլ կարգավիճակ եմ զբաղեցնում, որը ոչ պակաս պատասխանատու է։ Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ։ Ես պատրաստ եմ բաց ու թափանցիկ աշխատանքի, մարզպետարանի դռները բաց են», -նշել է նա: Շիրակի մարզպետի պաշտոնի ստանձման առաջարկությունը եղել է կառավարությունից։ «Կարծել եմ, որ պետք է պատվով շարունակել այն գործը, որը իմ գործընկերները սկսել են եւ պետք է հնարավորինս կարողանամ կառավարության իրականացրած ծրագրերը, նախանշված այն անելիքները, որոնք կապված են մարզի հետ, արդյունավետ կերպով ներկայացնեմ եւ նպաստեմ դրանց իրագործմանը։ Շիրակի մարզպետի պաշտոնի ստանձնումը պատասխանատու է։ Ընդունելով վարչապետի առաջարկը՝ այս ծանր եւ դժվարին փուլում որոշել եմ վերադառնալ մարզ, գիտակցելով Շիրակի մարզի խնդիների եւ բարդությունների ամբողջ սպեկտրը, հասկանալով, որ բազմաթիվ խնդիրներ կան ծառացած, որոնք պետք է լուծել»,-ասել է նա՝ հավելելով՝ առաջիկայում հայեցողական պաշտոնները կհամալրվեն քաղաքի պիտանի եւ նվիրված մարդկանցով. այս պահին մարզպետարաններում հաստիքների կրճատման գործընթաց չկա։ «Այս պահին ունենք խոշորացման փուլը, որից հետո պարզ կդառնա, թե տարածքային գործադիր մարմիններն ինչպիսի գործառույթ ունեն, կամ ինչպիսի առաքելություն են ստանձնելու։ Այս պահին կրճատումների մասին որեւէ խոսք չի կարող լինել»,- նշել է նա: Նորանշանակ մարզպետը վստահեցրել է, որ աշխատանքում կլինի հոգատար, պատասխանատվության չափը գիտակցելով է ստանձնել պաշտոնը, Շիրակի մարզի հիմնախնդիրներին ու հոգսերին էլ բավականաչափ տեղեկացված է․ «Այս ծանր ու դժվար փուլում խնդիրների ու բարդությունների ամբողջ սպեկտրը գիտակցելով եմ անցել աշխատանքի, հույս ունեմ, որ նվիրումով աշխատանքն ու գիտելիքների համեստ պաշարը, որ ունեմ, կկարողանամ ծառայեցնել հօգուտ Շիրակի մարզի»։ Ըստ Նազելի Բաղդասարյանի, դժվար է օրենսդիր մարմնից տեղափոխվել գործադիր մարմին, եթե Աստծո կամոք հաջողի նաև այս ոլորտում՝ կլինի մարզի բոլոր բնակիչների հաջողությունը, որովհետև ինչ անելու է՝ անելու է մարզի ու երկրի համար։ Շիրակի մարզպետն անդրադարձել է գերիների վերադարձման խնդրին՝ նշելով, որ գործընթացը կրում է շարունակական բնույթ և վստահեցրել, որ ամեն ինչ արվում է խնդրի վերջնական լուծման համար։ Ակտիվ գործընթացներ են տարվում մյուսներին վերադարձնելու համար։ Չեմ թաքցնի՝ պատգամավորի կարգավիճակում լիազորություների ավելի լայն սպեկտոր ունեի, մասնավորապես, խորհրդարանական դիվանագիտությունն օգտագործելով։ Վերջին շրջանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հենց ընդգրկված եմ եղել այս կարեւոր գործառույթը ստանձնելու համար։ ԵԽԽՎ-ի մեր վերջին բանաձեւում պնդել եմ հատուկ գերիների վերադարձի հետ կապված որոշակի դրույթներ, մասնավորապես, առանձնացնելով Խծաբերդի գերիները, իրենց կարգավիճակային հարցը»,- ասել է նա։ Նազելի Բաղդասարյանը հավաստել է, որ հետևողական է լինելու մարզի ազգաբնակչության առջև ծառացած հիմնահարցերի լուծմանը, Շիրակի մարզի զարգացումը լինելու է մարզպետի աշխատանքի առանցքը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ` ՆՎԻՐՎԱԾ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ

Տղերքը չկան, նրանք զոհվեցին, որ մենք ապրենք: Արցախյան 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողներից 5-ի հիշատակն հավերժացնող խաչքար –հուշաղբյուրը, որը բացվեց ու օծվեց Մուշ թաղամասում, համալրեց այն ուխտատեղիների շարքը, որոնք մշտապես հիշեցնելու են մեր քաջ մարտիկների կատարած սխրագործությունների մասին:

Թալիշի 156 մարտական դիրքի տղաներին նվիրված խաչքարը կանգնեցնել նախաձեռնել է նրանցից մեկի` Դավիթ Համբարյանի հայրը, քաջ գիտակցելով, որ պատմության մեջ իրենց որդիները կմնան որպես հայրենիքի համար ամենաթանկը տված նահատակներ:

Տարբեր քաղաքներում ծնված ու մեծացած ժամկետային զինծառայող տղաներին միավորել էր ծառայության վայրը` Մատաղիսը, մարտական հենակետն ու հանուն հայրենի հողի մղվող պայքարի ոգին:

Հուշապուրակի բացման հանդիսավոր արարողությունը միավորել էր ոչ միայն թաղի բնակիչներին, այլ նաև զոհված զինվորների հարազատներին, այժմ նրանք, անկախ բնակության վայրից, միասին են կիսում իրենց վիշտը:

Իրենց առջև դրված մարտական առաջադրանքը փառքով ու պատվով կատարած այս տղաները  հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով: Իսկ գյումրեցի Դավիթ Համբարյանը, լինելով մարտական դիրքի ավագ, հետմահու պարգևատրվել  է նաև «Անձնուրաց պաշտպան» մեդալով:

Մամիկոնի ընտանիքը վեց տարի առաջ էր տեղափոխվել ՌԴ բնակության, բայց Դավիթը, մարզական ոլորտում ունենալով բազմաթիվ հաջողություններ, առանց երկմտելու  վերադարձել էր հայրենիք` ծառայության անցնելու նպատակով: Սիրով էր կատարում իր պարտքը, մտադիր էր ծառայությունն ավարտելուց հետո մնալ զինված ուժերում, նշում է հայրը: Ցավոք , Դավիթի  զոհվելուց հետո հայրը երկար ժամանակ չի կարողացել գտնել որդու դին:

Հիմա արդեն հերոս զինվորների  մասին կպատմեն նաև այս նորատունկ ծառերը, որոնք անվանական են և կրում են Թալիշի 156 մարտական դիրքի տղաների անունները:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

 

 

Գյումրիում 2022 թվականին խոշոր ծրագրեր են նախատեսված

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը թվարկել է այն ծրագրերը, որոնք կիրականացվեն մարզերում 2022 թվականին: 2022 թվականի պետական բյուջեից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 335 միլիարդ 257 միլիոն դրամ: «Միայն 209 միլիարդ 594 միլիոնը կապիտալ բնույթի ծախսեր են, 125 միլիարդ 663 միլիոնը՝ ընթացիկ բնույթի»,- հայտարարել է նախարար Գնել Սանոսյանը: Նա նշել է, որ տարածքային կառավարման մասով 8 խոշոր ծրագիր է իրականացվելու, որոնց մեջ ներառված է 131 միլիարդ 40 միլիոն դրամ: Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության համար կհատկացվի 1 միլիարդ 155 միլիոն դրամ. նախատեսված է ՀՀ 5 մարզի 23 համայնքի 81 բնակավայրի աջակցություն ցուցաբերել: «Ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզերին սուբվենցիա է տրամադրվելու. նախատեսված է շուրջ 18 միլիարդ դրամ հատկացնել», – ասել է նախարարը: Նրա խոսքով՝ Գյումրիում էլ խոշոր ծրագրեր ունեն. Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի համար նախատեսված է 2,5 միլիարդ դրամ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ խոշոր ծրագիր ունեն նաև Կապան քաղաքում. 750 միլիոն դրամ կհատկացվի 151 բազմաբնակարան շենքում էներգաարդյունավետության ու էներգախնայողության ծրագերի համար, դպրոցների սեյմսիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի համար էլ նախատեսված է հատկացնել 6 միլիարդ 192 միլիոն դրամ. 17 դպրոցի կառուցման, վերակառուցման աշխատանքներ կիրականացվեն:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 04/11/2021

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Հովհաննես Հարությունյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից

Կառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հարցը ներառված է եղել Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում: Ավելի ուշ Հովհաննես Հարությանը հանդես է եկել ասուլիսով՝ շնորհակալություն հայտնելով համանքների ղեկավարներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, զանգվածային լրատվամիջոցներին արդյունավետ համագործակցության համար: Հիշեցնենք, որ Հարությունյանն այս պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի հունվարի 21-ին: Նա հոկտեմբերի 17-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն էր:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ մարզպետի պաշտոնից հրաժարվելու մասին բոլորն էլ պետք է ենթադրեին, երբ համաձայնել էր գլխավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտարական ցուցակը Գյումրու ավագանու ընտրություններում, ինչ վերաբերում է նոր աշխատանքի անցնելուն, ապա նշել է, որ վերջնական որոշում լինելու դեպքում դրա մասին կտեղեկացնի նաև հանրությանը։ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ չի փոշմանել նախընտրական պայքարին մասնակցելու համար, վստահեցնում է՝ անմիջական շփումներից առկա խնդիրների մասին առավել հիմնավոր է տեղեկացվել։ Շիրակի նոր մարզպետ Նազելի Բաղդասարյանի նշանակվելուն և կին մարզպետ ունենալուն վերաբերող հարցին՝ Հովհաննես Հարությունյանը նշել է՝ վստահ է, որ պաշտոնի ծանրությունը գիտակցելով է նա աշխատանքի անցնելու․ «Ես կարծում եմ , որ Նազելի Բաղդասարյանն ունի բավականաչափ գիտելիք ու քաղաքական կամք, կառավարչական հմտություններ և կկարողանա հաջողել այս պաշտոնում, իսկ դրանից կշահի պետական համակարգն ու Շիրակի մարզը»։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Գյումրու նորընտիր քաղաքապետը երդվել է

Գյումրիում այսօր տեղի է ունեցել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի երդմնակալության արարողությունը: Ավագանու 33 անդամիցներկա է եղել 25-ը: Նիստը վարել է ներկաներից տարիքով ավագը՝ Հայկ Սուլթանյանը: Մինչ երդման արարողությունը՝ հնչել է ՀՀ օրհներգը, այնուհետև Հայկ Սուլթանյանը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին է հանձնել խորհրդանշական լանջաշղթան, իսկ ավագանու անդամ Լուսինե Սանոյանը՝ Գյումրու բանալին:Վարդգես Սամսոնյանը երդվել է ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: «Ստանձնելով Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ. Պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները: Ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը: Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,- ասել է Վարդգես Սամսոնյանը, ապա՝ ստորագրել է երդման տեքստը, և այն ի պահ է հանձնվել Գյումրու համայնքապետարանի թանգարանին:Երդմնակալությունն ավարտվել է աղոթքով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 03/11/2021

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 02/11/2021

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Գյումրիում քաղաքապետի սերնդափոխություն է

Ընտրվեց նոր քաղաքապետ` նախկին քաղաքապետի հիմնած կուսակցությունից

Գյումրու նորընտիր ավագանին այսօր անցկացրեց առաջին նիստը: Հիշեցնենք, որ Գյումրու նորաստեղծ ավագանիում ներկայացված է 5 կուսակցություն, մանդատների հետևյալ քանակով` «Բալասանյան դաշինք» 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 11, «Զարթոնք» Ազգային Քրիստոնեական կուսակցություն 4, Հայաստանի Հանրապետական և «Ապրելու երկիր» կուսակցությունները`  2-ական մանդատ: 33 ավագանու անդամներից ներկա էին 32-ը: Նիստը վարեց ավագանու ամենատարեց թեկնածուն` «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունից Արուսյակ Հովհաննիսյանը: Օրակարգի թերևս ամենակարևոր հարցը Գյումրու քաղաքապետի ընտրությունն էր: Ըստ էության, 2 օր առաջ էր պարզ, թե ավագանու մեծամասնության քվեն ով կստանա: «Բալասանյան Դաշինք»-ի և «ՔՊ»-ի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր, որը նպատակ ուներ Գյումրու ավագանիում ձևավորվել կայուն մեծամասնություն, որի արդյունքում Գյումրու քաղաքապետի թեկնածու է առաջադրվում Վարդգես Սամսոնյանը, իսկ քաղաքապետի 2 տեղակալները` «Քաղաքացիական պայմանագրից»: Ըստ այդմ, այսօրվա նիստին «Բալասանյան դաշինքը» քաղաքապետի թեկնածու առաջադրեց Վարդգես Սամսոնյանին: Չխախտելով հուշագրի պայմանները, «ՔՊ»-ն թեկնածու չառաջադրեց, վերջինիս ներկայացուցիչը նշեց, որ իրենք կքվեարկեն Վարդգես Սամսոնյանի օգտին: Թեկնածուներ չառաջադրեցին նաև ավագանիում ներկայացված մյուս քաղաքական ուժերը: Վարդգես Սամսոնյանը ներկայացրեց իր պատկերացումները քաղաքի կառավարման և ապագայի վերաբերյալ:

Վարդգես Սամսոնյանը պատանի տարիքից որպես բանվոր է աշխատել Գյումրու գարեջրի գործարանում, հետո սկսած 2012 թվականից քաղաքապետարանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Նրա խոսքերով, իր զբաղեցրած պաշտոնների բազմազանությունը իրեն հույս և վստահություն է տալիս, որ հոգսաշատ քաղաքի ղեկավարի պատասխանատու պաշտոնում կարողանա արդարացնել քաղաքացիների սպասելիքները:

Շուրջ 3000 տնակ, մոտ 70 կմ դեռևս չբարեկարգված փողոցներ, Գյումրիում առկա այս և այլ խնդիրները լուծելու համար, ըստ թեկնածուի, իրենք այլընտրանք չունեն, քան միասնական, թափանցիկ ու համերաշխ մթնոլորտում, բոլոր կարող ուժերի օգտագործմամբ քաղաքի զարգացման ընթացն էլ ավելի արագացնելը: Տեղի ունեցավ քվեարկությունը, 24 կողմ և 8 դեմ ձայներով Վարդգես Սամսոնյնանն ընտրվեց քաղաքապետ:

Նրան կողմ քվեարկեցին «Բալասանյան դաշինք» ու  «ՔՊ»-ն, իսկ ավագանիում փոքրամասնություն կազմող մյուս 3 ուժերի ներկայացուցիչները` դեմ: Օրակարգի հաջորդ հարցը ավագանու հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրությունն էր: Այս հարցը  «ՔՊ»-ի ներկայացուցիչը առաջարկեց հետաձգել: Ավագանու մեծամասնությունը կողմ քվեարկեց հետաձգմանը, ինչը դուր չեկավ «Զարթոնք» ԱԶգային Քրիստոնեական կուսակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյանին:

Նորընտիր քաղաքապետի խոսքերով, ինքը նորմալ է վերաբերվում ընդդիմադիր անդամների իրեն դեմ քվեարկելուն և նշեց, թե հուսով է, որ հետագայում իրենց աշխատանքի շնորհիվ ընդդիմադիրները կփոխեն իրենց տրամադրվածությունը քաղաքային իշխանության հանդեպ:

Իրեն քվե տված ընտրողների շրջանում որոշակի հիասթափություն կա «ՔՊ»-ի հետ համագործակցության հուշագիր կնքելուց հետո, արդյոք սա քաղաքապետին չի մտահոգում,- այս հարցին ի պատասխան Վարդգես Սամսոնյանը նշեց, որ այս քայլը քաղաքի շահերից բխող էր:

Նրա 2 տեղակալները, ըստ հուշագրի, կլինեն «ՔՊ»-ից, իսկ բաժնի պետերի ընտրությունն ինչպես տեղի կունենա, դեռ քննարկվում է: Ըստ Վարդգես Սամսոնյանի, առաջին շնորհավորանքը նա ստացել է Սամվել Բալասանյանից, նրան նախկին քաղաքապետը ցանկացել է, որ հաջողությամբ շարունակի իր կիսատ թողածը, որ կարողանա Գյումրին դարձնել  իր երազած քաղաքը: Նորընտիր քաղաքապետը լրագրողներին էլ խորհուրդ տվեց իր հետ միասին թև-թիկունքի տված աշխատել ու լինել օբյեկտիվ: 3 օրից Վարդգես Սամսոնյանը կստանձնի քաղաքապետի պաշտոնը: Այսօր նա եկեղեցում մոմ կվառի, իսկ նոյեմբերի 4-ին տեղի կունենա նրա երդման արարողությունը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

Գյումրի համայնքի ղեկավարի ընտրությունը՝ նոյեմբերի 1-ին

Գյումրի համայնքի ղեկավարի ընտրությունը՝ նոյեմբերի 1-ին Գյումրու համայնքապետարանը տեղեկացնում է, որ սույն թվականի նոյեմբերի 1-ին, ժամը՝ 11:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ) կայանալու է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից: Օրակարգ

1. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ,

2. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ,

3.ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ,

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ,

5.ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ,

6. ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՕՐՎԱ ՍԱՀՄԱՆՈՒՄ:

Հիշեցնենք, որ երեկ թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովում պաշտոնապես հանձնեցին Գյումրու ՏԻՄ ընտրություններում անցողիկ միավորներ հավաքած 5 քաղաքական ուժերի ավագանու նորընտիր անդամների մանդատները՝ հրապարակելով նրանց անվանական ցանկը։ Նորընտիր անդամները թվով 33-ն են։ ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ ստանալով 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 11, «Զարթոնք» կուսակցությունը՝ 4, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2, Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 2:

Աղբյուր՝ https://www.facebook.com/gyumruqaxaqapetaran/posts/2749746835330425

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru