Հայաստանի վերջին շաբաթների ներքաղաքական գործընթացների մեխը հեղափոխության շարունակություն-հակահեղափոխություն դիմակայությունն է, ինչքան էլ որոշ շրջանակներ պնդեն, թե հակահեղափոխության օջախ հանրապետությունում չկա ու չի կարող լիել: Այս արտահայտության փոխարեն ավելի ճիշտ կլինի օգտագործել հակահեղափոխության հաջողության հնարավորություն չկա, կամ քիչ կա, իսկ որ հակահեղափոխություն անելու մտադրություններ ու ծրագրեր նախկին իշխանությունն ու նրա շուրջը համախմբված ուժերն ունեն, անկասկած է: Այս մասին փաստում են վերջին շրջանում ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները: Այսինքն՝ պետք չէ ոչ գերագնահատել, ոչ էլ թերագանահատել հակահեղափոխության գոյությունն ու հեռանկարը: Թեկուզ եւ՝ քիչ հավանական իրագործման առումով:
Հակահեղափոխական կամ ռեւանշիստական ուժերն աշխուժացան հատկապես Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո: Իսկ այդ հայտարարությունն արվեց Մարտի 1-ի գործով նրա հանդեպ մեղադրանք առաջադրելուց, կալանավորելուց, ապա կալանքից ազատելուց հետո: Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտն ուղղակիորեն կապվում է Մարտի 1-ի գործի հետ եւ առաջին հերթին ունի ինքնապաշտպանության ներքին բովանդակություն ու դրդապատճառ:
Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատումը, հասկանալի է, ժամանակավոր է, եւ ահա նա իրեն ներկայացված մեղադրանքը փորձում է տեղափոխել քաղաքական հարթություն, իրեն ներկայացնել որպես քաղաքական հալածյալ՝ իր համար ցանկալի այդ կարգավիճակը դիտարկելով որպես զրահապատյան: Իրականության մեջ Մարտի 1-ի գործը բացառապես իրավական դաշտում է, ներկայացված մեղադրանքը, ըստ շատ իրավաբանների, առավել քան լավ հիմնավորված:
Եթե Մարտի 1-ի գործը լիներ քաղաքական պատվեր, ինչպես կարծում են Ռ. Քոչարյանն ու իրենց ձայնակցող ՀՀԿ-ական պատգամավորները, ապա Վերաքննիչ դատարանը ոչ մի դեպքում նրա վրայից կալանքի որոշումը չէր հանի: Նոր իշխանությունը հաստատ դա անելու միջոցներ ու մեթոդներ կգտներ, ինչի մասին լավ գիտի Ռոբերտ Քոչարյաննը, եւ ինչը ինքն ու իր հետնորդ Սերժ Սարգսյանն բազմաթիվ անգամներ արել են իրենց իշխանավարման տարիներին: Սակայն նոր իշխանությունը որդեգրել է այլ ճանապարհ. որեւէ կերպ չխառնվել ու չազդել դատական համակարգի գործունեության ու որոշումների վրա:
Ի դեպ, Վերաքննիչ դատարանի որոշման առումով կարելի ասել հակառակը. Որոշումն ընդունած դատարանի վրա ազդել է նախկին իշխանությունը: Մամուլում օրերս հրապարակվեց այն սխեման ու դրա մասնակից իրավապահ մարմինների ներկայացուցիչների անունները, որով դատավոր Ալեքսանդր Ազարյանն ընդունել է այդ որոշումը, որը իրավաբաններից շատերն համարում են անօրինական: Դատարանների ու դատավորների վրա նախկին իշխանության ազդեցության մասին հստակորեն հայտարարեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կառավարության պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում: Նա խստորեն զգուշացրեց նման գործելակերպով առաջնորդվող դատավորներին խաղ չանել հեղափոխության ու ժողովրդի հետ:
Ընդհանրապես այդ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ելույթը շատ հանգուցային է: Ի թիվս այլ հարցերի՝ նա խոսեց նաեւ հեղափոխական կառավարության ծրագրած նոր քայլերի, ավելի ճիշտ՝ մտադրությունների մասին. փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ եւ ստեղծել անցումային արդարադատության մարմիններ: Հասկանալի է, որ այս երկու քայլն էլ միտված է հեղափոխութությունը ամրապնդելու եւ հակահեղափոխություն թույլ չտալու համար:
Սահմանադրական փոփոխությունը ենթադրում է կետ ավելացնել խորհրդարանի լուծարման հոդվածում եւ այնտեղ ավելացնել ինքնալուծարման դրույթը, քանի որ գործող կարգով մեծ է վտանգը, որ հանրապետական պատգամավորներն ու նրանց աջակիցները (առաջին հերթին՝ ՀՅԴ-ականները, որոնք լինելով նոր կառավարության մաս, հանդես են գալիս Ռ. Քոչարյանի պաշտպանությամբ) կարող են 2019 թվականի մայիսին անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին ու ընտրել սեփական վարչապետին: Ինչքան էլ ՀՀԿ-ի՝ հանրության մեջ զրոյական վարկանիշի պայմաններում այս սցենարն անհավանական թվա, այնուամենայնիվ, պետք է աչքի տակ ունենալ այդ տարբերակը, մանավանդ բոլորս էլ լավ գիտենք, թե նախկին ռեժիմը ինչպիսի ինտրիգների ու մութ գործերի է ընդունակ: Այս պահը իր ելույթում շեշտեց նաեւ Նիկոլ Փաշինյանը:
Անցումային արդարադատության մարմինների ստեղծման անհրաժեշտությունը ծագել է դատական համակարգի՝ դեռեւս կիսով չափ նախկին իշխանության ազդեցության ոլորտում գտնվելու իրողությունից: Նաեւ՝ այն իրավական բացերից ու սողանքներից, որոնք կան օրենսդրության մեջ արդյունավետ արդարադատություն իրականացնելու, կոռոպցիոն սխեմաները բացահայտելու, տարիներով քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանի այդ ելույթից հետո ՀՀԿ-ական պատգամավորները սկսեցին իրենց նույնահանգ երգը՝ իբր երկրում բռնապետություն հաստատելու, մարդու իրավունքները ոտնահարելու, խոսքի ազատությունը սահմանափակելու մասին: Այսինքն՝ նկարագրեցին մի վիճակ, որը բնորոշ էր իրենց իշխանության տարիներին: Միայն այդ հանգամանքն արդեն աբսուրդ է դարձնում նրանց հայտարարությունները:
Ինչպես նշվեց վերեւում՝ ՀՀԿ-ականների այս ակտիվությունը, կոշտ հայտարարությունները ուղղակիորեն կապված են իրենց ռեւանշիստական ծրագրերի ու նկրտումների հետ: Այդ ծրագրերը լավ երեւում են նաեւ տեղեկատվական դաշտում եւ այնտեղ մղվող քարոզչական պայքարում:
Մինչ Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբված քրեաօլիգարխիկ ուժերը հակահեղափոխության՝ թող որ այս պահին թույլ փորձեր են անում, հեղափոխական իշխանությունը արդեն գործուն քայլեր է իրականացնում հեղափոխական մեթոդները կյանքի կոչելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով փոխվարչապետ Արարատ Միրզոյանը արդեն նախապատրաստական աշխատանքներ է կատարում Սահմանադրական փոփոխությունների ու անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու ուղղությամբ: Հատկապես այս վերջինից կոռուպցիայի մեջ թաթախված նախկին իշխանությունները սարսափում են, ինչը երեւաց նրանց ջղաձիգ հայտարարություններից:
Համլետ Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com
Գյումրու ավագանին 11 որոշում կայացրեց Ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել էր 11 հարց, բոլորն էլ ընդունվեցին: Զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքներին, որպես նվիրատվություն, հատկացվեց 500 հազար դրամ՝ այդ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը 2018 թվականի հուլիսի 8-27-ը Հանքավանի «Արագած» եւ «Հեքիաթային կիրճ» ճամբարներում կազմակերպելու նպատակով: Գյումրու ավագանին նաեւ կողմ քվեարկեց մարզիկներին ու մարզիչներին դրամական պարգեւներ եւ հավելավճարներ հատկացնելուն: Գյումրու Գործարանային փողոց N 2/6 հասցեի հողամասը 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը՝ արհեստագործական կենտրոնի վերածելու նպատակով: «Ստ.Ալիխանյանի անվ.տիկնիկային թատրոն»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արմենուհի Մանուկյանը: Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող Մհեր Մկրտչյան փողոց N 47/6 հասցեի 0,12879 հեկտար մակերեսով հողամասը 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրվեց «Օյունջյան» բարեգործական հիմնադրամին՝ համերգասրահ կառուցելու նպատակով: Հիմնադրամը ներկայում նույն հասցեում գտնվող Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի համար նոր կառույց է գտնելու, որից հետո միայն նշված հասցեում ընթանալու են նոր համերգասրահի կառուցման աշխատանքները:
✅«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ի «Երկխոսություն՝ հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում հուլիսի 5-ին ներկայացվեց «Գյումրու ավագանու գործունեության և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման՝ Շիրակի մարզից ընտրված ԱԺ 6 պատգամավորների գործունեության մոնիտորինգի» զեկույցները, որին հաջորդեց քննարկումը: Ծրագրի նպատակն է հանրային իրազեկման և վերահսկողության միջոցով նպաստել ՏԻՄ-երի եւ Ազգային ժողովի պատգամավորների գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովմանը՝ դիտարկելով Գյումրու ավագանու և ՀՀ խորհրդարանը ձևավորած քաղաքական ուժերի, մասնավորապես, Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորների գործունեությունը:
✅Գյումրու ավագանու գործունեության մոնիտորինգի զեկույցի հիմքում ընկած ուսումնասիրության նպատակն է եղել վերլուծել 2016 թ. ընտրությունների արդյունքում Գյումրու ավագանու ձեւավորման ընթացքը, ավագանու 2017 թ. եւ 2018 թվականի հունվար-մայիս ամիսների գործունեությունը, բացահայտել գործունեության հետ կապված իրավակիրառական եւ օրենսդրական խնդիրները, բացահայտված խնդիրների լուծման համար առաջարկել կարգավորման մեխանիզմներ: Ուսումնասիրվել է համապատասխան օրենսդրությունը, Գյումրու ավագանու կանոնակարգը, ընդունած այլ իրավական ակտերը, ավագանու նիստերին նրանց մասնակցությունը, ավագանու խմբակցությունների եւ ավագանու անդամների ակտիվությունը եւ գործունեությունը, ինչպես նաեւ մամուլի հրապարակումները եւ Գյումրու քաղաքապետարանի համացանցային պաշտոնական կայքը. www.gyumricity.am:
✅ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Շիրակի մարզից ընտրված ԱԺ 6 պատգամավորների մոնիտորինգի նպատակն է գնահատել ԱԺ Շիրակի մարզից կուսակցությունների տարածքային ընտրացուցակներով ընտրված պատգամավորների գործունեության արդյունավետությունը՝ նպաստելով քաղաքական գործիչների պատասխանատվության, հաշվետվողականության ու քաղաքացիների՝ պահանջատեր լինելու զգացողության խթանմանը: Մոնիտորինգի շրջանակում հավաքագրվել և վերլուծվել է պատգամավորների մամուլի հրապարակումները, հարցազրույցները, ԱԺ նիստերին ունեցած ելույթները, ինչպես նաև հարցման ի պատասխան՝ պատգամավորների գրասենյակի կողմից տրամադրված տեղեկատվությունը:
✅Դիտարկվել է նաև ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջում զետեղված հրապարակային տվյալների՝ օրինագծերի քննարկումների, քվեարկությունների և parliamentmonitoring.am-ում տեղադրված վիճակագրական տվյալները: Ի հավելումն՝ ամփոփ կերպով համեմատական վերլուծության է ենթարվել նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ էթիկայի հանձնաժողով՝ ԱԺ պատգամավորների ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի հիմնական տվյալները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ և դրանից հետո: Մոնիտորինգի ամփոփ զեկույցը կհանդիսանա նաև ուղեցույց՝ հետագա ընտրություններում ընտրողների մոտ հստակ և հիմնավոր կողմնորոշում ձևավորելու համար:
#DialogueforDemocracy
www.progressgyumri.am
Այսօր Գյումրու ավագանու այսօրվա նիստին մասնակցեց 26 ավագանու անդամ։ Օրակարգ էր ընդգրկվել 23 հարց, ընդունվեց 22 որոշում։
Ավագանու որոշմամբ հուլիսի վերջին Գյումրու Աբովյան եւ Չերազ փողոցների խաչմերուկում տեղադրվելու է հայ հայտնի մարզիկ, Կ.Պոլսի եւ Հայաստանի Հանրապետության սկաուտական շարժման հիմնադիրներից Վահան Չերազի արձանը։ Նախաձեռնությունը ՀՅԴ կուսակցությանն է, տեղադրվելու է վերջիններիս ֆինանսական աջակցությամբ։
Գյումրու ավագանին որոշեց նաեւ դրամական աջակցություն ցուցաբերել համայնքապատկան որոշ կառույցների եւ սոցիալապես անապահով ընտանիքների։
ԳԱԼԱ խմբակցության առաջարկությամբ եւ նախաձեռնությամբ օրակարգ էր ընդգրկվել 2006 թվականի օգոստոսի 30-ի ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին, 2006 թվականի օգոստոսի 30-ի գեներալ-լեյտենանտ Գորիկ Հակոբյանին, 2016 թվականի օգոստոսի 12-ի «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Սարգսյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշումներն ուժը կորցրած ճանաչելու նախագծեր: ԳԱԼԱ-ն ավագանու անդամներին առաջարկել էր զրկել նշված անձանց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկվեց ավագանու 18 անդամի կողմ քվեարկությամբ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` 17 եւ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը` 16 ավագանու անդամի կողմ քվեարկության արդյունքում:
Իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից հետմահու չզրկվեց, ԳԱԼԱ-ի այս նախագծին կողմ քվեարկեց ներկա 26 ավագանու անդամից 7-ը:
Բացառությամբ Լ.Սարգսյանի, մյուս երեք անձանց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհվել էր Գյումրու նախկին ՏԻՄ-ի ղեկավարման ընթացքում, երբ քաղաքապետ էր Վարդան Ղուկասյանը:
Ավագանին միաձյան որոշեց Գյումրի համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օր սահմանել 2018 թվականի սեպտեմբերի 11-ը։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնապես հայտարարել է խմբակցությունից դուրս գալու իր որոշման մասին: Հայտարարության մեջ ասվում է.«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցությունից։ Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը «ՀՀԿ» խմբակցության հետ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները։ Խաղաղություն բոլորիս»։
Ավելի վաղ, խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը:
Հունիսի 2-ին, ֆեյսբուքյան իր էջում Արման Սահակյանը գրել է. «Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»,- գրել է պատգամավորը: Նշենք, որ 2 պատգամավորներն էլ ընտրվել էին Շիրակի մարզից:
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է ոչ ստանդարտ ներքաղաքական վիճակ: Գործադիր իշխանությունը պատկանում է հեղափոխական ուժերին՝ իր վարչապետով, նախարարներով, ուժային երկու կառույցի՝ Ազգային անվտանգության ծառայությունով ու ոստիկանությամբ:
Սակայն գործադիր իշխանությունը կրող ուժը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը, խորհրդարանում փոքրամասնություն է: Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի իրական քաղաքական թիմը ԵԼՔ դաշինքն է: Հեղափոխությանը միացած եւ կառավարությունում մի քանի պորտֆելներ ստացած Ծառուկյան դաշինք-ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին թեեւ դե յուրե Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմ չի կարելի համարել, սակայն ներքաղաքական այս փուլում խորհրդարանում նրանք հանդես են գալիս ու գալու նույն ճակատում: Այս ամենով հանդերձ, այս երեք ուժերը խորհրդարանում փաստացի փոքրամասնություն են եւ չեն կարող սեփական ուժերով անհրաժեշտ օրինագծեր անցկացնել:
Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն շարունակում է մնալ ՀՀԿ-ն, որն իրեն ընդդիմություն է հռչակել Նիկոլ Փաշինյանի գործադիր իշխանությանը: Այսինքն՝ ՀՀԿ-ն չլինելով Հայաստանը ղեկավարող իշխանական ուժ, շարունակում է մնալ իշխանություն խորհրդարանում, ինչը նշանակում է, որ երկրի քաղաքական շատ հարցեր չեն կարող լուծվել առանց ՀՀԿ-ի մասնակցության: Բացի այդ, մեխանիկորեն նախկին ռեժիմի, այսինքն՝ ՀՀԿ-ի կամ նրա առանձին հատվածի ենթակայության տակ են մնում ուժային մյուս կառույցները՝ դատախազությունը, դատական համակարգը, Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն:
Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ ինքը չի միջամտելու այս կառույցների գործունեությանը, հրահանգներ չի տալու նրանց, եւ ահա վերջիններս զրկված լինելով հրահանգով աշխատելու իրենց ավանդական եղանակներից, շարունակում են աշխատել նախկին մեթոդներով, այսինքն՝ իրենց աշխատանքում առաջնորդվել այն գործելակերպով ու հաստատված հարաբերություններով, ինչ ունեցել են Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանության օրոք:
Հենց այս առումով էլ Հայաստանում ընթացող քաղաքական դրդապատճառներ ու երանգներ ունեցող դատավարությունները զգալի լարվածություն են ստեղծել հետհեղափոխական Հայաստանի համար: Քաղբանտարկյալների հարազատներն ու կողմնակիցները հույս ունեին, որ հեղափոխությունից հետո նրանք այս կամ այն եղանակով ազատ կարձակվեն: Սակայն դատավորները խոչընդոտում են քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացին՝ առաջ բերելով վերջիններիս կողմնակիցների դժգոհոււթյունը եւ առիթ դառնալով բողոքի ակցիաների: Դրանք թեեւ հիմնականում ուղղված են գլխավոր դատախազի ու դատավորների դեմ, սակայն որոշ անհամբեր ազնիվների ու սադրիչների ուղղորդությամբ երբեմն նաեւ ուղղվում են նոր կառավարության ու Նիկոլ Փաշինյանի դեմ:
Բնական է, որ այս վիճակը ձեռնտու է ՀՀԿ-ին, որը, ինչպես երեւում է, չի համակերպվել իշխանությունը կորցնելու մտքի հետ, եւ ինչպես շատ վերլուծաբաններ ու փորձագետներ են կարծում, մտմտում են ռեւանշի ծրագրեր: Բացառված չէ, որ հենց նրանք են ուղորդում, ասենք, քաղբանտարկյալների կողմնակիցների դժգոհության սլաքները դեպի Նիկոլ Փաշինյանը, կազմակերպում սաբոտաժային որոշ ակցիաներ, սպասում նոր կառավարության անհաջողություններին՝ իշխանության վերադառնալու համար:
Հայաստանում ստեղծված այս վիճակը կարելի է ինչ-որ տեղ համարել երկիշխանություն, որը այնքան էլ նպաստավոր չէ երկրի բնականոն գործունեության համար, առավել եւս՝ այն նպատակների իրականացման համար, որոնք առաջ էր քաշել հեղափոխական շարժումը: Այդ նպատակներից առաջնայինը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որից առաջ պետք է կատարվեն մի քանի քայլեր՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություն, մասնավորապես ռեյտինգային համակարգի վերացում, փոփոխություններ Կուսակցությունների մասին օրենքում, ընտրական համակարգի բարելավում, քաղաքականության ու բիզնեսի տարանջատում:
Հայաստանում գործող գրեթե բոլոր քաղաքական ուժերը կողմնակից են թե արտահերթ ընտրություններին, թե նշված օրենսդրական փոփոխություններին, բացառությամբ ՀՀԿ-ի: ՀՀԿ-ն ընդդիմանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտարարելով, թե դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Թեեւ ՀՀԿ-ականներն ասում են, թե չեն խոչընդոտի կառավարության գործունեությանը, երկրի կայունությունը պահպանելու համար կողմ կքվեարկեն կառավարության բերած ծրագրերին ու օրինագծերին, սակայն նաեւ հասկացնում են, որ կողնակից չեն ընտրությունների հետ կապված օրենքներում արմատական փոփոխություններ կատարելուն: Հատկապես լսել անգամ չեն ուզում ռեյտինգային համակարգի վերացման մասին, քանի որ վերջինս փրկօղակ կարող է լինել ՀՀԿ-ի համար:
Իրավիճակի բարդությունն այն է, որ առանց ՀՀԿ-ի կամ ՀՀԿ-ական առնվազն մեկ տասնյակ պատգամավորների քվեարկության, վերը նշված խնդիրները չեն լուծվի: ՀՀԿ-ն ժողովրդական ճնշման տակ նախորդ փուլերում մի քանի անգամ նահանջել է: Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այժմ երկրի ղեկավարն է եւ հասկանալի է, որ ժողովրդական ճնշման եղանակն այսօր այնքան էլ նպատակահարմար չէ: Նոր իշխանության ներկայացուցիչներն այս օրերին հայտարարում են, թե այդ խնդիրները պետք է լուծվեն քաղաքական համաձայնությամբ:
ՀՀԿ-ում լավ հասկանում են, որ նոր ընտրությունների պարագայում իրենք կարող են չհայտնվել խորհրդարանում, քանի որ մինչեւ վերջին կաթիլը հեղինակազրկված են հասարակության աչքում: Նրանց ընդդիմանալու պատճառը հենց սա է: Բայց նաեւ լավ հասկանում են, որ ընդդիմանալը իրենց համար կարող է բերել անցանկալի գործընթացների: ԱԱԾ-ն ու ոստիկանությունը վերջին օրերին կոռուցիոն մի քանի սխեմաներ են բացահայտել, որոնք, հասկանալի է, կապվում են ՀՀԿ իշխանության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ադ բացահայտումների գործընթացը շարունակվում է, որը կարող է ի հայտ բերել էլ ավելի խոշոր ու աղմկահարույց գործեր: Սա համաժողովրդական ճնշումից ոչ պակաս ճնշում կարող է լինել ընդդիմացող ՀՀԿ-ի վրա:
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com
📌Հայաստանում տեղի ունեցած նոր իրողության՝ թավշյա հեղափոխության, Նոր Հայաստանի, ներքաղաքական զարգացումների շուրջ խոսել է՝ Մարդկային զարգացման միջազգային կենտորնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական՝ Թևան Պողոսյանը։ #DialogueforDemocracy
Վերջին տարիների Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը որեւէ հիմք չէր տալիս մտածելու, որ երկրում հնարավոր է տեղի ունենա իշխանափոխություն: Իշխող ՀՀԿ-ն ամեն ինչ արել էր առնվազն մի քանի տարի իշխանության ղեկին մնալու համար, նաեւ սահմանադրական փոփոխությամբ ապահովելով իր առաջնորդ Սերժ Սարգսյանի վարչապետությունը:
Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների հանդեպ հասարակական անտարբերությունը, ընդդիմադիր ուժերի համակերպվածությունը քաղաքական իրավիճակի ստատուս քվոյին էլ ավելի նպաստավոր պայմաններ էին ստեղծել իշխանության վերարտադրության համար:
Ահա այս կացության մեջ, երբ քաղաքացիական ակտիվիստների մի խումբ նախաձեռնեց «Մերժիր Սերժին» շարժումը, իսկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսեց «Իմ քայլը» ակցիան, քաղաքական ու հասարակական շրջանակները դրանք համարեցին սովորական, տարիների ընթացքում շատ անգամներ տեսած փոքրածավալ ակցիաներ, որոնք մի քանի օր շարունակվելով՝ շատ արագ կավարտվեն եւ որեւէ արդյունքի չեն հասնի:
Սակայն օր օրի մեծացող շարժումը ապրիլի կեսերին, երբ մոտենում էր Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը, այնպիսի մեծ ընդգրկում ունեցավ, որը շատերի համար անսպասելի էր: Թերեւս անսպասելի էր նաեւ նախաձեռնողներից շատերի համար, չնայած մշակվել էր կոնկրետ ծրագիր ու գործողությունների ճանապարհային քարտեզ, որը մինչեւ Գյումրու Վարդանանց հրապարակից մեկնարկած առաջին քայլը ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանը: Այդ առաջին քայլը կատարվեց մի քանի հոգով, Երեւան հասավ հազարներով, այնուհետեւ շարունակվեց տասնյակ հազարներով:
Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց փշալարերով ու ոստիկաններով շրջափակված խորհրդարանում: Երբ Համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն սկսելու մասին, դրան հաջորդող օրերին Երեւանում ու հանրապետության մյուս քաղաքներում փողոցներ դուրս եկած ժողովրդի, հիմնականում երիտասարդների ու ուսանողների բազմամարդությունը ցույց տվեց, որ հանրապետությունում ստեղծված է հեղափոխական վիճակ:
Իշխանությունը, ոստիկանությունը անակնկալի եկան ու անպատրաստ էին ժողովրդի հեղափոխական պոռթկմանը, առավել եւս անպատրաստ էր պայքարի ցանցային այն եղանակներին, որոնք օգտագործում էին ցուցարարները. փողոցների փակում, պետական գերատեսչությունների շրջապատում, մայրաքաղաքի ամբողջ կենտրոնում իրականացվող երթեր, նստացույցեր, դասադուլեր ու գործադուլեր, ավտոերթեր, մարզերից եկող ցուցարարների մեծ խմբեր, Հանրապետության հրապարակում անցկացվող աննախադեպ ծավալի հանրահավաքներ:
Իշխանությունն հասկացավ, որ իր ավանդական, ուժային-ոստիկանական մեթոդներով ի վիճակի չէ ճնշել ժողովրդի հեղափոխական պոռթկումը, եւ Սերժ Սարգսյանն հնչեցրեց «Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ես սխալվեցի» ճակատագրական խոսքը եւ հեռացավ: Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը փորձեց իրենով անել Սերժ Սարգսյանին հեռացրած հեղափոխության արդյունքը, սակայն երկու-երեք օր դիմադրելուց հետո վայր դրեց զենքերը: ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնությունը քաղաքական տարբեր ավանտյուրաների դիմեց իշխանությունը չհանձնելու համար, սակայն ժողովրդական ճնշումը հասավ այնպիսի բարձր աստիճանի, որ Հանրապետականը ստիպված էր ընդունել իր քաղաքական պարտությունը եւ հանձնել գործադիր իշխանությունը:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ցույց տվեց ՀՀԿ-ական իշխանության՝ տարիներ շարունակ հանրությանը մատուցվող ողջ կեղծիքը: Մարդիկ ոտքի էին ելել այդ կեղծիքի, անարդարությունների, անօրինականությունների, քաղաքական ու տնտեսական մենաշնորհների, անօրինական կերպով իշխանություն գրավելու, մարդկանց հույսից ու հավատից զրկելու, արտագաղթի, աղքատության դեմ: Փողոցներ դուրս եկած հարյուր հազարավոր մարդիկ փաստեցին, որ ՀՀԿ-ն զուրկ է լեգիտիմությունից, որ նրանց բոլոր թվերը նկարված են ու փուչիկ: Մեկ ամսվա ընթացքում պայթեց այդ փուչիկը:
Հայոց հեղափոխությունը մաքուր հայկական էր, չուներ աշխարհաքաղաքական որեւէ հետք ու միջամտություն: Այն բացառապես ներքին իրավիճակով ու տարիներով ժողովրդի մեջ կուտակված դժգոհությամբ պայմանավորված հեղափոխություն էր:
Հայոց հեղափոխությունն աննախադեպ էր իր խաղաղ բնույթով, ցուցարարների՝ վեր բարձրացված ձեռքերով. չեղավ ոչ մի զոհ, չթափվեց անգամ մի կաթիլ արյուն, գրեթե չեղան բռնության մեծածավալ դեպքեր ու ծանր բախումներ: Համաշխարհային հանրությունը, միջազգային ուժերը հիացած ու զարմացած էին հայոց հեղափոխության թավիշի փայլից:
Հայաստանում հեղափոխությունը կայացել է, սակայն չի ավարտվել: Օրենսդիր ու դատական իշխանությունը դեռ մնում է հին ռեժիմի ձեռքին, որը թույլ չի տալիս կատարել համակարգային, ժողովրդավարական այն փոփոխությունները, որոնք բխում են հեղափոխության տրամաբանությունից , մտնում են Համաժողովրդական շարժման պահանջների մեջ:
Հայաստանում այժմ ընթացող քաղաքական գործընթացները միտված են հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելու նպատակներին:
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com
📌Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորների
📌Գյումրու ավագանու անդամների գործունեության և
📌Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հանրային քննարկմում։
📌Գյումրու ավագանու 13 անդամի՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության և իրենց իսկ նախաձեռնության դեմ քվեարկելու գործընթացի մասին խոսել են`
Գյումրու ավագանու անդամներ`
☑Գալա խմբակցությունից` Արմենուհի Վարդանյանը և
☑Հայկական վերածնունդ խմբակցությունից՝ Ավետիս Առաքելանը: #DialogueforDemocracy